Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աղոթք։ Ինչպե՞ս

Աղոթք։ Ինչպե՞ս

Աղոթք

3 Ինչպե՞ս

ԵՐԲ հարցը վերաբերում է աղոթքին, բազմաթիվ կրոններ կենտրոնանում են այն բանի վրա, թե աղոթելիս ինչ դիրք պետք է ընդունել, ինչ բառեր պետք է ասել և ինչ ծեսեր պետք է կատարել։ Սակայն Աստվածաշունչը ասում է մեզ, որ կարիք չկա կենտրոնանալու այդպիսի բաների վրա, այլ այն հարցին, թե ինչպե՞ս պետք է աղոթել, հարկավոր է նայել ավելի կարևոր տեսանկյունից։

Աստվածաշունչը նշում է, որ Աստծու հավատարիմ ծառաները աղոթել են տարբեր վայրերում և տարբեր դիրքերով։ Նրանք, ելնելով հանգամանքներից, աղոթել են թե՛ մտքում և թե՛ բարձրաձայն։ Աղոթելիս նայում էին կա՛մ երկնքին, կա՛մ էլ խոնարհվում էին։ Սրբապատկերներ, աղոթագրքեր օգտագործելու կամ տերողորմյա քաշելու փոխարեն՝ նրանք ուղղակի սրտանց աղոթում էին իրենց բառերով։ Սակայն ի՞նչն էր նրանց աղոթքները արդյունավետ դարձնում։

Ինչպես որ նշվում էր նախորդ հոդվածում, հավատարիմ ծառաները ուղղում էին իրենց աղոթքները միայն մեկ Աստծու՝ Եհովային։ Սակայն մի ուրիշ կարևոր բան էլ կա։ Այդ մասին կարդում ենք 1 Հովհաննես 5։14-ում. «Ահա թե ինչ վստահություն ունենք, երբ դիմում ենք նրան. ինչ էլ որ մենք խնդրում ենք նրա կամքի համաձայն, լսում է մեզ»։ Փաստորեն, մեր աղոթքները պետք է Աստծու կամքին ներդաշնակ լինեն։ Ի՞նչ է դա նշանակում։

Որպեսզի Աստծու կամքին ներդաշնակ աղոթենք, պետք է իմանանք, թե որն է նրա կամքը։ Ուստի աղոթելու համար շատ կարևոր է Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Աստված չի լսի մեզ, եթե մենք աստվածաշնչագետներ չենք։ Իհա՛րկե ոչ։ Սակայն Աստված ակնկալում է, որ սովորենք, թե որն է նրա կամքը, ձգտենք հասկանալ այն և վարվենք դրան ներդաշնակ (Մատթեոս 7։21–23)։ Մենք պետք է աղոթենք մեր սովորածի համաձայն։

Երբ սովորում ենք Եհովայի և նրա կամքի մասին, մեր հավատը աճում է, իսկ դա աղոթելու համար մեկ այլ կարևոր պայման է։ Հիսուսն ասաց. «Ինչ որ աղոթելիս հավատով խնդրեք, կստանաք» (Մատթեոս 21։22)։ Այնուհանդերձ, հավատալ չի նշանակում լինել դյուրահավատ, այլ նշանակում է հավատալ որևէ բանի, որը թեև չի երևում, սակայն դրա գոյության մասին հիմնավոր ապացույցներ կան (Եբրայեցիներ 11։1)։ Աստվածաշունչը բազմիցս փաստում է, որ Եհովան, ում մենք չենք կարող տեսնել, իրական ու վստահելի անձնավորություն է, ինչպես նաև պատրաստ է պատասխանելու այն մարդկանց աղոթքներին, ովքեր հավատում են իրեն։ Ավելին, մենք միշտ կարող ենք խնդրել նրան, որ մեծացնի մեր հավատը, քանի որ նա սիրով տալիս է այն, ինչի կարիքն ունենք (Ղուկաս 17։5; Հակոբոս 1։17

Ահա մեկ այլ կարևոր նախապայման, թե ինչպես պետք է աղոթենք։ Հիսուսն ասաց. «Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով» (Հովհաննես 14։6 Ուստի Եհովային՝ մեր Հորը, կարող ենք մոտենալ Հիսուսի միջոցով։ Աստծու Որդին իր հետևորդներին ասաց, որ աղոթեն իր անունով (Հովհաննես 14։13; 15։16)։ Սակայն դա չի նշանակում, որ պետք է աղոթենք Հիսուսին։ Հակառակը՝ մենք աղոթում ենք Հիսուսի անունով՝ հիշելով, որ նրա շնորհիվ կարող ենք մոտենալ մեր կատարյալ և սուրբ Հորը։

Մի անգամ Հիսուսի ամենամտերիմ հետևորդները խնդրեցին. «Տե՛ր, սովորեցրու մեզ, թե ինչպես աղոթել» (Ղուկաս 11։1)։ Ակներևաբար, նրանք չէին հարցնում այն հիմնական բաների մասին, որ մենք քիչ առաջ քննարկեցինք։ Իրականում նրանք կարծես ուզում էին ասել. «Ինչի՞ մասին պետք է աղոթենք»։

[Մեջբերում 6–րդ էջի վրա]

Արդյունավետ աղոթքները ներդաշնակ են Աստծու կամքին, մատուցվում են հավատով և ներկայացվում են Հիսուսի անունով