Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Տղամարդի՛կ, հնազանդվո՞ւմ եք Քրիստոսի գլխավորությանը

Տղամարդի՛կ, հնազանդվո՞ւմ եք Քրիստոսի գլխավորությանը

Տղամարդի՛կ, հնազանդվո՞ւմ եք Քրիստոսի գլխավորությանը

«Ամեն մարդի գլուխը Քրիստոսն է» (1 ԿՈՐՆԹ. 11։3

1. Ինչի՞ց է երևում, որ Եհովան կարգուկանոնի Աստված է։

«ԱՐԺԱՆԻ՛ ես, Եհո՛վա, Աստվա՛ծ մեր, առնելու փառքը, պատիվը և զորությունը, որովհետև դո՛ւ ստեղծեցիր բոլոր բաները, և քո կամքով նրանք գոյություն ունեն ու ստեղծվեցին»,— գրված է Հայտնություն 4։11–ում։ Այո՛, Եհովա Աստված է տիեզերքի Գերիշխանը։ Նա «ոչ թե անկարգության Աստված է, այլ խաղաղության»։ Օրինակ՝ դա երևում է այն բանից, թե ինչպես է նա կազմակերպել հրեշտակներից բաղկացած ընտանիքը (1 Կորնթ. 14։33; Ես. 6։1–3; Եբր. 12։22, 23

2, 3. ա) Ո՞վ է Եհովայի առաջին ստեղծագործությունը։ բ) Ինչպիսի՞ դիրք ունի անդրանիկ Որդին՝ Հոր հետ համեմատած։

2 Նախքան որևէ բան ստեղծելը Եհովան անթիվ–անհամար տարիներ մենակ է եղել։ Նրա առաջին ստեղծագործությունը այն ոգեղեն արարածն է, որը կոչվում է «Խոսք», այսինքն՝ Եհովայի Ներկայացուցիչ։ Մնացած բոլոր բաները նրա միջոցով են ստեղծվել։ Հետագայում Խոսքը որպես կատարյալ մարդ եկավ երկիր և դարձավ Հիսուս Քրիստոս (կարդա՛ Հովհաննես 1։1, ծնթ., 2, 3, 14

3 Իսկ ի՞նչ է ասվում Աստվածաշնչում Աստծու հանդեպ ունեցած Որդու դիրքի մասին։ Պողոս առաքյալը Աստծու ներշնչմամբ գրել է. «Ուզում եմ իմանաք, որ ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը տղամարդն է, իսկ Քրիստոսի գլուխը՝ Աստված» (1 Կորնթ. 11։3)։ Փաստորեն, Քրիստոսը ենթակա է իր Հորը։ Այո՛, բանական արարածների միջև խաղաղություն և կարգուկանոն պահպանելու համար շատ կարևոր է հնազանդվել գլխավորության սկզբունքին։ Անգամ նա, ում «միջոցով ստեղծվեցին մնացած բոլոր բաները», պետք է հպատակվի Աստծուն (Կող. 1։16

4, 5. Ի՞նչ տեսակետ ուներ Հիսուսը Հոր հանդեպ ունեցած իր դիրքի առնչությամբ։

4 Արդյոք Հիսուսը հոժարակամորե՞ն հնազանդվեց Եհովային, երբ եկավ երկիր։ Աստվածաշնչում կարդում ենք. «Քրիստոս Հիսուսը, որը, թեև Աստծու կերպարանքն ուներ, չմտածեց հափշտակություն անելու մասին, այսինքն՝ Աստծուն հավասար լինելու մասին. ո՛չ, այլ զրկեց իրեն ամեն բանից, ծառայի կերպարանք ընդունեց և դարձավ մարդկանց նման։ Դեռ ավելին, լինելով մարդու կերպարանքում՝ նա խոնարհեցրեց իրեն և հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ մահ տանջանքի ցցի վրա» (Փիլիպ. 2։5–8

5 Հիսուսը միշտ խոնարհաբար հնազանդվում էր իր Հորը և հոժարակամորեն կատարում էր նրա կամքը։ Նա ասաց. «Ես ինքս ինձանից ոչինչ չեմ կարող անել.... այն դատաստանը, որով դատում եմ, արդար է, որովհետև ես ոչ թե իմ կամքն եմ փնտրում, այլ նրա կամքը, ով ուղարկեց ինձ» (Հովհ. 5։30)։ «Ես միշտ [իմ Հորը] հաճելի բաներն եմ անում» (Հովհ. 8։29)։ Իսկ իր կյանքի վերջին օրը Հորն աղոթելիս ասաց. «Ես փառավորեցի քեզ երկրի վրա՝ ավարտելով այն գործը, որ տվել էիր ինձ անելու» (Հովհ. 17։4)։ Հիսուսը անտրտունջ հնազանդվեց Աստծու գլխավորությանը։

Հնազանդությունը օգուտներ բերեց Որդուն

6. Ի՞նչ հրաշալի հատկություններ ուներ Հիսուսը։

6 Աստծու Որդին հրաշալի հատկություններ ուներ։ Նա անսահման սեր էր տածում իր Հոր հանդեպ։ Մի առիթով Հիսուսն ասաց. «Ես սիրում եմ Հորը» (Հովհ. 14։31)։ Նա նաև իր սերը ցույց տվեց մարդկանց նկատմամբ (կարդա՛ Մատթեոս 22։35–40)։ Հիսուսը բարի էր ու նրբանկատ, նա կոպիտ չէր, ոչ էլ իշխանատենչ։ «Ինձ մո՛տ եկեք բոլորդ, որ հոգնած եք ու բեռնավորված, և ես կթարմացնեմ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա վերցրեք և ինձանից սովորեք, քանզի ես հեզ եմ և սրտով խոնարհ, և դուք թարմություն կգտնեք ձեր հոգիների համար։ Որովհետև իմ լուծը հարմար է, և իմ բեռը՝ թեթև»,— ասաց նա (Մատթ. 11։28–30)։ Տարբեր տարիքի խոնարհ մարդիկ, հատկապես ճնշվածներն ու կեղեքվածները իրենց լավ էին զգում Հիսուսի կողքին և անչափ մխիթարվում էին՝ լսելով նրա խոսքերը։

7, 8. Օրենքը ի՞նչ սահմանափակումներ էր դնում արյունահոսություն ունեցող կնոջ վրա, սակայն ինչպե՞ս վարվեց Հիսուսը արյունահոսությամբ տառապող կնոջ հետ։

7 Բոլոր ժամանակներում տղամարդիկ հաճախ վատ են վերաբերվել կանանց։ Օրինակ՝ այդպես են վարվել հին Իսրայելի կրոնական առաջնորդները։ Սակայն Հիսուսը այդպես չէր վերաբերվում կանանց, նա հարգում էր նրանց։ Սա երևում է հետևյալ դեպքից։ Մի անգամ 12 տարի արյունահոսությամբ տառապող մի կին մոտեցավ Հիսուսին։ Այդ կինը «շատ բժիշկների կողմից բազում չարչարանքներ էր կրել» և ծախել էր իր ողջ ունեցվածքը, բայց ոչ մի օգուտ չէր ստացել։ Չնայած իր ջանքերին՝ նրա «վիճակն ավելի էր վատացել»։ Բացի այդ, Օրենքի համաձայն՝ նա անմաքուր էր համարվում։ Եվ եթե որևէ մեկը դիպչեր նրան, ապա նույնպես անմաքուր կդառնար (Ղեւտ. 15։19, 25

8 Այդուհանդերձ, լսելով, որ Հիսուսը բուժում է հիվանդներին՝ կինը միացավ նրա շուրջ հավաքված բազմությանը, քանի որ մտածում էր. «Եթե միայն դիպչեմ նրա վերնահագուստին, կլավանամ»։ Եվ իրոք, երբ դիպավ Հիսուսին, իսկույն բուժվեց։ Հիսուսը գիտեր, որ նա չպետք է դիպչեր իր հագուստին, սակայն չհանդիմանեց այդ կնոջը։ Փոխարենը՝ բարություն դրսևորեց նրա հանդեպ։ Հիսուսը պատկերացրեց, թե ինչ է նա զգացել տարիներ շարունակ և հասկացավ, թե որքան հուսահատ վիճակում է եղել։ Կարեկցանքով լցված՝ Հիսուսն ասաց. «Դո՛ւստր, քո հավատը բուժեց քեզ։ Գնա՛ խաղաղությամբ և քեզ տանջող հիվանդությունից առո՛ղջ եղիր» (Մարկ. 5։25–34

9. Ինչպե՞ս արձագանքեց Հիսուսը, երբ աշակերտները արգելեցին, որ երեխաներ բերեն իր մոտ։

9 Անգամ երեխաներն էին իրենց լավ զգում Հիսուսի ներկայությամբ։ Մի անգամ, երբ ծնողները իրենց երեխաներին բերեցին նրա մոտ, աշակերտները արգելեցին նրանց՝ հավանաբար մտածելով, որ երեխաները նեղություն կպատճառեն իրենց Ուսուցչին։ Սակայն Հիսուսը այդպես չէր մտածում։ Աստվածաշնչում կարդում ենք. «Սա տեսնելով՝ Հիսուսը վրդովվեց ու ասաց [աշակերտներին]. «Թողե՛ք, որ երեխաներն ինձ մոտ գան, մի՛ արգելեք նրանց, որովհետև այսպիսիներինն է Աստծու թագավորությունը»»։ Հետո «իր թևերի մեջ առավ երեխաներին ու օրհնեց՝ ձեռքերը նրանց վրա դնելով»։ Հիսուսը ոչ թե ստիպված էր ժամանակ տրամադրում երեխաներին, այլ ջերմ սիրուց մղված (Մարկ. 10։13–16

10. Ինչի՞ շնորհիվ Հիսուսը հրաշալի հատկություններ զարգացրեց իր մեջ։

10 Ինչի՞ շնորհիվ Հիսուսը այսպիսի հատկություններ զարգացրեց իր մեջ։ Մինչև երկիր գալը նա անթիվ–անհամար տարիներ ապրել է Հոր հետ ու շատ բաներ է սովորել նրանից (կարդա՛ Առակաց 8։22, 23, 30)։ Նա տեսել է, որ Եհովան սիրով է գործադրում իր իշխանությունը, և երկրի վրա եղած ժամանակ ինքն էլ այդպես վարվեց։ Եթե Հիսուսը հնազանդ չլիներ, ապա չէր կարողանա այդպիսի հատկություններ դրսևորել։ Նա սիրով էր ենթարկվում իր Հորը, և որքա՜ն ուրախ էր Եհովան, որ այդպիսի Որդի ունի։ Այո՛, Հիսուսը կատարելապես արտացոլեց իր երկնային Հոր հատկությունները։ Մեզ համար մեծ պատիվ է հնազանդվել նրան՝ Աստծու նշանակած Թագավորին։

Ընդօրինակեք Քրիստոսի հատկությունները

11. ա) Ո՞ւմ պետք է ջանան ընդօրինակել բոլոր քրիստոնյաները։ բ) Ինչո՞ւ պետք է հատկապես եղբայրները ջանան ընդօրինակել Քրիստոսին։

11 Բոլոր քրիստոնյաները, հատկապես տղամարդիկ պետք է շարունակ ջանքեր թափեն ընդօրինակելու Հիսուսի հատկությունները։ Արդեն նշվեց, որ «ամեն մարդու գլուխը Քրիստոսն է»։ Ինչպես Քրիստոսն էր ընդօրինակում իր Գլխին՝ Աստծուն, այնպես էլ տղամարդիկ պետք է սրտանց ջանք թափեն ընդօրինակելու իրենց գլխին՝ Քրիստոսին։ Հիսուսի հետևորդ դառնալուց հետո Պողոս առաքյալը հենց այդպես վարվեց։ «Ընդօրինակե՛ք ինձ,— ասաց նա,— ինչպես որ ես էլ՝ Քրիստոսին» (1 Կորնթ. 11։1)։ Իսկ Պետրոսը գրեց. «Դեպի այս ուղին է, որ դուք կանչվեցիք, որովհետև ինքը Քրիստոսն էլ չարչարվեց ձեզ համար՝ օրինակ թողնելով ձեզ, որ սերտորեն նրա հետքերին հետևեք» (1 Պետ. 2։21)։ Այո՛, տղամարդիկ հիմնավոր պատճառ ունեն ընդօրինակելու Հիսուսին։ Սակայն մեկ այլ պատճառ էլ կա. միայն նրանք կարող են դառնալ երեց և ծառայող օգնական։ Հիսուսը ուրախություն էր ստանում՝ ընդօրինակելով Եհովային։ Նմանապես, քրիստոնյա տղամարդիկ ուրախություն կստանան, եթե ընդօրինակեն Քրիստոսին և նրա հատկությունները։

12, 13. Ինչպե՞ս պետք է երեցները վարվեն իրենց վստահված հոտի հետ։

12 Ժողովի երեցները պարտավոր են լինել Քրիստոսի նման։ Պետրոսը հետևյալ հորդորը տվեց երեցներին. «Հովվե՛ք Աստծու հոտը, որ ձեր հոգածության տակ է, ոչ թե հարկադրաբար, այլ հոժարակամորեն, ոչ թե անազնիվ շահասիրությունից դրդված, այլ ջանասիրությամբ, ոչ թե տիրապետելով նրանց վրա, ովքեր Աստծու ժառանգությունն են, այլ հոտին օրինակ լինելով» (1 Պետ. 5։1–3)։ Երեցները չպետք է լինեն բռնակալ, դաժան, կոպիտ, ինքնագլուխ։ Ընդօրինակելով Քրիստոսին՝ նրանք սովորում են լինել համեստ ու իրենց վստահված հոտին վերաբերվել սիրով, ուշադրությամբ ու բարությամբ։

13 Ինչ խոսք, երեցները անկատար են, ուստի պետք է միշտ ընդունեն, որ սահմանափակ կարողություններ ունեն (Հռոմ. 3։23)։ Նրանք պետք է ջանասիրաբար սովորեն Հիսուսի մասին և նրա նման սեր դրսևորեն։ Ավելին, հարկավոր է խորհրդածել, թե ինչպես են Եհովան և Քրիստոսը վարվում մարդկանց հետ, և ձգտեն ընդօրինակել նրանց։ Պետրոսը հորդորում է. «Բոլորդ իրար հանդեպ խոնարհամտությամբ գոտևորվեք, որովհետև Աստված հակառակվում է գոռոզներին, իսկ խոնարհների հանդեպ անարժան բարություն է ցույց տալիս» (1 Պետ. 5։5

14. Ինչպե՞ս պետք է երեցները պատվի արժանացնեն ուրիշներին։

14 Աստծու հոտը հովվելիս պատասխանատու եղբայրները պետք է լավ հատկություններ դրսևորեն։ Հռոմեացիներ 12։10–ում գրված է. «Եղբայրասիրության մեջ գորովա՛նք ունեցեք իրար հանդեպ։ Միմյանց պատիվ տալու մեջ առաջի՛նը եղեք»։ Երեցները և ծառայող օգնականները ձգտում են առաջի՛նը պատվի արժանացնել ուրիշներին։ Նրանք ոչինչ չպետք է անեն «կռվասիրությունից կամ սնապարծությունից դրդված, այլ խոնարհամտությամբ ուրիշներին իրենցից ավելի բարձր համարեն» (Փիլիպ. 2։3)։ Պատասխանատու եղբայրները պետք է ժողովի անդամներին իրենցից ավելի բարձր դասեն։ Այդպես վարվելով՝ նրանք կհետևեն Պողոսի խորհրդին. «Մենք, որ ուժեղ ենք, պետք է կրենք նրանց թուլությունները, ովքեր ուժեղ չեն, և չպետք է հաճեցնենք ինքներս մեզ։ Մեզանից յուրաքանչյուրը թող հաճեցնի իր մերձավորին ի բարին՝ նրան կերտելու համար։ Որովհետև նույնիսկ Քրիստոսը ինքն իրեն չհաճեցրեց» (Հռոմ. 15։1–3

Պատվեք ձեր կանանց

15. Ինչպե՞ս պետք է ամուսինը վարվի իր կնոջ հետ։

15 Այժմ տեսնենք, թե ինչ խորհուրդ է տալիս Պետրոս առաքյալը ամուսնացած տղամարդկանց։ Նա գրում է. «Դո՛ւք, ամուսիննե՛ր, շարունակե՛ք [ձեր կանանց] հետ ապրել գիտության համաձայն՝ պատիվ տալով նրանց որպես ավելի թույլ անոթի՝ որպես կանացիի» (1 Պետ. 3։7)։ Պատվել ինչ–որ մեկին նշանակում է բարձր դիրքի արժանացնել նրան։ Այսինքն՝ հաշվի առնել դիմացինի կարծիքը, կարիքները և ցանկությունները ու պատրաստ լինել զիջումների գնալու այնքան ժամանակ, քանի դեռ լուրջ պատճառ չկա չզիջելու։ Հենց այսպես պետք է վարվի ամուսինը իր կնոջ հետ։

16. Աստծու Խոսքը ի՞նչ նախազգուշացում է տալիս ամուսիններին։

16 Պետրոսը նշեց նաև, թե ինչու է կարևոր հետևել այս խորհրդին. «Որպեսզի ձեր աղոթքների դեմ արգելքներ չլինեն» (1 Պետ. 3։7)։ Այս համարը ցույց է տալիս, որ Եհովան լրջորեն է վերաբերվում այն հարցին, թե ինչպես է տղամարդը վարվում իր կնոջ հետ։ Եթե ամուսինը չի պատվում իր կնոջը, նրա աղոթքը կարող է «արգելքի» հանդիպել։ Սակայն երբ ամուսինը պատվում է կնոջը, նա էլ իր հերթին դրականորեն է արձագանքում։

17. Որքա՞ն պետք է ամուսինը սիրի իր կնոջը։

17 Աստվածաշունչը խորհուրդ է տալիս ամուսիններին, թե ինչպես պետք է սիրեն իրենց կանանց. «Ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց ինչպես իրենց սեփական մարմինները,.... որովհետև ոչ ոք երբեք չի ատել իր մարմինը, այլ կերակրում ու քնքշորեն խնամում է նրան, ինչպես որ Քրիստոսը ժողովին,.... թող ձեզանից ամեն մեկը այնպես սիրի իր կնոջը, ինչպես իր անձը» (Եփես. 5։28, 29, 33)։ Որքա՞ն պետք է ամուսինը սիրի իր կնոջը։ Պողոսը պատասխանում է. «Ամուսիննե՛ր, շարունակե՛ք սիրել ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսը սիրեց ժողովը և իր անձը տվեց նրա համար» (Եփես. 5։25)։ Այո՛, ամուսինը պետք է պատրաստ լինի անգամ իր կյանքը տալու կնոջ համար, ինչպես որ Քրիստոսը զոհեց իր կյանքը շատերի համար։ Երբ ամուսինը հոգատար է, ուշադիր, անեսասեր և մեղմ, կնոջ համար ավելի հեշտ է ենթարկվել նրան։

18. Ի՞նչը կօգնի տղամարդուն պատվի արժանացնել իր կնոջը։

18 Իսկ կարելի՞ է ասել, որ ամուսիններից շատ բան է պահանջվում կնոջը պատվելու համար։ Ո՛չ։ Եհովան երբեք չի պահանջում մի բան, որ նրանց ուժերից վեր է։ Բացի այդ, Եհովայի երկրպագուները մեծ օգնություն ունեն՝ տիեզերքի ամենազորեղ ուժը՝ սուրբ ոգին։ Հիսուսն ասաց. «Եթե դուք, չար լինելով, գիտեք, թե ինչպես բարի պարգևներ տաք ձեր երեխաներին, ապա որքա՛ն առավել Հայրը, որ երկնքում է, սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն» (Ղուկ. 11։13)։ Տղամարդիկ կարող են աղոթել սուրբ ոգու համար։ Եհովան էլ անշուշտ կօգնի նրանց, որպեսզի լավ վերաբերմունք ունենան ուրիշների, այդ թվում նաև իրենց կանանց հանդեպ (կարդա՛ Գործեր 5։32

19. Ի՞նչ կքննարկվի հաջորդ հոդվածում։

19 Այսպիսով՝ տղամարդիկ պետք է գիտակցեն, որ Քրիստոսին հնազանդվելը և նրան ընդօրինակելը լուրջ պատասխանատվություն է։ Իսկ ի՞նչ դեր ունեն կանայք ընտանիքում։ Հաջորդ հոդվածում կխոսվի այդ մասին։

Հիշո՞ւմ ես

• Հիսուսի ո՞ր հատկությունները պետք է ընդօրինակել։

• Ինչպե՞ս պետք է երեցները վերաբերվեն հոտին։

• Ինչպե՞ս պետք է ամուսինը վերաբերվի իր կնոջը։

[Հարցեր ուսումնասիրության համար]

[Նկարներ 10–րդ էջի վրա]

Հիսուսի նման՝ պատվի արժանացրու ուրիշներին