Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

ԻՆՉՊԵ՞Ս պանկի երաժշտության մի սիրահար, որը ինքնամփոփ էր, սովորեց սիրել մարդկանց և օգնության ձեռք մեկնել նրանց։ Ի՞նչը մղեց Մեքսիկայում ապրող մի մարդու թողնել իր անբարո ապրելակերպը։ Ինչո՞ւ ճապոնացի մի հայտնի հեծանվորդ Աստծուն ծառայելու նպատակով հեռացավ սպորտից։ Տեսնենք, թե ինչ են պատմում նրանք։

«Կոպիտ էի, գոռոզ ու ագրեսիվ» (ԴԵՆԻՍ ՕԲԻՐՆ)

ԾՆՎԵԼ Է՝ 1958​թ.

ԵՐԿԻՐԸ՝ ԱՆԳԼԻԱ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՊԱՆԿԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՍԻՐԱՀԱՐ, ԻՆՔՆԱՄՓՈՓ ՄԱՐԴ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Հորս կողմը իռլանդացիներ են, ուստի դաստիարակվել եմ որպես իռլանդացի կաթոլիկ։ Սովորաբար ստիպված էի լինում մենակ հաճախել եկեղեցի, թեև դա ինձ առանձնապես հաճույք չէր պատճառում։ Այնուամենայնիվ, հոգևոր քաղց էի զգում։ Կանոնավորաբար արտասանում էի «Հայր մեր» աղոթքը։ Հիշում եմ, որ գիշերները, անկողնուս մեջ պառկած, մտածում էի, թե ինչ են նշանակում այս խոսքերը։ Այդ աղոթքը բաժանում էի առանձին մասերի և փորձում էի հասկանալ, թե որն է դրանց իմաստը։

Պատանեկան հասակից միացա ռաստաֆարիանիզմի շարժմանը։ Հետաքրքրվում էի նաև այնպիսի քաղաքական շարժմամբ, ինչպիսին Հականացիստական լիգան էր։ Բայց շուտով ընդօրինակեցի պանկիների ըմբոստ վարքագիծը։ Օգտագործում էի թմրադեղեր, հատկապես մարիխուանա, որը ծխում էի գրեթե ամեն օր։ Որդեգրելով «ինձ համար մեկ է» կարգախոսը՝ չարաշահում էի ալկոհոլը, ռիսկի էի ենթարկում կյանքս և անտարբերությամբ վերաբերվում մարդկանց։ Ինքնամփոփ էի, դժվարությամբ էի հաղորդակցվում ուրիշների հետ և զրույցներին մասնակցում էի ըստ քմահաճույքի։ Նույնիսկ լուսանկարվել չէի սիրում։ Բարի ու առատաձեռն էի միայն նրանց հանդեպ, ում մտերիմ էի համարում։ Այժմ, երբ մի հայացք եմ նետում անցյալիս, հասկանում եմ, թե որքան կոպիտ էի, գոռոզ ու ագրեսիվ։

Մոտ 20 տարեկանում սկսեցի հետաքրքրվել Աստվածաշնչով։ Ընկերներիցս մեկը, որը ինձ թմրադեղեր էր բերում, դեռ գաղութում սկսել էր Աստվածաշունչ կարդալ։ Մենք երկար քննարկումներ էինք անցկացնում կրոնի, եկեղեցու և աշխարհի վրա ունեցած Սատանայի ազդեցության վերաբերյալ։ Ես Աստվածաշունչ գնեցի և որոշեցի ինքս ուսումնասիրել այն։ Կարդում էինք որոշ հատվածներ Աստվածաշնչից և հետո միասին քննարկում, թե ինչ ենք սովորել, ապա եզրակացություններ անում։ Եվ այսպես ամիսներ շարունակ։

Ահա այդ եզրահանգումներից մի քանիսը. մենք ապրում ենք վերջին օրերում, քրիստոնյաները պետք է քարոզեն Աստծու Թագավորության բարի լուրը, նրանք չպետք է լինեն այս աշխարհի մի մասը, ինչը նշանակում է նաև միջամուխ չլինել քաղաքական գործերին, Աստվածաշունչը հուսալի առաջնորդություն է տալիս բարոյական հարցերում։ Մեզ համար պարզ դարձավ, որ այն, ինչ գրված է Աստվածաշնչում, ճշմարտություն է, և որ գոյություն ունի ճշմարիտ կրոն։ Սակայն ո՞րն էր այդ կրոնը։ Մտածում էինք. «Արդյո՞ք դրանք քրիստոնեական աշխարհի եկեղեցիներն են, որոնք հայտնի են իրենց շքեղությամբ ու զանազան ծիսակատարություններով և ներքաշված են քաղաքականության մեջ, բաներ, որոնցից Հիսուսը շատ հեռու էր»։ Հասկացանք, որ Աստված նրանց միջոցով չի գործում, ուստի նպատակ դրեցինք ուսումնասիրելու ոչ այդքան հայտնի կրոնները, որպեսզի տեսնենք, թե ինչ են ասում դրանք։

Մենք հանդիպում էինք այդ կրոնների հետևորդների հետ և մի շարք հարցեր ուղղում նրանց։ Քանի որ գիտեինք, թե ինչ է Աստվածաշունչն ասում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ, հեշտությամբ կարող էինք տեսնել՝ նրանց պատասխանները համընկնում են Աստծու Խոսքին, թե ոչ։ Նման հանդիպումներից հետո ես միշտ աղոթում էի Աստծուն՝ ասելով. «Եթե այդ մարդիկ ճշմարիտ կրոնից են, խնդրում եմ, նրանց հետ կրկին հանդիպելու ցանկություն առաջացրու իմ մեջ»։ Ամիսներն անցնում էին, սակայն դեռ չէի գտել այնպիսի մարդկանց, ովքեր Աստվածաշնչից կպատասխանեին մեր հարցերին, և որոնց կրկին հանդիպելու ցանկություն կունենայի։

Ի վերջո, ես ու ընկերս հանդիպեցինք Եհովայի վկաներին և նույն հարցերն ուղղեցինք նրանց։ Ի տարբերություն մյուսների՝ նրանք Աստվածաշնչից պատասխանեցին և այն, ինչ ասացին, լիարժեքորեն համապատասխանում էր մեր սովորածին։ Ուստի սկսեցինք այնպիսի հարցեր տալ, որոնց պատասխանները դեռ չէինք գտել։ Օրինակ՝ ինչպե՞ս է Եհովան վերաբերվում ծխախոտի և թմրադեղերի գործածությանը։ Նրանք իրենց պատասխանը կրկին հիմնեցին Աստծու Խոսքի վրա։ Ապա մեզ հրավիրեցին Թագավորության սրահ՝ մասնակցելու ժողովի հանդիպմանը։ Մենք համաձայնվեցինք։

Դա ամենևին էլ հեշտ չէր։ Քանի որ ինքնամփոփ էի, ինձ դուր չէր գալիս, երբ բարեհամբույր ու կոկիկ հագնված մարդիկ մոտենում էին ինձ։ Ես կարծում էի՝ բոլորը չէ, որ անկեղծ մղումներով են այդպես վարվում։ Այդ պատճառով էլ այլևս չուզեցի ժողովի հանդիպումների գնալ։ Այնուամենայնիվ, ինչպես միշտ, աղոթեցի Աստծուն, որ ցանկություն առաջացնի իմ մեջ՝ կրկին հանդիպելու այդ մարդկանց, եթե, իհարկե, նրանք ճշմարիտ կրոնն են ներկայացնում։ Եվ զգացի, որ Վկաների հետ Աստվածաշունչ ուսումնասիրելու անհագ ցանկություն առաջացավ իմ մեջ։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Գիտեի, որ չպետք է թմրադեղեր օգտագործեմ, և հեշտությամբ հրաժարվեցի այդ վատ սովորությունից։ Սակայն ծխախոտից հրաժարվելը ինձ համար լուրջ դժվարություն էր։ Մի քանի անգամ փորձեցի, բայց ապարդյուն։ Երբ լսեցի, թե ինչպես են ուրիշները մեկընդմիշտ դեն նետում ծխախոտը, աղոթեցի Եհովային։ Դրանից հետո նրա օգնությամբ կարողացա թողնել ծխելը։ Ես համոզվեցի, որ Եհովայի առաջ սիրտս բացելը և նրա հետ անկաշկանդ զրուցելը անչափ կարևոր է։

Մյուս մեծ փոփոխությունը, որ կատարեցի, վերաբերում էր իմ հագուկապին ու հարդարանքին։ Երբ առաջին անգամ գնացի Թագավորության սրահ, մազերս դեպի վեր էին ցցված և մասամբ ներկված էին վառ կապույտ գույնով։ Ավելի ուշ մազերս նարնջագույն ներկեցի։ Ես հագնում էի ջինս և մի կաշվե բաճկոն՝ տարբեր կարգախոսներով։ Չնայած որ Վկաները նրբանկատորեն խորհուրդներ էին տալիս այդ հարցի հետ կապված, տեսքս փոխելու անհրաժեշտություն չէի տեսնում։ Սակայն, ի վերջո, սկսեցի մտածել 1 Հովհաննես 2։15–17 համարների շուրջ. «Մի՛ սիրեք աշխարհը և ոչ էլ այն ամենը, ինչ աշխարհի մեջ է։ Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրանում չէ»։ Ես հասկացա մի բան. իմ արտաքինով ցույց եմ տալիս, որ սիրում եմ այս աշխարհը, սակայն եթե ուզում եմ ցույց տալ իմ սերը Աստծու հանդեպ, պետք է փոփոխություններ կատարեմ։ Հենց այդպես էլ արեցի։

Ժամանակի ընթացքում համոզվեցի, որ միայն Վկաները չէ, որ ուզում են՝ հանդիպումների հաճախեմ։ Եբրայեցիներ 10։24, 25 համարներից տեսա, որ դա նաև Աստծու ցանկությունն է։ Բոլոր հանդիպումներին հաճախելուց և ժողովի անդամներին ճանաչելուց հետո որոշեցի նվիրվել Եհովային ու մկրտվել։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Ես խորապես տպավորված էի նրանով, թե ինչպես է Եհովան մեզ թույլ տալիս մտերիմ փոխհարաբերություններ ունենալ իր հետ։ Մեր երկնային Հոր կարեկցանքն ու հոգատարությունը մղեցին ինձ ընդօրինակելու նրան և հետևելու իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին (1 Պետրոս 2։21)։ Հասկացա, որ քրիստոնյային բնորոշ հատկություններ կերտել ամենևին էլ չի նշանակում կորցնել ինքնությունդ։ Ուստի շարունակում եմ շատ ջանքեր թափել, որպեսզի սեր ու կարեկցանք դրսևորեմ։ Փորձում եմ Քրիստոսի մտածելակերպն ունենալ կնոջս ու տղայիս հետ շփվելիս։ Նաև ուշադիր եմ հավատակիցներիս նկատմամբ։ Հետևելով Քրիստոսին՝ վերագտել եմ արժանապատվությունս, ինքնահարգանքս և ուրիշների հանդեպ սեր դրսևորելու կարողությունս։

«Նրանք արժանապատվությամբ վերաբերվեցին ինձ» (ԳՎԱԴԱԼՈՒՊԵ ՎԻԼԱՐԵԱԼ)

ԾՆՎԵԼ Է՝ 1964​թ.

ԵՐԿԻՐԸ՝ ՄԵՔՍԻԿԱ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ես յոթ երեխաներից մեկն էի մեր ընտանիքում։ Մեծացել եմ Էրմոսիլիոյում (Սոնորա, Մեքսիկա), մի տարածք, որտեղ մարդիկ ծայրահեղ աղքատության մեջ են ապրում։ Հայրս մահացավ, երբ դեռ փոքր էի, ուստի մեր կարիքները հոգալու համար մայրս ստիպված էր աշխատել։ Սովորաբար քայլում էի բոկոտն, քանի որ կոշիկ գնելու փող չունեինք։ Մյուս ընտանիքների պես՝ նեղվածքի մեջ էինք ապրում։ Դեռ փոքր տարիքից սկսեցի աշխատել, որպեսզի ֆինանսապես աջակցեմ ընտանիքիս։

Օրվա մեծ մասը մայրս մեզ հետ չէր լինում, դրա համար էլ մենք՝ երեխաներս, հաճախ անպաշտպան էինք մնում։ Երբ դեռ 6 տարեկան էի, ինձ բռնաբարեց 15-ամյա մի տղա։ Եվ դա շարունակվեց երկար ժամանակ։ Հետևանքներից մեկը եղավ այն, որ սեռական ապակողմնորոշման մեջ ընկա։ Կարծում էի, որ տղամարդկանց ուշադրությունը գրավելը նորմալ երևույթ է։ Սակայն երբ օգնության համար դիմեցի բժիշկներին ու հոգևորականներին, նրանք վստահեցրին ինձ, որ անհանգստանալու պատճառ չունեմ, և որ ոչ մի արտառոց բան չկա իմ ապրումների մեջ։

14 տարեկանում հասարակությանը ներկայացա որպես համասեռամոլ, դրա համար էլ սկսեցի նրանց նման հագնվել։ Այդպես 11 տարի շարունակ։ Ապրում էի տարբեր տղամարդկանց հետ։ Հետո դարձա վարսահարդար և բացեցի իմ գեղեցկության սրահը։ Չնայած դրան՝ դժբախտ էի։ Զգում էի, որ այն, ինչ անում եմ, ճիշտ չէ։ Կյանքս լի էր տառապանքով ու դավաճանությամբ։ Հարցնում էի ինքս ինձ. «Տեսնես կա՞ն արդյոք բարի ու արժանապատիվ մարդիկ»։

Մտածում էի քրոջս մասին։ Նա Աստվածաշունչ էր ուսումնասիրել Եհովայի վկաների հետ և մկրտվել էր։ Քույրս հաճախ էր պատմում իր սովորած բաների մասին, սակայն դա ինձ չէր հետաքրքրում։ Այնուհանդերձ, հիանում էի նրա ապրելակերպով ու ընտանիքով։ Տեսնում էի, որ նա ու նրա ամուսինը իսկապես սիրում ու հարգում են իրար։ Ժամանակի ընթացքում Եհովայի վկաներից մեկը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել ինձ հետ։ Սկզբում այդ ուսումնասիրություններին ոգևորությամբ չէի մասնակցում, բայց հետո ամեն ինչ փոխվեց։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Վկաները հրավիրեցին մասնակցելու իրենց հանդիպումներից մեկին, և ես ընդունեցի այդ հրավերը։ Երբեք նման բան չէի տեսել։ Մարդիկ սովորաբար ծաղրում էին ինձ, սակայն նրանք այդպես չվարվեցին։ Փոխարենը՝ ջերմորեն ողջունեցին և հարգանքով վերաբերվեցին ինձ։ Ես անչափ զգացված էի։

Այն լավ տպավորությունը, որ ունեի Վկաների մասին, կրկնապատկվեց, երբ այցելեցի համաժողով։ Տեսա, որ նույնիսկ մեծ խմբերով հավաքվելիս նրանք քրոջս պես շարունակում են լինել անկեղծ ու բացսիրտ։ Այս ամենը մղեց ինձ մտածելու, թե արդյոք հանդիպել եմ այն բարի ու արժանապատիվ մարդկանց, ում այսքան երկար փնտրել եմ։ Նրանց սերն ու միասնությունը ապշեցրին ինձ։ Զարմացա նաև՝ տեսնելով, թե ինչպես են յուրաքանչյուր հարցիս պատասխանում Աստվածաշնչով։ Տեսա, որ Աստծու Խոսքի միջոցով է, որ կարողացել են բարեփոխել իրենց կյանքը։ Նաև հասկացա, որ ինքս էլ պետք է շատ փոփոխություններ անեմ, որպեսզի դառնամ նրանցից մեկը։

Փաստորեն, ես պետք է արմատական փոփոխություններ անեի, քանի որ կնոջ կյանքով էի ապրում։ Պետք է ամեն բան փոխեի՝ խոսելաձևս, շարժուձևս, հագուկապս, ընկերներիս։ Նախկին ընկերներս ծաղրում էին՝ ասելով. «Ինչո՞ւ ես այդպես վարվում։ Դու լավն էիր այնպիսին, ինչպիսին որ կայիր։ Ինչի՞դ է պետք այդ ուսումնասիրությունը։ Դու ամեն ինչ ունես»։ Ամենադժվար բանը, որ պետք է փոխեի, անբարո կյանքիս սովորություններն էին։

Այնուհանդերձ, համոզված էի, որ հնարավոր է մեծ փոփոխություններ անել, քանի որ 1 Կորնթացիներ 6։9–11 խոսքերը հասան իմ սրտին։ «Ի՞նչ է, չգիտե՞ք, որ անարդար մարդիկ Աստծու թագավորությունը չեն ժառանգելու։ Մի՛ մոլորվեք։ Ո՛չ պոռնիկները, ո՛չ կռապաշտները, ո՛չ շնացողները, ո՛չ իգացողները, ո՛չ արվամոլները.... Աստծու թագավորությունը չեն ժառանգելու։ Ձեզանից ոմանք հենց այդպիսին էին, բայց դուք լվացվեցիք»։ Անցյալում Եհովան օգնել է մարդկանց փոփոխություններ անելու։ Նա օգնեց նաև ինձ։ Սակայն հաջողության հասա մի քանի տարվա լարված պայքարի շնորհիվ միայն։ Աջակցության աղբյուր էին հավատակիցներիս խորհուրդներն ու նրանց դրսևորած սերը։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Այսօր ես նորմալ կյանքով եմ ապրում։ Ամուսնացել եմ և կնոջս հետ միասին սովորեցնում եմ մեր որդուն ապրել աստվածաշնչյան սկզբունքներով։ Նախկին կյանքս մնացել է հեռավոր անցյալում, իսկ հիմա վայելում եմ բազմաթիվ հոգևոր օգուտներ և ունեմ առանձնաշնորհումներ։ Ժողովում ծառայում եմ որպես երեց և հնարավորություն ունեմ օգնելու ուրիշներին սովորելու Աստծու Խոսքի ճշմարտությունները։ Մայրս այնքան ուրախացավ՝ տեսնելով իմ կատարած փոփոխությունները, որ համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել, և այժմ մկրտված է։ Քույրերիցս մեկը, որը անբարո կյանք էր վարում, նույնպես դարձավ Եհովայի վկա։

Նույնիսկ ոմանք, ովքեր խրախուսում էին ինձ շարունակել իմ նախկին ապրելակերպը, այժմ տեսնում են, որ կյանքս ամբողջովին փոխվել է։ Միայն ես գիտեմ, թե ինչ է կանգնած այդ փոփոխությունների հետևում։ Անցյալում օգնության համար դիմում էի մասնագետներին, սակայն ոչ մի լավ խորհուրդ չէի ստանում։ Իրականում ես օգնություն ստացա Եհովայից։ Չնայած որ ինձ անպիտան էի համարում, նա նկատեց ինձ և սեր ու համբերատարություն դրսևորեց իմ հանդեպ։ Այն, որ հրաշալի, իմաստուն և սիրառատ Աստված ցանկացավ, որ փոխեմ ապրելակերպս, որոշիչ դեր խաղաց իմ կյանքում։

«Անբավարարվածության, միայնության ու դատարկության զգացում ունեի» (ԿԱԶՈՒՀԻՐՈ ԿՈՒՆԻՄՈՉԻ)

ԾՆՎԵԼ Է՝ 1951​թ.

ԵՐԿԻՐԸ՝ ՃԱՊՈՆԻԱ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԳՈՎ ՏՈԳՈՐՎԱԾ ՀԵԾԱՆՎՈՐԴ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Մեծացել եմ խաղաղ նավահանգստային մի քաղաքում, որը գտնվում է Սիձուոկայի պրեֆեկտուրայում (Ճապոնիա)։ Ընտանիքում ութ հոգի էինք և ապրում էինք մի փոքր տան մեջ։ Հայրս հեծանիվների խանութ ուներ։ Նա ինձ փոքր տարիքից հեծանվորդների մրցույթների էր տանում, և այդպիսով իմ մեջ մեծ հետաքրքրություն առաջացավ այդ սպորտաձևի հանդեպ։ Շուտով հայրս ինձ համար ապագայի պլաններ գծեց. ես պետք է դառնայի պրոֆեսիոնալ հեծանվորդ։ Դեռ միջնակարգ դպրոցում էի սովորում, երբ հայրս սկսեց լրջորեն զբաղվել իմ մարզումներով։ Բարձր դասարաններում ամենամյա սպորտի ազգային մրցույթներում երեք տիտղոս էի նվաճել։ Կարճ ժամանակ անց ինձ առաջարկեցին սովորել համալսարաններից մեկում, բայց ես վճռեցի գնալ հեծանվորդների դպրոց։ 19 տարեկանում արդեն հմուտ հեծանվորդ էի։

Այդ ժամանակ կյանքիս նպատակն էր դառնալ Ճապոնիայի լավագույն հեծանվորդը։ Ուզում էի շատ փող վաստակել, որպեսզի ընտանիքս ապահովված լիներ և բարեկեցիկ պայմաններում ապրեր։ Ամբողջ ուժերս կենտրոնացրել էի մարզումների վրա։ Երբ ժամանակ առ ժամանակ վհատությամբ էի համակվում կամ մրցումների ընթացքում դժվարությունների էի բախվում, ինքս ինձ անընդհատ հիշեցնում էի, որ ես ծնվել եմ հեծանվորդ լինելու համար և պետք է ամեն գնով առաջ գնամ։ Աստիճանաբար սկսեցի քաղել տքնաջան աշխատանքիս պտուղները։ Առաջին տարում երիտասարդ հեծանվորդների մրցույթում գրավեցի առաջին տեղը։ Իսկ հաջորդ տարի ինձ հրավիրեցին այնպիսի մրցույթի, որտեղ մասնակցում էին Ճապոնիայի առաջատար հեծանվորդները։ Եվ այսպես վեց տարի շարունակ ես երկրորդ տեղն էի գրավում։

Քանի որ անընդմեջ բարձր տեղեր էի գրավում, հայտնի դարձա «Տոկայի հզոր ոտքեր» անունով (Տոկայը Ճապոնիայի վայրերից է)։ Ես տոգորված էի մրցակցության ոգով։ Սակայն ինձ անհանգստացնում էր մի բան. զգում էի, որ մրցույթների ժամանակ անողորմ եմ դառնում։ Իսկ ինչ վերաբերում է եկամուտիս, այն գնալով ավելանում էր, ուստի կարող էի ունենալ սրտիս ուզածը։ Օրինակ՝ գնեցի մի առանձնատուն, որի սենյակներից մեկը տրամադրեցի մարզումների համար, որտեղ էլ կանգնեցրի ամենալավ հեծանիվները։ Հետո մի արտասահմանյան մեքենա ձեռք բերեցի, որի արժեքը տան գին ուներ։ Ապահովության համար գումարս ներդրեցի անշարժ գույքի և արժեթղթերի շուկայում։ Սակայն անբավարարվածության, միայնության ու դատարկության զգացում ունեի։

Ես ամուսնացած էի, ունեի երեխաներ։ Ցավոք, կնոջս ու երեխաներիս հետ շփվելիս հաճախ էի ափերիցս դուրս գալիս։ Նույնիսկ փոքր հարցերում էի անհամբերություն դրսևորում։ Ընտանիքիս անդամներն այն աստիճան էին լարվում, որ ամեն անգամ վախեցած հետևում էին դեմքիս արտահայտությանը՝ տեսնելու, թե ինչ տրամադրություն ունեմ։

Ժամանակի ընթացքում կինս սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Դրա շնորհիվ շատ փոփոխություններ կատարեց։ Մի օր նա ասաց, որ ուզում է գնալ Վկաների հանդիպմանը։ Ես էլ որոշեցի, որ ընտանիքով պետք է գնանք։ Մինչ օրս հիշում եմ այն երեկոն, երբ երեցներից մեկը եկավ մեր տուն ու սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել ինձ հետ։ Այն, ինչ սովորեցի, անչափ տպավորեց ինձ։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Երբեք չեմ մոռանա, թե ինչ ազդեցություն թողեց ինձ վրա Եփեսացիներ 5։5 համարը, որում ասվում է. «Ոչ մի պոռնիկ կամ անմաքուր կամ ագահ, այսինքն՝ կռապաշտ, ժառանգություն չունի Քրիստոսի և Աստծու թագավորության մեջ»։ Հասկացա, որ մրցումները կապված են մոլեխաղի հետ և որ սպորտը ագահության ոգի է բորբոքում իմ մեջ։ Խիղճս սկսեց տանջել։ Ես մտածեցի. «Եթե ուզում եմ հաճեցնել Եհովա Աստծուն, պետք է թողնեմ մրցումները»։ Սակայն դա շատ դժվար որոշում էր։

Նոր էի ավարտել իմ ամենահաջողակ մրցաշրջանը, և դեռ փափագում էի հասնել ավելի մեծ բարձունքների։ Միևնույն ժամանակ զգում էի, որ Աստվածաշունչ ուսումնասիրելու շնորհիվ դառնում եմ ավելի հանգիստ անձնավորություն, միտքս խաղաղվում է. այս ոգին լիովին տարբերվում էր այն մրցակցության ոգուց, որն ինձ անհրաժեշտ էր մրցումներին հաղթելու համար։ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելուց հետո ընդամենը երեք անգամ մասնակցեցի մրցումներին, բայց զգում էի, որ սիրտս դեռ այնտեղ է։ Շփոթված էի, չգիտեի՝ ինչպես եմ հոգալու ընտանիքիս կարիքները։ Ոչ կարողանում էի առաջ գնալ, ոչ էլ հետ։ Հարազատներս նոր հավատիս հետ կապված շատ էին ինձ նեղում։ Հայրս անչափ հիասթափված էր։ Այս ամենի հետևանքով ուժեղ սթրեսի մեջ ընկա և արդյունքում խոց ձեռք բերեցի։

Այդ դժվարին ժամանակներում ինձ օգնում էր Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրությունը և Եհովայի վկաների հանդիպումներին հաճախելը։ Աստիճանաբար հավատս ամրացավ։ Խնդրում էի Եհովային, որ լսի իմ աղոթքները և զորացնի հավատս, որ վստահեմ իրեն։ Լարվածությունս թեթևացավ, երբ կինս ասաց, որ երջանիկ լինելու համար անպայման չէ, որ ապրի մեծ առանձնատանը։ Ժամանակի ընթացքում փոփոխություններ արեցի։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Հիսուսի խոսքերը՝ արձանագրված Մատթեոս 6։33-ում, իսկապես որ ճշմարիտ են։ Նա ասաց. «Ուրեմն շարունակեք նախ թագավորությունը և Աստծու արդարությունը փնտրել, և այդ բոլոր բաները կտրվեն ձեզ»։ Մենք երբեք կարիքի մեջ չենք եղել. միշտ ունեցել ենք Հիսուսի նշած «բոլոր բաները»՝ այն, ինչ անհրաժեշտ է մեզ։ Թեև իմ աշխատավարձը կազմում է 30 տոկոսը այն գումարի, որը վաստակում էի որպես հեծանվորդ, սակայն վերջին 20 տարվա ընթացքում ոչ մի բանի պակաս չենք ունեցել։

Երբ հոգևոր գործերով եմ զբաղվում, ուրախություն ու բավարարվածություն եմ ստանում, որը երբեք չեմ զգացել նախկինում։ Ժամանակի ընթացքում բարելավվեց նաև ընտանեկան կյանքս։ Բոլոր երեք տղաներս իրենց կանանց հետ միասին հավատարմորեն ծառայում են Եհովային։