Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

Ի՞ՆՉԸ մղեց խաղամոլ և հանցագործ մարդուն փոխելու իր ապրելակերպը։ Ահա թե ինչ է պատմում նա։

«Ձիարշավի համար խելքս գնում էր» (ՌԻՉԱՐԴ ՍՏՅՈՒԱՐՏ)

ԾՆՎԵԼ Է՝ 1965​թ.

ԵՐԿԻՐԸ՝ ՋԱՄԱՅԿԱ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԽԱՂԱՄՈԼ ԵՎ ՀԱՆՑԱԳՈՐԾ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ես մեծացել եմ Ջամայկայի մայրաքաղաք Քինգստոնի աղքատ, խիտ բնակեցված թաղամասերից մեկում։ Գործազրկությունը մեծ տոկոս էր կազմում, հանցավորությունը տարածված էր։ Ավազակախմբերը ահ ու սարսափի մեջ էին պահում ժողովրդին։ Գրեթե ամեն օր կրակոցների ձայն էի լսում։

Մայրս ծանր աշխատում էր, որ ես, փոքր եղբայրս ու քույրս ունենանք բոլոր անհրաժեշտ բաները։ Նա ամեն ինչ արեց, որ մենք լավ կրթություն ստանանք։ Ինձ առանձնապես չէր հետաքրքրում դպրոցը, բայց ձիարշավի համար խելքս գնում էր։ Դասերից փախչում էի և գնում ձիարշավարան։ Նույնիսկ ձի էի քշում։

Սկսեցի խաղադրույքներ անել ձիարշավի վրա և կարճ ժամանակ անց արդեն կատարյալ խաղամոլ էի դարձել։ Անբարո կյանք էի վարում, մարիխուանա ծխում, գողություն էի անում իմ ապրելակերպը «ֆինանսավորելու» համար։ Շատ ատրճանակներ ունեի, բայց հիմա ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կատարված անհաշիվ կողոպուտների ժամանակ ոչ ոքի չեմ սպանել։

Ի վերջո, ոստիկանությունն ինձ բռնեց, և ես ազատազրկման դատապարտվեցի։ Ազատվելուց հետո առանց ժամանակ կորցնելու շարունակեցի իմ «սիրած» ապրելակերպը։ Ես նույնիսկ ավելի վատը դարձա։ Չնայած անմեղ դեմք ունեի, սակայն համառ էի, ջղագրգիռ և դաժան։ Բացի ինձնից, ոչ ոքի մասին չէի մտածում։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Մայրս սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և դարձավ Եհովայի վկա։ Այն փոփոխությունները, որ տեսա մորս մեջ, շարժեցին հետաքրքրությունս։ Որոշեցի պարզել, թե ինչու է մայրս փոխվել, ուստի սկսեցի Աստվածաշունչը քննարկել Վկաների հետ։

Ես տեսա, որ այն, ինչ սովորեցնում են Եհովայի վկաները, տարբերվում է մյուս կրոնների ուսմունքներից։ Տեսա, որ Վկաների բոլոր ասածները հիմնված են Աստվածաշնչի վրա։ Գիտեի, որ միայն նրանք են առաջին դարի քրիստոնյաների պես տնից տուն քարոզում (Մատթեոս 28։19; Գործեր 20։20)։ Երբ տեսա, որ նրանք իսկապես անկեղծորեն սիրում են իրար, համոզվեցի, որ սա է ճշմարիտ կրոնը (Հովհաննես 13։35

Աստվածաշնչի ուսումնասիրությունից հասկացա, որ պետք է մեծ փոփոխություններ անեմ։ Իմացա, որ Եհովա Աստված ատում է պոռնկությունը, և եթե ես ուզում եմ հաճելի լինել նրան, պետք է հրաժարվեմ մարմինս պղծող սովորություններից (2 Կորնթացիներ 7։1; Եբրայեցիներ 13։4)։ Ես շատ հուզվեցի, երբ իմացա, որ Եհովան զգացմունքներ ունի և որ իմ գործերը կարող են կա՛մ ցավ, կա՛մ ուրախություն պատճառել նրան (Առակներ 27։11)։ Վճռեցի թողնել մարիխուանա ծխելը, հրաժարվել ատրճանակներից և դրական հատկություններ ձեռք բերել։ Բայց ամենադժվար փոփոխություններից մեկը, որ պետք է անեի, անբարո ապրելակերպից և մոլեխաղից հրաժարվելն էր։

Սկզբում չէի ուզում ընկերներիս ասել, որ Աստվածաշունչ եմ ուսումնասիրում Եհովայի վկաների հետ։ Սակայն երբ կարդացի Մատթեոս 10։33 համարը, ամեն ինչ հասկացա։ Այնտեղ գրված է. «Ով ինձ ուրանա մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ Հոր առաջ, որ երկնքում է»։ Այս խոսքերը մղեցին ինձ նրանց ասելու, որ ես Աստվածաշունչ եմ ուսումնասիրում։ Նրանք շշմել էին. չէին կարողանում հավատալ, որ ինձ նման մեկը ուզում է քրիստոնյա դառնալ։ Բայց ես ասացի, որ ամենևին էլ միտք չունեմ նախկին կյանքով ապրելու։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Մորս ուրախությանը չափ չկար, երբ տեսավ, որ սկսում եմ ապրել Աստվածաշնչի սկզբունքներով։ Այժմ նա չի անհանգստանում, որ ես կարող եմ ինչ-որ վատ բան անել։ Մենք խոսում ենք այն մասին, ինչը մեզ կապում է իրար՝ Եհովայի հանդեպ սիրո մասին։ Երբ հայացք եմ նետում անցյալիս, հավատս չի գալիս, որ այսքան մեծ փոփոխություններ եմ արել։ Ինձ այլևս չի ձգում անբարո, նյութապաշտ կյանքը։

Եթե չընդունեի աստվածաշնչյան ճշմարտությունը, ապա այսօր կա՛մ գերեզմանում կլինեի, կա՛մ ճաղերի հետևում։ Այժմ ես ունեմ մի հրաշալի ընտանիք։ Կինս աջակցում է ինձ, դուստրս հնազանդ է, և մենք միասին ուրախ ծառայում ենք Եհովա Աստծուն։ Երախտապարտ եմ իմ երկնային Հորը, որ օգնեց ինձ փոփոխություններ անելու և միանալու իր ժողովրդին։ Ես երջանիկ եմ, որ Վկաները ջանք չեն խնայել ինձ համար ու սովորեցրել են Աստվածաշնչի ճշմարտությունը։ Հիմա էլ ե՛ս կարող եմ ուրիշներին սովորեցնել, և դա ինձ համար մեծ պատիվ է։ Անչափ շնորհակալ եմ Եհովա Աստծուն, որ իմ հանդեպ սեր ու բարություն ցուցաբերեց և ձգեց ինձ դեպի իրեն։

[մեջբերում 11-րդ էջի վրա]

«Իմացա, որ Եհովան զգացմունքներ ունի և որ իմ գործերը կարող են կա՛մ ցավ, կա՛մ ուրախություն պատճառել նրան»

[նկար 11-րդ էջի վրա]

Իմ կնոջ և դստեր հետ

[նկար 11-րդ էջի վրա]

Դրական փոփոխություններ տեսա մորս մեջ