Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հարկեր պե՞տք է վճարել

Հարկեր պե՞տք է վճարել

Հարկեր պե՞տք է վճարել

ՔԻՉ մարդիկ են հաճույքով վճարում հարկերը։ Շատերն ասում են, որ իրենց վճարած հարկերը ոչ արդյունավետ կերպով են ծախսվում, իսկ դրանց մի մասը յուրացվում է։ Ոմանք, սակայն, չեն ուզում վճարել հարկերը բարոյական պատճառներով։ Մերձավորարևելյան քաղաքներից մեկի բնակիչները այսպես են բացատրում, թե ինչու չեն վճարում հարկերը. «Մենք փող չենք տա այն փամփուշտների համար, որոնք հետո պիտի արձակվեն մեր երեխաների վրա»։

Սրանք հատուկենտ կարծիքներ չեն և նոր էլ չեն։ Հնդիկ առաջնորդ Մոհանդաս Գանդին բացատրեց, թե ինչու իր խիղճը թույլ չի տալիս իրեն վճարել հարկերը. «Նա, ով ուղղակի կամ անուղղակի աջակցում է ռազմական ուղղվածություն ունեցող պետությանը, մասնակից է դառնում մեղքի։ Յուրաքանչյուր մարդ՝ երիտասարդ թե տարեց, վճարելով հարկերը և նպաստելով այդպիսի պետության պահպանմանը, մասնակցում է մեղքի»։

19-րդ դարի փիլիսոփա Հենրի Դեյվիդ Թորոն բարոյական հիմքեր բերեց, թե ինչու ինքը չի վճարում այն հարկերը, որոնք օգտագործվում են պատերազմի համար։ Նա ասաց. «Արդյո՞ք քաղաքացին պետք է թույլ տա օրենսդրին կայացնելու այն որոշումները, որոնք հենց ինքը պետք է կայացնի՝ ելնելով իր խղճից։ Եթե այո, այդ դեպքում ինչի՞ համար է ամեն մարդ օժտված խղճով»։

Այս հարցը, անշուշտ, հետաքրքրում է քրիստոնյաներին, որովհետև Աստվածաշունչը հստակ ասում է, որ քրիստոնյան պետք է մաքուր խիղճ ունենա բոլոր հարցերում (2 Տիմոթեոս 1։3)։ Աստվածաշունչը ընդունում է, որ պետական իշխանությունները իրավունք ունեն հարկեր հավաքելու։ Կարդում ենք. «Թող ամեն անձ հպատակվի վերին իշխանություններին [մարդկային կառավարություններին], որովհետև չկա մի իշխանություն, որ Աստծուց չլինի։ Գոյություն ունեցող իշխանությունները Աստծու կողմից են դրված իրենց հարաբերական դիրքերում։ Ուրեմն դուք ծանրակշիռ պատճառ ունեք հպատակվելու ոչ միայն այդ զայրույթի պատճառով, այլև ձեր խղճի։ Ահա թե ինչու դուք նաև հարկեր եք վճարում, որովհետև նրանք Աստծուն ծառայողներ են, որ անդադար ծառայում են այդ նպատակով։ Ամեն մեկին տվեք իր հասանելիքը. որին պետք է հարկ տալ՝ հարկը» (Հռոմեացիներ 13։1, 5–7

Այդ իսկ պատճառով առաջին դարի քրիստոնյաները բարեխղճորեն վճարում էին հարկերը, թեև դրանց զգալի մասը հատկացվում էր ռազմական ծախսերին։ Այսօր Եհովայի վկաները հետևում են նրանց օրինակին *։ Բայց հարց է առաջանում. «Ինչպե՞ս կարող է քրիստոնյան վճարել այն հարկերը, որոնք ծախսվում են ռազմական նպատակներով»։ Արդյո՞ք նա պետք է խեղդի իր խղճի ձայնը, երբ գալիս է հարկեր վճարելու ժամանակը։

Հարկերը և խիղճը

Այն հարկերի մի մասը, որ առաջին դարի քրիստոնյաները վճարում էին, ծախսվում էր զինված ուժերի վրա։ Վճարելով հարկերը՝ նրանք իրենց խիղճը մաքուր էին պահում։ Բայց այդ նույն խիղճը մաքուր պահելու համար Գանդին և Թորոն ասում էին, որ չպետք է վճարել ռազմական նպատակներով օգտագործվող հարկերը։

Նկատենք, որ քրիստոնյաները Հռոմեացիներ 13-րդ գլխում տրված պատվերին հնազանդվում էին ոչ միայն այն պատճառով, որ ուզում էին խուսափել պատժից, այլև «իրենց խղճի պատճառով» (Հռոմեացիներ 13։5)։ Այո՛, քրիստոնյայի խիղճը իրոք պահանջում է նրանից վճարել հարկերը, նույնիսկ եթե դրանք օգտագործվում են իր կողմից մերժելի նպատակներով։ Այս թվացյալ պարադոքսը ըմբռնելու համար մենք պետք է մի շատ կարևոր բան հասկանանք մեր խղճի՝ մեր ներքին ձայնի վերաբերյալ, ձայն, որը մեզ ասում է՝ ճիշտ ենք վարվում, թե ոչ։

Ինչպես նկատեց Թորոն, ամեն մարդ ունի իր ներքին ձայնը։ Բայց միշտ չէ, որ այդ ձայնին կարելի է վստահել։ Աստծուն հաճելի լինելու համար մենք պետք է մաքուր խիղճ ունենանք, ինչը հնարավոր կլինի, եթե ենթարկվենք նրա բարոյական չափանիշներին։ Հաճախ անհրաժեշտ է լինում մեր մտածելակերպը համապատասխանեցնել Աստծու մտածելակերպին, որովհետև նրա մտքերը բարձր են մեր մտքերից (Սաղմոս 19։7)։ Ուստի պետք է ջանանք հասկանալ, թե ինչ տեսակետ ունի Աստված մարդկային կառավարությունների վերաբերյալ։

Պողոս առաքյալը մարդկային կառավարություններին անվանեց «Աստծուն ծառայողներ» (Հռոմեացիներ 13։6)։ Ի՞նչ է դա նշանակում։ Հիմնականում սա նշանակում է, որ նրանք պահպանում են կարգուկանոնը և արժեքավոր ծառայություններ են մատուցում հասարակությանը։ Նույնիսկ ամենավատ պետություններում իշխանությունները հաճախ կազմակերպում են փոստի առաքումը, կրթությունը, հրշեջ ծառայությունը և օրենքների գործադրումը։ Իհարկե, Աստված լիովին տեղյակ է, թե ինչ թերություններ ունեն մարդկային իշխանությունները, սակայն նա ժամանակավորապես հանդուրժում է դրանց գոյությունը, իսկ մեզ պատվիրում է, որ հարկերը վճարենք՝ հարգելով իր կայացրած որոշումը, այն է՝ մարդկային կառավարությունները իրավունք ունեն ղեկավարելու հասարակությունը։

Սակայն Աստված այդ կառավարություններին թույլ է տվել ղեկավարելու մարդկանց միայն ժամանակավորապես։ Նա ցանկանում է բոլոր կառավարությունները փոխարինել իր երկնային Թագավորությամբ և հիմնովին չեզոքացնել այն բոլոր վնասները, որ դարեր շարունակ պատճառել է մարդու իշխանությունը (Դանիել 2։44; Մատթեոս 6։10)։ Բայց այդ ժամանակը դեռ չի եկել, և Աստված քրիստոնյաներին իրավունք չի տվել քաղաքացիական անհնազանդություն դրսևորել՝ հարկերը չվճարելով կամ որևէ այլ ձևով։

Այնուամենայնիվ, գուցե շարունակեք մտածել, որ հարկեր վճարելը սխալ է, որովհետև դրանք օգտագործվում են պատերազմները ֆինանսավորելու նպատակով։ Երբ ավելի բարձր տեղ ենք կանգնում, մեր տեսադաշտը մեծանում է։ Նմանապես, երբ մեր մտածելակերպը համապատասխանեցնում ենք Աստծու մտածելակերպին, իրերին սկսում ենք նայել նրա տեսանկյունից։ Եսայիա մարգարեի միջոցով Աստված ասաց. «Ինչպես որ երկինքն է երկրից բարձր, այնպես էլ իմ ճանապարհներն են բարձր ձեր ճանապարհներից, ու իմ մտքերը՝ ձեր մտքերից» (Եսայիա 55։8, 9

Ունե՞ն բացարձակ իշխանություն

Այն, որ Աստվածաշունչը պատվիրում է հարկերը վճարել, չի նշանակում, որ մարդկային կառավարությունները կարող են բացարձակ իշխանություն ունենալ իրենց հպատակների վրա։ Հիսուսն ասաց, որ Աստված այդ կառավարություններին տվել է միայն սահմանափակ իշխանություն։ Երբ Քրիստոսին հարցրին, թե արդյոք Աստծու տեսանկյունից ընդունելի է հարկեր վճարել այդ ժամանակ իշխող Հռոմեական կայսրությանը, նա խորիմաստ պատասխան տվեց. «Կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն» (Մարկոս 12։13–17

Պետությունը՝ Հիսուսի խոսքերով՝ «կայսրը», դրամ է հատում կամ տպում և հետևում է դրա արժեքի պահպանմանը։ Ուստի Աստծու տեսանկյունից՝ նա իրավունք ունի պահանջելու, որ այդ դրամը վերադարձվի հարկերի տեսքով։ Սակայն Հիսուսը ցույց տվեց, որ ոչ մի մարդկային հաստատություն չի կարող իշխանություն ունենալ Աստծուն պատկանող բաների՝ մեր կյանքի և նրան մատուցվող երկրպագության վրա։ Երբ մարդկանց օրենքները կամ պահանջները հակասում են Աստծու օրենքներին, քրիստոնյաները «առաջին հերթին պետք է Աստծուն հնազանդվեն և ոչ թե մարդկանց» (Գործեր 5։29

Այսօր քրիստոնյաներին գուցե անհանգստացնի այն, թե ինչպես է ծախսվում իրենց վճարած հարկերի մի մասը։ Այդուհանդերձ, նրանք չեն փորձում ազդել կառավարության վրա կամ միջամտել նրա գործերին՝ դիմադրելով նրան կամ հրաժարվելով վճարել հարկերը։ Եթե այդպես վարվեին, ցույց տված կլինեին, որ համոզված չեն, որ Աստված ի զորու է վերջ դնելու տառապանքին։ Փոխարենը՝ նրանք համբերատարությամբ սպասում են, մինչև որ Աստված նշանակված ժամանակին միջամտի մարդկանց գործերին այն Թագավորության միջոցով, որը տվել է իր Որդուն՝ Հիսուսին, և որը «այս աշխարհի մի մասը չէ» (Հովհաննես 18։36

Օգուտներ քաղեք՝ հետևելով աստվածաշնչյան պատվերին

Այսպիսով՝ Աստվածաշունչը պատվիրում է հարկերը վճարել։ Անշուշտ, այս պատվերին հետևելը օգտակար կլինի ձեզ համար։ Դուք կխուսափեք այն պատժից, որ ստանում են օրինազանցները, ինչպես նաև չեք վախենա իշխանությունների հետ գործ ունենալուց (Հռոմեացիներ 13։3–5)։ Իսկ որ ավելի կարևոր է, մաքուր խիղճ կպահպանեք Աստծու առաջ և փառք կբերեք նրան ձեր օրինապահությամբ։ Ինչ խոսք, եթե դուք վճարում եք հարկերը, ձեր եկամուտը նվազում է այն մարդկանց եկամտի համեմատությամբ, ովքեր չեն վճարում։ Սակայն կարող եք համոզված լինել, որ Աստված անպայման հոգ կտանի իր հավատարիմ ծառաների մասին, ինչպես որ խոստացել է։ Այս միտքը Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Դավիթը, հետևյալ կերպ է արտահայտել. «Ես երիտասարդ էի և հիմա ծերացել եմ, բայց դեռ չեմ տեսել արդարին լքված, ոչ էլ նրա սերունդներին՝ հաց մուրալիս» (Սաղմոս 37։25

Ի վերջո, եթե հասկանաք ու կիրառեք հարկերը վճարելու մասին աստվածաշնչյան պատվերը, հոգեկան անդորր ձեռք կբերեք։ Աստված ձեզ պատասխանատվության չի կանչում պետության կատարած բոլոր այն գործերի համար, որոնք ֆինանսավորվում են ձեր հարկերով, ճիշտ ինչպես որ օրենքը պատասխանատվության չի կանչում տնվորին այն ամենի համար, ինչ անում է տանտերը նրա տված վարձավճարով։ Նախքան աստվածաշնչյան ճշմարտությունն իմանալը Ստելվիո անունով մի մարդ տարիներ շարունակ ջանքեր էր գործադրում, որ քաղաքական բարեփոխումներ տեղի ունենան Հարավային Եվրոպայում։ Սակայն հետո նա հրաժարվեց այդ նպատակից։ Ինչո՞ւ։ Ստելվիոն ասում է. «Ես ստիպված էի ընդունել, որ մարդ արարածը ի վիճակի չէ այս աշխարհում հաստատելու արդարություն, խաղաղություն և համերաշխություն։ Միայն Աստծու Թագավորությունը կարող է ամբողջովին փոխել հասարակությունը և այն ավելի լավը դարձնել»։

Դուք նույնպես կարող եք այսպիսի համոզվածություն ունենալ։ Եթե Ստելվիոյի նման հավատարմորեն «Աստծունը Աստծուն տաք», ապա կտեսնեք այն ժամանակը, երբ Աստված արդար կառավարություն կհաստատի երկրագնդի վրա՝ չեզոքացնելով մարդու իշխանության պատճառած բոլոր վնասները և անարդարությունները։

[ծանոթագրություն]

^ պարբ. 6 Այն մասին, որ Եհովայի վկաները բարեխիղճ հարկ վճարողներ են, կարող եք կարդալ «Դիտարանի» 2002​թ. նոյեմբերի 1-ի համարում, էջ 12, պարբ. 15 և 1996​թ. մայիսի 1-ի համարում, էջ 16, պարբ. 7 (ռուս.)։

[մեջբերում 22-րդ էջի վրա]

Մենք պետք է մեր մտածելակերպը համապատասխանեցնենք Աստծու մտածելակերպին, որովհետև նրա մտքերը բարձր են մեր մտքերից

[մեջբերում 23-րդ էջի վրա]

Հարկերը վճարելու հարցում հնազանդություն դրսևորելով՝ քրիստոնյաները մաքուր խիղճ են ունենում Աստծու առաջ և արտահայտում են վստահություն, որ Աստված կհոգա իրենց կարիքները

[նկարներ 22-րդ էջի վրա]

«Կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն»

[թույլտվությամբ]

Copyright British Museum