Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եդեմի պարտեզը իրականությո՞ւն էր

Եդեմի պարտեզը իրականությո՞ւն էր

Եդեմի պարտեզը իրականությո՞ւն էր

ՔԵԶ ծանո՞թ է Ադամի ու Եվայի պատմությունը։ Այն հայտնի է ողջ աշխարհին։ Եթե գիտես այս պատմությունը, փորձիր վերհիշել այն՝ կարդալով Աստվածաշնչի «Ծննդոց» գրքի 1։26–3։24 համարները։ Ահա այս պատմությունը համառոտ։

Եհովա Աստված * հողի փոշուց ստեղծեց առաջին մարդուն, որին կոչեց Ադամ։ Ապա նրան բնակեցրեց Եդեմի պարտեզում։ Այս պարտեզը նույնպես Աստված էր ստեղծել։ Այնտեղ կային գեղեցիկ ու փարթամ պտղատու ծառեր։ Այգու մեջտեղում «բարին ու չարը գիտենալու» ծառն էր։ Աստված արգելեց ուտել այդ ծառի պտուղը՝ զգուշացնելով, որ եթե ուտեն, կմեռնեն։ Հետո Աստված Ադամի կողոսկրից նրա համար ստեղծեց մի կին՝ Եվային։ Աստված հանձնարարեց հոգ տանել այգուն և միևնույն ժամանակ երեխաներ ունենալ ու լցնել երկիրը։

Երբ Եվան մենակ էր, մի օձ խոսեց նրա հետ՝ փորձելով նրան համոզել, որ ուտի արգելված պտուղը։ Նա ասաց, որ Աստված խաբում է նրան և զրկում է մի լավ բանից, ինչը նրան Աստծու պես էր դարձնելու։ Եվան հավատաց նրան և կերավ։ Հետո Ադամը նույնպես, չհնազանդվելով Աստծուն, կերավ այդ պտղից։ Եհովան դատապարտեց Ադամին, Եվային, ինչպես նաև օձին։ Այնուհետև դրախտային պարտեզից դուրս հանեց մարդկանց և կարգադրեց հրեշտակներին թույլ չտալ նրանց մտնել դրախտ։

Անցյալում գիտնականներից, պատմաբաններից և բանիմաց մարդկանցից շատերը համոզվածությամբ էին ասում, որ Աստվածաշնչի «Ծննդոց» գրքում արձանագրված դեպքերը ճշգրիտ են և վավերական։ Այսօր, սակայն, այս պատմության հանդեպ նրանց վերաբերմունքը փոխվել է։ Բայց արդյո՞ք հիմքեր կան կասկածի ենթարկելու Ադամի, Եվայի և Եդեմի պարտեզի մասին պատմության իրողությունը։ Քննենք այն չորս հարցերը, որոնք մարդիկ հաճախ բարձրացնում են։

1. Եդեմի պարտեզը իրակա՞ն վայր է եղել։

Ո՞րն է պատճառը, որ այս հարցի վերաբերյալ կասկածներ են առաջացել։ Փիլիսոփայությունը մեծ ազդեցություն է թողել մարդկանց հավատալիքների վրա։ Դարեր շարունակ աստվածաբանները մտածում էին, թե Աստծու պարտեզը ինչ-որ տեղ գոյություն ունի։ Սակայն ժամանակի ընթացքում եկեղեցու վրա մեծ ազդեցություն ունեցան հույն փիլիսոփաներ Պլատոնի և Արիստոտելի գաղափարները, ովքեր սովորեցնում էին, թե երկրի վրա ոչինչ չի կարող կատարյալ լինել։ Ըստ նրանց՝ միայն երկնքում կարող էր կատարելություն լինել։ Դա էր պատճառը, որ աստվածաբանները սկսեցին մտածել, թե դրախտը պետք է որ երկնքին ավելի մոտ գտնվեր *։ Ոմանք ասում էին, որ այդ պարտեզը չափազանց բարձր մի լեռան գագաթին էր՝ հեռու երկրի ապականությունից։ Ոմանք էլ ասում էին, որ այն Հյուսիսային կամ Հարավային բևեռում էր։ Մյուսներն էլ ասում էին, որ այն գտնվում էր Լուսնի վրա կամ դրա շրջակայքում։ Ուստի զարմանալի չէ, որ Եդեմի դրախտի մասին պատմությունը աստիճանաբար համարվեց հեքիաթ։ Եդեմի աշխարհագրական դիրքի մասին արձանագրությունը ժամանակակից գիտնականներից ոմանք անմտություն են համարում՝ պնդելով, որ այդպիսի վայր գոյություն չի ունեցել։

Սակայն Աստվածաշունչը մանրամասն տեղեկություններ է հայտնում այն վայրի մասին, որտեղ եղել է դրախտը։ Ծննդոց 2։8–14 համարներում կարդում ենք դրանց մասին։ Այն գտնվել է արևելքում՝ Եդեմ կոչվող տարածքում։ Պարտեզը ոռոգում էր մի գետ, որը չորս գետերի էր բաժանվում։ Աստվածաշնչում նշվում է այդ չորս գետերի անունները և այն, թե որտեղով էին դրանք հոսում։ Այս մանրամասնությունների ուսումնասիրությունը երկար ժամանակ տանջել է գիտնականներին, որոնցից շատերը մանրազնին քննել են Աստվածաշնչի այս հատվածը՝ փորձելով գտնել, թե ներկայիս աշխարհագրական տվյալներով որտեղ է եղել դրախտը։ Սակայն ուսումնասիրությունների ընթացքում նրանք նոր խնդիրների առաջ էին կանգնում։ Արդյո՞ք սա նշանակում է, թե Եդեմի աշխարհագրական դիրքի մասին տվյալները հորինված են։

Պետք է հաշվի առնել, որ Եդեմի պարտեզի մասին արձանագրությունը պատմում է մոտ 6000 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին։ Այն գրի է առել Մովսեսը դրանցից գրեթե 2500 տարի անց։ Նա հավանաբար հիմնվել է բերնեբերան կամ գրավոր փոխանցված պատմությունների վրա, որոնք իր ժամանակների համար արդեն իսկ հին էին։ Ուստի մի՞թե հնարավոր չէ, որ նշված գետերը դարերի ընթացքում ցամաքած կամ իրենց հունը փոխած լինեն։ Չէ՞ որ երկրակեղևը շարժման մեջ է և անընդհատ փոփոխվում է։ Այն տարածքը, որտեղ հավանաբար գտնվում էր Եդեմի պարտեզը, սեյսմիկ գոտի է։ Աշխարհի ամենաուժգին երկրաշարժերի 17 տոկոսը այդտեղ է լինում։ Այդպիսի տարածքներում տեղանքի փոփոխությունը բնականոն երևույթ է։ Բացի այդ, Նոյի օրերի Ջրհեղեղի հետևանքով այդ տարածքը կարող էր այնպիսի փոփոխության ենթարկվել, որ նույնիսկ անճանաչելի դառնար *։

Սակայն որոշ տվյալների վերաբերյալ կասկածներ չեն կարող լինել։ «Ծննդոց» գրքի արձանագրության համաձայն՝ պարտեզն իրական վայր է եղել։ Այնտեղ նշված գետերից երկուսը՝ Եփրատն ու Տիգրիսը, կամ՝ Հիդդեկելը, գոյություն ունեն առայսօր, իսկ նրանց ակունքներից մի քանիսը շատ մոտ են իրար։ Արձանագրության մեջ նշվում են նաև այն երկրների անունները, որտեղով հոսել են դրանք, և այն հանքանյութերը, որոնցով հարուստ են եղել այդ տարածքները։ Այս մանրամասները լրացուցիչ տեղեկություն են հաղորդել հնում ապրող իսրայելացիներին։

Արդյո՞ք առասպելներն ու հեքիաթները նման ձևով են շարադրված լինում։ Մի՞թե դրանց մեջ նշվում են տվյալներ, որոնք կարելի է հեշտությամբ ստուգել։ Հեքիաթները սովորաբար այսպես են սկսվում՝ «Լինում է, չի լինում» կամ «Ժուկով ժամանակով մի հեռավոր երկրում»։ Մինչդեռ պատմական արձանագրություններում նշվում են կոնկրետ տվյալներ, ինչպես օրինակ Եդեմի պարտեզի մասին արձանագրության մեջ է։

2. Խելամի՞տ է հավատալ, որ Աստված Ադամին հողից է ստեղծել, իսկ Եվային՝ նրա կողոսկրից։

Ժամանակակից գիտությունը հաստատել է, որ մարդու մարմինը բաղկացած է տարբեր էլեմենտներից, օրինակ՝ ջրածնից, թթվածնից և ածխածնից։ Այս բոլոր էլեմենտները կան նաև հողի բաղադրության մեջ։ Բայց ինչպե՞ս են դրանք միավորվել և կազմել կենդանի օրգանիզմ։

Շատ գիտնականների կարծիքով՝ կյանքն ինքնաբերաբար է առաջ եկել՝ պարզագույն կառուցվածք ունեցող գոյացությունները միլիոնավոր տարիների ընթացքում դարձել են բարդ կառուցվածք ունեցող օրգանիզմներ։ Սակայն «պարզագույն կառուցվածք» արտահայտությունն այնքան էլ տեղին չէ, քանի որ բոլոր կենդանի օրգանիզմները, նույնիսկ միկրոսկոպիկ միաբջիջ օրգանիզմները աներևակայելիորեն բարդ են։ Ոչ մի ապացույց չկա, որ կյանքի տեսակներից որևէ մեկը պատահականորեն է առաջացել կամ կարող էր առաջանալ։ Դրանցից յուրաքանչյուրը մեր բանականությունից վեր՝ հանճարեղ մտքի գոյության կենդանի ապացույցն է * (Հռոմեացիներ 1։20

Մի՞թե հոգեթով երաժշտություն լսելիս, գեղեցիկ կտավին նայելիս կամ տեխնիկայի վերջին ձեռքբերումներով հիանալիս հանկարծ կմտածես, որ այն ինքնաբերաբար է առաջացել և ստեղծող չունի։ Իհա՛րկե ոչ։ Բայց չէ՞ որ այս հիասքանչ գործերը չեն կարող նույնիսկ համեմատվել մարդու մարմնի բարդ, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ ու հանճարեղ կառուցվածքի հետ։ Մի՞թե այդ հրաշքը Ստեղծող չի ունեցել։ «Ծննդոց» գիրքը նշում է, որ երկրի վրա ապրող բոլոր էակներից միայն մարդն է ստեղծվել Աստծու պատկերով (Ծննդոց 1։26)։ Դա է պատճառը, որ միայն մարդն ունի ստեղծագործելու ձիրք և կարող է երաժշտության, արվեստի և տեխնիկայի բնագավառներում գլուխգործոցներ արարել։ Ուստի մեզ չպետք է զարմացնի այն փաստը, որ Աստծու գործերը վեր են մարդու երևակայությունից։

Իսկ Եվային Ադամի կողոսկրից ստեղծելը մի՞թե որևէ դժվարություն էր ներկայացնում Աստծու համար *։ Աստված կարող էր ցանկացած կերպով ստեղծել նրան։ Սակայն կնոջն այսպես ստեղծելը իր նշանակությունն ուներ։ Աստծու նպատակն էր, որ տղամարդն ու կինը ամուսնանան և ամուր միություն կազմեն՝ դառնան «մեկ մարմին» (Ծննդոց 2։24)։ Այո՛, տղամարդն ու կինը այնպես են ստեղծված, որ կարող են կազմել կայուն ու ամուր միություն՝ լրացնելով միմյանց, և դա մեր Ստեղծչի սիրո և իմաստության ապացույցն է։

Ժամանակակից գենետիկան ընդունում է, որ բոլոր մարդիկ սերվել են մեկ տղամարդուց ու կնոջից։ Ուրեմն մի՞թե «Ծննդոց» գրքի արձանագրությունը ճշգրիտ չէ։

3. Բարին ու չարը գիտենալու ծառը և կյանքի ծառը առասպելական են թվում։

Իրականում, «Ծննդոց» գրքում չի ասվում, թե այս ծառերը ունեցել են առանձնահատուկ գերբնական զորություն։ Դրանք սովորական ծառեր են եղել, որոնց Եհովան խորհրդանշական իմաստ է հաղորդել։

Երբեմն մարդիկ էլ են որոշ առարկաների խորհրդանշական իմաստ տալիս։ Օրինակ՝ տարբեր միապետներ որպես իրենց գերագույն իշխանության խորհրդանիշ կրել են թագ և գայիսոն։ Կամ էլ այսօր, երբ ասում են հարգել դատարանը, նկատի ունեն ոչ թե հարգալից վերաբերմունք դրսևորել դատարանի կահույքի, սարքավորումների և պատերի հանդեպ, այլ արդարադատության համակարգի, որը ներկայացնում է դատարանը։

Իսկ ի՞նչ էին խորհրդանշում այդ երկու ծառերը։ Դրանց խորհրդանշական իմաստի վերաբերյալ շատ բարդ թեորիաներ են առաջ քաշվել։ Սակայն այս հարցի պատասխանը պարզ է, բայցև խորիմաստ։ Բարին և չարը գիտենալու ծառը խորհրդանշում էր այն, որ միայն Աստված իրավունք ունի որոշելու, թե ինչն է բարի և ինչը՝ չար (Երեմիա 10։23)։ Ուստի, իրոք որ, լուրջ հանցանք էր այդ ծառի պտղից գողանալը։ Իսկ կյանքի ծառը խորհրդանշում էր այն պարգևը, որ միայն Աստված կարող է շնորհել՝ հավիտենական կյանքը (Հռոմեացիներ 6։23

4. Խոսող օձը ասես հեքիաթի հերոս լինի։

Եդեմի պատմության այս հատվածը կարող է շփոթեցնել մեզ, եթե հաշվի չառնենք Աստվածաշնչի մյուս գրքերում արձանագրված խոսքերը։ Սակայն Սուրբ Գիրքը պարզաբանում է առեղծվածային թվացող այս երևույթը։

Ինչպե՞ս էր հնարավոր, որ օձը խոսեր։ Հնում ապրող իսրայելացիներին հայտնի էին որոշ փաստեր, որ լույս էին սփռում այս հարցի վրա, ինչպես օրինակ՝ այն փաստը, որ թեև կենդանիները չեն կարող խոսել, սակայն ոգեղեն էակները կարող են այնպես անել, որ թվա, թե դրանք խոսում են։ Նրանց ծանոթ էր նաև Մովսեսի գրած այն պատմությունը, թե ինչպես Աստծու ուղարկած հրեշտակի միջամտությամբ Բաղաամի էշը սկսեց մարդու պես խոսել (Թվեր 22։26–31; 2 Պետրոս 2։15, 16

Կարո՞ղ են մյուս ոգեղեն էակները, այդ թվում նաև Աստծու թշնամիները հրաշքներ անել։ Եգիպտոսում Մովսեսն իր աչքով տեսավ, թե ինչպես էին մոգությամբ զբաղվող քրմերը անում այն նույն հրաշքներից մի քանիսը, ինչ ինքն էր անում Աստծու զորությամբ։ Օրինակ՝ նրանք Մովսեսի նման իրենց գավազանները օձ դարձրին։ Այդ կարողությունը նրանք կարող էին ստացած լինել միայն ոգեղեն ոլորտից՝ այն էակներից, ովքեր Աստծու թշնամիներն են (Ելք 7։8–12

Ակներևաբար, Աստվածաշնչի «Հոբ» գիրքը նույնպես Մովսեսն է գրել։ Այդ գիրքը շատ բան է մեզ հայտնում Աստծու գլխավոր թշնամու՝ Սատանայի մասին, որը նենգաբար կասկածի ենթարկեց Աստծու բոլոր ծառաների անարատությունը (Հոբ 1։6–11; 2։4, 5)։ Ուստի հնարավոր է՝ իսրայելացիները մտածում էին, որ Եդեմում Սատանան է այնպես արել, որ օձը խոսի ու խաբի Եվային՝ դրդելով նրան անհնազանդության։

Բայց արդյո՞ք իրականում Սատանան է կանգնած եղել օձի հետևում։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, Սատանային կոչեց «ստախոս և ստության հայր» (Հովհաննես 8։44)։ «Ստության հայր» կարող է կոչվել նա, ով առաջինն է ստել։ Իսկ առաջին սուտը հնչեց այն ժամանակ, երբ օձը խաբեց Եվային։ Հակառակ Աստծու նախազգուշացմանը, որ արգելված պտղից ուտելը մահ էր նշանակելու մարդկանց համար՝ օձն ասաց. «Դուք, անշուշտ, չեք մեռնի» (Ծննդոց 3։4)։ Պարզ է՝ Հիսուսը գիտեր, որ Սատանան է օգտագործել օձին։ Նա Հովհաննես առաքյալին տված հայտնության մեջ Սատանային կոչեց «առաջին օձ» (Հայտնություն 1։1; 12։9

Մի՞թե այդքան անհավատալի է այն փաստը, որ զորավոր ոգեղեն էակը կարող էր օգտագործել օձին և այնպես անել, որ թվար, թե օձն է խոսում։ Չէ՞ որ նույնիսկ մարդիկ, որոնք զորավոր չեն ոգեղեն էակների պես, կարող են խորամանկ հնարքներով այնպիսի տպավորություն թողնել, իբր խամաճիկներն են խոսում, ոչ թե իրենք։

Ամենահամոզիչ ապացույցը

Հավանաբար կհամաձայնես, որ «Ծննդոց» գրքի արձանագրությանը թերահավատորեն վերաբերվելու համար ոչ մի հիմք չկա։ Սակայն կա մի շատ համոզիչ փաստարկ, որ Եդեմի պարտեզը իրողություն է եղել։

Աստվածաշնչում Հիսուս Քրիստոսը կոչվում է «հավատարիմ և ճշմարիտ վկա» (Հայտնություն 3։14)։ Լինելով կատարյալ մարդ՝ նա երբեք սուտ չխոսեց ու երբեք ճշմարտությունը չաղավաղեց։ Բացի այդ, նա հայտնեց, որ որպես մարդ երկրի վրա ծնվելուց առաջ ինքը գոյություն է ունեցել և «նախքան աշխարհի լինելը» ապրել է իր Հոր՝ Եհովայի հետ (Հովհաննես 17։5)։ Ուստի նա տեսել է, թե ինչպես է երկրի վրա կյանքը ստեղծվել։ Ի՞նչ է հայտնում մեզ Հիսուսը՝ ամենավստահելի վկան։

Հիսուսի խոսքերից երևում է, որ Ադամն ու Եվան իրական անձնավորություններ են եղել։ Երբ նա բացատրում էր Եհովայի հաստատած չափանիշը, որ տղամարդը մեկ կին պետք է ունենա, որպես օրինակ բերեց առաջին մարդկային զույգին (Մատթեոս 19։3–6)։ Եթե նրանք երբեք գոյություն ունեցած չլինեին և Եդեմի պարտեզի պատմությունը պարզապես հեքիաթ լիներ, ապա Հիսուսը կա՛մ խաբված էր, կա՛մ ինքն էր խաբեբա։ Սակայն դա ամենևին էլ այդպես չէ։ Ապրելով երկնքում՝ Հիսուսը ականատես է եղել Եդեմում տեղի ունեցող դեպքերին։ Ուստի նրա վկայությունը ամենահամոզիչ ապացույցն է մեզ համար։

Եթե չենք հավատում «Ծննդոց» գրքի արձանագրությանը, ուրեմն չենք հավատում Հիսուսին։ Այսպիսի թերահավատությունը կխանգարի, որ հասկանանք Աստվածաշնչի հիմնական ուսմունքները և վստահենք Աստծու խոստումներին։ Հաջորդ հոդվածում կխոսվի այդ մասին։

[ծանոթագրություններ]

^ պարբ. 3 Աստվածաշունչը հայտնում է, որ «Եհովան» Աստծու անունն է։

^ պարբ. 7 Այս տեսակետը չի համապատասխանում Աստվածաշնչին, քանի որ այն սովորեցնում է, որ Աստծու գործերը կատարյալ են, իսկ թերությունները գալիս են մեկ այլ աղբյուրից (2 Օրենք 32։4, 5)։ Երբ Եհովան ավարտեց երկրի վրա արարչագործությունը, նա հայտարարեց, որ այն ամենը, ինչ ստեղծել է, «շատ լավ է» (Ծննդոց 1։31

^ պարբ. 9 Աստծու բերած Ջրհեղեղը երկրի երեսից ակներևաբար վերացրեց Եդեմի պարտեզը։ Եզեկիել 31։18-ի խոսքերը, որոնք գրվել են մ.թ.ա. մոտավորապես յոթերորդ դարում, ցույց են տալիս, որ «Եդեմի ծառերը» այդ ժամանակ արդեն գոյություն չունեին։ Ուստի նրանք, ովքեր փորձել են գտնել Եդեմի պարտեզը, զուր ջանքեր են թափել։

^ պարբ. 14 Տե՛ս «Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել» գրքույկը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

^ պարբ. 16 Ժամանակակից բժշկությունը հայտնաբերել է, որ մարդու կողոսկրը ինքնավերականգնվելու արտասովոր հատկություն ունի։ Ի տարբերություն մյուս ոսկորներին՝ այն կարող է նորից աճել, եթե շարակցական հյուսվածքից կազմված նրա թաղանթը վնասված չէ։