Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Թույլ տալի՞ս ես, որ Աստծու ոգին առաջնորդի քեզ

Թույլ տալի՞ս ես, որ Աստծու ոգին առաջնորդի քեզ

Թույլ տալի՞ս ես, որ Աստծու ոգին առաջնորդի քեզ

«Քո ոգին բարի է. թող որ այն առաջնորդի ինձ ուղղամիտների երկրում» (ՍԱՂ. 143։10

1, 2. ա) Նշիր մի քանի դեպքեր, երբ Եհովան օգտագործել է իր սուրբ ոգին հօգուտ իր ծառաների։ բ) Մի՞թե սուրբ ոգին ներգործում է միայն հատուկ իրավիճակներում։ Բացատրի՛ր։

ԵՐԲ մտածում ես սուրբ ոգու ազդեցության մասին, ի՞նչ դեպքեր են միտքդ գալիս։ Հիշո՞ւմ ես այն զորավոր գործերը, որ կատարեցին Գեդեոնն ու Սամսոնը (Դատ. 6։33, 34; 15։14, 15)։ Իսկ հիշո՞ւմ ես առաջին դարի քրիստոնյաներին, որոնք համարձակությամբ լցվեցին, կամ Ստեփանոսին, որը շատ խաղաղ էր, թեև կանգնած էր Սինեդրիոնի առաջ (Գործ. 4։31; 6։15)։ Սուրբ ոգու ազդեցությունը ակնհայտ է նաև մեր օրերում։ Դրա վկայությունն են միջազգային համաժողովներում տիրող ուրախությունը, իրենց չեզոքությունը պահելու համար ազատազրկված եղբայրների անարատությունը և քարոզչական գործի նշանակալից աճը։

2 Բայց մի՞թե սուրբ ոգին գործում է միայն առանձին դեպքերում կամ արտասովոր իրավիճակներում։ Անշուշտ ոչ։ Աստվածաշնչում խոսվում է քրիստոնյաների մասին, ովքեր «ընթանում են ոգով», «առաջնորդվում են ոգով» և «ապրում են ոգով» (Գաղ. 5։16, 18, 25)։ Այս արտահայտությունները ցույց են տալիս, որ սուրբ ոգին կարող է ամեն ժամանակ ներգործել մեր կյանքում։ Ամեն օր մենք կարող ենք խնդրել Եհովային, որ իր ոգու միջոցով առաջնորդի մեր միտքը, խոսքերը և գործերը (կարդա՛ Սաղմոս 143։10)։ Եթե թույլ տանք, որ ոգին ազատորեն ներգործի մեր կյանքում, այն մեր մեջ առաջ կբերի իր պտուղը, ինչը կնպաստի այն բանին, որ թարմության աղբյուր լինենք մյուսների համար և փառք բերենք Աստծուն։

3. ա) Ինչո՞ւ է կարևոր առաջնորդվել սուրբ ոգով։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու։

3 Ինչո՞ւ է կարևոր առաջնորդվել սուրբ ոգով։ Պատճառն այն է, որ մեզ վրա փորձում է իշխել մեկ այլ ուժ։ Այն ընդդիմանում է սուրբ ոգու ազդեցությանը։ Աստվածաշունչը այդ ուժը կոչում է «մարմին», որը վերաբերում է այն մեղավոր հակումներին, որոնք հատուկ են Ադամից անկատարություն ժառանգած մարդկանց (կարդա՛ Գաղատացիներ 5։17)։ Ի՞նչ է նշանակում թույլ տալ, որ Աստծու ոգին առաջնորդի մեզ։ Կա՞ն կոնկրետ քայլեր, որոնց օգնությամբ կարող ենք դիմադրել մեղավոր մարմնի ճնշմանը։ Եկեք քննենք այս հարցերը՝ ուսումնասիրելով «սուրբ ոգու պտղի» մնացած վեց հատկությունները՝ «համբերատարությունը, բարությունը, առաքինությունը, հավատը, մեղմությունը, ինքնատիրապետումը» (Գաղ. 5։22, 23

Մեղմություն ու համբերատարություն՝ ի նպաստ ժողովի խաղաղության

4. Ինչպե՞ս են մեղմությունն ու համբերատարությունը նպաստում ժողովի խաղաղությանը։

4 Կարդա՛ Կողոսացիներ 3։12, 13։ Մեղմությունն ու համբերատարությունը հատկություններ են, որոնք գործում են ձեռք ձեռքի և նպաստում են ժողովի խաղաղությանը։ Դրանք օգնում են, որ մենք բարեհամբյուր լինենք մյուսների հանդեպ, հանդարտ մնանք լարված իրավիճակներում և վրեժխնդիր չլինենք, երբ մեզ վատ են վերաբերվում։ Եթե հավատակցիդ հետ խնդիր ունես, ապա համբերատարությունը կօգնի, որ երես չթեքես նրանից, այլ փորձես հարթել խնդիրը։ Քանի որ բոլորս էլ անկատար ենք, անհրաժեշտ է լինել մեղմ ու համբերատար։

5. Ի՞նչ տեղի ունեցավ Պողոսի և Բառնաբասի միջև, և ի՞նչ է դա ցույց տալիս։

5 Նկատի առնենք, թե ինչ տեղի ունեցավ Պողոսի և Բառնաբասի միջև։ Նրանք տարիներ շարունակ միասին ծառայել են՝ տարածելով բարի լուրը։ Նրանցից յուրաքանչյուրը ուներ լավ հատկություններ։ Սակայն մի անգամ նրանց միջև «բարկության ուժեղ պոռթկում եղավ, այնպես որ նրանք բաժանվեցին իրարից» (Գործ. 15։36–39)։ Այս դեպքը ցույց է տալիս, որ նույնիսկ նվիրվածությամբ Աստծուն ծառայողների միջև երբեմն կարող են տարաձայնություններ լինել։ Իսկ ի՞նչ կարելի է անել նման իրավիճակներում, որպեսզի հավատակցի հետ զրույցը չվերածվի վեճի և լավ փոխհարաբերությունները չխարխլվեն։

6, 7. ա) Աստվածաշնչյան ո՞ր խորհուրդը կօգնի թույլ չտալու, որ հավատակցի հետ զրույցը վերածվի վեճի։ բ) «Արագ լինել լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ և դանդաղ՝ զայրանալու մեջ» խորհրդին հետևելը ի՞նչ օգուտներ է բերում։

6 «Բարկության ուժեղ պոռթկում» արտահայտությունից երևում է, որ Պողոսի և Բառնաբասի միջև ծագած վեճը հանկարծակի էր և ուժգին։ Եթե քրիստոնյան զգում է, որ հավատակցի հետ ինչ-որ հարց քննարկելիս սկսում է բարկանալ, ապա ճիշտ կլինի, որ հետևի Հակոբոս 1։19, 20 համարների խորհրդին. «Ամեն մարդ պետք է արագ լինի լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ և դանդաղ՝ զայրանալու մեջ, քանի որ զայրացող մարդը Աստծու արդարության համաձայն չի վարվում»։ Կախված հանգամանքներից՝ նա գուցե փորձի փոխել զրույցի թեման, հետաձգել հարցի քննարկումը կամ նրբանկատորեն հեռանալ, քանի դեռ զրույցը չի թեժացել (Առակ. 12։16; 17։14; 29։11

7 Իսկ որո՞նք են այս խորհրդին հետևելու օգուտները։ Եթե քրիստոնյան թողնում է, որ մի որոշ ժամանակ անցնի, որպեսզի հույզերը հանդարտվեն, աղոթում է այդ մասին և մտածում է, թե ինչպես ճիշտ կլինի վարվել, ապա նա թույլ է տալիս, որ Աստծու ոգին առաջնորդի իրեն (Առակ. 15։1, 28)։ Ոգու ազդեցության ներքո նա կարող է դրսևորել մեղմություն և համբերատարություն։ Այդպես վարվելով՝ նա կկարողանա հետևել Եփեսացիներ 4։26 և 29-րդ համարների հորդորին. «Եթե զայրանաք, մեղք մի՛ գործեք։ .... Թող ոչ մի նեխած խոսք դուրս չգա ձեր բերանից, այլ միայն բարի խոսք՝ հարկ եղած դեպքում կերտելու համար, որպեսզի օգուտ բերի լսողներին»։ Երբ մեղմ ու համբերատար ենք, մենք նպաստում ենք ժողովի խաղաղությանն ու միասնությանը։

Թող բարությունն ու առաքինությունը թարմություն բերեն ընտանիքիդ

8, 9. Ի՞նչ է բարությունը և առաքինությունը, և ինչպե՞ս են այդ հատկություններն ազդում ընտանիքի մթնոլորտի վրա։

8 Կարդա՛ Եփեսացիներ 4։31, 32; 5։8, 9։ Կեսօրվա շոգին մեղմ զեփյուռի և սառը ըմպելիքի պես՝ բարությունն ու առաքինությունը թարմություն են պատճառում։ Այս հատկությունները ընտանիքում հաճելի մթնոլորտ են ստեղծում։ Բարությունը գրավիչ հատկություն է։ Այն բխում է մյուսների հանդեպ անկեղծ հետաքրքրվածությունից, որը դրսևորվում է օգտակար գործերով և նրբանկատ խոսքերով։ Առաքինությունը, բարության նման, դրական հատկություն է։ Այն արտահայտվում է ուրիշների համար արած լավ գործերով։ Առաքինի մարդը առատաձեռն է (Գործ. 9։36, 39; 16։14, 15)։ Սակայն սա դեռ ամենը չէ. այս հատկության մասին կարելի է ավելին ասել։

9 Առաքինությունը բարձր բարոյականության ցուցանիշ է։ Այն ցույց է տալիս մարդու էությունը։ Առաքինի մարդուն կարելի է համեմատել մի մրգի հետ, որը ոչ միայն արտաքինից է գեղեցիկ ու հրապուրիչ, այլ նաև համեղ է և հյութալի։ Նմանապես առաքինությունը, որը առաջ է բերում սուրբ ոգին, պարզ երևում է քրիստոնյայի կյանքի բոլոր ոլորտներում։

10. Ի՞նչ կարելի է անել, որպեսզի ընտանիքի անդամները մշակեն ոգու պտուղը։

10 Ի՞նչը կարող է օգնել, որ ընտանիքի անդամները լինեն բարի ու առաքինի։ Աստծու Խոսքի լավ իմացությունը մեծ դեր է խաղում այս հարցում (Կող. 3։9, 10)։ Ընտանիքների գլուխներից ոմանք ամեն շաբաթ ընտանեկան երկրպագության ժամանակ քննարկման մեջ ընդգրկում են նաև ոգու պտղի մասին նյութեր։ Նման ուսումնասիրություն կազմակերպելը դժվար չէ։ Գրականության մեջ փնտրտուքներ անելով՝ կարելի է ոգու պտղի հատկությունների վերաբերյալ նյութեր հավաքել։ Ապա մի քանի շաբաթների ընթացքում կարելի է քննարկել այդ հատկություններից մեկը՝ ամեն անգամ հավաքած նյութերից ուսումնասիրելով մի փոքր հատված։ Լավ կլինի, որ ուսումնասիրության ժամանակ կարդաք և քննարկեք մեջբերված աստվածաշնչյան համարները։ Խոսեք նաև այն մասին, թե ձեր սովորածը ինչպես կարող եք կիրառել, և աղոթեք Եհովային, որ օրհնի ձեր ջանքերը (1 Տիմոթ. 4։15; 1 Հովհ. 5։14, 15)։ Չե՞ս կարծում, որ այսպիսի քննարկումը դրական փոփոխություններ կմտցնի քո ընտանիքի անդամների՝ միմյանց հանդեպ դրսևորած վերաբերմունքի մեջ։

11, 12. Բարության մասին ուսումնասիրությունը ինչպե՞ս օգնեց երկու ամուսնական զույգերի։

11 Մի երիտասարդ ամուսնական զույգ, որը ցանկանում էր երջանիկ ընտանեկան կյանք ունենալ, որոշեց խորությամբ ուսումնասիրել ոգու պտուղը։ Ի՞նչ օգուտներ բերեց նրանց այդ որոշումը։ Կինն ասում է. «Իմանալով, որ բարությունը իր մեջ ներառում է հավատարմություն և նվիրվածություն՝ մենք լուրջ փոփոխություններ մտցրեցինք միմյանց հանդեպ մեր վերաբերմունքի մեջ։ Մենք սովորեցինք լինել զիջող և ներողամիտ, ինչպես նաև օգտագործել «շնորհակալություն» և «ներողություն» բառերը»։

12 Մեկ ուրիշ ամուսնական զույգ, որն ընտանեկան կյանքում լուրջ խնդիրների առաջ էր կանգնել, հասկացավ, որ իրենց փոխհարաբերություններում պակասում է բարությունը։ Ամուսինները որոշեցին միասին ուսումնասիրել այդ հատկությունը։ Ի՞նչ արդյունք ունեցավ այն։ Ամուսինը պատմում է. «Ավելի լավ հասկանալով, թե ինչ է բարությունը՝ մենք եկանք այն եզրահանգմանը, որ միմյանց հանդեպ կասկածներ ունենալու և սխալ մղումներ վերագրելու փոխարեն՝ պետք է իրար մեջ լավը փնտրենք։ Մենք սկսեցինք ավելի ուշադիր լինել իրար հանդեպ։ Ինձ համար լինել բարի նշանակում էր մղել կնոջս ազատ արտահայտելու իր մտքերը և չշտապել վիրավորվել նրա խոսքերից։ Դա նշանակում էր նաև մի կողմ դնել հպարտությունը։ Երբ սկսեցինք բարությամբ վերաբերվել իրար, մեր մեջ առաջացած սառցե պատնեշը սկսեց հալվել։ Դա իրոք փրկություն եղավ մեզ համար»։ Իսկ քո ընտանիքին ինչպե՞ս կարող է օգնել ոգու պտղի ուսումնասիրությունը։

Հավատ դրսևորիր, նույնիսկ երբ մենակ ես

13. Ի՞նչ վտանգներից պետք է պաշտպանենք մեր հոգևոր վիճակը։

13 Քրիստոնյաները պետք է թույլ տան, որ Աստծու ոգին առաջնորդի իրենց ամեն ժամանակ՝ թե՛ մարդկանց շրջապատում, թե՛ մենակ։ Սատանայի աշխարհում անբարո պատկերներն ու այլասերված զվարճությունները գնալով ավելի տարածված են դառնում։ Դրանք վտանգներ են, որոնք կարող են ազդել մեր հոգևոր վիճակի վրա։ Ի՞նչ պետք է անի քրիստոնյան։ Աստծու Խոսքը հորդորում է մեզ. «Մի կողմ դրեք ամեն կեղտոտ բան և այն, ինչն անօգուտ ու անպետք է, այսինքն՝ չարությունը, և հեզությամբ ընդունեք սերմանվող խոսքը, որը կարող է փրկել ձեր հոգիները» (Հակ. 1։21)։ Եկեք քննենք, թե ինչպես կարող է հավատը՝ սուրբ ոգու մյուս հատկությունը, օգնել մեզ անարատ մնալու Եհովայի առաջ։

14. Ինչպե՞ս է հավատի պակասը հանգեցնում սխալ քայլի։

14 Հավատալ նշանակում է գիտակցել, որ Եհովան իրական անձնավորություն է։ Եթե Աստված մեզ համար իրական չլինի, ապա հեշտությամբ կարող ենք սխալ քայլ անել։ Նկատի առնենք, թե ինչ էր կատարվում Իսրայելում Եզեկիելի օրերում։ Եհովան ցույց տվեց իր մարգարեին, թե ինչ գարշելի բաներ էին անում մարդիկ ծածուկ տեղերում։ Նա ասաց. «Տեսնո՞ւմ ես, ո՛վ մարդու որդի, թե Իսրայելի տան երեցները մթության մեջ ինչ են անում ներքին սենյակներում, որտեղ յուրաքանչյուրն իր պատկերավոր կոթողն ունի։ Նրանք ասում են. «Եհովան չի տեսնում մեզ։ Եհովան լքել է երկիրը»» (Եզեկ. 8։12)։ Նկատեցի՞ր, թե որտեղ է թաքնված խնդրի արմատը։ Նրանք չէին գիտակցում, որ Եհովան տեսնում է ամեն բան։ Եհովան իրական չէր նրանց համար։

15. Ինչպե՞ս է Եհովայի հանդեպ ամուր հավատը պաշտպանում մեզ։

15 Տեսնենք, թե ի տարբերություն նրանց՝ ինչպես վարվեց Հովսեփը։ Թեև նա գտնվում էր իր ընտանիքից հեռու՝ օտարության մեջ, նա Պետափրեսի կնոջ հետ պոռնկություն չգործեց։ Իսկ ինչո՞ւ։ Հովսեփն ասաց. «Ինչպե՞ս կարող եմ անել այս մեծ չարիքը և մեղք գործել Աստծու դեմ» (Ծննդ. 39։7–9)։ Այո՛, Եհովան իրական էր նրա համար։ Ուստի եթե Աստված մեզ համար էլ իրական լինի, մենք չենք դիտի անբարո տեսարաններ և չենք անի բաներ, որոնք զզվելի են Աստծու համար։ Մենք սաղմոսերգուի պես վճռականորեն կասենք. «Իմ սրտի անարատությամբ կքայլեմ իմ տան մեջ։ Աչքերիս առաջ որևէ անպիտան բան չեմ դնի» (Սաղ. 101։2, 3

Պահպանիր սիրտդ՝ ունենալով ինքնատիրապետում

16, 17. ա) Առակներ գրքի նկարագրության համաձայն՝ ինչպե՞ս անխոհեմ պատանին ընկավ մեղքի ծուղակը։ բ) Այսօր նմանատիպ ի՞նչ իրավիճակում կարող է հայտնվել քրիստոնյան՝ անկախ տարիքից (տե՛ս 26-րդ էջի նկարը)։

16 Ինքնատիրապետումը ոգու պտղի վերջին հատկությունն է, որի օգնությամբ կարողանում ենք մերժել այն ամենն, ինչ դատապարտում է Աստված։ Այն կարող է օգնել մեզ, որ պահպանենք մեր սիրտը (Առակ. 4։23)։ Քննենք այն իրադրությունը, որը նկարագրված է Առակներ 7։6–23 համարներում։ Այնտեղ պատմվում է մի պատանու մասին, որը «խոհեմ սիրտ չունի» և չի ընդդիմանում մարմնավաճառ կնոջ հրապուրանքին։ Պատանին ընկնում է նրա ծուղակը, որովհետև անցնում է այն փողոցով, որտեղ նրա տունն է։ Հնարավոր է՝ նրան հետաքրքրասիրությունն է բերել այստեղ։ Սակայն շատ չանցած՝ նա այլևս չի գիտակցում, որ մոլորեցնում են իրեն, և այդպիսով «իր հոգին վտանգի է ենթարկվում»։

17 Այս պատանին կարող էր խուսափել նման վախճանից, եթե ականջ դներ հետևյալ նախազգուշացմանը. «Նրա ճամփաներում մի՛ թափառիր» (Առակ. 7։25)։ Այս օրինակից բոլորս էլ կարող ենք դաս քաղել։ Եթե ուզում ենք, որ Աստծու ոգին առաջնորդի մեզ, չպետք է մեզ դնենք այնպիսի իրավիճակում, որը փորձության մեջ կգցի մեզ։ Քրիստոնյան կարող է բռնել անխոհեմ պատանու սխալ ուղին, եթե աննպատակ փոխի հեռուստացույցի ալիքները կամ թափառի ինտերնետում։ Գիտակցաբար թե անգիտակցաբար նա գուցե նայի անսպասելիորեն իր առաջ բացված այնպիսի տեսարաններ, որոնք իր մեջ կարող են կրքեր արթնացնել։ Այդպես նա գուցե աստիճանաբար պոռնկագրություն դիտելու անմաքուր սովորություն ձեռք բերի, ինչը կործանարար ազդեցություն կթողնի թե՛ իր մաքուր խղճի և թե՛ Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունների վրա։ Դա կարող է վտանգել նույնիսկ նրա կյանքը (կարդա՛ Հռոմեացիներ 8։5–8

18. Ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել քրիստոնյան իր սիրտը պահպանելու համար, և ի՞նչ կապ ունի դա ինքնատիրապետում դրսևորելու հետ։

18 Ինչ խոսք, երբ մեր առջև անվայել տեսարան է բացվում, մենք կարող ենք և պետք է ինքնատիրապետում դրսևորենք՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով։ Սակայն շատ ավելի լավ կլինի խուսափել այդպիսի իրավիճակներում հայտնվելուց (Առակ. 22։3)։ Անհրաժեշտ սահմանափակումներ դնելն ու դրանց հետևելը կօգնի, որ ինքնատիրապետում դրսևորենք և պաշտպանված լինենք։ Օրինակ՝ համակարգիչը կարելի է դնել այնպիսի տեղում, որ ընտանիքի բոլոր անդամների աչքի առաջ լինի։ Ոմանք նախընտրում են չօգտվել համակարգչից կամ հեռուստացույց չդիտել, երբ տանը մենակ են։ Ոմանք էլ ընդհանրապես հրաժարվել են ինտերնետից (կարդա՛ Մատթեոս 5։27–30)։ Թող որ մեզնից յուրաքանչյուրը բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկի պաշտպանելու համար իրեն և իր ընտանիքին, որպեսզի Եհովային երկրպագի «անարատ սրտով, մաքուր խղճով և կեղծավորությունից զերծ հավատով» (1 Տիմոթ. 1։5

19. Որո՞նք են այն օգուտները, որ ստանում ենք սուրբ ոգով առաջնորդվելու շնորհիվ։

19 Շատ են այն օգուտները, որ տալիս է սուրբ ոգու պտուղը։ Մեղմությունն ու համբերատարությունը օգնում են պահպանելու ժողովի խաղաղությունը։ Բարությունը և առաքինությունը նպաստում են ընտանիքի երջանկությանը։ Հավատն ու ինքնատիրապետումը օգնում են մոտ լինելու Եհովային և մաքուր մնալու նրա առաջ։ Գաղատացիներ 6։8-րդ համարը վստահեցնում է մեզ. «Ոգու համար ցանողը ոգուց հավիտենական կյանք կհնձի»։ Համոզված եղիր, որ Քրիստոսի փրկանքի հիման վրա Եհովան իր սուրբ ոգու միջոցով հավիտենական կյանք կշնորհի նրանց, ովքեր թույլ են տալիս, որ ոգին առաջնորդի իրենց։

Ինչպե՞ս կպատասխանես

• Ինչպե՞ս են մեղմությունն ու համբերատարությունը նպաստում ժողովի խաղաղությանը։

• Ի՞նչը կօգնի ընտանիքի անդամներին լինելու բարի և առաքինի։

• Ինչպե՞ս են հավատն ու ինքնատիրապետումը օգնում քրիստոնյային պահպանելու իր սիրտը։

[հարցեր ուսումնասիրության համար]

[նկար 24-րդ էջի վրա]

Ի՞նչ կարելի է անել, որ զրույցը չթեժանա ու չվերածվի վեճի

[նկար 25-րդ էջի վրա]

Ոգու պտղի ուսումնասիրությունը կնպաստի ընտանիքիդ երջանկությանը

[նկար 26-րդ էջի վրա]

Ի՞նչ վտանգներից կխուսափենք, եթե հավատ և ինքնատիրապետում դրսևորենք