Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 Մոտեցեք Աստծուն

«Դու կկարոտես»

«Դու կկարոտես»

ԱՆԱՍԵԼԻ ցավ ես ապրում, երբ տեսնում ես, թե ինչպես է քո սիրելի անձնավորությունը տառապանքներ կրում ու ի վերջո մահանում։ Ինչ խոսք, բնական է, որ կորստի զգացումը մեզ խորը վիշտ է պատճառում։ Սակայն անչափ մխիթարական է իմանալ, որ Արարիչը՝ Եհովա Աստված, հասկանում է մեր վիշտը։ Ավելին, նա մեծ ցանկություն ունի գործի դնելու իր ամենազորեղ ուժը, որպեսզի մահացածներին կյանքի կոչի։ Այդ հրաշալի հույսի մասին խոսեց Հոբը։ Նկատի առնենք Հոբ 14։13–15-ում արձանագրված նրա խոսքերը։

Տեսնենք, թե ինչ իրավիճակում էր գտնվում այս մարդը։ Հոբը, որը մեծ հավատ ուներ, դաժան փորձությունների ենթարկվեց. զրկվեց նյութական ունեցվածքից, կորցրեց իր բոլոր երեխաներին և զարկվեց սարսափելի հիվանդությամբ։ Ծայրաստիճան տառապանքի մեջ նա կանչեց Աստծուն. «Օ՜, եթե միայն գերեզմանում ինձ ծածկեիր» (համար 13)։ Հոբը հասկանում էր, որ գերեզմանում իր տառապանքները վերջ կգտնեն. ինչպես Աստծու կողմից թաքցրած մի գանձ, այնտեղ նա զերծ կլինի տառապանքից ու ցավից *։

Արդյո՞ք գերեզմանը կդառնար Հոբի մշտական ապաստանը։ Հոբը այդպես չէր կարծում։ Նա շարունակում է իր աղոթքը. «Օ՜, եթե.... ինձ համար ժամանակ սահմանեիր ու հիշեիր ինձ»։ Հոբը վստահ էր, որ նրա՝ գերեզմանում մնալը ժամանակավոր կլիներ և որ Եհովան չէր մոռանա իրեն։ Գերեզմանում անցկացրած ժամանակը նա նմանեցնում էր «հարկադիր աշխատանքի», որի ընթացքում ստիպված պետք է որոշ ժամանակ սպասեր։ Որքա՞ն էր տևելու այդ ընթացքը։ «Մինչև որ իմ ազատումը գա»,— ասում է Հոբը (համար 14)։ Այդ ազատումը նշանակելու էր ազատագրում գերեզմանից, այլ կերպ ասած՝ հարություն։

Ինչո՞ւ էր Հոբը վստահ, որ իր ազատագրումը կգա։ Քանի որ նա գիտեր, թե ինչ է զգում մեր սիրառատ Ստեղծիչը մահվան քնով ննջած իր հավատարիմ երկրպագուների հանդեպ։ Հոբն ասում է. «Դու կկանչես, ու ես կպատասխանեմ քեզ, և դու կկարոտես քո ձեռքի գործին» (համար 15)։ Հոբն ընդունում էր, որ իրեն Աստված է ստեղծել, որ նա է ձևավորել իր սաղմը արգանդում, ուրեմն հենց նա էլ կարող է մահից հետո նորից կյանք պարգևել (Հոբ 10։8, 9; 31։15

Հոբի խոսքերն օգնում են մեզ հասկանալու, թե որքան գթառատ է Եհովան։ Աստված խորը կապվածություն է զգում Հոբի նման մարդկանց հանդեպ, ովքեր թույլ են տալիս, որ նա իր ափերի մեջ առնի իրենց ու ձևավորի այնպես, որ հաճելի անձնավորություններ դառնան իր աչքում (Եսայիա 64։8)։ Եհովան թանկ է գնահատում իր հավատարիմ երկրպագուներին։ Նա «կարոտում է» իր այն ծառաներին, ովքեր մահացել են։ Այստեղ գործածված եբրայերեն բառը, ինչպես ասում է մի գիտնական, «անառարկելիորեն, ամենաազդու բառերից մեկն է, որն օգտագործվում է մեծ փափագ արտահայտելու համար»։ Այո՛, Եհովան ոչ միայն հիշում է իր երկրպագուներին, այլև փափագում է կյանքի վերադարձնել նրանց։

Հուրախություն մեզ՝ «Հոբ» գրքում, որը Աստվածաշնչի առաջին գրքերից է, Եհովան բացահայտել է իր նպատակը մահացածներին հարություն տալու առնչությամբ *։ Նա ցանկանում է, որ դու նորից տեսնես քո մահացած սիրելիներին։ Այս միտքը կարող է թեթևացնել վիշտդ։ Մի՞թե չես ցանկանում ավելին իմանալ այս սիրառատ Աստծու մասին և թույլ տալ, որ նա ձևավորի քեզ ու դարձնի այնպիսի անձնավորություն, որը հնարավորություն կունենա տեսնելու Իր նպատակի իրականացումը։

Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր մարտ ամսվա համար՝

Եսթեր 1–10Հոբ 1–15

^ պարբ. 4 Մի աշխատության մեջ ասվում է, որ Հոբի բառերը՝ «ինձ ծածկեիր», կարող են նշանակել հետևյալը՝ «պահիր [ինձ] ապահովության մեջ ինչպես թանկարժեք գրավ»։ Իսկ մեկ այլ աղբյուրում ասվում է՝ «գանձի պես թաքցրու ինձ»։

^ պարբ. 8 Արդար նոր աշխարհում մահացածների հարության մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 7-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։