Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Թող քո որոշումները փառք բերեն Աստծուն

Թող քո որոշումները փառք բերեն Աստծուն

Թող քո որոշումները փառք բերեն Աստծուն

«Խորագետը կշռադատում է իր քայլերը» (ԱՌԱԿ. 14։15

1, 2. ա) Երբ կանգնած ենք որոշման առաջ, ի՞նչը պետք է լինի մեր գլխավոր նպատակը։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու։

ԱՄԵՆ օր մենք տարբեր որոշումներ ենք կայացնում։ Դրանցից մի քանիսը այդքան էլ կարևոր նշանակություն չունեն։ Բայց կան որոշումներ, որոնք մեծ ազդեցություն են թողնում մեր կյանքի վրա։ Ինչպիսի որոշում էլ որ կայացնելու լինենք, մեր գլխավոր նպատակը պետք է լինի դրանով փառք բերել Աստծուն (կարդա՛ 1 Կորնթացիներ 10։31

2 Քեզ համար հե՞շտ է որոշում կայացնել, թե՞ դժվար է և փորձում ես խուսափել դրանից։ Հիշիր, որ եթե ուզում ես հասուն քրիստոնյա լինել, պետք է սովորես տարբերել ճիշտը սխալից և այնպիսի որոշումներ կայացնես, որոնք հիմնված կլինեն քո սեփական համոզմունքների վրա, ոչ թե ուրիշների (Հռոմ. 12։1, 2; Եբր. 5։14)։ Ուրիշ ի՞նչ կարևոր պատճառներ կան, որ սովորենք ճիշտ որոշումներ կայացնել։ Ինչո՞ւ ենք երբեմն դժվարանում որոշումներ կայացնել։ Ո՞ր քայլերը կօգնեն մեզ համոզված լինելու, որ մեր որոշումը փառք կբերի Աստծուն։

Ինչո՞ւ է անհրաժեշտ որոշումներ կայացնել

3. Ի՞նչը կարող է խանգարել, որ ճիշտ որոշումներ կայացնենք։

3 Եթե անվճռական ենք, երբ Աստվածաշնչի սկզբունքները պահելու հարց է առաջանում, ապա մեր համադասարանցիները կամ աշխատակիցները կարող են մտածել, թե մենք վստահ չենք մեր համոզմունքներում, ուստիև հեշտությամբ կենթարկվենք ուրիշի ազդեցությանը։ Նրանք գուցե ստեն, խարդախեն կամ գողություն անեն և հետո համոզեն մեզ, որ «բազմությանը հետևենք», այսինքն՝ միանանք իրենց կամ էլ ծածկենք իրենց հանցանքը (Ելք 23։2)։ Սակայն այն մարդը, ով գիտի, թե ինչպես Աստծուն փառք բերող որոշումներ կայացնել, թույլ չի տա, որ վախը կամ շրջապատի կողմից ընդունված լինելու ցանկությունը դրդի իրեն Աստվածաշնչով դաստիարակված իր խղճին հակառակ վարվելու (Հռոմ. 13։5

4. Ինչո՞ւ գուցե ոմանք ցանկանան որոշումներ կայացնել մեր փոխարեն։

4 Մի՛ կարծիր, թե բոլոր նրանք, ովքեր ցանկանում են քո փոխարեն որոշում կայացնել, ուզում են քեզ վնաս հասցնել։ Լավ մղումներից դրդված՝ մեր ընկերները գուցե պնդեն, որ հետևենք իրենց խորհրդին։ Եթե ապրում ենք տնից հեռու, մեր հարազատները թերևս մտածեն, որ պետք է շարունակեն հոգ տանել մեր մասին և միջամտեն մեր կյանքի կարևոր որոշումներին։ Օրինակ՝ նկատի առնենք բուժօգնություն ստանալու հետ կապված հարցերը։ Աստվածաշունչը դատապարտում է արյան սխալ գործածությունը (Գործ. 15։28, 29)։ Սակայն բուժման մեթոդների ընտրության հարցում այն հստակ առաջնորդություն չի տալիս, այլ թողնում է, որ մեզանից յուրաքանչյուրը որոշում կայացնի՝ ընդունել տվյալ բուժման ձևը, թե ոչ *։ Մեզ սիրող մարդիկ այդպիսի հարցերում գուցե իրենց ամուր համոզմունքն ունեն, սակայն յուրաքանչյուր մկրտված քրիստոնյա բուժօգնություն ստանալու հետ կապված հարցի առաջ կանգնելիս պետք է պատասխանատվության «իր բեռը կրի» (Գաղ. 6։4, 5)։ Մեր գլխավոր նպատակն է մաքուր խիղճ պահպանել Աստծու առաջ, ոչ թե մարդկանց (1 Տիմոթ. 1։4, 5

5. Ինչպե՞ս կարող ենք խուսափել հավատի նավաբեկությունից։

5 Անվճռականությունը կարող է մահացու վտանգ լինել։ Հակոբոս աշակերտը գրեց, որ անվճռական մարդը «անհաստատ է իր բոլոր ճանապարհներում» (Հակ. 1։8)։ Փոթորկոտ ծովում անղեկ նավի մեջ նստած մարդու պես՝ այդ մարդն էլ տարուբերվում է մարդկային փոփոխական գաղափարների ազդեցության տակ։ Այդպիսի մարդու հավատը շատ հեշտությամբ նավաբեկության է ենթարկվում, ինչի համար նա մեղադրում է ուրիշներին (1 Տիմոթ. 1։19)։ Ինչպե՞ս կարող ենք խուսափել նման վատ հետևանքներից։ Մենք պետք է «հավատի մեջ հաստատված լինենք» (կարդա՛ Կողոսացիներ 2։6, 7)։ Դրա համար պետք է սովորենք այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կարտացոլեն մեր հավատը Աստծու ներշնչյալ Խոսքի հանդեպ (2 Տիմոթ. 3։14–17)։ Իսկ ի՞նչը կարող է խանգարել մեզ որոշում կայացնելիս։

Որոշում կայացնելը ինչո՞ւ կարող է դժվար լինել

6. Ինչպե՞ս կարող է վախը ազդել մեզ վրա։

6 Սխալ որոշում կայացնելու, անհաջողության մատնվելու կամ մարդկանց առաջ հիմար երևալու վախը կարող է պատճառ լինել, որ խուսափենք որոշում կայացնելուց։ Սա բնական է, քանի որ ոչ ոք չի ուզում սխալ որոշումներ կայացնել և խնդիրների մեջ ընկնել կամ հիմար երևալ։ Սակայն նույնիսկ այդ դեպքում Աստծու և նրա Խոսքի հանդեպ սերը կարող է օգնել մեզ հաղթահարելու մեր վախը։ Ինչպե՞ս։ Աստծու հանդեպ սերը կմղի մեզ նախքան կարևոր որոշումներ կայացնելը միշտ դիմելու Աստծու Խոսքին և Աստվածաշնչի վրա հիմնված գրականությանը։ Այդպես վարվելով՝ մենք կնվազեցնենք այն սխալները, որոնք գուցե թույլ տայինք։ Ինչո՞ւ ենք այսպես ասում։ Քանի որ Աստվածաշունչը կարող է օգնել, որ «անփորձները խորագիտություն ձեռք բերեն, երիտասարդները՝ գիտելիք և խորհելու կարողություն» (Առակ. 1։4

7. Ի՞նչ ենք սովորում Դավթի օրինակից։

7 Բայց մի՞թե մենք միշտ ճիշտ որոշումներ կկայացնենք։ Իհա՛րկե ոչ։ Բոլորս էլ սխալվում ենք (Հռոմ. 3։23)։ Օրինակ՝ Դավիթ թագավորը իմաստուն ու հավատարիմ մարդ էր, սակայն երբեմն սխալ որոշումներ էր կայացնում, ինչի հետևանքով տուժում էին և՛ ինքը, և՛ ուրիշները (2 Սամ. 12։9–12)։ Այդուհանդերձ, իր սխալների պատճառով նա չմտածեց, որ այլևս չի կարող ճիշտ որոշումներ կայացնել և ունենալ Աստծու հավանությունը (1 Թագ. 15։4, 5)։ Չնայած անցյալում թույլ տված մեր սխալներին՝ մենք նույնպես կարող ենք վճռական լինել, եթե Դավթի պես հիշենք, որ Եհովան չի կենտրոնանում մեր սխալների վրա և ներում է մեր մեղքերը։ Եհովան շարունակում է աջակցել բոլոր նրանց, ովքեր սիրում ու հնազանդվում են իրեն (Սաղ. 51։1–4, 7–10

8. Ի՞նչ կարող ենք սովորել ամուսնության վերաբերյալ Պողոսի խոսքերից։

8 Որոշումներ կայացնելիս մենք կնվազեցնենք մեր անհանգստությունը, եթե գիտակցենք, որ երբեմն լինում են մի քանի ճիշտ տարբերակներ։ Օրինակ՝ տեսնենք, թե ինչ ասաց Պողոս առաքյալը ամուսնության վերաբերյալ։ Սուրբ ոգուց ներշնչված՝ նա գրեց. «Եթե ինչ-որ մեկը մտածում է, թե սխալ է վարվում իր ամուրիության հանդեպ, և ճիշտը ամուսնանալն է, ապա եթե անցել է իր երիտասարդության ծաղկուն շրջանը, թող անի այնպես, ինչպես ուզում է. նա մեղք չի գործում։ Թող նրանք ամուսնանան։ Իսկ եթե մեկը իր սրտում որոշել է պահել իր ամուրիությունը և հաստատ է իր որոշման մեջ, քանի որ անհրաժեշտություն չի զգում ամուսնանալու և կարող է տիրապետել իրեն, ապա նա լավ է անում» (1 Կորնթ. 7։36–38)։ Պողոսն ասում էր, որ ամուրի մնալը լավագույն որոշումն է, սակայն դա միակ ճիշտ որոշումը չէ։

9. Արդյոք մեզ պե՞տք է մտահոգի, թե ինչպես են ուրիշները վերաբերվում մեր որոշումներին։ Բացատրի՛ր։

9 Արդյոք մեզ պե՞տք է մտահոգի այն, թե ինչպես են ուրիշները վերաբերվում մեր որոշումներին։ Այո՛, որոշ առումով դա պետք է մեզ մտահոգի։ Նկատի առնենք, թե ինչ ասաց Պողոս առաքյալը այն ուտելիքի կամ մսի մասին, որը քրիստոնյան գուցե մտածեր, թե զոհաբերված է եղել կուռքերին։ Նա ընդունեց, որ այդ միսը ուտելու որոշումը կարող է ինքնին սխալ չլինել, սակայն կարող է վնաս պատճառել մեկ ուրիշին, ում խիղճը գուցե լավ մարզված չէ։ Ի՞նչ էր վճռել Պողոսը։ «Եթե կերակուրը գայթակղեցնում է իմ եղբորը,— գրում է նա,— էլ երբեք միս չեմ ուտի, որպեսզի չգայթակղեցնեմ նրան» (1 Կորնթ. 8։4–13)։ Մենք նույնպես պետք է հաշվի առնենք, թե ինչպես են մեր որոշումները ազդում ուրիշների խղճի վրա։ Այդուհանդերձ, մեր գլխավոր մտահոգությունը պետք է լինի այն, թե ինչպես են դրանք ազդում Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունների վրա (կարդա՛ Հռոմեացիներ 14։1–4)։ Աստվածաշնչի ո՞ր սկզբունքները կօգնեն մեզ այնպիսի որոշումներ կայացնելու, որոնք փառք կբերեն Աստծուն։

Վեց քայլ ճիշտ որոշում կայացնելու համար

10, 11. ա) Ընտանիքում ինչպե՞ս կարող ենք խուսափել հանդուգն լինելուց։ բ) Ի՞նչ պետք է հիշեն երեցները, երբ ժողովի վերաբերյալ որոշումներ են կայացնում։

10 Մի՛ եղիր հանդուգն։ Նախքան որևէ որոշում կայացնելը պետք է հարցնենք ինքներս մեզ. «Ես իրավունք ունե՞մ այս հարցի վերաբերյալ որոշում կայացնելու»։ Սողոմոն թագավորը գրեց. «Հանդգնությո՞ւն եկավ, անպատվություն էլ կգա, բայց իմաստությունը համեստների հետ է» (Առակ. 11։2

11 Ծնողները գուցե հնարավորություն տան իրենց երեխաներին որոշ հարցերում ինքնուրույն որոշում կայացնել։ Բայց երեխաները չպետք է դրանից եզրակացնեն, որ կարող են իրավունքներ վերապահել իրենց (Կող. 3։20)։ Կանայք ու մայրերը ընտանիքում ունեն որոշակի իշխանություն, սակայն նրանք պետք է ընդունեն, որ ունեն գլուխ՝ ամուսին (Առակ. 1։8; 31։10–18; Եփես. 5։23)։ Նմանապես, ամուսինները պետք է գիտակցեն, որ իրենց իշխանությունը սահմանափակ է, և իրենք ենթակա են Քրիստոսին (1 Կորնթ. 11։3)։ Երեցները կայացնում են որոշումներ, որոնք վերաբերում են ժողովին, սակայն նրանք պետք է հավաստիանան, որ իրենք Աստծու Խոսքում «գրվածից այն կողմ չեն անցնում» (1 Կորնթ. 4։6)։ Նրանք նաև սերտորեն հետևում են այն հրահանգներին, որ ստանում են «հավատարիմ ծառայից» (Մատթ. 24։45–47)։ Մենք կարող ենք շատ մտահոգություններից ու խնդիրներից ազատել ինքներս մեզ և ուրիշներին, եթե համեստ լինենք և որոշումներ կայացնենք միայն այն դեպքում, երբ դրա իրավունքը տրված է մեզ։

12. ա) Ինչո՞ւ պետք է ուսումնասիրություններ անենք։ բ) Բացատրիր, թե ինչպես կարելի է ուսումնասիրություններ անել։

12 Ուսումնասիրություններ արա։ «Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն,— գրեց Սողոմոնը,— բայց ամեն շտապող կարիքի մեջ կընկնի» (Առակ. 21։5)։ Օրինակ՝ ի՞նչ կարելի է անել, երբ բիզնես առաջարկ ես ստանում։ Թույլ մի՛ տուր, որ զգացմունքներդ իշխեն քեզ։ Ծանոթացիր գործին վերաբերող բոլոր փաստերին, խորհուրդ հարցրու նրանցից, ովքեր հմուտ են այդ ոլորտում, և գտիր այն աստվածաշնչյան սկզբունքները, որոնք կիրառելի են տվյալ իրավիճակում (Առակ. 20։18)։ Այդ հարցի վերաբերյալ ուսումնասիրություններ անելիս կազմիր երկու ցուցակ։ Առաջինում մանրամասն նշիր, թե ինչ օգուտներ կունենաս, եթե ընդունես առաջարկը։ Երկրորդում նշիր այն պարտավորությունները, որ պետք է ստանձնես։ Եվ նախքան որոշում կայացնելը «հաշվիր ծախսը» (Ղուկ. 14։28)։ Մտածիր նաև այն հնարավոր ազդեցության մասին, որ որոշումդ կթողնի ոչ միայն քո ֆինանսական, այլև հոգևոր վիճակի վրա։ Ինչ խոսք, ուսումնասիրություններ անելը քեզանից ժամանակ ու ջանքեր կխլի։ Սակայն այդպես վարվելով՝ դու հապճեպ որոշում չես կայացնի և կխուսափես ավելորդ գլխացավանքներից։

13. ա) Ինչո՞ւմ է մեզ հավաստիացնում Հակոբոս 1։5 համարը։ բ) Իմաստություն ստանալու համար աղոթքը ինչպե՞ս կարող է օգնել մեզ։

13 Աստծուց իմաստություն խնդրիր։ Մեր որոշումները փառք կբերեն Աստծուն միայն այն դեպքում, եթե խնդրենք և թույլ տանք նրան օգնել մեզ դրանք կայացնելիս։ Հակոբոս աշակերտը գրեց. «Եթե ձեզանից որևէ մեկը իմաստության պակաս ունի, թող շարունակ խնդրի Աստծուն, որն ամենքին տալիս է առատաձեռնորեն ու առանց նախատելու, և կտրվի նրան» (Հակ. 1։5)։ Ամոթ բան չէ ընդունել, որ որոշումներ կայացնելիս մենք Աստծու իմաստության կարիքն ունենք (Առակ. 3։5, 6)։ Չէ՞ որ եթե ապավինենք միայն մեր հասկացողությանը, կարող ենք հեշտությամբ սխալվել։ Երբ աղոթում ենք իմաստություն ստանալու համար և ուսումնասիրում ենք Աստծու Խոսքում գրված սկզբունքները, թույլ ենք տալիս, որ սուրբ ոգին օգնի մեզ տեսնելու, թե իրականում ինչու ենք ուզում նման կերպ վարվել (Եբր. 4։12; կարդա՛ Հակոբոս 1։22–25

14. Ինչո՞ւ չպետք է հապաղենք։

14 Կայացրու որոշումդ։ Ուսումնասիրություններ անելուց և Աստծուց իմաստություն խնդրելուց հետո մի՛ շտապիր իսկույն կայացնել որոշումդ։ Իմաստուն մարդը ժամանակ է հատկացնում ու «կշռադատում է իր քայլերը» (Առակ. 14։15)։ Մյուս կողմից, սակայն, մի՛ հապաղիր որոշում կայացնել։ Իր քայլը հետաձգող մարդը կարող է անհեթեթ պատճառաբանություններ բերել արդարացնելու համար իր վարվելակերպը (Առակ. 22։13)։ Սակայն այդպես վարվելով՝ նա, կարելի է ասել, որոշում է կայացնում. որոշում է թույլ տալ ուրիշներին ղեկավարել իր կյանքը։

15, 16. Ի՞նչ է անհրաժեշտ մեր որոշումներն իրականացնելու համար։

15 Իրականացրու որոշումդ։ Այն ջանքերը, որ թափել ենք լավ որոշում կայացնելու համար, կարող են ապարդյուն լինել, եթե անմիջապես չջանանք հետևել դրան կամ իրականացնել այն։ «Ինչ որ ձեռքդ գտնի անելու, ամբողջ ուժովդ արա»,— գրեց Սողոմոնը (Ժող. 9։10)։ Հաջողության հասնելու համար մենք պետք է պատրաստ լինենք տրամադրելու բոլոր անհրաժեշտ միջոցները։ Օրինակ՝ քարոզիչը գուցե որոշի սկսել ռահվիրայական ծառայություն։ Արդյոք նա կկարողանա՞ իրականացնել իր որոշումը։ Ինչ խոսք, կկարողանա, եթե թույլ չտա, որ աշխատանքն ու զվարճությունները խլեն իրենից այն ուժերն ու ժամանակը, որ անհրաժեշտ է նրան այդ ծառայությունն անելու համար։

16 Լավագույն որոշումները հազվադեպ են հեշտությամբ իրագործվում։ Պատճառն այն է, որ «ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհ. 5։19)։ Մենք պետք է պայքարենք «այս աշխարհի խավարի տիրակալների դեմ, երկնային ոլորտում եղող ոգեղեն չար ուժերի դեմ» (Եփես. 6։12)։ Թե՛ Պողոս առաքյալը և թե՛ Հուդա աշակերտը նշում են, որ ովքեր որոշում են փառք բերել Աստծուն, պետք է պայքար մղեն (1 Տիմոթ. 6։12; Հուդա 3

17. Մեր որոշումների հարցում ի՞նչ է Եհովան ակնկալում մեզանից։

17 Վերանայիր որոշումդ և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ արա։ Ոչ բոլոր որոշումներն են հանգեցնում այն արդյունքին, ինչ ակնկալում ենք։ «Ժամանակ և պատահար» մեզանից յուրաքանչյուրին է հանդիպում (Ժող. 9։11)։ Այդուհանդերձ, Աստված ակնկալում է մեզանից ապրել մեր կայացրած որոշ կարևոր որոշումների համաձայն, անկախ այն բանից, թե ինչ խնդիրներ կունենանք։ Օրինակ՝ եթե արդեն իրականացրել ենք Աստծուն նվիրվելու մեր որոշումը կամ ամուսնանալու որոշումը, ապա չենք կարող փոխել այն՝ ակնկալելով, որ կշարունակենք Աստծու հավանությունն ունենալ։ Եհովան ուզում է, որ մենք պահենք մեր կապած ուխտը (կարդա՛ Սաղմոս 15։1, 2, 4)։ Սակայն մեր կայացրած որոշումների զգալի մասը այդքան էլ կենսական կարևորություն չունի։ Իմաստուն մարդը ժամանակ առ ժամանակ վերանայում է իր կայացրած որոշումները։ Նա թույլ չի տալիս, որ հպարտությունն ու համառությունը խանգարեն իրեն անհրաժեշտության դեպքում փոփոխություններ անելու և երբեմն էլ ամբողջովին փոխելու իր որոշումը (Առակ. 16։18)։ Նրա նպատակը պետք է լինի հավաստիանալ, որ իր ապրելակերպը շարունակում է փառք բերել Աստծուն։

Սովորեցրու ուրիշներին ճիշտ որոշումներ կայացնել

18. Ինչպե՞ս կարող են ծնողները սովորեցնել իրենց երեխաներին ճիշտ որոշումներ կայացնել։

18 Ծնողները կարող են մեծապես նպաստել այն բանին, որ իրենց երեխաները սովորեն այնպիսի որոշումներ կայացնել, որոնք փառք կբերեն Աստծուն։ Ծնողների լավ օրինակը լավագույն ուսուցիչն է (Ղուկ. 6։40)։ Որոշ դեպքերում ծնողները կարող են բացատրել իրենց երեխային, թե ինչպես են իրենք կայացրել տվյալ որոշումը։ Նրանք գուցե նաև ցանկանան թույլ տալ նրան որոշ հարցերում անձամբ որոշում կայացնել։ Երբ նրա որոշումը լավ արդյունքներ բերի, կարող են գովել նրան։ Իսկ ի՞նչ անել, եթե նա սխալ որոշում է կայացնում։ Ծնողները սովորաբար հակված են պաշտպանելու իրենց երեխաներին վատ հետևանքներից։ Բայց այդպես վարվելը միշտ չէ, որ նրանց օգտին է ծառայում։ Օրինակ՝ ծնողը կարող է թույլ տալ, որ երեխան ձեռք բերի վարորդական իրավունք։ Ենթադրենք՝ երեխան խախտում է երթևեկության կանոններից մեկը ու դրա համար տուգանվում է։ Ծնողը կարող է վճարել այդ տուգանքը, սակայն եթե երեխան ստիպված լինի աշխատել այն վճարելու համար, նա կսովորի պատասխանատվություն կրել իր արարքների համար (Հռոմ. 13։4

19. Ի՞նչ պետք է սովորեցնենք Աստվածաշունչ ուսումնասիրողին, և ինչպե՞ս կարող ենք դա անել։

19 Հիսուսը իր հետևորդներին հանձնարարեց սովորեցնել ուրիշներին (Մատթ. 28։20)։ Ամենակարևոր բաներից մեկը, որ կարող ենք Աստվածաշունչ ուսումնասիրողի համար անել, այն է, որ սովորեցնենք նրան ճիշտ որոշումներ կայացնել։ Որպեսզի հաջողության հասնենք այդ հարցում, մենք պետք է խուսափենք նրան ասելուց այն, թե ինչ պետք է անի։ Որքա՜ն ավելի լավ կլինի, եթե սովորեցնենք նրան տրամաբանել Աստվածաշնչի սկզբունքների հիման վրա, որպեսզի կարողանա անձամբ որոշել, թե ինչպես ճիշտ կլինի վարվել։ Ի վերջո, «մեզանից յուրաքանչյուրը իր անձի համար պիտի հաշիվ տա Աստծուն» (Հռոմ. 14։12)։ Ուստի յուրաքանչյուրս հիմնավոր պատճառ ունի այնպիսի որոշումներ կայացնելու, որոնք փառք կբերեն Աստծուն։

[ծանոթագրություն]

^ պարբ. 4 Այս թեմայի մանրամասն ուսումնասիրության համար տե՛ս «Ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը արյան մանր բաղադրամասերի և այն բժշկական պրոցեդուրաների նկատմամբ, որոնց ժամանակ կարող է գործածվել իմ սեփական արյունը» հոդվածը 2006​թ. նոյեմբերի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի ներդիրում, էջ 3–6։

Ինչպե՞ս կպատասխանես

• Ինչո՞ւ է անհրաժեշտ սովորել ճիշտ որոշումներ կայացնել։

• Ինչպե՞ս կարող է վախը խանգարել մեզ, և ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել այն։

• Որո՞նք են այն վեց քայլերը, որ պետք է անենք համոզված լինելու համար, որ մեր որոշումը փառք կբերի Աստծուն։

[հարցեր ուսումնասիրության համար]

[շրջանակ/նկար 16-րդ էջի վրա]

Վեց քայլ ճիշտ որոշում կայացնելու համար

1. Մի՛ եղիր հանդուգն

2. Ուսումնասիրություններ արա

3. Իմաստություն խնդրիր

4. Կայացրու որոշումդ

5. Իրականացրու որոշումդ

6. Վերանայիր և փոփոխիր

[նկար 15-րդ էջի վրա]

Անվճռական մարդը նման է փոթորկոտ ծովում անղեկ նավի մեջ նստած մարդու