Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եհովան կարդարացնի իր գերիշխանությունը

Եհովան կարդարացնի իր գերիշխանությունը

Եհովան կարդարացնի իր գերիշխանությունը

«Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեան վերայ» (ԴԱՆ. 4։17

1, 2. Որո՞նք են մարդկային կառավարությունների ձախողման պատճառներից մի քանիսը։

ՄԱՐԴԿԱՅԻՆ կառավարումն, անկասկած, հաջողության չի հասել։ Հիմնական պատճառն այն է, որ մարդիկ չունեն անհրաժեշտ իմաստություն։ Բացի դրանից, այսօր շատ ղեկավարներ «անձնասեր են, փողասեր, մեծամիտ, գոռոզ, անհավատարիմ, համաձայնության չեկող, զրպարտող, ինքնատիրապետում չունեցող, դաժան, բարեգործություն չսիրող, մատնիչ ու հպարտ» (2 Տիմոթ. 3։2–4

2 Մերժելով Աստծու ղեկավարումը՝ մեր նախածնողները կարծում էին, թե անկախություն ձեռք կբերեն։ Բայց տեղի ունեցավ հակառակը. նրանք հայտնվեցին Սատանայի իշխանության տակ։ Վերջինս սկսեց ղեկավարել մարդկային կառավարությունների միջոցով ու այդպես դարձավ «այս աշխարհի իշխանը» (Հովհ. 12։31)։ Արդյունքում մարդկությունը հայտնվեց անմխիթար վիճակում։ Մեկնաբանելով աշխարհում տիրող իրավիճակը՝ մի աշխատություն նշում է, որ անիմաստ է «կատարյալ աշխարհի սպասել», քանի որ «այն ստեղծելու փորձն անգամ հանգեցնում է բռնատիրության, պատերազմների ու տառապանքի» («The Oxford History of the Twentieth Century»)։ Որքա՜ն ճշմարիտ են այս խոսքերը։

3. Ի՞նչ կերպով կղեկավարեր Եհովան, եթե առաջին մարդիկ մեղք չգործեին։

3 Ցավոք, Ադամն ու Եվան մերժեցին ամենահաջողակ իշխանությունը։ Եթե դա տեղի չունենար, պատմությունն այլ ընթացք կստանար։ Իհարկե, մենք հաստատ չգիտենք, թե Եհովան կառավարման ինչ ձև կընտրեր, եթե մեր նախածնողները հավատարիմ մնային։ Բայց մի բան պարզ է՝ Աստծու իշխանությունը զերծ կլիներ աչառությունից և հիմնված կլիներ սիրո վրա (Գործ. 10։34; 1 Հովհ. 4։8)։ Կարող ենք վստահ լինել, որ Աստծու իմաստուն առաջնորդության ներքո մարդիկ երբեք չէին տառապի այն սխալներից, որոնք թույլ են տալիս աշխարհի ղեկավարները։ Աստծու կառավարման ձևի՝ աստվածապետության միջոցով Եհովան հաջողությամբ «կգոհացներ ամեն կենդանի արարածի փափագը» (Սաղ. 145։16, ՆԱ)։ Նրա իշխանությունը կատարյալ կլիներ (Բ Օրին. 32։4)։ Բայց ավա՜ղ, մարդիկ մերժեցին այն։

4. Որքա՞ն իշխանություն էր Աստված տվել Սատանային։

4 Թեև Եհովան թույլ տվեց, որ մարդիկ իշխեն, այնուամենայնիվ, նա երբեք չկորցրեց իշխելու իր իրավունքը։ Այդ փաստն ընդունեց նաև Բաբելոնի հզոր թագավորը, որն ասաց. «Բարձրեալն է տիրում մարդկանց թագաւորութեան վերայ» (Դան. 4։17)։ Ի վերջո, Աստծու Թագավորության միջոցով Բարձրյալի կամքը, միևնույն է, կկատարվի (Մատթ. 6։10)։ Եհովան թույլատրել է Սատանային որոշ ժամանակ լինելու «այս համակարգի աստվածը», որպեսզի հստակ պատասխաններ տրվեն վիճաբանական հարցերին (2 Կորնթ. 4։4; 1 Հովհ. 5։19)։ Այդուհանդերձ, նա երբեք թույլ չի տվել Սատանային անցնելու իր սահմանը (Բ Մնաց. 20։6; համեմատի՛ր Յոբ 1։11, 12; 2։3–6)։ Այդ է պատճառը, որ Եհովայի գլխավոր Հակառակորդը չի կարողացել խանգարել ազնվասիրտ մարդկանց ընդունելու Աստծու ղեկավարությունը։

Աստծու իշխանությունը հին Իսրայելում

5. Ի՞նչ երդում տվեցին իսրայելացիները։

5 Աբելի օրերից մինչև նահապետների ժամանակները ապրել են հավատարիմ շատ մարդիկ, ովքեր երկրպագել են Եհովային ու պահել են նրա պատվիրանները (Եբր. 11։4–22)։ Մովսեսի օրերում՝ մ.թ.ա. 1513 թ.–ին, Եհովան ուխտ կապեց Հակոբ նահապետի սերնդի՝ իսրայելացիների հետ։ Այդպես պաշտոնապես կազմավորվեց Իսրայել ազգը։ Նրանք երդվեցին, որ Եհովան է առհավետ լինելու իրենց Ղեկավարը, և խոստացան կատարել նրա «բոլոր ասածները» (Ելից 19։8

6, 7. Ինչպե՞ս էր Եհովան իշխում Իսրայելում։

6 Եհովան ընտրեց իսրայելացիներին հատուկ նպատակով (կարդա՛ Բ Օրինաց 7։7, 8)։ Նա ցանկանում էր սրբացնել իր անունն ու արդարացնել իր գերիշխանությունը։ Իսրայելը պետք է վկայեր, որ Եհովան է միակ ճշմարիտ Աստվածը (Ես. 43։10; 44։6–8)։ Ուստի Եհովան ասաց նրան. «Քո Եհովայ Աստուծոյ համար սուրբ ժողովուրդ ես. եւ Եհովան քեզ ընտրեց երկրի վերայ եղած բոլոր ժողովուրդների միջիցը, որ իր համար սեպհական ժողովուրդ լինես» (Բ Օրին. 14։2

7 Իշխելով իսրայելացիների վրա՝ Աստված միշտ հաշվի էր առնում, որ նրանք անկատար են։ Նրա տված կատարյալ օրենքներում արտացոլվում էին սրբությունը, արդարության հանդեպ սերը, ներելու պատրաստակամությունը և համբերությունը։ Երբ իսրայելացիները հնազանդվում էին այդ օրենքներին, խաղաղ էին ապրում և վայելում էին Աստծու օրհնությունները, ինչպես օրինակ, Հեսուի և նրա հետնորդների օրերում (Յեսու 24։21, 22, 31)։ Իսրայելի պատմության այդ ժամանակահատվածում հստակ երևաց, թե ինչքան հաջողակ է Եհովայի ղեկավարումը։

Հնձեցին այն, ինչ ցանեցին

8, 9. Ի՞նչ խնդրեցին իսրայելացիները, և ի՞նչ եղավ արդյունքը։

8 Իսրայելացիները հաճախ էին մերժում Աստծու ղեկավարումը և արդյունքում զրկվում նրա պաշտպանությունից։ Մի օր նրանք նույնիսկ թագավոր պահանջեցին Սամուել մարգարեից։ Եհովան ասաց Սամուելին, որ կատարի նրանց խնդրանքը, բայց ավելացրեց. «Նորանք ոչ թէ քեզ են մերժում, այլ ինձ են մերժում, որ նորանց վերայ չ’թագաւորեմ» (Ա Թագ. 8։7)։ Թեև Եհովան թույլ տվեց Իսրայելին թագավոր ունենալ, սակայն հստակ բացատրեց, թե ինչ նրանք «կհնձեն» արդյունքում (կարդա՛ Ա Թագաւորաց 8։9–18

9 Եհովայի խոսքերն իրականացան։ Իրենց ընտրության պատճառով իսրայելացիները ահավոր դժվարություններ կրեցին։ Խնդիրներն ավելի անտանելի էին դառնում հատկապես այն ժամանակ, երբ թագավորներից որևէ մեկը անհավատարիմ էր գտնվում։ Այո՛, մարդկային իշխանությունը երբեք տևական օգուտներ չի բերել։ Նույնն էլ այսօր։ Որոշ քաղաքական գործիչներ խնդրում են Աստծուն օրհնել իրենց ջանքերը, որ հասնեն խաղաղության և ապահովության։ Բայց մի՞թե Աստված կօրհնի այն մարդկանց, ովքեր չեն հնազանդվում իր իշխանությանը (Սաղ. 2։10–12

Աստված ղեկավարում է հոգևոր Իսրայելին

10. Ինչո՞ւ Եհովան մերժեց իսրայելացիներին։

10 Իսրայելացիները անհավատարիմ գտնվեցին Եհովայի հանդեպ և նույնիսկ չընդունեցին Մեսիային։ Ուստի Եհովան մի նոր ժողովուրդ ընտրեց։ Դա տեղի ունեցավ մ.թ. 33 թ.–ին, երբ կազմավորվեց օծյալ քրիստոնյաների ժողովը։ Նրանք դարձան Աստծու նոր ազգը, որն ընդունում էր Եհովայի իշխանությունը։ Պողոսն այն անվանեց «Աստծու Իսրայել» (Գաղ. 6։16

11, 12. Ի՞նչ ընդհանրություններ կան Իսրայել ազգի և «Աստծու Իսրայելի» միջև։

11 Իսրայել ազգի և «Աստծու Իսրայելի» միջև կային թե՛ տարբերություններ, թե՛ ընդհանրություններ։ Իսրայելացիները թագավորներ ունեին, մեղքերի համար կենդանական զոհեր էին մատուցում, իսկ ճշմարիտ քրիստոնյաները՝ ոչ։ Սակայն և՛ Իսրայելում, և՛ քրիստոնեական ժողովում կային երեցներ (Ելից 19։3–8)։ Այս տղամարդիկ իշխանություն չէին բանեցնում հոտի վրա։ Նրանք հովվում էին հոտը և հոժարակամորեն կատարում քրիստոնեական պարտականությունները։ Երեցները ժողովի բոլոր անդամների հանդեպ ցուցաբերում էին սեր ու հարգանք և չէին վիրավորում նրանց արժանապատվությունը (2 Կորնթ. 1։24; 1 Պետ. 5։2, 3

12 Օծյալ քրիստոնյաները և «ուրիշ ոչխարները» դասեր են քաղում, երբ խորհում են Եհովայի իշխելու կերպի մասին (Հովհ. 10։16)։ Ինչպես գիտենք, Իսրայելի այն թագավորները, ովքեր ընդօրինակում էին Եհովային, օգուտներ էին բերում ժողովրդին, իսկ ովքեր ոչ՝ վնասներ։ Այստեղից դաս ունեն սովորելու ժողովի երեցները։ Թեև նրանք թագավորներ չեն, սակայն ուրիշների հետ պետք է վարվեն այնպես, ինչպես Եհովան, և հավատի լավ օրինակ լինեն մյուսների համար (Եբր. 13։7

Ինչպե՞ս է Եհովան իշխում այսօր

13. Ի՞նչ նշանակալից իրադարձություն տեղի ունեցավ 1914 թ.–ին։

13 Այսօր քրիստոնյաները աշխարհի բոլոր ծայրերում հռչակում են, որ Աստված շուտով վերջ կդնի մարդկային կառավարություններին։ 1914 թ.–ին Եհովան երկնքում հաստատեց իր Թագավորությունը և իր Որդուն նշանակեց Թագավոր։ Այդ ժամանակ նա Հիսուսին իշխանություն տվեց «հաղթելու և իր հաղթանակը ավարտին հասցնելու համար» (Հայտն. 6։2)։ Եհովան նրան ասաց. «Տիրապետիր քո թշնամիների մէջ» (Սաղ. 110։2)։ Բայց այս անգամ էլ մարդիկ չցանկացան ընդունել Եհովայի իշխանությունը և շարունակեցին վարվել այնպես, կարծես «Աստուած չկայ» (Սաղ. 14։1

14, 15. ա) Ինչպե՞ս է իշխում Աստծու Թագավորությունն այսօր, և ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ։ բ) Ինչի՞ց է երևում, որ Եհովայի կառավարման ձևը լավագույնն է։

14 Օծյալ քրիստոնյաներից ոմանք դեռ երկրի վրա են և ծառայում են որպես «Քրիստոսին փոխարինող դեսպաններ» (2 Կորնթ. 5։20)։ Նրանք կազմում են հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգը, որը հոգևոր կերակուր է տալիս մյուս օծյալներին և «մեծ բազմությանը»՝ երկրային հույս ունեցողներին, որոնց թիվն այժմ միլիոնների է հասնում (Մատթ. 24։45–47; Հայտն. 7։9–15)։ Եհովան մեծապես օրհնում է հավատարիմ ծառային։ Դա երևում է այն առատ հոգևոր սննդից, որ ունեն Աստծու ճշմարիտ երկրպագուները։

15 Մեզնից յուրաքանչյուրը կարող է ինքն իրեն հարցնել. «Սրտանց կատարո՞ւմ եմ ժողովում ունեցած իմ պարտականությունները։ Թիկունք կանգնո՞ւմ եմ Եհովայի գերիշխանությանը։ Հպա՞րտ եմ, որ Եհովայի Թագավորության հպատակն եմ։ Վճռե՞լ եմ ուժերիս ներածին չափով մասնակցել քարոզչական գործին»։ Մենք պետք է հոժարակամորեն հնազանդվենք Կառավարիչ մարմնի առաջնորդությանը և համագործակցենք ժողովի երեցների հետ։ Դրանով ցույց կտանք, որ ընդունում ենք Աստծու իշխանությունը (կարդա՛ Եբրայեցիներ 13։17)։ Այդպիսի հնազանդությունը նպաստում է Աստծու ծառաների միասնությանը, որը եզակի երևույթ է այս պառակտված աշխարհում։ Մեր համաշխարհային եղբայրության մեջ տիրում է խաղաղություն, արդարություն։ Այս ամենը փառք է բերում Եհովային և փաստում է, որ նրա կառավարման ձևը լավագույնն է։

Եհովայի կառավարման ձևը լավագույնն է

16. Ի՞նչ որոշում պետք է կայացնի այսօր յուրաքանչյուր մարդ։

16 Սրընթաց մոտենում է այն ժամանակը, երբ Եդեմում բարձրացված վիճաբանական հարցը մեկընդմիշտ կլուծվի։ Ուստի հիմա՛ է որոշում կայացնելու ժամանակը՝ ընդունել մարդկա՞նց իշխանությունը, թե՞ Աստծու։ Մեզ համար մեծ պատիվ է օգնել հեզ մարդկանց ճիշտ ընտրություն կատարելու։ Շուտով՝ Արմագեդոնի ժամանակ, Եհովան կկործանի Սատանայի ղեկավարությամբ գործող մարդկային կառավարությունները և երկրի վրա կհաստատի իր իշխանությունը (Դան. 2։44; Հայտն. 16։16)։ Մեր Արարիչը լիովին կարդարացնի իր գերիշխանությունը (կարդա՛ Հայտնություն 21։3–5

17. Ի՞նչը կօգնի խոնարհ մարդկանց ճիշտ որոշում կայացնելու։

17 Նրանք, ովքեր դեռ չեն վճռել Եհովայի կողմը բռնել, կարող են աղոթքով խորհրդածել Աստծու Թագավորության օրհնությունների մասին։ Ներկա կառավարություններն անզոր են վերացնելու հանցագործությունն ու ահաբեկչությունը։ Սակայն Աստծու իշխանությունը երկրի երեսից կոչնչացնի չարերին (Սաղ. 37։1, 2, 9)։ Մարդիկ անդադար պատերազմում են, սակայն Աստված «կդադարեցնի պատերազմները մինչեւ երկրի ծայրերը» (Սաղ. 46։9)։ Խաղաղություն կտիրի նույնիսկ մարդկանց և կենդանիների միջև (Ես. 11։6–9)։ Իսպառ կվերանա սովն ու աղքատությունը (Ես. 65։21)։ Նույնիսկ լավ մղումներ ունեցող կառավարիչները չեն կարող վերջ դնել հիվանդությանն ու մահին։ Իսկ Աստծու Թագավորության ժամանակ հիվանդ ու ծեր մարդիկ այլևս չեն լինի. նրանք կառողջանան ու կերիտասարդանան (Յոբ 33։25; Ես. 35։5, 6)։ Երկիրը կվերածվի դրախտային պարտեզի, որտեղ հարություն կառնեն մահացածները (Ղուկ. 23։43; Գործ. 24։15

18. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ Աստծու իշխանությունը լավագույնն է։

18 Աստված կփոխհատուցի այն բոլոր վնասները, որ Սատանան պատճառել է մարդկանց՝ դրդելով մեր նախածնողներին դուրս գալ Արարչի դեմ։ Բանսարկուն 6 000 տարի շարունակ ապականում է երկիրը, սակայն Աստված Քրիստոսի միջոցով կվերականգնի այն ընդամենը 1 000 տարում։ Դա ապացուցում է, որ Աստծու իշխանությունը լավագույնն է։ Ճշմարիտ քրիստոնյաներն ընդունում են Եհովային որպես իրենց Ղեկավարի։ Եկեք ամեն օր և ամեն ժամ փաստենք, որ Եհովայի երկրպագուներն ենք, նրա Թագավորության հպատակները և որ հպարտ ենք կոչվելու նրա Վկաները։ Եկեք ամեն առիթ օգտագործենք պատմելու մարդկանց, որ Եհովայի իշխանությունն ամենալավն է։

Ի՞նչ ենք իմանում Աստծու իշխանության մասին

Բ Օրինաց 7։7, 8–ից։

Ա Թագաւորաց 8։9–18-ից։

Եբրայեցիներ 13։17–ից

Հայտնություն 21։3–5-ից։

[Հարցեր ուսումնասիրության համար]

[Նկարներ 29–րդ էջի վրա]

Եհովան երբեք չի կորցրել իշխելու իրավունքը

[Նկար 31–րդ էջի վրա]

Եհովայի իշխանությանը հնազանդվելը նպաստում է մեր միասնությանը