Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հիսուս. որտեղից է եկել

Հիսուս. որտեղից է եկել

Հիսուս. որտեղից է եկել

«[Պիղատոսը] նորից մտնելով պալատ՝ Հիսուսին ասաց. «Դու որտեղի՞ց ես»։ Սակայն Հիսուսը նրան ոչինչ չպատասխանեց» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 19։9

ՀՌՈՄԵԱՑԻ կառավարիչ Պոնտացի Պիղատոսը այս հարցն ուղղեց Հիսուսին նրա վճռորոշ դատավարության ժամանակ *։ Պիղատոսը գիտեր, թե Հիսուսը Իսրայելի որ շրջանից է (Ղուկաս 23։6, 7)։ Նա նաև գիտեր, որ Հիսուսը սովորական մարդ չէ։ Ուրեմն ո՞րն էր այդ հարցի նպատակը։ Արդյո՞ք Պիղատոսն ուզում էր իմանալ Հիսուսի մինչմարդկային գոյության մասին։ Մի՞թե այս հեթանոս կառավարիչը ցանկանում էր ընդունել ճշմարտությունը և գործել դրա համաձայն։ Ամեն դեպքում, Հիսուսը հրաժարվեց այդ հարցին պատասխանելուց, և ինչպես հետո պարզ դարձավ, Պիղատոսին ավելի շատ հետաքրքրում էր իր դիրքը, քան ճշմարտությունն ու արդարությունը (Մատթեոս 27։11–26

Որքան ուրախալի է, որ նրանք, ովքեր անկեղծորեն ցանկանում են իմանալ, թե որտեղից է եկել Հիսուսը, հնարավորություն ունեն հեշտությամբ գտնելու այս հարցի պատասխանը։ Աստվածաշունչը հստակ տեղեկություններ է հայտնում Հիսուսի ակունքների մասին։ Եկեք տեսնենք։

Որտեղ է նա ծնվել։ Ըստ ժամանակակից հաշվարկների՝ Հիսուսը ծնվել է մ.թ.ա. 2թ. աշնան սկզբին Հրեաստանի Բեթլեհեմ գյուղում, համեստ միջոցներով ապրող մի ընտանիքում։ Օգոստոս կայսրի՝ գրանցում անցնելու հրամանով՝ Հիսուսի մայր Մարիամը, որն այդ ժամանակ հղի էր, և նրա ամուսին Հովսեփը հարկադրված էին ճանապարհ ընկնել դեպի Բեթլեհեմ՝ Հովսեփի նախահայրերի ծննդավայրը։ Չկարողանալով կացարան գտնել այդ բազմամարդ գյուղում՝ այս ամուսնական զույգը ստիպված եղավ իջևանել ախոռում, որտեղ էլ ծնվեց Հիսուսը (Ղուկաս 2։1–7

Դարեր առաջ աստվածաշնչյան մի մարգարեության մեջ կանխագուշակվել էր, թե որն է լինելու Հիսուսի ծննդավայրը։ «Դու, ո՛վ Բեթլեհեմ Եփրաթա, շատ փոքր ես, որ Հուդայի հազարավորների մեջ լինես, սակայն քեզնից դուրս կգա նա, ով իշխան կլինի Իսրայելում ինձ համար» * (Միքիա 5։2)։ Իրոք, Բեթլեհեմը շատ փոքր էր, որ դասվեր Հուդայի քաղաքների շարքում, սակայն այն առանձնահատուկ պատվի էր արժանանալու։ Խոստացյալ Մեսիան, կամ՝ Քրիստոսը հենց այստեղ էր ծնվելու (Մատթեոս 2։3–6; Հովհաննես 7։40–42

Որտեղ է նա մեծացել։ Եգիպտոսում կարճ ժամանակ մնալուց հետո Հիսուսի ընտանիքը տեղափոխվեց Նազարեթ՝ Գալիլեայի քաղաքներից մեկը, որը գտնվում էր Երուսաղեմից 96 կիլոմետր դեպի հյուսիս։ Այդ ժամանակ Հիսուսը մոտ երեք տարեկան էր։ Այստեղ՝ այս գեղատեսիլ վայրում, ուր գյուղացիները, հովիվներն ու ձկնորսները իրենց գործով էին զբաղված, մի մեծ ու համեստ ընտանիքում մեծանում էր Հիսուսը (Մատթեոս 13։55, 56

Դարեր առաջ Աստվածաշունչը կանխագուշակել էր, որ Մեսիան «նազովրեցի» է լինելու։ Ավետարանագիր Մատթեոսը ասում է, որ Հիսուսի ընտանիքը եկել էր բնակվելու «Նազարեթ կոչվող քաղաքում, որպեսզի կատարվի մարգարեների միջոցով ասվածը. «Նա նազովրեցի կկոչվի»» (Մատթեոս 2։19–23)։ «Նազովրեցի» անվանումը կապված է եբրայերեն «ընձյուղ» բառի հետ։ Հավանաբար Մատթեոսը մեջբերում արեց Եսայիայի մարգարեությունից, որում Մեսիան կոչվում է Հեսսեի «ընձյուղը»։ Սա նշանակում է, որ նա սերվելու էր Դավիթ թագավորի հոր՝ Հեսսեի շառավղից (Եսայիա 11։1)։ Իրականում Հիսուսը Հեսսեի հետնորդներից էր՝ Դավթի շառավղից (Մատթեոս 1։6, 16; Ղուկաս 3։23, 31, 32

Որտեղից է նա եկել։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ Հիսուսի կյանքը սկսվել է Բեթլեհեմի ախոռներից մեկում ծնվելուց շատ ավելի վաղ։ Միքիայի մարգարեությունը, որի մասին նշեցինք վերևում, շարունակում է՝ ասելով, որ նրա «ծագումը վաղեմի ժամանակներից է, հնամենի օրերից» (Միքիա 5։2)։ Նա Աստծու անդրանիկ Որդին է և մինչ երկրի վրա որպես մարդ ծնվելը ոգեղեն անձնավորություն է եղել և ապրել է երկնքում։ Հիսուսն ինքն ասաց. «Ես իջա երկնքից» (Հովհաննես 6։38; 8։23)։ Իսկ ինչպե՞ս էր դա հնարավոր։

Սուրբ ոգու միջոցով Եհովա * Աստված հրաշք գործեց. իր երկնային Որդու կյանքը փոխադրեց Մարիամ անունով մի հրեա կույսի արգանդը, որպեսզի նա ծնվեր որպես կատարյալ մարդ։ Այս հրաշքը հնարավոր դարձավ Ամենակարող Աստծու զորության շնորհիվ։ Հրեշտակը, որը Մարիամին բացատրեց, թե ինչպես է դա տեղի ունենալու, վստահեցրեց նրան՝ «չկա մի խոսք, որ Աստված ասի ու չկարողանա կատարել» (Ղուկաս 1։30–35, 37

Աստվածաշունչը ավելին է հայտնում, քան պարզապես այն, թե որտեղից է եկել Հիսուսը։ Չորս ավետարանագիրները՝ Մատթեոսը, Մարկոսը, Ղուկասը և Հովհաննեսը, պատմում են, թե ինչպես է ապրել նա։

[ծանոթագրություններ]

^ պարբ. 3 Հիսուսի ձերբակալման և դատավարության մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Երբևէ տեղի ունեցած ամենախայտառակ դատը» հոդվածը այս համարի 18–22-րդ էջերում։

^ պարբ. 6 «Եփրաթան», ըստ ամենայնի, Բեթլեհեմի նախկին անվանումն է (Ծննդոց 35։19

^ պարբ. 10 Աստծու անունն է, ինչպես գրված է Աստվածաշնչում։