Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Ոգու պտուղը» փառավորում է Աստծուն

«Ոգու պտուղը» փառավորում է Աստծուն

«Ոգու պտուղը» փառավորում է Աստծուն

«Սրանով է փառավորվում իմ Հայրը, որ դուք շարունակում եք շատ պտուղ բերել» (ՀՈՎՀ. 15։8

1, 2. ա) Ուրիշներին քաջալերելու ի՞նչ հնարավորություններ ենք ունենում։ բ) Եհովայի տված ո՞ր պարգևն է օգնում մեզ դառնալու ավելի լավ ծառաներ։

ՊԱՏԿԵՐԱՑՆԵՆՔ երկու իրավիճակ։ Առաջին՝ քրիստոնյա քույրը նկատում է, որ մի բան մտահոգում է երիտասարդ քրոջը։ Նա պայմանավորվում է նրա հետ դուրս գալ ծառայության։ Միասին ծառայելիս երիտասարդ քույրը սկսում է խոսել իրեն անհանգստացնող խնդրի մասին։ Երեկոյան նա աղոթքով դիմում է Եհովային և շնորհակալություն է հայտնում հասուն քրիստոնյա քրոջ ցուցաբերած սիրառատ հոգատարության համար։ Դա հենց այն էր, ինչի կարիքը նա զգում էր։ Երկրորդ՝ ամուսնական զույգը, որը ծառայել է ուրիշ երկրում, արդեն վերադարձել է տուն։ Ընկերական մի հավաքույթի ժամանակ, երբ նրանք ոգևորված պատմում են իրենց ծառայությունից, մի երիտասարդ եղբայր լուռ լսում է։ Մի քանի տարի անց այդ եղբայրը, երբ պատրաստվում է մեկնել իր նշանակման վայր՝ օտար երկիր, հիշում է այդ զույգին և այն խոսքերը, որ մղեցին իրեն դառնալու միսիոներ։

2 Հավանաբար այս իրավիճակները հիշեցրին քեզ մեկին, ով մեծ ազդեցություն է թողել քո կյանքի վրա։ Ինչ խոսք, հազվադեպ է լինում, որ մեկ զրույցը փոխում է մարդու կյանքը։ Այդուհանդերձ, ամեն օր մենք տարբեր հնարավորություններ ենք ունենում քաջալերելու և զորացնելու ուրիշներին։ Պատկերացրու՝ կա մի բան, որն օգնում է ձեռք բերելու և զարգացնելու այնպիսի հատկություններ ու կարողություններ, որոնց շնորհիվ մենք նպաստում ենք մեր եղբայրների բարօրությանը և դառնում ենք ավելի լավ ծառաներ Աստծու համար։ Իրականում, Եհովան մեզ հենց այդպիսի պարգև է տալիս. դա իր սուրբ ոգին է (Ղուկ. 11։13)։ Երբ Աստծու ոգին ներգործում է մեր կյանքի վրա, այն առաջ է բերում գեղեցիկ հատկություններ, որոնք զարդարում են Աստծուն մատուցվող մեր ծառայությունը։ Ի՜նչ հիասքանչ պարգև է այն (կարդա՛ Գաղատացիներ 5։22, 23

3. ա) Ինչպե՞ս ենք ոգու պտուղը մշակելով փառավորում Աստծուն։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու այս հոդվածում։

3 Այն հատկությունները, որ առաջ է բերում սուրբ ոգին, արտացոլում են այն անձնավորության էությունը, ումից բխում է այդ ոգին (Կող. 3։9, 10)։ Հիսուսը նշեց գլխավոր պատճառը, թե ինչու քրիստոնյաները պետք է ձգտեն նմանվել Աստծուն, երբ իր աշակերտներին ասաց. «Սրանով է փառավորվում իմ Հայրը, որ դուք շարունակում եք շատ պտուղ բերել» * (Հովհ. 15։8)։ Երբ մշակում ենք «ոգու պտուղը», դրա արդյունքները պարզ երևում են մեր խոսքերում ու գործերում, ինչն էլ իր հերթին փառք է բերում մեր Աստծուն (Մատթ. 5։16)։ Այս հոդվածում առանձին-առանձին կքննենք ոգու պտղի առաջին երեք հատկությունները՝ սերը, ուրախությունը և խաղաղությունը։ Այդ ընթացքում նկատի կառնենք հետևյալ երեք հարցերը։ Ինչպե՞ս են ոգու պտղի հատկությունները տարբերվում Սատանայի աշխարհի այդ նույն հատկություններից։ Ինչպե՞ս կարող ենք մշակել ոգու պտուղը։ Ինչո՞ւ գուցե դա դժվար լինի մեզ համար։

Սեր, որը հիմնված է բարձր չափանիշների վրա

4. Հիսուսի հետևորդները ինչպիսի՞ սեր պետք է դրսևորեն։

4 Այն սերը, որ բխում է սուրբ ոգուց, հիմնված է բարձր չափանիշների վրա։ Այդ սերը բոլորովին տարբեր է այն սիրուց, որ ունի աշխարհը։ Հիսուսը ընդգծեց դրանց միջև եղած տարբերությունը Լեռան քարոզում (կարդա՛ Մատթեոս 5։43–48)։ Նա նշեց, որ անգամ մեղավորներն են հետևում նույն կերպ հատուցելու վարվելակերպին, այսինքն՝ դիմացինին վերաբերվում են այնպես, ինչպես նա է իրենց վերաբերվում։ Այդպիսի «սիրո» մեջ չկա անձնազոհություն. այն պարզապես փոխհատուցում է արված լավության դիմաց։ Եթե ուզում ենք լինել մեր Երկնային Հոր որդիները, պետք է տարբերվենք նրանցից։ Մենք ոչ թե պետք է վերաբերվենք մյուսներին ինչպես իրենք են վերաբերվում մեզ, այլ նրանց պետք է նայենք Եհովայի տեսանկյունից և վերաբերվենք այնպես, ինչպես Եհովան է նրանց վերաբերվում։ Բայց արդյո՞ք հնարավոր է հետևել Հիսուսի պատվերին և սիրել մեր թշնամիներին։

5. Ինչպե՞ս կարող ենք սեր դրսևորել մեզ հալածողների հանդեպ։

5 Քննենք Աստվածաշնչից մի օրինակ։ Երբ Պողոսն ու Շիղան քարոզում էին Փիլիպպեում, նրանց ձերբակալեցին, դաժանորեն ծեծեցին և բանտ գցեցին։ Այնտեղ նրանց ոտքերը կոճղի մեջ դրեցին։ Այդ ընթացքում հավանաբար բանտապահը նույնպես վատ վերաբերվեց նրանց։ Սակայն երկրաշարժ եղավ ու նրանք անսպասելիորեն հայտնվեցին ազատության մեջ։ Ի՞նչ արեցին նրանք։ Արդյոք օգտվեցի՞ն բանտապահից վրեժ լուծելու հնարավորությունից, որ բացվեց իրենց առաջ։ Ո՛չ։ Նրանք անկեղծորեն հետաքրքրված էին այդ մարդու բարօրությամբ։ Անձնազոհ սերը մղեց նրանց անմիջապես գործելու հօգուտ այդ մարդու։ Նրանց այդ արարքը նպաստեց այն բանին, որ բանտապահն իր ամբողջ ընտանիքով դառնա հավատացյալ (Գործ. 16։19–34)։ Այսօր մեր եղբայրներից շատերը հետևում են նրանց օրինակին և «օրհնում են իրենց հալածողներին» (Հռոմ. 12։14

6. Ինչպե՞ս կարող ենք անձնազոհ սեր դրսևորել մեր եղբայրների հանդեպ (տե՛ս 21-րդ էջի շրջանակը)։

6 Հավատակիցների հանդեպ մեր սերն ավելին է ընդգրկում իր մեջ։ Մենք «պարտավոր ենք մեր հոգիները տալ մեր եղբայրների համար» (կարդա՛ 1 Հովհաննես 3։16–18)։ Սակայն հաճախ մենք կարող ենք սեր դրսևորել ավելի փոքր հարցերում։ Օրինակ՝ երբ ասում կամ անում ենք մի բան, ինչը վիրավորում է մեր եղբորը, մենք կարող ենք սեր դրսևորել՝ նախաձեռնություն վերցնելով և նրա հետ մեր խաղաղ փոխհարաբերությունը վերականգնելով (Մատթ. 5։23, 24)։ Իսկ երբ մեզ են վիրավորում, ինչպե՞ս ենք վարվում։ Պատրա՞ստ ենք ներելու, թե՞ հակված ենք ոխ պահելու (Սաղ. 86։5)։ Սուրբ ոգու առաջ բերած ուժգին սերը կարող է օգնել մեզ, որ անտեսենք փոքր սխալները և մեծահոգաբար ներենք մեր եղբայրներին, ինչպես որ «Եհովան է մեծահոգաբար ներում» մեզ (Կող. 3։13, 14; 1 Պետ. 4։8

7, 8. ա) Ինչպե՞ս են Աստծու և մարդկանց հանդեպ մեր սերը փոխկապակցված։ բ) Ինչպե՞ս կարող ենք խորացնել մեր սերը Եհովայի նկատմամբ (տե՛ս նկարը)։

7 Ինչպե՞ս կարող ենք անձնազոհ սեր զարգացնել մեր եղբայրների հանդեպ։ Դա մեզ կհաջողվի, եթե խորացնենք մեր սերը Աստծու նկատմամբ (Եփես. 5։1, 2; 1 Հովհ. 4։9–11, 20, 21)։ Այն մտերիմ շփումը, որ վայելում ենք մեր Երկնային Հոր հետ, երբ կարդում ենք Աստվածաշունչը, խորհրդածում ենք և աղոթում, սնում է մեր սիրտը և խորացնում մեր սերը նրա հանդեպ։ Սակայն Աստծու հետ մտերմանալու համար անհրաժեշտ է ժամանակ հատկացնել։

8 Ենթադրենք՝ Աստծու Խոսքը կարդալու, խորհրդածելու և աղոթելու համար օրվա մեջ քեզ տրված է կոնկրետ մեկ ժամ։ Ամեն բան կանե՞ս, որ ոչինչ չխանգարի քեզ կամ քեզնից չխլի այդ ժամանակը, որը պետք է անցկացնես Եհովայի հետ։ Իհարկե, մենք ցանկացած ժամանակ կարող ենք աղոթել Աստծուն, իսկ մեզնից շատերն էլ կարող են Աստվածաշունչը կարդալ, երբ ուզեն։ Բայց իրականում, երբեմն անհրաժեշտ է լինում ամուր բռնել այն անգին րոպեները, որ անցկացնում ենք Եհովայի հետ, որպեսզի առօրյա գործերի փոթորկոտ քամին չքշի տանի դրանք մեր ձեռքից։ Արդյոք դու ամեն օր ժամանակ հատկացնո՞ւմ ես Եհովայի հետ մտերմանալու համար։

«Սուրբ ոգուց ստացած ուրախություն»

9. Սուրբ ոգու առաջ բերած ուրախությունը ինչո՞վ է առանձնահատուկ։

9 Սուրբ ոգու պտուղն աչքի է ընկնում իր կայունությամբ։ Ուրախությունը, որն այդ պտղի հաջորդ հատկությունն է, շարունակում է պահպանվել մեր մեջ՝ անկախ այն դժվարություններից, որ հանդիպում են մեզ։ Այն նման է մի դիմացկուն բույսի, որը կարող է փարթամորեն աճել նույնիսկ անբարենպաստ պայմաններում։ Ամբողջ աշխարհում Աստծու ծառաներից շատերը «բազում նեղությունների մեջ սուրբ ոգուց ստացած ուրախությամբ ընդունել են խոսքը» (1 Թեսաղ. 1։6)։ Այսօր շատերն են դժվարություններ ու զրկանքներ կրում։ Սակայն Եհովան զորացնում է նրանց իր ոգու միջոցով, «որպեսզի կարողանան ամեն ինչին դիմանալ և ուրախությամբ համբերել» (Կող. 1։11)։ Որտեղի՞ց ենք ստանում այս ուրախությունը։

10. Ո՞րն է մեր ուրախության աղբյուրը։

10 Ի տարբերություն Սատանայի աշխարհի «անկայուն հարստությանը»՝ հոգևոր գանձերը, որ ստանում ենք Եհովայից, մնայուն արժեք ունեն (1 Տիմոթ. 6։17; Մատթ. 6։19, 20)։ Նա մեր առաջ բացում է անվերջ ու երջանիկ ապագայի հեռանկար։ Մենք ուրախ ենք նաև, քանի որ համաշխարհային քրիստոնեական եղբայրության մի մասն ենք։ Եվ ի վերջո, մեր ուրախությունը հիմնված է Աստծու հետ ունեցած մեր փոխհարաբերությունների վրա։ Մենք զգում ենք այն, ինչ զգում էր Դավիթը, որը թեև ստիպված էր փախստականի կյանքով ապրել, փառաբանեց Աստծուն՝ երգելով. «Որովհետև քո սիրառատ բարությունը կյանքից ավելի լավ է. շուրթերս քեզ պիտի գովեն։ Այսպես կօրհնեմ քեզ իմ ողջ կյանքի ընթացքում» (Սաղ. 63։3, 4)։ Նույնիսկ դժվարությունների ժամանակ, երբ ուրախությամբ փառաբանում ենք Աստծուն, մեր սիրտը լցվում է բերկրանքով։

11. Ինչո՞ւ է կարևոր ծառայել Աստծուն ուրախությամբ։

11 Պողոս առաքյալը հորդորեց քրիստոնյաներին. «Միշտ ուրախ եղեք Տիրոջով։ Դարձյալ ասում եմ՝ ուրախ եղեք» (Փիլիպ. 4։4)։ Ինչո՞ւ է կարևոր, որ քրիստոնյաները ուրախությամբ մատուցեն իրենց ծառայությունը։ Պատճառը Եհովայի գերիշխանության վերաբերյալ Սատանայի բարձրացրած հարցն է։ Նա պնդում է, որ ոչ ոք չի ծառայում Աստծուն հոժար սրտով (Հոբ 1։9–11)։ Եթե մենք ծառայենք Աստծուն պարտավորվածության զգացումից մղված, բայց առանց ուրախության, մեր գովաբանության զոհը թերի կլինի։ Ուստի ջանում ենք հետևել սաղմոսերգուի խորհրդին. «Ծառայե՛ք Եհովային ուրախությամբ։ Ցնծությամբ նրա առաջ եկեք» (Սաղ. 100։2)։ Ուրախ և հոժար սրտով մատուցվող ծառայությունն է, որ փառք է բերում Աստծուն։

12, 13. Ի՞նչ կարող ենք անել բացասական զգացումները հաղթահարելու համար։

12 Այդուհանդերձ, հարկավոր է լինել իրատես և ընդունել, որ Եհովային նվիրված ծառան երբեմն կարող է հուսալքվել և պայքարել դրական տրամադրվածություն պահպանելու համար (Փիլիպ. 2։25–30)։ Ի՞նչը կարող է օգնել մեզ, երբ հայտնվում ենք այդպիսի իրավիճակում։ Եփեսացիներ 5։18, 19-ում ասվում է. «Միշտ լցվեք ոգով՝ ....սաղմոսներով խոսեք և Աստծուն ուղղված գովաբանություններ ասեք, ձեր սրտերում հոգևոր երգերով ու մեղեդիներով Եհովային գովերգեք»։ Ինչպե՞ս կարող ենք հետևել այս խորհրդին։

13 Երբ բացասական զգացումները պատում են մեզ, կարող ենք օգնության կանչել Եհովային և ջանալ խորհել «գովասանքի արժանի» բաների մասին (կարդա՛ Փիլիպպեցիներ 4։6–9)։ Թագավորության երգերի ձայնագրություններին զուգընթաց ցածրաձայն երգելով՝ ոմանք կարողանում են բարձրացնել իրենց տրամադրությունը և հսկել իրենց միտքը։ Մի եղբայր, որը ծանր փորձության միջով է անցել, ժամանակ առ ժամանակ հուսահատության մեջ էր ընկնում։ Նա հիշում է. «Կանոնավոր և սրտանց աղոթելուց բացի, ես երգում էի թագավորության երգերից մի քանիսը, որոնք անգիր գիտեի։ Սիրտս խաղաղվում էր, երբ բարձրաձայն կամ կիսաձայն երգում էի Եհովային փառաբանող երգերը։ Այդ ժամանակ էր, որ լույս տեսավ «Մոտեցիր Եհովային» գիրքը։ Մի տարվա մեջ երկու անգամ կարդացի այն։ Այդ գիրքը դարմանեց սրտիս վերքերը։ Ես գիտեմ՝ Եհովան օրհնեց իմ ջանքերը»։

Խաղաղության միավորող կապը

14. Ինչո՞վ է հատկանշական այն խաղաղությունը, որն առաջ է բերում սուրբ ոգին։

14 Միջազգային համաժողովների ժամանակ տարբեր ծագում ունեցող պատվիրակները միմյանց հետ վայելում են քրիստոնեական ջերմ ընկերակցություն։ Այսպիսի միջոցառումների ժամանակ վառ կերպով երևում է այն յուրահատուկ խաղաղությունը և միասնությունը, որ տիրում է Աստծու ժողովրդի մեջ։ Մարդիկ հաճախ ապշում են, երբ տեսնում են, թե ինչպես են նրանք, ովքեր պետք է որ թշնամիներ լինեն, «ամեն կերպ ձգտում պահպանել ոգու տված միասնությունը խաղաղության միավորող կապի մեջ» (Եփես. 4։3)։ Այս միասնությունը իրոք որ տպավորիչ է, երբ հաշվի ենք առնում, թե ինչեր են հաղթահարել նրանցից շատերը։

15, 16. ա) Ինչպիսի՞ հասարակության մեջ էր մեծացել Պետրոսը և այդ պատճառով ի՞նչ դժվարության առաջ կանգնեց։ բ) Ինչպե՞ս Եհովան օգնեց Պետրոսին փոխելու իր վերաբերմունքը։

15 Տարբեր ծագում ունեցող մարդկանց միավորելը հեշտ բան չէ։ Որպեսզի լավ պատկերացնենք, թե ինչ դժվարություններ պետք է հաղթահարվեն այդ միասնությանը հասնելու համար, քննենք առաջին դարում ապրող քրիստոնյաներից մեկի՝ Պետրոս առաքյալի օրինակը։ Անթլփատ այլազգիների հանդեպ նրա վերաբերմունքը երևում է հետևյալ խոսքերից. «Դուք լավ գիտեք, թե որքան անօրինական է հրեայի համար օտարազգի մարդու հետ ընկերակցել կամ նրան մոտենալ, մինչդեռ Աստված ինձ ցույց տվեց, որ ոչ մի մարդու չպետք է պիղծ կամ անմաքուր անվանեմ» (Գործ. 10։24–29; 11։1–3)։ Պետրոսը ակներևաբար մտածում էր, թե Օրենքը պահանջում է սիրել միայն հրեաներին, քանի որ այդ կարծիքը տարածված էր այն հասարակության մեջ, որտեղ նա մեծացել էր։ Նրա համար հավանաբար շատ բնական էր, որ պետք է այլազգիներին վերաբերվի այնպես, ինչպես թշնամու, ում պետք է ատել *։

16 Պատկերացրու, թե ինչ տարօրինակ զգացում պետք է որ ունենար Պետրոսը, երբ մտավ Կոռնելիոսի տուն։ Կարո՞ղ էր մի մարդ, որը մինչ այդ բացասաբար էր վերաբերվել այլազգիներին, «ներդաշնակորեն փոխկապակցված լինել» նրանց հետ «խաղաղության միավորող կապի մեջ» (Եփես. 4։3, 16)։ Դրանից մի քանի օր առաջ Աստծու ոգին բացել էր Պետրոսի սիրտը՝ օգնելով նրան փոփոխություններ մտցնելու իր վերաբերմունքի մեջ և հաղթահարելու իր կանխատրամադրվածությունը։ Տեսիլքի միջոցով Եհովան պարզ դարձրեց նրա համար, որ իր վերաբերմունքը մարդկանց հանդեպ կախված չէ նրանց ռասայից կամ ազգությունից (Գործ. 10։10–15)։ Ուստի Պետրոսը Կոռնելիոսին ասաց. «Ես իսկապես հասկանում եմ, որ Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործ. 10։34, 35)։ Պետրոսը փոխվեց և իսկապես միավորվեց «ողջ եղբայրության» հետ (1 Պետ. 2։17

17. Ինչո՞վ է աչքի ընկնում Աստծու ժողովրդի մեջ տիրող միասնությունը։

17 Պետրոսի օրինակը օգնում է մեզ գնահատելու այն ակնհայտ փոփոխությունները, որ տեղի են ունենում Աստծու ժողովրդի մեջ այսօր (կարդա՛ Եսայիա 2։3, 4)։ «Բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից» միլիոնավոր մարդիկ փոխել են իրենց մտածելակերպը՝ համապատասխանեցնելով «Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքին» (Հայտն. 7։9; Հռոմ. 12։2)։ Նրանցից շատերը եղել են Սատանայի աշխարհում տարածված ատելության, թշնամանքի և պառակտող ոգու ազդեցության տակ։ Աստծու Խոսքի ուսումնասիրության շնորհիվ և սուրբ ոգու օգնությամբ նրանք սովորել են «հետամուտ լինել այն ամենին, ինչը խաղաղություն է բերում» (Հռոմ. 14։19)։ Արդյունքում՝ նրանց միջև տիրող միասնությունը փառք է բերում Աստծուն։

18, 19. ա) Ինչպե՞ս կարող է մեզնից յուրաքանչյուրը նպաստել ժողովի խաղաղությանն ու միասնությանը։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

18 Ինչպե՞ս կարող է մեզնից յուրաքանչյուրը նպաստել Աստծու ժողովրդի մեջ տիրող միասնությանն ու խաղաղությանը։ Շատ ժողովներում կան այնպիսի մարդիկ, որոնք տեղափոխվել են ուրիշ երկրներից։ Ոմանք գուցե այլ սովորություններ ունեն կամ լավ չեն տիրապետում մեր լեզվին։ Փորձո՞ւմ ենք մտերմանալ նրանց հետ։ Աստծու Խոսքը հորդորում է մեզ այդպես վարվել։ Հռոմում գտնվող ժողովին, որտեղ կային թե՛ հրեաներ, թե՛ այլազգի մարդիկ, Պողոս առաքյալը գրեց. «Ուստի ընդունեք միմյանց այնպես, ինչպես Քրիստոսն ընդունեց մեզ, որպեսզի Աստված փառավորվի» (Հռոմ. 15։7)։ Քո ժողովում կա՞ մեկը, ում դեռ լավ չես ճանաչում։

19 Ուրիշ ի՞նչ կարող ենք անել, որպեսզի սուրբ ոգին ներգործի մեր կյանքում։ Այս հարցը նկատի կառնենք հաջորդ հոդվածում, որտեղ կքննարկենք սուրբ ոգու պտղի մյուս հատկությունները։

[ծանոթագրություններ]

^ պարբ. 3 Այն պտուղը, որի մասին խոսեց Հիսուսը, վերաբերում է և՛ «ոգու պտղին», և՛ «շուրթերի պտղին», որը քրիստոնյաները մատուցում են Աստծուն՝ Թագավորության քարոզչության գործը կատարելով (Եբր. 13։15

^ պարբ. 15 Ղևտական 19։18-ում ասվում է. «Վրեժխնդիր չլինես ու քո ժողովրդի որդիների դեմ ոխ չպահես. մերձավորիդ սիրիր քո անձի պես»։ Հրեա կրոնական առաջնորդներն ասում էին, որ «քո ժողովրդի որդիներ» և «մերձավոր» արտահայտությունները վերաբերում են միայն հրեաներին։ Ճիշտ է, Օրենքը պահանջում էր, որ հրեաները չխառնվեն ուրիշ ազգերի հետ։ Սակայն չէր փոխանցում այն միտքը, թե այլազգի մարդիկ թշնամիներ են և պետք է ատվեն, ինչպես ասում էին առաջին դարի կրոնական առաջնորդները։

Ինչպե՞ս կպատասխանես

• Ինչպե՞ս կարող ենք անձնազոհ սեր դրսևորել մեր եղբայրների հանդեպ։

• Ինչո՞ւ է կարևոր ծառայել Աստծուն ուրախությամբ։

• Ինչպե՞ս կարող ենք նպաստել ժողովի խաղաղությանն ու միասնությանը։

[հարցեր ուսումնասիրության համար]

[շրջանակ 21-րդ էջի վրա]

«Իսկական քրիստոնյաները նրանք են»

«Ընդդիմություն և մարտիրոսություն. Եհովայի վկաները Երրորդ Ռայխի իշխանության ներքո» գրքում գրված են մի երիտասարդ հրեա բանտարկյալի տպավորություններն այն մասին, թե ինչպես նա առաջին անգամ տեսավ Եհովայի վկաների, երբ իրեն բերեցին Նոյենգամե համակենտրոնացման ճամբար (Between Resistance and Martyrdom— Jehovah’s Witnesses in the Third Reich

Նա պատմում է. «Երբ մենք՝ Դախաուից եկած հրեաներս, մտանք բարաք, այնտեղ գտնվող հրեաները սկսեցին թաքցնել իրենց ունեցածը, որպեսզի մեզ ոչինչ չտան.... Դրսում [նախքան համակենտրոնացման ճամբար ընկնելը] հրեաները ամեն հարցում պատրաստ էին իրար օգնելու։ Բայց այստեղ՝ կյանքի ու մահվան կռվի մեջ, յուրաքանչյուրը նախևառաջ մտածում էր իր կյանքը փրկելու մասին՝ մոռանալով մյուսներին։ Հետաքրքիր էր, սակայն, թե Աստվածաշունչ ուսումնասիրողները (Եհովայի վկաները) ինչպես էին վարվում։ Նրանք շատ ծանր էին աշխատում. ջրի խողովակներ էին նորոգում։ Շատ ցուրտ էր, ու նրանք ստիպված էին ամբողջ օրը սառը ջրերի մեջ դրսում աշխատել։ Բոլորն ապշում էին, թե ինչպես էին նրանք դիմանում։ Վկաներն ասում էին, որ Եհովան է իրենց ուժ տալիս։ Մեր նման՝ նրանց կյանքն էլ կախված էր այն մի կտոր հացից, որ տալիս էին բոլորիս։ Սակայն գիտե՞ք, թե ինչ էին անում նրանք։ Այդ մարդիկ իրենց բաժին հացը հավաքում էին մեկտեղ. կեսը իրենք էին ուտում, իսկ մյուս կեսը պահում էին, որպեսզի տան այն վկաներին, որոնց բերում էին Դախաուից։ Նրանք գրկախառնվելով ու համբուրելով՝ ջերմորեն ողջունում էին նորեկներին։ Վկաները ուտելուց առաջ միշտ աղոթում էին։ Իսկ ուտելուց հետո բոլորը գոհ էին և ուրախ. ասում էին, որ կշտացան։ Երբ տեսնում էի այդ ամենը, ավելի էի համոզվում, որ իսկական քրիստոնյաները նրանք են»։

[նկարներ 19-րդ էջի վրա]

Ամեն օր քո գործերից ժամանակ «գնո՞ւմ ես» Եհովայի հետ մտերմանալու համար