Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աբրահամ. քաջ մարդ

Աբրահամ. քաջ մարդ

Աբրահամ. քաջ մարդ

Աբրահամը նայում է իր ընտանիքի անդամներին ու ծառաներին։ Եռուզեռ է. նրանք պատրաստվում են գնալու Քանան (Ծննդոց 12։1–5)։ Նա մեծ պատասխանատվություն է զգում, որովհետև նրանց բոլորի բարօրությունը կախված է իրենից։ Այստեղ՝ Ուրում, նրանց կարիքները բավարարելը խնդիր չէ. կան մեծ արոտավայրեր, հողը բերրի է, ջուրը՝ ինչքան ուզես։ Իսկ ինչպե՞ս է հոգ տանելու նրանց մասին մի անհայտ երկրում։ Ի՞նչ է լինելու նրանց, եթե ինքը հիվանդանա կամ մահանա։ Ո՞վ է հոգ տանելու իր ընտանիքի մասին։ Հնարավոր է՝ Աբրահամը այսպիսի անհանգստություններ ունի, բայց նա մտադիր չէ թույլ տալու, որ դրանք ջլատեն իր ուժերը։ Նա տրամադրված է վճռականորեն. ինչ էլ լինի, հնազանդվել Աստծու կամքին։ Այսպիսի մարդու մասին, իրոք, կարող ենք ասել, որ նա քաջ է։

Ի՞ՆՉ Է ՔԱՋՈՒԹՅՈՒՆԸ։ Քաջությունը ուժեղ, համարձակ, անվեհեր լինելու հատկություն է, որը ճիշտ հակառակ է վախկոտությանը։ Քաջ լինել չի նշանակում երբեք չվախենալ։ Այն մարդը, ով ունի աստվածատուր քաջություն, շարունակում է իր գործը, չնայած որ կարող է վախ զգալ։

ԻՆՉՊԵ՞Ս ԱԲՐԱՀԱՄԸ ՔԱՋՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵՑ։ Աբրահամը չվախեցավ մեծամասնությանը հակառակ գնալուց։ Նա մեծացել էր այնպիսի միջավայրում, որտեղ մարդիկ երկրպագում էին ամենատարբեր աստվածների և կուռքերի։ Բայց նա չվախեցավ շրջապատից ու արեց այն, ինչ որոշել էր։ Աբրահամը համարձակորեն կյանքի այլ ուղի ընտրեց, այն է՝ երկրպագել միայն մեկ Աստծու՝ «Բարձրյալ Աստված Եհովային» (Ծննդոց 14։21, 22

Աբրահամը ճշմարիտ Աստծու երկրպագությունը վեր դասեց սեփական շահերից։ Նա պատրաստ էր թողնելու Ուր քաղաքի հարմարավետ կյանքը և գնալու դեպի անհայտություն՝ լիովին վստահ լինելով, որ Եհովան կհոգա իր մասին։ Ինչ խոսք, տարիների ընթացքում Աբրահամը գուցեև հիշել է Ուրի հարմարավետ կյանքը։ Բայցևայնպես նա համոզված էր, որ Եհովան միշտ հոգալու է իր ու իր ընտանիքի կարիքները։ Քանի որ Աբրահամի համար Աստված էր ամենակարևոր անձնավորությունը, նա իր մեջ քաջություն գտավ հնազանդվելու Աստծու պատվերներին։

Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ։ Մենք կարող ենք ընդօրինակել Աբրահամին՝ մեր մեջ մշակելով Եհովային հնազանդվելու քաջություն, նույնիսկ եթե շրջապատի մարդիկ Նրան հակառակ են գնում։ Օրինակ՝ Աստվածաշունչն ասում է, որ ովքեր կառչած են մնում Եհովա Աստծու հանդեպ իրենց ունեցած հավատին, թերևս հալածվեն, մասնավորապես, իրենց «օգնել» ցանկացող ընկերներից ու հարազատներից (Հովհաննես 15։20)։ Մյուս կողմից, սակայն, մենք մեր հավատի մասին պետք է խոսենք՝ դիմացինի հանդեպ հարգանք դրսևորելով (1 Պետրոս 3։15

Նաև կարող ենք համոզված լինել, որ Աստված, իր խոստման համաձայն, հոգ կտանի բոլոր այն մարդկանց մասին, ովքեր հավատում են իրեն։ Այդպիսի համոզվածությունը լցնում է մեզ քաջությամբ, որ մեր կյանքը կենտրոնացնենք հոգևորի և ոչ թե նյութականի շուրջ (Մատթեոս 6։33)։ Ահա մի ընտանիքի օրինակ։

Դագն ու Բեքին, երկու փոքր որդիներ ունենալով հանդերձ, մտադիր էին տեղափոխվել մի երկիր, որտեղ Աստվածաշնչի բարի լուրի քարոզիչների մեծ կարիք կար։ Մանրակրկիտ ուսումնասիրություն ու ջերմեռանդ աղոթքներ անելուց հետո նրանք որոշեցին իրենց մտադրությունն իրականացնել։ «Երկու փոքր երեխաների հետ ուրիշ երկիր տեղափոխվելու համար մեզնից քաջություն էր պահանջվում, քանի որ ճշգրտորեն չգիտեինք, թե ինչպես են ընթանալու մեր գործերն այնտեղ,— պատմում է Դագը։— Բայց ավելի վաղ քննարկել էինք Աբրահամի և Սառայի օրինակը։ Մեզ մեծապես օգնեց այն, որ մենք խորհրդածեցինք, թե ինչպես են նրանք ապավինել Եհովային և թե Եհովան ինչպես է ամեն ժամանակ նրանց թև ու թիկունք եղել»։

Արտասահմանում իրենց անցկացրած կյանքի մասին Դագն ասում է. «Մենք շատ մեծ օրհնություններ ենք ստացել։ Քանի որ մեր կյանքը շատ ավելի պարզ է, մենք հնարավորություն ունենք օրվա մեծ մասը ընտանիքով անցկացնելու՝ քարոզում ենք, իրար հետ շփվում, տղաների հետ խաղում։ Մենք մեզ հրաշալի ենք զգում»։

Անշուշտ, ամեն մեկը չէ, որ կարող է նման փոփոխություն անել իր կյանքում։ Բայց բոլորս կարող ենք ընդօրինակել Աբրահամին՝ առաջին տեղում դնելով Աստծուն երկրպագելը և վստահ լինելով, որ Նա կաջակցի։ Այսպես անելով՝ կկարողանանք կրկնել Աստվածաշնչի հետևյալ խոսքերը. «Քաջությամբ ենք լցված և ասում ենք. «Եհովան է իմ օգնականը, ես չեմ վախենա»» (Եբրայեցիներ 13։5, 6

[մեջբերում 7-րդ էջի վրա]

Այն մարդը, ով ունի աստվածատուր քաջություն, շարունակում է իր գործը, չնայած որ կարող է վախ զգալ

[շրջանակ/​նկար 8-րդ էջի վրա]

Աստվածապաշտ կին և թանկագին կողակից

Սառան ամուսնացել էր ուշագրավ հավատի տեր մարդու հետ։ Բայց այս աստվածապաշտ կինը ինքն էլ գերազանց օրինակ է թողել։ Նրան՝ որպես ընդօրինակման արժանի կնոջ, Աստվածաշունչը երե՛ք անգամ հիշատակում է անունով (Եսայիա 51։1, 2; Եբրայեցիներ 11։11; 1 Պետրոս 3։3–6)։ Թեև Սուրբ Գիրքը համեմատաբար քիչ բան է ասում Սառայի մասին, այնուամենայնիվ դարերի խորքից մեր առջև է հառնում գեղեցիկ հատկություններով մի կին։

Օրինակ՝ ուշադրություն դարձնենք, թե Սառան ինչպես արձագանքեց, երբ Աբրահամից իմացավ, որ, Աստծու կամքի համաձայն, իրենք պետք է հեռանան Ուրից։ Շփոթված մտածե՞ց, թե այս ուր են գնում և ինչու։ Անհանգստացա՞վ իրենց նյութականի մասին։ Իրեն վա՞տ զգաց այն մտքից, որ թողնելու է ընկերներին ու հարազատներին՝ չիմանալով, թե արդյոք երբևէ նորից կտեսնի նրանց։ Անկասկած, նման հարցեր նրա մտքով անցան։ Բայց նա, այնուամենայնիվ, պատրաստակամորեն հեռացավ իր քաղաքից՝ վստահ լինելով, որ Աստված օրհնելու է իրեն հնազանդություն դրսևորելու համար (Գործեր 7։2, 3

Բացի Աստծու հնազանդ ծառա լինելուց, Սառան նաև գերազանց կողակից էր։ Նա իր ամուսնու հետ չէր մրցում ընտանեկան գործերը վարելու հարցում, փոխարենը՝ ջանում էր անկեղծորեն հարգել նրան՝ սիրով աջակցելով։ Իր լավ հատկություններով Սառան «զարդարում էր իր անձը», այո՛, իրեն գեղեցիկ էր դարձնում (1 Պետրոս 3։1–6

Սառայի օրինակը կարո՞ղ է օգտակար լինել այսօր։ Ջիլ անունով մի կին, որ ամուսնացած է ավելի քան 30 տարի ու երջանիկ է, ասում է. «Սառայից սովորել եմ, որ կարող եմ անկաշկանդ իմ տեսակետն արտահայտել ամուսնուս։ Միևնույն ժամանակ ամուսինս, լինելով ընտանիքի գլուխ, ինքն է վերջնական որոշումը կայացնում։ Երբ որոշումը կայացված է, իմ գործն արդեն այն է, որ ամեն կերպ աջակցեմ այդ որոշման իրականացմանը»։

Հավանաբար, Սառայից սովորած ամենատպավորիչ դասը հետևյալն է. թեև նա շատ գեղեցիկ էր, բայց երբեք թույլ չտվեց, որ իր գրավչությունը իրեն հպարտացնի (Ծննդոց 12։10–13)։ Փոխարենը՝ Սառան խոնարհաբար աջակցեց Աբրահամին իրենց կյանքի թե՛ ուրախ և թե՛ տխուր ժամանակներում։ Անկասկած, Աբրահամն ու Սառան միմյանց հավատարիմ, իրար սիրող և խոնարհ զույգ էին, կողակիցներ, որոնք իսկապես օրհնություն էին միմյանց համար։