Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կատարենք մեր պարտականությունը

Կատարենք մեր պարտականությունը

Մոտեցեք Աստծուն

Կատարենք մեր պարտականությունը

ԵՐԲԵՎԷ մտածե՞լ ես, թե որն է կյանքի իմաստը։ Եհովան մեզ այնպես է ստեղծել, որ մենք ցանկանանք իմանալ այս հարցի պատասխանը։ Բարեբախտաբար, ստիպված չենք այս ու այն կողմ ընկնելու այդ հարցի պատասխանը գտնելու նպատակով։ Պատասխանը նրա Խոսքում է՝ Աստվածաշնչում։ Քննենք Սողոմոն թագավորի այն խոսքերը, որոնք արձանագրված են Ժողովող 12։13 համարում։

Սողոմոնը առանձնահատուկ պայմաններում էր ապրում և կյանքի փորձ ուներ։ Նա իսկապես այն մարդն էր, ով կարող էր բացատրել, թե ինչպես հասնել երջանկության և կյանքը լցնել իմաստով։ Օժտված լինելով արտակարգ իմաստությամբ, ունենալով հսկայական հարստություն, թագավորական իշխանություն՝ նա մանրազնին քննեց մարդ արարածի նպատակներն ու ձգտումները, այդ թվում նաև ձգտումը հարստության և համբավի (Ժողովող 2։4–9; 4։4)։ Հետո, ի մի բերելով իր փնտրտուքները, Աստծու ներշնչանքով գրեց. «Վախեցիր ճշմարիտ Աստծուց և պահիր նրա պատվիրանները, քանի որ դա է մարդու ողջ պարտականությունը»։ Այս խոսքերը մեզ հուշում են, թե որն է ամենագոհացուցիչ և վեհ նպատակը, որ մարդ իր առջև կարող է դնել։

«Վախեցիր ճշմարիտ Աստծուց»։ Աստծուց վախենալու գաղափարը առաջին հայացքից գուցե տհաճ լինի։ Բայց իրականում այդ վախը առողջ վախ է։ Դա այն վախը չէ, որ ունենում է ստրուկը, որը սարսափում է իր դաժան տիրոջը բարկացնելուց։ Աստվածավախությունը նման է այն երեխայի վախին, որն ուզում է հաճելի լինել իր սիրառատ հորը։ Մի աշխատության մեջ ասվում է, որ Աստծու հանդեպ վախը «այն ակնածանքն ու պատկառանքն է, որ Նրա ժողովուրդը զգում է Նրա հանդեպ, քանի որ սիրում է Նրան և հարգում է Նրա զորությունն ու մեծությունը»։ Այսպիսի վախը մղում է մեզ ենթարկվելու Աստծու կամքին, քանի որ մենք սիրում ենք նրան և գիտենք, որ նա էլ մեզ է սիրում։ Այն պարզապես զգացում չէ, այն նաև գործողություն է։ Ինչպե՞ս։

«Պահիր նրա պատվիրանները»։ Աստծու հանդեպ վախը մղում է մեզ հնազանդվելու նրան։ Իսկ ինչո՞ւ պիտի հնազանդվենք Եհովային։ Լինելով մեր Ստեղծիչը՝ նա գիտի, թե որն է կյանքի լավագույն ուղին, ինչպես որ ձեռնարկատերը գիտի, թե ինչպես կարելի է լավագույնս օգտագործել իր արտադրանքը։ Բացի այս, Եհովան ամենամաքուր մղումներն ունի մեր հանդեպ։ Նա ուզում է, որ մենք երջանիկ լինենք, և նրա պահանջները այնպիսի պահանջներ են, որոնք նպաստում են մեր բարօրությանը (Եսայիա 48։17)։ Հովհաննես առաքյալը այս միտքն արտահայտեց հետևյալ կերպ. «Սա է Աստծու հանդեպ սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները, և նրա պատվիրանները ծանր չեն» (1 Հովհաննես 5։3)։ Մեր հնազանդությամբ ցույց ենք տալիս, որ սիրում ենք Աստծուն, և նրա պատվիրանները արտացոլում են նրա սերը մեր հանդեպ։

«Դա է մարդու ողջ պարտականությունը»։ Պարտականություն։ Սա այն կարևոր պատճառներից է, թե ինչու պետք է վախենանք Աստծուց և հնազանդվենք նրան։ Սա մեր պարտքն է։ Եհովան մեր Արարիչն է, հետևաբար մեր կյանքով նրան ենք պարտական (Սաղմոս 36։9)։ Մենք պարտավո՛ր ենք հնազանդվել նրան։ Եթե ապրում ենք նրա ուզած ձևով, մենք կատարո՛ւմ ենք մեր պարտականությունը։

Եվ այսպես, ո՞րն է մեր կյանքի իմաստը։ Եթե մի խոսքով ասենք, մարդը լույս աշխարհ է գալիս, որպեսզի կատարի Աստծու կամքը։ Մեր կյանքը իմաստով լցնելու ավելի լավ միջոց չկա։ Ուստի գուցե ցանկանաս ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել Եհովայի կամքի մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես կարող ես կյանքդ ներդաշնակեցնել նրա կամքին։ Եհովայի վկաները հաճույքով կօգնեն քեզ։

Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր նոյեմբեր ամսվա համար

Առակներ 22Երգերի Երգ 8