Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աբրահամ. սիրող մարդ

Աբրահամ. սիրող մարդ

Աբրահամ. սիրող մարդ

Աբրահամը մեծ վշտի մեջ է։ Նրա սիրելի կինը՝ Սառան, մահացել է։ Նա վերջին հրաժեշտն է տալիս։ Այս տարեց մարդու գլխով անհամար հաճելի հիշողություններ են անցնում։ Վշտից նրա աչքերը արցունքով են լցվում (Ծննդոց 23։1, 2)։ Բայց այդ արցունքներից նա չի ամաչում և ոչ էլ շփոթվում է։ Դրանք վկայում են Աբրահամի գերազանց հատկություններից մեկի՝ սիրո մասին։

Ի՞ՆՉ Է ՍԵՐԸ։ Սերը անձնական ջերմ ու խոր կապվածության զգացում է։ Սիրող մարդը գործերով է ցույց տալիս իր սերը, նույնիսկ եթե դրա համար անհրաժեշտ է զոհողության գնալ։

Ո՞ՒՄ ՀԱՆԴԵՊ ԱԲՐԱՀԱՄԸ ՍԵՐ ԴՐՍԵՎՈՐԵՑ։ Աբրահամը սեր դրսևորեց իր ընտանիքի անդամների հանդեպ։ Զբաղված մարդ լինելով հանդերձ՝ նա երբեք չէր անտեսում ընտանիքի զգացական և հոգևոր կարիքները։ Աստվածաշնչում ասվում է, որ Աբրահամը՝ որպես ընտանիքի գլուխ, առաջնորդություն էր վերցնում երկրպագության հարցում (Ծննդոց 18։19)։ Իսկ Ծննդոց 22։2-ում Իսահակի մասին խոսելիս Աստված Աբրահամին ասաց՝ «քո մինուճար որդին, որին այդքան սիրում ես»։ Այսինքն՝ Աբրահամը սիրող հայր էր։

Աբրահամի սերը երևում է նաև այն բանից, թե ինչպես նա արձագանքեց իր թանկագին կնոջ մահվանը։ Աբրահամը ողբաց նրա մահը։ Նա ուժեղ ու քաջ տղամարդ էր, բայց չվախեցավ իր վիշտն արտահայտելուց։ Աբրահամի մեջ գեղեցիկ կերպով համադրված էին ուժն ու բարեհոգությունը։

Աբրահամը սեր դրսևորեց Աստծու հանդեպ։ Նրա ամբողջ կյանքը սա է հաստատում։ Ինչո՞ւ ենք այսպես ասում։ Ուշադրություն դարձնենք, թե ինչ է գրված 1 Հովհաննես 5։3 համարում. «Սա է Աստծու հանդեպ սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները»։ Աբրահամը պահեց Աստծու պատվիրանները, և սա Աստծու հանդեպ սիրո վառ վկայություն էր։

Աբրահամն ամեն ժամանակ հնազանդվում էր Եհովային. բազմաթիվ դեպքեր սա են փաստում (Ծննդոց 12։4; 17։22, 23; 21։12–14; 22։1–3)։ Նրա համար կարևոր չէր՝ Աստված դժվար բան է պատվիրում, թե հեշտ. գրեթե կարևոր չէր նաև այն՝ կիմանար արդյոք, թե ինչու է Եհովան ուզում, որ ինքը այսինչ կամ այնինչ բանն անի։ Եթե Աստված ասում է, ուրեմն հենց այդպես էլ կանի։ Աբրահամի համար Աստծու ասածներն անելը նրա հանդեպ սեր դրսևորելու հնարավորություն էին։

Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ։ Սովորում ենք ջերմ կապվածություն դրսևորել մարդկանց, հատկապես մեր ընտանիքի անդամների հանդեպ։ Երբեք չպետք է թույլ տանք, որ հոգսերը խլեն այն ժամանակը, որը պետք է հատկացնեինք մեր սիրելիներին։

Սովորում ենք նաև սրտանց սիրել Եհովա Աստծուն։ Այդպիսի սերը մեծ ազդեցություն կարող է ունենալ կյանքում։ Օրինակ՝ կարող է մղել մեզ փոխելու մեր մոտեցումները, խոսքը և վարքը (1 Պետրոս 1։14–16

Ինչ խոսք, Եհովայի ասածներն անելը միշտ չէ, որ հեշտ է։ Բայց կարող եք վստահ լինել, որ Նա, ով օգնեց Աբրահամին, Նա, ով նրան անվանեց «իմ ընկեր», ձեզ էլ կաջակցի (Եսայիա 41։8)։ «Աստված.... հաստատուն կդարձնի ձեզ ու կզորացնի» (1 Պետրոս 5։10)։ Անկասկած, Աբրահամի վստահելի Ընկերոջ մասին այս խոսքերը ջերմությամբ են լցնում մեր սրտերը։

[շրջանակ 11-րդ էջի վրա]

Տղամարդուն սազակա՞ն է լաց լինելը

Շատերը կասեն՝ ոչ։ Նրանք թերևս զարմանան, որ Աբրահամը ընդամենը մեկն է այն կենսախինդ, հավատարիմ տղամարդկանցից, ովքեր, ինչպես գրված է Աստվածաշնչում, լաց են եղել։ Նրանցից են Հովսեփը, Դավիթը, Պետրոս առաքյալը, Եփեսոսի ժողովի երեցները և անգամ Հիսուսը (Ծննդոց 50։1; 2 Սամուել 18։33; Ղուկաս 22։61, 62; Հովհաննես 11։35; Գործեր 20։36–38)։ Հստակ է, որ Աստվածաշունչը չի ասում, թե տղամարդուն վայել չէ լաց լինելը։