Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աղոթք։ Աստված կլսի՞ ու կպատասխանի՞

Աղոթք։ Աստված կլսի՞ ու կպատասխանի՞

Աղոթք

7 Աստված կլսի՞ ու կպատասխանի՞

ՎԵՐԸ նշված հարցերը շատ մեծ հետաքրքրություն են առաջացնում։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Եհովան իրոք լսում է մեր աղոթքները։ Սակայն Աստված կլսի մեր աղոթքները, թե ոչ, մեծապես կախված է մեզանից։

Հիսուսը դատապարտեց իր օրերի կրոնական առաջնորդներին, ովքեր կեղծավորությամբ էին աղոթում։ Նրանք մտածում էին միայն այն մասին, թե ինչպես ի ցույց դնեն իրենց աստվածապաշտությունը։ Հիսուսն ասաց, որ այդպիսի մարդիկ «իրենց վարձատրությունը ամբողջությամբ» կստանան, այսինքն՝ նա նկատի ուներ, որ նրանք կստանան միայն այն, ինչ շատ էին ցանկանում՝ մարդկանց ուշադրությունը, բայց ոչ այն, ինչի կարիքն ունեին՝ լսված լինել Աստծու կողմից (Մատթեոս 6։5)։ Նմանապես այսօր, շատերը աղոթում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում՝ առանց հաշվի առնելու Աստծու կամքը։ Աստված չի լսում այդպիսի մարդկանց աղոթքները, քանի որ նրանք արհամարհում են աստվածաշնչյան սկզբունքները, որոնք քննարկեցինք քիչ առաջ։

Իսկ ի՞նչ կարելի է ասել քո մասին։ Արդյոք Աստված կլսի՞ ու կպատասխանի՞ քո աղոթքներին։ Այս հարցերի պատասխանը կախված չէ նրանից, թե ինչ ռասայի ես պատկանում, ինչ ազգություն կամ հասարակական դիրք ունես։ Աստվածաշունչը վստահեցնում է մեզ. «Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործեր 10։34, 35)։ Իսկ կարելի՞ է ասել, որ այս խոսքերը նաև քո մասին են։ Եթե դու վախենում ես Աստծուց, ուրեմն մեծապես ակնածում ես նրանից ու չես ցանկանում տհաճեցնել նրան։ Իսկ եթե արդարություն ես գործում, նշանակում է փորձում ես անել այն, ինչ Աստված է ասում, որ ճիշտ է, և ոչ թե վարվում ես քո կամ ուրիշների ցանկությամբ։ Իսկապե՞ս ուզում ես, որ Աստված լսի քո աղոթքները։ Աստվածաշնչի օգնությամբ կիմանաս, թե ինչպես աղոթես, որ նա լսի քեզ a։

Անշուշտ, շատերը ցանկանում են, որ Աստված հրաշքով պատասխանի իրենց աղոթքներին։ Սակայն նույնիսկ աստվածաշնչյան ժամանակներում նա հազվադեպ է այդպիսի հրաշքներ արել։ Եղել է նաև այնպես, որ մի հրաշքից մյուսը դարեր են անցել։ Աստվածաշունչը նաև նշում է, որ առաքյալների օրերից հետո հրաշքները դադարել են (1 Կորնթացիներ 13։8–10)։ Բայց արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Աստված այսօր չի պատասխանում աղոթքներին։ Իհա՛րկե ոչ։ Եկ քննենք, թե որ աղոթքներին է նա պատասխանում։

Աստված տալիս է իմաստություն։ Եհովան անսահման իմաստության միակ Աղբյուրն է։ Նա առատորեն տալիս է այն բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ստանալ իր առաջնորդությունը և ձգտում են ապրել դրա համաձայն (Հակոբոս 1։5

Աստված տալիս է իր սուրբ ոգին, և մենք մեծ օգուտներ ենք ստանում։ Սուրբ ոգին Աստծու գործուն ուժն է։ Դրանից զորեղ ուժ չկա։ Այն կարող է օգնել մեզ տոկալու փորձություններին, կարող է խաղաղություն տալ, երբ բախվում ենք խնդիրների, ինչպես նաև օգնել մեզ զարգացնելու այլ գեղեցիկ ու հրապուրիչ հատկություններ (Գաղատացիներ 5։22, 23)։ Հիսուսը վստահեցրեց իր հետևորդներին, որ Աստված առատորեն է տալիս այս պարգևը (Ղուկաս 11։13

Աստված գիտելիքներ է տալիս նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն (Գործեր 17։26, 27)։ Աշխարհում կան մարդիկ, ովքեր անկեղծորեն փնտրում են ճշմարտությունը։ Նրանք ցանկանում են ճանաչել Աստծուն, իմանալ նրա անունը, երկրի և մարդկության առնչությամբ նրա նպատակները, նաև, թե ինչպես կարող են մոտենալ իրենց Արարչին (Հակոբոս 4։8)։ Եհովայի վկաները հաճախ են այդպիսի մարդկանց հանդիպում և մեծ ուրախությամբ պատասխանում են այդ հարցերին Աստվածաշնչի օգնությամբ։

Դա՞ էր պատճառը, որ վերցրել ես այս պարբերագիրը։ Փնտրո՞ւմ ես Աստծուն։ Գուցե հենց այսպես Աստված պատասխանեց քո աղոթքին։

[Ծանոթագրություն]

a Ավելի շատ տեղեկություն ստանալու համար այն մասին, թե ինչպես աղոթել և ինչ անել, որ Աստված լսի, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 17-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։