Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

ԻՆՉՊԵ՞Ս ռաստաֆարիանիզմի հարող մի տղամարդ կտրեց իր երկար հյուսքերը և կարողացավ հաղթահարել սպիտակամորթ մարդկանց հանդեպ ունեցած իր կանխակալ տրամադրվածությունը։ Ի՞նչը մղեց մի դաժան տղամարդու, որն օգնում էր թմրադեղեր վաճառող իր գործընկերներին հավաքելու իրենց պարտքերը, փոխելու իր ապրելակերպը։ Տեսնենք, թե ինչ են պատմում նրանք։

«Ես ձերբազատվեցի իմ կանխակալ կարծիքից» (ՀԱՖԻՆԻ ԴԱՄԱ)

ՏԱՐԻՔԸ՝ 34

ԵՐԿԻՐԸ՝ ԶԱՄԲԻԱ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՌԱՍՏԱՖԱՐԻԱՆ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ես ծնվել եմ Զամբիայում՝ փախստականների ճամբարում։ Պատերազմի տարիներին մայրս փախել էր Նամիբիայից և միացել էր «Հարավ–արևմտյան Աֆրիկայի ժողովուրդներ» կոչվող կազմակերպությանը։ Այս կազմակերպությունը պայքարում էր Հարավաֆրիկյան Հանրապետության վարչակարգի դեմ, որն այդ ժամանակ գործում էր Նամիբիայում։

Իմ կյանքի առաջին 15 տարիները անցկացրել եմ փախստականների տարբեր ճամբարներում։ «Հարավ–արևմտյան Աֆրիկայի ժողովուրդներ» կազմակերպությունը սովորեցնում էր մեզ դառնալ պիոներ, այսինքն՝ մենք պետք է ազատագրական շարժում ձևավորեինք։ Մեր մեջ սերմանվել էին քաղաքական գաղափարներ. մեզ սովորեցրել էին ատել սպիտակամորթ մարդկանց։

Երբ 11 տարեկան էի, ուզեցի մեր ճամբարի եկեղեցում օծման խորհուրդ ընդունել և դառնալ քրիստոնյա։ Այդ եկեղեցում հավաքվում էին կաթոլիկները, լյութերականները, անգլիական եկեղեցու և այլ կրոնների անդամները։ Սակայն քահանայի հետ իմ նպատակների մասին զրույցից հետո մեծ հիասթափություն ապրեցի։ Այդ օրվանից դարձա աթեիստ։ 15 տարեկանում միացա ռաստաֆարիանիզմի շարժմանը, քանի որ շատ էի սիրում ռեգի երաժշտություն և ուզում էի վերացնել այն անարդարությունները, որ կրել էին սևամորթ աֆրիկացիները։ Ես երկարացրի մազերս ու պարանի նման հյուսեցի, սկսեցի մարիխուանա ծխել և միս չուտել։ Ամենուր սևամորթների համար ազատություն էի քարոզում։ Սակայն ապրում էի անբարո կյանքով և դիտում էի բռնությամբ լի ֆիլմեր։ Նաև օգտագործում էի գռեհիկ բառեր։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ 1995 թ.–ին, երբ 20 տարեկան էի, սկսեցի լրջորեն մտածել կյանքիս իմաստի մասին։ Արդեն ուսումնասիրել էի ռաստաֆարիանիստների ամբողջ գրականությունը։ Որոշ հրատարակություններում բացատրվում էին աստվածաշնչային համարներ, սակայն ոչինչ չէի հասկանում։ Որոշեցի կարդալ Աստվածաշունչը։

Մի օր ռաստիֆարիանիստ ընկերներիցս մեկը ինձ Աստվածաշնչի վրա հիմնված մի ձեռնարկ տվեց, որը հրատարակվել էր Եհովայի վկաների կողմից։ Ինքնուրույն սկսեցի ուսումնասիրել այդ գիրքը։ Հետագայում հանդիպեցի մի Եհովայի վկայի և նրա օգնությամբ շարունակեցի Աստվածաշունչ ուսումնասիրել։

Շատ ջանքեր էի թափում, որպեսզի թողնեմ ծխելը և խմելը (2 Կորնթացիներ 7։1)։ Ժամանակի ընթացքում ինձ տեսքի բերեցի, կտրեցի երկար մազերս, դադարեցի պոռնկագրություն և բռնի ֆիլմեր դիտելուց, ինչպես նաև կոպիտ բառեր օգտագործելուց (Եփեսացիներ 5։3, 4)։ Ի վերջո կարողացա նաև արմատախիլ անել սպիտակամորթների հանդեպ ունեցած իմ կանխակալ տրամադրվածությունը (Գործեր 10։34, 35)։ Բացի այդ, ձերբազատվեցի երաժշտությունից, որը ռասիզմ էր քաջալերում։ Այլևս չէի շփվում նախկին ընկերներիս հետ, որոնք փորձում էին ինձ կրկին ներքաշել նախկին ապրելակերպիս մեջ։

Իմ կյանքում այսպիսի փոփոխություններ անելուց հետո գնացի Եհովայի վկաների Թագավորության սրահ և միացա այդ կրոնին։ Երբ որոշեցի մկրտվել ու Եհովայի վկա դառնալ, ընտանիքիս անդամները այդքան էլ չուրախացան։ Մայրս համոզում էր ինձ «քրիստոնեության» մեկ ուրիշ ուղղության հարել, բայց Եհովայի վկա չդառնալ։ Իսկ քեռիս, որը ազդեցիկ պաշտոնյա էր, անընդհատ քննադատում էր ինձ իմ կայացրած որոշման համար։

Սակայն Հիսուսի օրինակը օգնեց ինձ պայքարելու հակառակության ու ծաղրանքի դեմ։ Ես համոզված էի, որ ճիշտ կրոնն եմ գտել, քանի որ Վկաների ասածները համեմատել էի այն ամենի հետ, ինչ Աստվածաշունչն է սովորեցնում։ Օրինակ՝ Աստվածաշնչում տրված պատվերի համաձայն՝ նրանք քարոզում են մարդկանց (Մատթեոս 28։19, 20; Գործեր 15։14)։ Նաև միջամուխ չեն լինում քաղաքական գործերին (Սաղմոս 146։3, 4; Հովհաննես 15։17, 18

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ եմ ՍՏԱՑԵԼ։ Աստվածաշնչում շատ գործնական խորհուրդներ կան, որոնք կիրառելով՝ ես մեծ օգուտներ եմ ստացել։ Օրինակ՝ ես ամեն ամիս հարյուրավոր դոլարներ եմ խնայում, քանի որ այլևս մարիխուանա չեմ ծխում։ Նաև հալյուցինացիաների մեջ չեմ ընկնում. առողջությունս բարելավվել է թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկական առումով։

Դեռևս պատանեկան տարիներից ցանկացել եմ իմանալ, թե որն է կյանքիս նպատակը։ Իսկ այժմ ապրում եմ իմաստալից կյանքով։ Եվ ամենակարևորը, ես մտերմացել եմ և շարունակում եմ մտերմանալ Աստծու հետ (Հակոբոս 4։8

«Ես սովորեցի զսպել իմ բարկությունը» (ՄԱՐՏԻՆՈ ՓԵԴՐԵՏԻ)

ՏԱՐԻՔԸ՝ 43

ԵՐԿԻՐԸ՝ ԱՎՍՏՐԱԼԻԱ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐ ՎԱՃԱՌՈՂ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Մանկապատանեկան տարիներիս ծնողներս հաճախ էին մի տեղից մյուսը տեղափոխվում։ Ես ապրել եմ թե՛ փոքր քաղաքներում, թե՛ մեծ, անգամ մի որոշ ժամանակ աբորիգենների կյանքով եմ ապրել շատ քիչ բնակեցված շրջանում։ Հաճելի հուշեր ունեմ այդ տարիների մասին. ապրում էի զարմիկներիս և քեռիներիս հետ։ Հիմնականում ձուկ էինք բռնում, որսի էինք գնում, բումերանգներ և այլ քանդակներ էինք պատրաստում։

Հայրս բռնցքամարտիկ է եղել և ինձ դեռ փոքրուց սովորեցրել է կռվել։ Այդ պատճառով էլ հաճախ էի կռվի մեջ մտնում մարդկանց հետ։ Պատանեկան տարիներին շատ էի սիրում խմել, հաճախ բարերում էի լինում։ Ես ու ընկերներս միշտ առիթ էինք փնտրում կռիվ անելու համար։ Հաճախ դանակներով և մահակներով հարձակվում էինք ավելի քան 20 հոգու վրա։

Ես փող էի վաստակում թմրանյութեր և այլ գողացված ապրանքներ վաճառելու միջոցով, որոնք ձեռք էի բերում նավամատույցում աշխատող մարդկանցից։ Բացի այդ, գործընկերներիս էլ էի օգնում։ Ատրճանակների և հրացանների միջոցով սպառնալով պարտապաններին՝ ստիպում էի նրանց վճարել ընկերներիս պարտքը։ Իմ նպատակն էր դառնալ վարձու մարդասպան։ Իմ նշանաբանն էր՝ սպանիր, թե չէ քեզ կսպանեն։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Պատանեկան տարիներից լսել եմ Եհովայի վկաների մասին։ Հիշում եմ, երբ 20 տարեկան էի, հարցրի մորս, թե արդյոք գիտի՝ որտեղ կան Վկաներ։ Երկու օր անց Դիքսոն անունով մի Վկա թակեց մեր դուռը։ Մեզ հետ զրուցելուց հետո նա ինձ հրավիրեց ժողովի հանդիպման։ Ես համաձայնվեցի։ Ավելի քան 20 տարի է արդեն, ինչ հաճախում եմ այդ հանդիպումներին։ Ինձ հուզող բոլոր հարցերիս Վկաները պատասխանեցին Աստվածաշնչի միջոցով։

Ես շատ ուրախացա, երբ իմացա, որ Եհովան հետաքրքրված է մարդկանցով անհատապես, և նա անտարբեր չէ անգամ չարագործ մարդու հանդեպ (2 Պետրոս 3։9)։ Հասկացա, որ նա սիրող Հայր է և հոգ կտանի իմ մասին նույնիսկ այն դեպքում, երբ բոլորը լքեն ինձ։ Շատ մխիթարվեցի՝ իմանալով, որ նա պատրաստ է ներելու իմ մեղքերը, եթե ես փոփոխություններ կատարեմ իմ կյանքում։ Ինձ վրա մեծ ազդեցություն թողեցին Եփեսացիներ 4։22–24 համարները։ Ես հանեցի «իմ հին անձնավորությունը» և հագա «նոր անձնավորությունը», որը «ստեղծվել է Աստծու կամքի համաձայն»։

Ինչ խոսք, ժամանակ պահանջվեց իմ ապրելակերպը փոխելու համար։ Երբեմն կարողանում էի ամբողջ շաբաթ թմրանյութեր չօգտագործել, բայց շաբաթվա վերջում ընկերներիս ազդեցությամբ կրկին տրվում էի գայթակղությանը։ Հասկացա, որ պետք է հեռանամ նրանցից, եթե ուզում եմ մաքուր կյանքով ապրել, ուստի տեղափոխվեցի մեկ ուրիշ նահանգ։ Ընկերներիցս մի քանիսը ցանկացան ինձ միանալ։ Այդ ընթացքում նրանք սկսեցին մարիխուանա ծխել և ինձ էլ առաջարկեցին։ Երբ իմացան, որ ես այլևս նման բաներ չեմ անում, թողեցին ինձ և իրենց ճանապարհը շարունակեցին առանց ինձ։ Ավելի ուշ լսեցի, որ ընկերներս զինված թալանել են մի բանկ։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ եմ ՍՏԱՑԵԼ։ Իմ կապերը նրանց հետ խզելուց հետո հեշտությամբ ձերբազատվեցի նաև մյուս վնասակար սովորություններիցս։ 1989–ին դարձա Եհովայի վկա։ Իմ մկրտությունից հետո քույրս, մայրս և հայրս նույնպես դարձան Վկաներ։

Արդեն 17 տարի է, ինչ ամուսնացած եմ և ունեմ երկու տղա ու մեկ աղջիկ։ Ես սովորեցի զսպել բարկությունս նույնիսկ այն ժամանակ, երբ ինձ ջղայնացնում են։ Սովորեցի նաև սիրել բոլոր ազգերի մարդկանց (Հայտնություն 7։9)։ Զգացել եմ Հիսուսի խոսքերի ճշմարտացիությունը. «Եթե մնաք իմ խոսքի մեջ, ուրեմն իրոք որ իմ աշակերտներն եք, և ճշմարտությունը կիմանաք, ու ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8։31, 32

[Մեջբերում 19–րդ էջի վրա]

Ձերբազատվեցի երաժշտությունից, որը ռասիզմ էր քաջալերում

[Մեջբերում 20–րդ էջի վրա]

Ես ու ընկերներս միշտ առիթ էինք փնտրում կռիվ անելու համար։ Դանակներով և մահակներով հարձակվում էինք ավելի քան 20 հոգու վրա