Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երբ ծերերը կերիտասարդանան

Երբ ծերերը կերիտասարդանան

Մոտեցեք Աստծուն

Երբ ծերերը կերիտասարդանան

ՄԵԶՆԻՑ ո՞վ է ուզում, որ ծերությունը թակի իր դուռը. մաշկը կնճռոտվի, տեսողությունն ու լսողությունը թուլանան, քայլվածքը երերուն դառնա։ Գուցե մտածեք. «Ինչո՞ւ է մեզ Աստված ստեղծել երիտասարդական ավյունը վայելելու հնարավորությամբ, եթե մեր կյանքի մայրամուտին պետք է բախվենք ծերության սարսափելի հետևանքներին»։ Քաջալերական է իմանալ, որ Աստված սա չէր նախատեսել մեզ համար։ Ընդհակառակը՝ նրա նպատակն է ազատել մեզ ծերանալուց։ Նկատի առնենք Հոբ նահապետին ասված խոսքերը, որոնք արձանագրված են Հոբ 33։24, 25-ում։

Նախ քննենք Հոբի օրինակը, որը Եհովայի կողմից սիրված մի հավատարիմ մարդ էր։ Հոբը տեղյակ չէր, որ Սատանան հարցականի տակ է դրել նրա անարատությունը՝ ասելով, որ նա ծառայում է Աստծուն միայն եսասիրական մղումներից ելնելով։ Եհովան վստահում էր Հոբին և զորություն ուներ վերացնելու տառապանքը, ուստի թույլ տվեց, որ Սատանան փորձի իր հավատարիմ ծառային։ Այնուհետև Սատանան «Հոբին ոտքի թաթից մինչև նրա գագաթը չարորակ պալարներով հարվածեց» (Հոբ 2։7)։ Հոբի մաշկը պատվեց որդերով ու կեղանքներով, այն սևացավ և ընկավ նրա վրայից (Հոբ 7։5; 30։17, 30)։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ սարսափելի տանջանքներ էր կրում նա։ Այդուհանդերձ, Հոբը հավատարիմ մնաց։ «Մինչև մեռնելս չե՛մ թողնի անարատությունս»,— ասաց նա (Հոբ 27։5

Հոբը, սակայն, մի լուրջ սխալ գործեց։ Երբ նրան թվաց, թե մահանում է, չափից ավելի մտահոգվեց ու «իր հոգին Աստծուց ավելի արդար համարեց» (Հոբ 32։2)։ Բայց Աստծու խոսնակ Եղիուսը հանդիմանեց Հոբին։ Նա նաև Աստծու կողմից տված մի հուսադրող լուր հայտնեց. «Ազատի՛ր նրան [Հոբին] և մի՛ թող, որ փոսը գնա, ես փրկանք եմ գտել։ Թող նրա մարմինը ավելի թարմ լինի, քան իր երիտասարդության ժամանակ, թող նա վերադառնա այն օրերին, երբ երիտասարդական ավյուն ուներ» (Հոբ 33։24, 25)։ Այս խոսքերը հավանաբար անչափ մխիթարեցին Հոբին։ Նա ստիպված չէր լինի ցմահ տառապել։ Եթե Հոբը զղջար, Աստված պատրաստակամորեն կընդուներ նրա տված փրկանքը և կազատեր նրան այս ծանր ապրումներից *։

Հոբը խոնարհաբար ընդունեց հանդիմանությունը և զղջաց (Հոբ 42։6)։ Եհովան, անկասկած, ընդունեց Հոբի տված փրկանքը, որի միջոցով ծածկեց նրա մեղքը, և բուժեց ու վարձատրեց իր ծառային։ Եհովան «Հոբի վերջը ավելի շատ օրհնեց, քան նրա սկիզբը» (Հոբ 42։12–17)։ Միայն պատկերացրեք այս հավատարիմ մարդու ցնծությունը, երբ բազմաթիվ օրհնություններից բացի, նա բուժվեց նաև իր նողկալի հիվանդությունից, և իր մարմինը «ավելի թարմ եղավ, քան իր երիտասարդության ժամանակ»։

Փրկանքը, որը Աստված ստացավ Հոբից, չնչին արժեք ուներ, քանի որ մարդը շարունակում էր անկատար մնալ և մահանալ։ Սակայն մեզ համար ավելի մեծ փրկանք տրվեց. Եհովան սիրով զոհեց իր Որդուն՝ Հիսուսին (Մատթեոս 20։28; Հովհաննես 3։16)։ Բոլոր այն մարդիկ, ովքեր հավատ են դրսևորում այս փրկանքի հանդեպ, դրախտ-երկրի վրա հավիտյան ապրելու հեռանկար ունեն։ Նոր աշխարհում Աստված իր հավատարիմներին կազատի ծերության կապանքներից։ Դուք կարող եք շատ բան սովորել այն օրերի մասին, երբ ծերերի «մարմինները ավելի թարմ կլինեն, քան իրենց երիտասարդության ժամանակ»։

Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր ապրիլ ամսվա համար

Հոբ 16–37

[ծանոթագրություն]

^ պարբ. 3 Այստեղ օգտագործվող «փրկանք» բառը նշանակում է «ծածկոց»։ Հոբի պարագայում փրկանքը կարող էր լինել կենդանական մի զոհ, որը Աստված կընդուներ Հոբի մեղքը ծածկելու, կամ՝ քավելու համար (Հոբ 1։5