Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Եհովան իմ Հովիվն է»

«Եհովան իմ Հովիվն է»

Մոտեցեք Աստծուն

«Եհովան իմ Հովիվն է»

ՆԱՅԻՐ նկարին։ Տեսնո՞ւմ ես, թե որքան ապահով է զգում իրեն հովվի ջերմ գրկում ծվարած գառնուկը։ 23-րդ սաղմոսում այլաբանական իմաստով նկարագրված է հովվի վերաբերմունքը ոչխարների նկատմամբ, որը ցույց է տալիս, թե ինչ ջերմություն ու հոգատարություն է դրսևորում Եհովան իր երկրպագուների հանդեպ։ Նա ուզում է, որ մենք ապահով զգանք մեզ և սաղմոսերգու Դավթի նման վստահությամբ ասենք. «Եհովան իմ Հովիվն է» * (համար 1

Այս սաղմոսը գրողը՝ Դավիթը, պատանի հասակում հովիվ էր։ Նա գիտեր, թե ինչի կարիք ունեն ոչխարները և թե ինչ պարտականություններ ունի հովիվը։ Դավիթը, որն իր կյանքում զգացել էր Աստծու հոգատարությունը, գրեց մի սաղմոս, որը հաճախ կոչում են «վստահության սաղմոս»։ Աստծու անունը՝ Եհովա, հանդիպում է այդ սաղմոսի սկզբում և վերջում (համարներ 1, 6)։ Իսկ ամբողջ սաղմոսում նշվում են երեք կերպեր, որոնց միջոցով Եհովան հոգ է տանում իր ժողովրդին, ինչպես հովիվը՝ գառներին (Սաղմոս 100։3

Եհովան առաջնորդում է իր ոչխարներին։ Առանց հովվի՝ ոչխարները սովորաբար մոլորվում են։ Նմանապես մենք, ճիշտ ուղին գտնելու համար օգնության կարիք ունենք (Երեմիա 10։23)։ Դավիթը նկարագրում է, թե ինչպես է Եհովան իր ժողովրդին տանում դեպի «խոտառատ արոտավայրեր» ու «ջրառատ հանգստի վայրեր»։ Աստված առաջնորդում է նրան «արդարության շավիղներով» (համարներ 2, 3)։ Այս նկարագրությունները հավաստիացնում են մեզ, որ կարող ենք վստահել Աստծուն։ Հետևելով Եհովայի առաջնորդությանը, որը նա տալիս է Աստվածաշնչի միջոցով՝ կարող ենք ապրել այնպիսի կյանքով, որը կբերի բավարարվածություն, թարմություն և ապահովության զգացում։

Եհովան պաշտպանում է իր ոչխարներին։ Առանց հովվի՝ ոչխարները վախկոտ են ու անօգնական։ Եհովան վստահեցնում է իր ծառաներին, որ կարիք չկա վախենալու, նույնիսկ երբ «թանձր խավարի հովտում են քայլում», այսինքն՝ ապրում են իրենց կյանքի ամենադժվար պահերը (համար 4)։ Եհովան ուշադիր հետևում է նրանց և միշտ պատրաստ է օգնելու։ Նա կարող է իր երկրպագուներին իմաստություն և զորություն տալ, որպեսզի նրանք դիմադրեն փորձություններին (Փիլիպպեցիներ 4։13; Հակոբոս 1։2–5

Եհովան կերակրում է իր գառներին։ Ոչխարները կախում ունեն իրենց հովվից, քանի որ միայն նա է կերակրում իրենց։ Իսկ մենք ունենք հոգևոր կարիքներ, որոնք կարող ենք բավարարել միայն Աստծու օգնությամբ (Մատթեոս 5։3)։ Հուրախություն մեզ՝ Եհովան առատաձեռն Կերակրող է, որը իր ծառաների համար ճոխ սեղան է պատրաստում (համար 5)։ Աստվածաշունչն ու դրա վրա հիմնված գրականությունները, օրինակ՝ քո ձեռքի ամսագիրը, հոգևոր կերակուր են, որոնք օգնում են գտնելու կյանքի իմաստը և հասկանալու Աստծու նպատակները։

Դավիթն իրեն ապահով էր զգում։ Նա հասկանում էր, որ եթե մոտ մնա իր երկնային Հովվին, կզգա նրա ջերմ հոգատարությունը «[իր] կյանքի բոլոր օրերում» (համար 6)։ Փափագո՞ւմ ես ունենալ ապահովության նման զգացում։ Եթե այո, ապա ձեռք բեր գիտելիքներ Եհովայի մասին, որոնք կօգնեն քեզ մոտենալու նրան։ Այդ ժամանակ դու քեզ ապահով կզգաս Մեծ Հովվի բազուկներում, որն առաջնորդում, պաշտպանում և կերակրում է բոլոր նրանց, ովքեր հավատարիմ են մնում իրեն (Եսայիա 40։11

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՄԱՅԻՍ ԱՄՍՎԱ ՀԱՄԱՐ

Հոբ 38Սաղմոս 25

[ծանոթագրություն]

^ պարբ. 1 Ընթերցողներից շատերին ծանոթ է հետևյալ թարգմանությունը. «ՏԵՐՆ իմ Հովիվն է»։ Պարզելու համար, թե ինչու են Աստվածաշնչի որոշ թարգմանություններից հանում Աստծու անունը՝ Եհովա, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 195–197 էջերում տեղ գտած նյութը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։