Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հիասթափությունները չդառնացրին նրա սիրտը

Հիասթափությունները չդառնացրին նրա սիրտը

Ընդօրինակեք նրանց հավատը

Հիասթափությունները չդառնացրին նրա սիրտը

ՍԵԼՈՎ քաղաքը սգի մեջ էր։ Լսվում էր կանանց ու երեխաների աղեկտուր լացի ձայնը։ Նրանք ողբում էին. նրանց հայրերը, ամուսինները, որդիները և եղբայրները այլևս տուն չէին դառնալու։ Իսրայելը փղշտացիների դեմ պատերազմում ջախջախիչ պարտություն էր կրել՝ մարտի դաշտում կորցնելով 30000 ռազմիկ։ Իսկ նախորդ կռվի ժամանակ զոհվել էր 4000 հոգի (1 Սամուել 4։1, 2, 10

Սակայն սա քաղաքի վրա եկած ողբերգության մի մասն էր միայն։ Հեղի քահանայապետի երկու չար որդիները՝ Օֆնին ու Փենեհեսը, պատերազմի դաշտ էին գնացել՝ իրենց հետ վերցնելով ուխտի տապանակը։ Այս սուրբ և թանկարժեք արկղը, որը պահվում էր խորանի՝ որպես տաճար ծառայող վրանի ամենասուրբ տեղում, խորհրդանշում էր Աստծու ներկայությունը։ Իրենց հետ վերցնելով տապանակը՝ իսրայելացիները մտածում էին, թե այն կպաշտպանի և հաղթանակ կպարգևի իրենց։ Բայց փղշտացիները խլեցին այն, իսկ Օֆնիին ու Փենեհեսին սպանեցին (1 Սամուել 4։3–11

Դարեր շարունակ տապանակը պահվել էր Սելովում, ինչը մեծ պատիվ էր քաղաքի համար։ Սակայն հիմա այն փղշտացիների ձեռքում էր։ Այս լուրը լսելով՝ 98-ամյա Հեղին աթոռից մեջքի վրա ընկավ ու մահացավ։ Նույն օրը այրի դարձած նրա հարսը մահացավ ծննդաբերելիս։ Մահանալուց առաջ նա ասաց. «Փառքը հեռացավ Իսրայելից դեպի գերություն»։ Քաղաքը կորցրեց իր փառքը և ասես ամայացավ (1 Սամուել 4։12–22

Ինչպե՞ս էր Սամուելը շարունակելու իր ծառայությունը։ Կպահպանե՞ր նա իր ամուր հավատը, թե՞ կհուսահատվեր։ Կշարունակե՞ր օգնել այն մարդկանց, որոնք կորցրել էին Եհովայի հավանությունն ու պաշտպանությունը։ Մեզնից յուրաքանչյուրն էլ ժամանակ առ ժամանակ հուսահատեցնող իրավիճակում է հայտնվում և հիասթափություններ է ունենում, որոնք կարող են բացասաբար ազդել մեր հավատի վրա։ Ուստի եկեք տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել Սամուելից։

Նա «արդարություն գործադրեց»

Այս դեպքերից հետո Աստվածաշունչը չի խոսում Սամուելի մասին, միայն պատմում է, թե ինչ եղավ տապանակի հետ. ինչ պատուհասներ կրեցին փղշտացիները տապանակն իրենց մոտ պահելու պատճառով և ի վերջո ինչպես ստիպված եղան վերադարձնել այն։ Իսկ երբ կրկին խոսվում է Սամուելի մասին, արդեն քսան տարի էր անցել (1 Սամուել 7։2)։ Ինչո՞վ էր զբաղված մարգարեն այդ տարիների ընթացքում։

Աստվածաշնչից իմանում ենք, որ մինչ այդ «Սամուելը [Աստծու] խոսքերը փոխանցում էր ամբողջ Իսրայելին» (1 Սամուել 4։1)։ Երբ պատմվում է քսան տարի անց տեղի ունեցող դեպքերի մասին, նշվում է, որ Սամուելը սովորություն ուներ ամեն տարի շրջելու Իսրայելի երեք քաղաքներում։ Նա հարթում էր մարդկանց մեջ ծագած տարաձայնությունները և լուծում էր խնդիրները։ Հետո վերադառնում էր տուն՝ Ռամա (1 Սամուել 7։15–17)։ Պարզ է ուրեմն, որ այդ տարիների ընթացքում էլ Սամուելը զբաղված էր իր ծառայությամբ։

Հեղիի որդիների անբարո վարքն ու անօրեն գործերը թուլացրել էին մարդկանց հավատը, և շատերը սկսել էին կուռքեր պաշտել։ Երկու տասնամյակ եռանդորեն ծառայելուց հետո Սամուելը հետևյալ պատվերը տվեց իսրայելացիներին. «Եթե դուք ձեր ամբողջ սրտով եք դառնում դեպի Եհովան, ապա ձեր միջից հեռացրե՛ք օտար աստվածներին և Աստարտներին, ձեր սրտերը առանց երկմտելու Եհովային ուղղեք և միայն նրան ծառայեք, ու նա կազատի ձեզ փղշտացիների ձեռքից» (1 Սամուել 7։3

«Փղշտացիների ձեռքը» ծանրացել էր իսրայելացիների վրա։ Պատերազմում հաղթանակ տանելուց հետո փղշտացիները ավելի էին ճնշում նրանց։ Սակայն Սամուելը վստահեցրեց իր ազգակիցներին, որ իրենց դրությունը կփոխվի, եթե հետ դառնան դեպի Եհովան։ Ինչպե՞ս վարվեց ժողովուրդը։ Նրանք ականջ դրեցին մարգարեի խոսքերին, թողեցին կռապաշտությունը և «սկսեցին միայն Եհովային ծառայել»։ Դա, անկասկած, ուրախացրեց Սամուելին։ Նա ժողովրդին կանչեց Մասփա, որը գտնվում էր Երուսաղեմից հյուսիս՝ լեռնոտ տարածքում։ Իսրայելացիները հավաքվեցին այնտեղ։ Նրանք զղջացին իրենց մեղքերի համար և ծոմ պահեցին (1 Սամուել 7։2–6

Երբ փղշտացիները իմացան, որ իսրայելացիները հավաքվել են Մասփայում, մտածեցին, որ դա հարմար առիթ է նրանց վրա հարձակվելու համար։ Նրանց բանակը շարժվեց դեպի Մասփա, որ կոտորի Եհովայի երկրպագուներին։ Լսելով այդ մասին՝ իսրայելացիները սարսափահար աղաչեցին Սամուելին, որ իրենց համար աղոթի Եհովային։ Սամուելը կատարեց նրանց խնդրանքը ու բացի այդ, զոհ մատուցեց Եհովային։ Այդ ընթացքում փղշտացիները հասան Մասփա։ Աստված պատասխանեց Սամուելի աղոթքին, և մի ահարկու որոտ թնդաց։ «Եհովան այդ օրը բարձր ձայնով որոտաց փղշտացիների վրա և նրանց խուճապի մեջ գցեց» (1 Սամուել 7։7–10

Արդյոք փղշտացիները վախկո՞տ էին փոքր երեխաների պես, որոնք որոտի ձայնը լսելիս թաքնվում են իրենց մայրերի փեշերի տակ։ Ո՛չ, նրանք պատերազմներում կոփված խրոխտ զինվորներ էին։ Ուստի հնարավոր է, որ նրանք սարսափահար եղան, քանի որ այս որոտը շատ արտասովոր կամ էլ չափազանց ուժգին էր։ Գուցե այդ ժամանակ անամպ էր երկինքը, գուցե լեռներից եկող արձագանքն էր հզոր։ Ամեն դեպքում այն շփոթության մեջ գցեց փղշտացիներին, ու զորեղ թշնամին դարձավ վախկոտ զոհ։ Իսրայելացիները դուրս եկան Մասփայից ու հարձակվեցին նրանց վրա։ Նրանք պարտության մատնեցին նրանց ու հետապնդեցին փախչող թշնամուն մինչև Երուսաղեմի հարավարևմտյան կողմը (1 Սամուել 7։11

Այդ հաղթանակը շրջադարձային եղավ Իսրայելի համար։ Հետագա տարիների ընթացքում մինչև Սամուելի որպես դատավոր ծառայելու ավարտը փղշտացիները շարունակ նահանջում էին։ Մեկը մյուսի հետևից նրանց գրաված քաղաքները Աստծու ժողովրդի իշխանության տակ էին անցնում (1 Սամուել 7։13, 14

Դարեր անց Պողոս առաքյալը Սամուելին հիշատակեց այն հավատարիմ դատավորների ու մարգարեների թվում, որոնք «արդարություն գործադրեցին» (Եբրայեցիներ 11։32, 33)։ Այո՛, հավատարիմ Սամուելը օգնեց ժողովրդին, որ անեն այն, ինչ ճիշտ է Աստծու աչքում։ Նա հաջողությամբ կատարեց իր գործը, քանի որ համբերությամբ ծառայում էր Եհովային, և թույլ չէր տալիս, որ հիասթափությունները խանգարեն իրեն։ Բացի այդ, նա երախտագետ անձնավորություն էր։ Օրինակ՝ Մասփայում տարած հաղթանակից հետո Սամուելը որպես կոթող մի քար կանգնեցրեց ի հիշատակ Եհովայի օգնության (1 Սամուել 7։12

Իսկ դու ցանկանո՞ւմ ես «արդարություն գործադրել»։ Եթե այո, ապա պետք է Սամուելի պես համբերատար, խոնարհ և երախտագետ անձնավորություն լինես։ Ինչ խոսք, բոլորս էլ ունենք այդ հատկությունների կարիքը։ Այս հատկությունները Սամուելը պետք է զարգացներ դեռ վաղ տարիքում, քանի որ նրան խորը հիասթափություններ էին սպասում։

«Քո որդիները քո ճանապարհներով չեն քայլում»

Սամուելի մասին հաջորդ արձանագրությունից տեսնում ենք, որ նա արդեն ծերացել էր։ Նա իր երկու որդիներին՝ Հովելին ու Աբիային դատավորներ նշանակեց, որ օգնեն իրեն։ Ցավոք, նրանք չարդարացրին իրենց հոր ակնկալիքները։ Սամուելի պես՝ նրանք ազնվորեն ու արդարությամբ չվարվեցին, այլ իրենց դիրքը եսասիրական նպատակներով օգտագործեցին՝ անիրավություն անելով և կաշառք վերցնելով (1 Սամուել 8։1–3

Մի օր Իսրայելի երեցները մոտեցան Սամուելին ու դժգոհեցին. «Քո որդիները քո ճանապարհով չեն քայլում» (1 Սամուել 8։4, 5)։ Արդյոք նա տեղյա՞կ էր այդ մասին։ Արձանագրությունը ոչինչ չի հայտնում։ Սակայն վստահ կարող ենք ասել, որ Սամուելը՝ որպես հայր, տարբերվում էր Հեղիից, ում Եհովան հանդիմանեց ու պատժեց, քանի որ նա իր որդիներին ուղղելու համար համապատասխան քայլեր չձեռնարկեց, այլ ընդհակառակը՝ նրանց ավելի մեծ պատվի արժանացրեց, քան Աստծուն (1 Սամուել 2։27–29)։ Այս հարցում Եհովան Սամուելի մեջ ոչ մի սխալ բան չգտավ։

Թեև Աստվածաշունչը չի խոսում, թե ինչ ցավ ու հիասթափություն ապրեց Սամուելը՝ իմանալով իր որդիների արարքների մասին, սակայն շատ ծնողներ կարող են լավ հասկանալ նրա զգացումները։ Հատկապես այս վերջին օրերում ծնողների դեմ ըմբոստությունը և նրանց խրատի ու դաստիարակության հանդեպ արհամարհական վերաբերմունքը տարածված բնույթ են կրում (2 Տիմոթեոս 3։1–5)։ Իրենց սրտում այդպիսի ցավ կրող ծնողների համար Սամուելի օրինակը կարող է որոշ չափով մխիթարական և օգտակար լինել։ Նա թույլ չտվեց, որ իր որդիների անհավատարմությունը որևէ կերպ շեղի իրեն իր անարատ ընթացքից։ Կարևոր է հիշել, որ եթե խոսքերն ու խրատները չհասնեն անհնազանդ երեխայի սրտին, ծնողների օրինակը կարող է զորեղ ազդեցություն թողնել նրանց վրա։ Ամեն դեպքում ծնողները չպետք է մոռանան, որ իրենք ունեն երկնային Հայր, որի սիրտը կարող են ուրախացնել, ինչպես արեց Սամուելը։

«Մեզ համար մի թագավոր նշանակիր»

Սամուելի որդիները չէին էլ պատկերացնում, թե իրենց ագահությունն ու եսասիրությունը ինչ հետևանքներ կարող են ունենալ։ Իսրայելի երեցները Սամուելին ասացին. «Հիմա մեզ համար մի թագավոր նշանակիր, որ դատի մեզ, ինչպես որ ընդունված է մյուս ազգերի մոտ»։ Արդյոք դրանով նրանք մերժո՞ւմ էին Սամուելին, որը տասնամյակներ շարունակ ծառայել էր նրանց որպես դատավոր։ Այս անգամ նրանք ոչ թե մի նոր մարգարե էին ուզում, որը նման կլիներ Սամուելին, այլ թագավոր, որը կդատեր իրենց։ Նրանք ուզում էին շրջակա ազգերի պես թագավոր ունենալ։ Իսրայելացիների պահանջը «Սամուելի աչքին վատ երևաց» (1 Սամուել 8։5, 6

Երբ Սամուելը ժողովրդի պահանջը ներկայացրեց Եհովային՝ աղոթելով նրան, Աստված հետևյալ խոսքերն ասաց. «Լսի՛ր ժողովրդի ձայնին և արա՛ այն ամենը, որ ասացին քեզ, որովհետև նրանք ոչ թե քեզ են մերժում, այլ ինձ, որ նրանց վրա թագավոր չլինեմ»։ Թեև այս խոսքերով Աստված հանգստացրեց Սամուելին, սակայն իրականում իսրայելացիների պահանջը խիստ վիրավորական էր Ամենակարող Աստծու համար։ Նա ասաց իր մարգարեին, որ զգուշացնի ժողովրդին, թե ինչպիսին է լինելու նրանց կյանքը թագավորի իշխանության ներքո։ Չնայած այդ նախազգուշացումներին՝ ժողովուրդը շարունակեց համառորեն պահանջել. «Ո՛չ, թող մեզ վրա թագավոր լինի»։ Հնազանդվելով Աստծուն՝ Սամուելը գնաց և թագավոր օծեց նրան, ում Եհովան ընտրեց (1 Սամուել 8։7–19

Արդյոք Սամուելը բարկացա՞վ կամ պարզապես անտարբերությա՞մբ կատարեց իր հանձնարարությունը։ Թույլ տվե՞ց, որ հիասթափությունը թունավորի և դառնությամբ լցնի իր սիրտը։ Մարդկանց կողմից նման վերաբերմունքը հավանաբար շատերի վրա վատ կանդրադառնար։ Սակայն Սամուելը հավատարմորեն շարունակեց իր ծառայությունը։ Նա օծեց Սավուղին՝ ընդունելով, որ այդ մարդը Եհովայի ընտրյալն է։ Ի նշան հարգանքի և հպատակության՝ Սամուելը համբուրեց նորընծա թագավորին։ Այնուհետև նա դիմեց ժողովրդին՝ ասելով. «Տեսա՞ք, թե ում ընտրեց Եհովան։ Ամբողջ ժողովրդի մեջ նրա նմանը չկա» (1 Սամուել 10։1, 24)։ Սամուելը կենտրոնացավ ոչ թե Եհովայի ընտրյալի թերությունների, այլ դրական կողմերի վրա։

Նա ճիշտ տրամադրվածություն ուներ. իր համար ավելի կարևոր էր Եհովայի աչքում անարատ լինել, քան ունենալ այդ անկայուն մարդկանց հավանությունը (1 Սամուել 12։1–4)։ Նա շարունակեց հավատարմորեն կատարել իր գործը՝ Աստծու ժողովրդին նախազգուշացնելով հոգևոր վտանգների մասին և քաջալերելով նրանց նվիրված մնալ Եհովային։ Սամուելի խոսքերը հասան մարդկանց սրտին և նրանք աղաչեցին նրան աղոթել Աստծուն իրենց համար։ Սամուելի պատասխանը ցույց է տալիս, թե ինչ կար նրա սրտում։ Նա ասաց. «Ինձ համար անհնար է, որ դադարեմ ձեզ համար աղոթք անելուց և այդպիսով Եհովայի դեմ մեղք գործեմ։ Ես պիտի սովորեցնեմ ձեզ բարի և ուղիղ ճանապարհը» (1 Սամուել 12։21–24

Երբևէ հուսալքվե՞լ ես, երբ ինչ-որ մեկը առանձնաշնորհում է ստացել, իսկ դու՝ ոչ։ Սամուելի օրինակը ցույց է տալիս, որ երբեք չպետք է թույլ տանք, որ նախանձն ու դառնությունը արմատ գցեն մեր սրտում, քանի որ Եհովան իր բոլոր հավատարիմ ծառաներին բավականություն պատճառող հանձնարարություն է տվել։

«Մինչև ե՞րբ պիտի սուգ անես Սավուղի համար»

Զուր չէ, որ Սամուելը Սավուղի մեջ լավ բաներ էր տեսել։ Սավուղը աչքի էր ընկնում իր հասակով ու առնական արտաքինով։ Նա նաև քաջ էր ու խելացի, միևնույն ժամանակ համեստ էր ու խոնարհ (1 Սամուել 10։22, 23, 27)։ Նա ուներ ազատ կամք և կարող էր ընտրել իր կյանքի ուղին ու որոշումներ կայացնել (2 Օրենք 30։19)։ Ինչպե՞ս նա օգտագործեց ազատ կամքի իր պարգևը։

Ցավալի է, բայց փաստ, որ երբ մարդն իշխանություն է ստանում, սկսում է կորցնել իր խոնարհությունը։ Այդպես պատահեց Սավուղի հետ։ Թագավոր դառնալուց շատ չանցած՝ նա հպարտացավ։ Նա չէր հնազանդվում Եհովայի պատվերներին, որոնք Սամուելը հայտնում էր իրեն։ Մի անգամ էլ Սավուղը չսպասեց Սամուելին և զոհ մատուցեց Եհովային, ինչը միայն Սամուելն իրավունք ուներ անելու։ Սամուելը խստորեն հանդիմանեց նրան և ասաց, որ նրա տունը չի շարունակելու թագավորել։ Փոխանակ այդ հանդիմանությունից դաս քաղելու՝ Սավուղը շարունակեց իր անհնազանդ ընթացքը և ավելի վատ բաներ արեց (1 Սամուել 13։8, 9, 13, 14

Սամուելի միջոցով Եհովան կարգադրեց Սավուղին դուրս գալ ամաղեկացիների դեմ պատերազմելու։ Նա պետք է սպաներ նրանց չար թագավորին՝ Ագագին, սակայն Սավուղը ողջ թողեց թագավորին, ինչպես նաև խնայեց լավագույն անասուններին և ավար վերցրեց դրանք։ Երբ Սամուելը հանդիմանեց նրան, պարզ դարձավ, թե Սավուղը ինչքան էր փոխվել։ Հանդիմանությունը խոնարհությամբ ընդունելու փոխարեն՝ նա սկսեց արդարացնել իր արարքները, հետո փորձեց մեղքը գցել ժողովրդի վրա։ Իսկ երբ նա իր հանցանքը մեղմացնելու համար ասաց, որ ընտիր անասուններին կենդանի են թողել Եհովային զոհ մատուցելու համար, Սամուելն ասաց. «Հնազանդությունը զոհից լավ է»։ Նա անվախորեն հանդիմանեց Սավուղին և հայտնեց Եհովայի որոշումը. թագավորական իշխանությունը պետք է վերցվեր նրանից և իրենից լավին տրվեր (1 Սամուել 15։1–33

Սամուելը շատ տխրեց Սավուղի համար։ Նա ողջ գիշեր աղոթեց Եհովային և իր վիշտը հայտնեց նրան։ Նա նույնիսկ սուգ արեց Սավուղի համար։ Սամուելը նրա մեջ լավ բաներ էր տեսել և մտածում էր, որ նա լավ թագավոր կլիներ, սակայն հիմա հիասթափված էր նրանից։ Այն Սավուղը, որին նա ճանաչում էր, այլևս չկար. չկային նրա լավ հատկությունները, այդ մարդը երես էր թեքել Եհովայից։ Սամուելն այլևս չուզեց նրան տեսնել։ Սակայն որոշ ժամանակ անց Եհովան մեղմորեն փորձեց սթափեցնել Սամուելին՝ ասելով. «Մինչև ե՞րբ պիտի սուգ անես Սավուղի համար, ես նրան մերժել եմ Իսրայելի վրա թագավոր լինելուց։ Եղջյուրդ յուղով լցրու և գնա։ Ես քեզ բեթլեհեմցի Հեսսեի մոտ եմ ուղարկում, որովհետև նրա որդիներից մեկին ինձ համար թագավոր եմ ընտրել» (1 Սամուել 15։34, 35; 16։1

Եհովայի կամքի իրականացումը կախված չէ անկատար մարդկանց հավատարիմ լինելուց կամ չլինելուց։ Եթե մեկը անհավատարիմ է գտնվում, Եհովան իր կամքը իրականացնում է մեկ ուրիշի միջոցով։ Ուստի արդեն տարիքն առած Սամուելը դադարեց Սավուղի համար սգալուց և Եհովայի առաջնորդությամբ գնաց Բեթլեհեմ՝ Հեսսեի տուն։ Այստեղ նա տեսավ Հեսսեի տղաներին, որոնք մեկը մյուսից բարեկազմ էին ու գեղեցիկ։ Բայց հենց սկզբից Եհովան զգուշացրեց Սամուելին. «Նրա տեսքին մի՛ նայիր և ոչ էլ նրա հասակի բարձրությանը.... Աստված այնպես չի նայում, ինչպես որ մարդն է նայում, քանի որ մարդը տեսնում է իր աչքի տեսածը, իսկ Եհովան սիրտն է տեսնում» (1 Սամուել 16։7)։ Վերջում Սամուելին ներկայացրին ամենակրտսեր որդուն՝ Դավթին, որին և ընտրել էր Եհովան։

Իր կյանքի վերջին տարիներին Սամուելն ավելի հստակ տեսավ, թե որքան արդարացի վարվեց Եհովան, երբ Սավուղի փոխարեն նշանակեց Դավթին։ Հետագայում Սավուղը նախանձով լցվեց Դավթի հանդեպ և փորձեց սպանել նրան։ Նա այնքան չարացավ, որ ի վերջո հավատուրաց դարձավ։ Մինչդեռ Դավիթը գեղեցիկ հատկություններ էր դրսևորում՝ քաջություն, անարատություն, հավատարմություն ու նվիրվածություն։ Տարիների ընթացքում Սամուելի հավատն ավելի ու ավելի էր զորանում։ Նա տեսավ, որ չկա հիասթափություն պատճառող որևէ խնդիր կամ իրավիճակ, որ Եհովան չկարողանա լուծել, հարթել և նույնիսկ օրհնության վերածել։ Ապրելով գրեթե մեկ դար՝ Սամուելը բարի անուն թողեց։ Զարմանալի չէ, որ ողջ Իսրայելը սգաց այս հավատարիմ մարդու մահը։ Եհովայի բոլոր ծառաների համար Սամուելը հավատի հրաշալի օրինակ է թողել։ Կընդօրինակե՞ս նրա հավատը։

[նկար 25-րդ էջի վրա]

Ինչպե՞ս կարողացավ Սամուելը օգնել հուսալքված ու վշտահար ժողովրդին

[նկար 26-րդ էջի վրա]

Սամուելն ինչպե՞ս կարողացավ տանել այն ցավը, որ պատճառեցին իր որդիները