Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Լավ երկրի յոթ բարիքները

Լավ երկրի յոթ բարիքները

Լավ երկրի յոթ բարիքները

ՀԻՆ Իսրայելը բլուրների և հովիտների, առափնյա հարթավայրերի ու բարձրավանդակների, գետերի ու աղբյուրների երկիր էր։ Այստեղ կային կլիմայական տարբեր գոտիներ. հյուսիսում՝ ձյունապատ լեռներ, հարավում՝ կիզիչ անապատ։ Երկիրը հարուստ էր հողի տարբեր տեսակներով։ Այս ամենի շնորհիվ աճում էին ամենատարբեր տեսակի հացահատիկային կուլտուրաներ։ Մովսեսն ուզում էր, որ իսրայելացիները մեծ ակնկալիքներով մտնեն Ավետյաց երկիր, ուստի հատուկ նշեց այդ «լավ երկրի» բարիքներից յոթը՝ «ցորեն, գարի, որթատունկ, թուզ, նուռ, մեղր և ձիթապտուղ» (2 Օրենք 8։7, 8)։Տարբեր ժամանակաշրջաններում իսրայելացիների մետաղադրամների և նամականիշների վրա հայտնվել են գյուղատնտեսական կուլտուրաների պատկերներ, որոնք խորհրդանշում էին հողի արգասաբերությունը։ Ինչպե՞ս էին այդ կուլտուրաները մշակվում աստվածաշնչյան ժամանակներում և որքանո՞վ էին կարևոր մարդկանց համար։ Եկեք տեսնենք։

«Ցորեն ու գարի»։ Չնայած ցորենն էլ, գարին էլ աշնանն էին ցանում, բայց գարին ցորենից մեկ ամիս շուտ էր հասնում։ Գարու բերքի առաջին խուրձը Անթթխմոր հացերի տոնին, որը մարտ կամ ապրիլ ամսին էր, բերում էին տաճար և նվիրաբերում Եհովային։ Իսկ ցորենի հացը նվիրաբերում էին Շաբաթների տոնին, կամ՝ Պենտեկոստեին (Ղևտական 23։10, 11, 15–17

Դարեր շարունակ՝ ընդհուպ մինչև վերջերս, իսրայելացի հողագործները հացահատիկի սերմը ցանում էին ձեռքով. մի ձեռքով բռնում էին հագուստի փեշից, որում լցնում էին սերմը, իսկ մյուս ձեռքով՝ ցանում։ Գարին պարզապես շաղ էին տալիս հողի վրա։ Ցորենի սերմը, սակայն, ցանելուց հետո հարկավոր էր ծածկել։ Դա արվում էր կա՛մ լծկան անասունների միջոցով, որոնք կոխկռտում էին հողը, կա՛մ արտը նորից հերկելով։

Աստվածաշնչում հաճախ է հիշատակվում հացահատիկը ցանելու, հնձելու, կալսելու, քամհարելու և աղալու մասին։ Այս պրոցեսներից յուրաքանչյուրը մեծ ջանքեր էր պահանջում։ Մարդիկ ամեն օր հացահատիկ էին աղում և հաց թխում։ Այս տեղեկությունը օգնում է մեզ ավելի լավ հասկանալու տիպար աղոթքում Հիսուսի ասած հետևյալ խոսքերը. «Տուր մեզ այսօր մեր օրվա հացը» (Մատթեոս 6։11)։ Աստվածաշնչյան ժամանակներում ամբողջական ցորենից կամ գարուց պատրաստված ալյուրը մարդկանց հիմնական սննդամթերքն էր (Եսայիա 55։10

«Որթատունկ, թուզ և նուռ»։ Իսրայելացիներին անապատում 40 տարի առաջնորդելուց հետո Մովսեսը նրանց ասաց, որ իրենք շուտով վայելելու են Ավետյաց երկրի բարիքները։ Դրանից 40 տարի առաջ իսրայելացի հետախույզները Ավետյաց երկրից համեղ պտուղներ էին բերել։ Ի՞նչ պտուղներ էին դրանք։ Հետախույզները «խաղողի որթատունկից մի ճյուղ կտրեցին, որի վրա ողկույզ կար», և դա այնքան ծանր էր, որ «երկու մարդ ձողով տանում էին այն»։ Նրանք նաև նռներ ու թզեր բերեցին։ Անապատում ապրող իսրայելացիները, անկասկած, կուզենային միշտ վայելել Ավետյաց երկրի բարիքները (Թվեր 13։20, 23

Խաղողի վազերը մշտական խնամքի կարիք ունեին։ Դրանք հարկավոր էր էտել, ոռոգել, նաև հավաքել խաղողը, որպեսզի պտղաբերությունը միշտ բարձր լիներ։ Բլրալանջերին փռված խաղողի այն այգիները, որոնց տերերը հոգատար էին, ունեին ցանկապատ, լավ կառուցված սանդղավանդներ և պահակի տաղավար։ Իսրայելացիները շատ լավ գիտեին, որ հարկավոր է ծանր աշխատել, որպեսզի այգին լավ վիճակում մնա (Եսայիա 5։1–7

Խաղողի բերքահավաքի օրերին իսրայելացիները սկսում էին գինի պատրաստել։ Ողկույզները տրորում էին մեծ տակառներում կամ էլ ճզմում էին գինու հնձանում։ Ստացված հյութը եռացնում էին և ստանում բնական շաքար կամ թողնում էին, որ թթվի և գինի դառնա։ Ինչ խոսք, խաղող աճեցնելու և գինի պատրաստելու համար Իսրայելն ուներ բոլոր անհրաժեշտ պայմանները *։

Այն երկրներում, որտեղ թուզ չի աճում, մարդիկ հավանաբար միայն թզի չիր են տեսել։ Երբ թուզը քաղում ես ծառից և ուտում, թվում է՝ բոլորովին այլ միրգ է, այնքա՜ն քաղցր և հյութեղ է։ Որպեսզի թզի բերքը չփչանա, այն չորացնում են արևի տակ և փաթեթավորում։ Աստվածաշնչում հաճախ է հիշատակվում «չորացրած թզի բլիթների» մասին (1 Սամուել 25։18

Երբ զգուշորեն կտրում ես նռան կեղևը և մատներով բացում այն, քեզ աչքով են անում հարյուրավոր հատիկներ, որոնք կիպ դասավորված են կողք կողքի։ Նռան հատիկները կարելի է ուտել միանգամից, կամ էլ դրանցից հյութ պատրաստել։ Այն շատ հաճելի է ու սննդարար։ Աստվածաշնչյան ժամանակներում նուռը շատ արժեքավոր էր համարվում։ Դա երևում է այն բանից, որ քահանայապետի վերնազգեստի փեշերը զարդարված էին թելից հյուսված նռներով, իսկ Սողոմոնի տաճարի սյուները՝ պղնձե նռներով (Ելք 39։24; 1 Թագավորներ 7։20

«Ձիթապտուղ և մեղր»։ Սուրբ Գրքում ձիթապտուղը հիշատակվում է մոտ 60 անգամ։ Այն օգտագործում են կերակրի մեջ։ Դրանից նաև յուղ են ստանում։ Մինչ օրս Իսրայելի տարածքի մեծ մասը ծածկված է ձիթենիներով (2 Օրենք 28։40)։ Ձիթապտղի բերքահավաքը տեղի է ունենում հոկտեմբեր ամսին, և շատ վայրերում ընտանիքով են մասնակցում դրան։ Ինչպե՞ս են հավաքում բերքը։ Բերքը հավաքողները հարվածում են ձիթենու ճյուղերին, թափում պտուղները ու սկսում հավաքել։ Ձիթապտուղը պահածոյացնում են և ողջ տարվա ընթացքում օգտագործում կերակրի մեջ կամ էլ ձիթհան մամլիչով ճզմում են և յուղ ստանում։ Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են հարյուրավոր ձիթհան մամլիչներ։ Ձիթապտղի բաց կանաչավուն յուղը աչք է շոյում։ Այն հավաքում են ամանների մեջ և օգտագործում սեփական կարիքների համար կամ տանում են շուկա ու վաճառում։ Ձիթապտղի յուղը օգտագործում են նաև կոսմետիկայում, իսկ անցյալում այն ծառայել է նաև որպես ճրագի վառելանյութ։

Մեղրը, որի մասին հիշատակեց Մովսեսը, կա՛մ մեղուների մեղրն էր, կա՛մ արմավից ու խաղողից ստացված օշարակը։ Այսօր էլ մրգերից ստացված մեղրը հաճախ փոխարինում է շաքարին։ Այն մեղրը, որը հիշատակվում է Սամսոնի և Հովնաթանի մասին աստվածաշնչյան արձանագրություններում, վայրի մեղր էր (Դատավորներ 14։8, 9; 1 Սամուել 14։27)։ Վերջերս Իսրայելի հյուսիսում՝ Թել Ռեհովում, հայտնաբերել են մի մեղվանոց, որում կար 30-ից ավելի փեթակ։ Սա ցույց է տալիս, որ դեռևս Սողոմոնի օրերում մարդիկ մեղվապահությամբ են զբաղվել։

Այսօր եթե լինեք Իսրայելում և շրջեք այս երկրի գունագեղ շուկաներով, ապա կտեսնեք հացի փռեր և բազմապիսի մրգերի ու բանջարեղենի՝ առատությունից պայթող վաճառասեղաններ։ Անշուշտ, ձեր աչքից չեն վրիպի նաև մեր հոդվածում քննարկված «յոթ բարիքները», որոնք այս երկրում արտադրվող բազմապիսի մթերքներից ընդամենը մի քանիսն են։ Գյուղատնտեսական ժամանակակից մեթոդների շնորհիվ հնարավոր է դարձել նաև այլ երկրներից բերված կուլտուրաների մշակումը։ Այս ամբողջ առատությունը ցույց է տալիս, որ հողի այս փոքրիկ կտորը իրոք արժանի է կոչվելու «լավ երկիր» (Թվեր 14։7

[ծանոթագրություն]

^ պարբ. 8 Խաղողը նաև չորացնում էին և չամիչ ստանում (2 Սամուել 6։19

[նկար 11-րդ էջի վրա]

ՑՈՐԵՆ

[նկար 11-րդ էջի վրա]

ԳԱՐԻ

[նկար 12-րդ էջի վրա]

ԽԱՂՈՂ

[նկար 12-րդ էջի վրա]

ԹՈՒԶ

[նկար 12-րդ էջի վրա]

ՆՈՒՌ

[նկար 13-րդ էջի վրա]

ՄԵՂՐ

[նկար 13-րդ էջի վրա]

ՁԻԹԱՊՏՈՒՂ