Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Զրույց հետաքրքիր թեմայի շուրջ. ի՞նչ է սուրբ ոգին

Զրույց հետաքրքիր թեմայի շուրջ. ի՞նչ է սուրբ ոգին

Զրույց հետաքրքիր թեմայի շուրջ. ի՞նչ է սուրբ ոգին

ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ հաճույքով խոսում են իրենց տարածքում ապրող մարդկանց հետ աստվածաշնչային թեմաների շուրջ։ Ի՞նչ հարց է քեզ հետաքրքրում Աստվածաշնչից։ Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչին են հավատում Եհովայի վկաները և ինչպես են դրսևորում իրենց հավատը։ Երբ հանդիպես Վկաներից մեկին, մի՛ ամաչիր և ազատորեն խոսիր նրա հետ։ Համոզված եղիր, որ նա սիրով կպատասխանի քո հարցերին։

Ներկայացնում ենք մի սովորական զրույց, որը տեղի է ունենում Եհովայի Վկայի և մեկ ուրիշ մարդու միջև։ Վկայի անունը կդնենք Արթուր, իսկ նրա զրուցակցի անունը՝ Ռաֆայել։

Ի՞նչ ես հասկանում «սուրբ ոգի» ասելով

Ռաֆայել — Ես լսել եմ, որ դուք՝ Եհովայի վկաներդ, քրիստոնյաներ չեք։ Դուք չեք հավատում սուրբ ոգուն։

Արթուր — Նախ ուզում եմ վստահեցնել ձեզ, որ մենք քրիստոնյաներ ենք։ Եվ հենց Քրիստոսի հանդեպ հավատն է ինձ մղել այս առավոտ գալու ձեր տուն։ Նա է պատվիրել իր հետևորդներին քարոզել։ Բայց կուզեի իմանալ՝ ի՞նչ եք հասկանում «սուրբ ոգի» ասելով։

Ռաֆայել — Սուրբ ոգին Աստված է՝ Երրորդության մեջ երրորդ անձը։ Նա այն օգնականն է, որին Հիսուսը խոստացավ ուղարկել մեզ։ Ինձ համար անչափ կարևոր է զգալ նրա ներկայությունը։

Արթուր — Գիտեք, շատերն են այդպես մտածում։ Ես ուսումնասիրություններ եմ արել այս հարցի վերաբերյալ ու, եթե մի փոքր ժամանակ ունեք, կուզեի ցույց տալ, թե ինչ է Աստվածաշնչում գրված այդ մասին։

Ռաֆայել — Մի քիչ ժամանակ ունեմ։

Արթուր — Ի դեպ, անունս Արթուր է։ Իսկ ձե՞րը։

Ռաֆայել — Ռաֆայել։

Արթուր — Ուրախ եմ, Ռաֆայե՛լ։ Հաշվի առնելով, որ քիչ ժամանակ ունես՝ ընդամենը մի փաստի վրա եմ ուզում հրավիրել քո ուշադրությունը։ Դու նշեցիր, որ սուրբ ոգին այն օգնականն է, որ Հիսուսը խոստացավ ուղարկել։ Համաձայն եմ քեզ հետ։ Բայց իսկապե՞ս սուրբ ոգին անձ է և հավասար է Աստծուն։

Ռաֆայել — Այո՛, ինձ մանկուց դա են սովորեցրել։

Սուրբ ոգին ա՞նձ է

Արթուր — Արի տեսնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը։ Հավանաբար քեզ ծանոթ կլինեն այս խոսքերը։ Գործեր 2։1–4 համարներում գրված է. «Այն օրը, երբ Պենտեկոստեի տոնը դեռ ընթացքի մեջ էր, բոլորը միասին մեկտեղ էին, և հանկարծ երկնքից աղմուկ լսվեց՝ սաստիկ հողմի ձայնի նման, և ամբողջ տունը, որտեղ նրանք նստած էին, ձայնից դղրդաց։ Եվ նրանց ասես կրակե լեզուներ երևացին, ու դրանք բաժանվեցին, և նրանցից յուրաքանչյուրի վրա մի լեզու իջավ։ Բոլորը սուրբ ոգով լցվեցին ու սկսեցին տարբեր լեզուներով խոսել, ինչպես ոգին նրանց խոսել էր տալիս»։

Ռաֆայել — Հա՛, գիտեմ այդ պատմությունը։

Արթուր — Ի՞նչ ես կարծում, Ռաֆայե՛լ, կարո՞ղ է մի անձը լցվել մեկ ուրիշի մեջ։

Ռաֆայել — Իհա՛րկե ոչ։

Արթուր — Արի տեսնենք, թե ինչ է գրված այս գլխի 17-րդ համարում։ Առաջին մասում կարդում ենք. «Վերջին օրերում,— ասում է Աստված,— ես իմ ոգուց կթափեմ ամեն տեսակ մարմնի վրա»։ Ըստ քեզ՝ Աստված իրեն հավասար Աստծու մի մա՞սն էր թափելու մարդկանց վրա։

Ռաֆայել — Դե՜, ո՛չ։

Արթուր — Հովհաննես Մկրտիչը այլ կերպ նկարագրեց սուրբ ոգով լցվելու գաղափարը։ Կցանկանա՞ս ինքդ կարդալ Մատթեոս 3։11-րդ համարը։

Ռաֆայել — «Ես ձեզ ջրով եմ մկրտում, քանի որ դուք զղջացիք, բայց ինձանից հետո եկողը ինձանից ավելի զորավոր է, որի սանդալները հանելու ես արժանի չեմ։ Նա սուրբ ոգով և կրակով կմկրտի ձեզ»։

Արթուր — Շնորհակալություն։ Ուշադրություն դարձրի՞ր, թե ինչ է ասում Հովհաննես Մկրտիչը, ի՞նչ է արվելու սուրբ ոգով։

Ռաֆայել — Նա ասում է, որ մարդիկ մկրտվելու են սուրբ ոգով։

Արթուր — Ճիշտ է։ Նա նաև խոսում է կրակով մկրտության մասին։ Իսկ կրակը, ինչ խոսք, անձ չէ։ Մի՞թե այս համարը սովորեցնում է, որ սուրբ ոգին անձ է։

Ռաֆայել — Ո՛չ։

Արթուր — Ուրեմն, ինչպես տեսանք այս համարներից, սուրբ ոգին անձ չէ։

Ռաֆայել — Ճիշտ որ։

Ինչո՞ւ Հիսուսը սուրբ ոգին կոչեց «օգնական»

Արթուր — Քիչ առաջ դու նշեցիր, որ սուրբ ոգին Հիսուսի խոստացած օգնականն է։ Այդ մասին գրված է Հովհաննես 14։26-րդ համարում։ Արի կարդանք. «Բայց օգնականը՝ սուրբ ոգին, որ Հայրը կուղարկի իմ անունով, նա ամեն բան կսովորեցնի ձեզ և կհիշեցնի այն ամենը, ինչ ասացի ձեզ»։ Շատերի կարծիքով՝ այս համարը ցույց է տալիս, որ սուրբ ոգին անձ է, քանի որ նա պետք է օգնի և սովորեցնի։

Ռաֆայել — Ես էլ եմ միշտ այդ կարծիքին եղել։

Արթուր — Բայց միգուցե Հիսուսն այստեղ պատկերավոր խոսք է օգտագործել։ Տե՛ս, թե ինչ է ասում նա, օրինակ, իմաստության մասին Ղուկաս 7։35-ում. «Իմաստությունը արդարացվում է իր բոլոր զավակներով»։ Մի՞թե այս համարից կարող ենք եզրակացնել, որ իմաստությունը անձ է և նույնիսկ զավակներ ունի։

Ռաֆայել — Դե իհա՛րկե ոչ։ Դա պարզապես պատկերավոր խոսք է։

Արթուր — Համաձայն եմ։ Հիսուսն ուզում էր ասել, որ մարդու իմաստությունը երևում է իր գործերից։ Աստվածաշնչում հաճախ է օգտագործվում պատկերավոր խոսքի այս տեսակը, որը կոչվում է անձնավորում, այսինքն՝ անշունչ առարկաները անձնավորվում են։ Հաճախ մենք էլ ենք մեր զրույցներում պատկերավոր խոսք օգտագործում։ Օրինակ՝ ասում ենք, չէ՞. «Վարագույրը մի կողմ տար, թող արևը ներս գա»։

Ռաֆայել — Հա՛, ես էլ եմ այդպես ասում։

Արթուր — Բայց արդյո՞ք դու նկատի ունես, որ արևը անձ է և հյուրի պես պիտի մտնի քո տուն։

Ռաֆայել — Չէ՛, դա նկատի չունեմ։

Արթուր — Ուրեմն մի՞թե չենք կարող ասել, որ Հիսուսը պատկերավոր խոսք օգտագործեց, երբ ասաց, որ սուրբ ոգին օգնական է և սովորեցնելու է։

Ռաֆայել — Կարծում եմ՝ այո՛։ Այդ դեպքում արդեն հակասություն չի լինի Հիսուսի ասածի և այն համարների միջև, որտեղ գրված է, որ սուրբ ոգին պետք է թափվի մարդկանց վրա, և նրանք պիտի մկրտվեն սուրբ ոգով։ Բայց, մի րոպե, եթե սուրբ ոգին անձ չէ, ապա ի՞նչ է։

Ի՞նչ է սուրբ ոգին

Արթուր — Գործեր 1։8-րդ համարում Հիսուսը ասում է, թե ինչ է սուրբ ոգին։ Կկարդա՞ս այս համարը։

Ռաֆայել — «Դուք զորություն կստանաք, երբ սուրբ ոգին գա ձեզ վրա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը»։

Արթուր — Նկատեցի՞ր, որ Հիսուսն այստեղ սուրբ ոգին կապում է զորության հետ։ Իսկ ի մտի ունենալով մեր կարդացած համարները՝ ի՞նչ ես կարծում, որտեղի՞ց էր գալու սուրբ ոգին։

Ռաֆայել — Աստծուց՝ Հորից։

Արթուր — Շատ ճիշտ ես։ Սուրբ ոգին այն ուժն է, որով Աստված ստեղծեց ողջ տիեզերքը։ Աստվածաշնչի հենց առաջին գրքում գրված է այդ մասին։ Ծննդոց 1։2-րդ համարում ասվում է. «Աստծու գործուն ուժը շրջում էր ջրերի վրա»։ Եբրայերեն այն բառը, որ թարգմանվել է «գործուն ուժ», թարգմանվել է նաև «ոգի»։ Այս անտեսանելի ուժի միջոցով է Աստված իրականացնում իր նպատակները և հայտնում իր կամքը։ Կուզեի ևս մեկ աստվածաշնչյան համարի վրա հրավիրել քո ուշադրությունը։ Կկարդա՞ս Ղուկաս 11։13-րդ համարը։

Ռաֆայել — «Եթե դուք, չար լինելով հանդերձ, գիտեք բարիքներ տալ ձեր երեխաներին, ուրեմն որքա՜ն ավելի Հայրը, որ երկնքում է, սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն»։

Արթուր — Ուրեմն, եթե մեր երկնային Հայրը իշխանություն ունի սուրբ ոգու վրա և տալիս է այն իրեն խնդրողներին, ապա մի՞թե սուրբ ոգին կարող է հավասար լինել Հորը։

Ռաֆայել — Ո՛չ։ Արդեն պարզ է։

Արթուր — Լավ, չեմ ուզում քեզ շատ զբաղեցնել, Ռաֆայե՛լ։ Բայց մի հարց էլ կցանկանայի տալ մեր զրույցն ամփոփելու համար։ Փաստորեն, ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը, ի՞նչ է սուրբ ոգին։

Ռաֆայել — Աստծու գործուն ուժն է։

Արթուր — Ճիշտ է։ Երբ Հիսուսը սուրբ ոգու մասին խոսեց որպես օգնականի, ինչպես կարդացինք Հովհաննես 14։26-ում, նա օգտագործեց պատկերավոր խոսք, որ կոչվում է անձնավորում։

Ռաֆայել — Անկեղծ ասած՝ ես չգիտեի այդ ամենը։

Արթուր — Հիսուսի խոսքերից կարող ենք մի շատ կարևոր բան էլ իմանալ։

Ռաֆայել — Ի՞նչ։

Արթուր — Մենք կարող ենք Աստծուց խնդրել իր սուրբ ոգին, որ այն օգնի մեզ դժվար պահերին։ Մենք կարող ենք նաև խնդրել նրա ոգին, որ օգնի մեզ իմանալու ճշմարտությունը իր մասին։

Ռաֆայել — Հետաքրքիր է։ Կմտածեմ այդ մասին։

Արթուր — Նախքան հեռանալս կուզեի մի բան էլ ասել։ Քանի որ սուրբ ոգին Աստծու գործուն ուժն է, ուրեմն նա կարող է օգտագործել այն ցանկացած բան իրականացնելու համար, այնպես չէ՞։

Ռաֆայել — Այո՛, կարող է։

Արթուր — Այդ դեպքում ինչո՞ւ նա դեռ գործի չի դրել իր անսահման զորությունը, որպեսզի վերացնի աշխարհում տիրող տառապանքն ու չարությունը։ Երբևէ մտածե՞լ ես այդ մասին a։

Ռաֆայել — Ճիշտն ասած՝ մտածել եմ։

Արթուր — Եթե դեմ չես, ես մյուս շաբաթ այս ժամին կգամ, և մենք կխոսենք այդ մասին։

Ռաֆայել — Շատ լավ, կսպասեմ քեզ։ Ցտեսություն։

[Ծանոթագրություն]

a Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 11-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։