Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածաշունչը փոխում է կյանքերը

Աստվածաշունչը փոխում է կյանքերը

Աստվածաշունչը փոխում է կյանքերը

ԻՆՉՊԵ՞Ս երիտասարդ կինը, որը ծանր մանկություն է ունեցել, գտավ կյանքի իմաստը։ Ի՞նչը մղեց քաղաքական ընդդիմադրին դառնալու բարի լուրի քարոզիչ։ Կարդացեք այս մասին ստորև։

«Հուսահատ ջանքեր էի թափում գտնելու սեր և ջերմություն» (ԻՆՆԱ ԼԵԺՆԻՆԱ)

ԾՆՎԵԼ Է՝ 1981​թ.

ԵՐԿԻՐԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԾԱՆՐ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ես ի ծնե խուլ եմ։ Ծնողներս նույնպես խուլ են։ Մինչև վեց տարեկանը իմ կյանքը ուրախ է անցել։ Հետո ծնողներս բաժանվեցին։ Չնայած շատ փոքր էի, բայց հասկանում էի, թե ինչ է ամուսնալուծությունը, և դա ծանր էի տանում։ Հայրս մեծ եղբորս հետ մնաց Տրոիցկում, իսկ մայրս մեկնեց Չելյաբինսկ՝ ինձ տանելով իր հետ։ Հետագայում նա նորից ամուսնացավ։ Խորթ հայրս հարբեցող էր և հաճախ էր ծեծում ինձ ու մորս։

1993​թ.-ին մեծ եղբայրս, որին շատ էի սիրում, խեղդվեց։ Մենք պարզապես շոկի մեջ էինք։ Մայրս իրեն տվեց խմիչքի և խորթ հորս նման սկսեց շատ վատ վերաբերվել ինձ։ Ես մտածում էի, թե ինչպես լավացնեմ կյանքս։ Հուսահատ ջանքեր էի թափում գտնելու սեր և ջերմություն։ Այդ հույսով՝ սկսեցի այցելել տարբեր եկեղեցիներ, բայց ապարդյուն։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Երբ 13 տարեկան էի, իմ դասընկերուհին, որը Եհովայի վկա էր, որոշ բաներ պատմեց Աստվածաշնչից։ Ես իմացա Նոյի և Հոբի մասին, որոնք ծառայել են Աստծուն դժվարությունների ներքո։ Շուտով սկսեցի Վկաների հետ Աստվածաշունչ ուսումնասիրել և հաճախել նրանց հանդիպումներին։

Աստվածաշնչի ուսումնասիրության շնորհիվ բազմաթիվ հիասքանչ ճշմարտություններ իմացա։ Շատ հուզվեցի՝ իմանալով, որ Աստված անուն ունի (Սաղմոս 83։18)։ Ինձ տպավորեց այն, թե ինչպիսի ճշգրտությամբ է Աստվածաշունչը բնութագրում «վերջին օրերում» ապրող մարդկանց (2 Տիմոթեոս 3։1–5)։ Մարմնովս սարսուռ անցավ, երբ իմացա, որ հարություն է լինելու։ Պատկերացնո՞ւմ եք, ես տեսնելու եմ եղբորս (Հովհաննես 5։28, 29

Բայց բոլորը չէ, որ ուրախացան ինձ հետ։ Մայրս ու խորթ հայրս թշնամաբար էին տրամադրված Եհովայի վկաների հանդեպ։ Նրանք փորձում էին ճնշում գործադրել ինձ վրա, որ թողնեմ Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Բայց ինձ դուր էր գալիս այն, ինչ սովորում էի, ուստի մտադիր չէի հետ կանգնելու։

Հեշտ չէր դիմադրել ընտանիքիս կողմից եկող հակառակությանը։ Շուտով մեկ ուրիշ դժբախտություն պատահեց. խեղդվեց փոքր եղբայրս։ Նա ինձ հետ գալիս էր Եհովայի վկաների հանդիպումներին։ Կյանքիս այս ծանր պահին Վկաները իմ կողքին էին։ Նրանց մեջ ես գտա այն սերն ու ջերմությունը, որ անձկագին փնտրում էի իմ ողջ կյանքում։ Հասկացա, որ սա է ճշմարիտ կրոնը։ 1996​թ.-ին մկրտվեցի և դարձա Եհովայի վկա։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Վեց տարի է արդեն, ինչ ամուսնացել եմ Դմիտրի անունով մի հրաշալի մարդու հետ։ Մենք միասին ծառայում ենք Եհովայի վկաների Ռուսաստանի մասնաճյուղում (Սանկտ Պետերբուրգ)։ Ժամանակի ընթացքում ծնողներս սկսեցին հանդուրժողաբար վերաբերվել իմ համոզմունքներին։

Ես երջանիկ եմ, որ ճանաչում եմ Եհովային։ Նրան ծառայելը իմ կյանքը իմաստալից է դարձրել։

«Բազմաթիվ հարցեր անպատասխան էին մնում» (ՌԱՈՒԴԵԼ ՌՈԴՐԻԳԵՍ ՌՈԴՐԻԳԵՍ)

ԾՆՎԵԼ Է՝ 1959​թ.

ԵՐԿԻՐԸ՝ ԿՈՒԲԱ

ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ես ծնվել եմ Հավանայում (Կուբա)։ Մեծացել եմ աղքատ թաղամասում, որտեղ փողոցային կռիվները սովորական բան էին։ Փոքրուց հետաքրքրվել եմ ձյուդոյով և մարտարվեստի այլ ձևերով։

Ես լավ էի սովորում դպրոցում, և ծնողներս հորդորում էին ուսումս շարունակել համալսարանում։ Ուսանողական տարիներին եկա այն եզրակացության, որ մեր երկրի քաղաքական համակարգը պետք է փոխել։ Որոշեցի պայքարել։ Մի անգամ ես ու համակուրսեցիս հարձակվեցինք ոստիկանի վրա՝ նպատակ ունենալով խլել նրա ատրճանակը։ Ծեծկռտուքի արդյունքում ոստիկանը գլխի լուրջ վնասվածքներ ստացավ։ Ինձ և ընկերոջս ձերբակալեցին և դատապարտեցին գնդակահարության։ Ես՝ 20 տարեկան երիտասարդս, պետք է հրաժեշտ տայի կյանքին։

Բանտախցում՝ միայնակ, փորձեր էի անում, թե ինչպես եմ ինձ պահելու գնդակահարության օրը՝ հրացանները ինձ վրա պահած զինվորների առջև։ Ես չէի ուզում, որ որևէ մեկը դեմքիս վախ տեսներ։ Միևնույն ժամանակ ինձ համար բազմաթիվ հարցեր անպատասխան էին մնում։ Ուզում էի իմանալ. «Ինչո՞ւ աշխարհում այսքան շատ անարդարություն կա։ Մի՞թե այսպիսին պիտի լինի կյանքը»։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Մեր մահվան դատավճիռը փոխարինեցին 30 տարվա ազատազրկմամբ։ Այդ ժամանակ էր, որ հանդիպեցի մի քանի Եհովայի վկաների, ովքեր բանտում էին կրոնական համոզմունքների պատճառով։ Ինձ տպավորեց նրանց խիզախ, բայցև խաղաղ վարքը։ Թեև այդ մարդկանց անարդարացի կերպով էին ազատազրկել, նրանք չէին դառնացել։

Վկաներից իմացա, որ Աստված կոնկրետ նպատակ ունի մարդկության առնչությամբ։ Նրանք Աստվածաշնչից ցույց տվեցին, որ Աստված երկիրը դարձնելու է դրախտ, որտեղ չի լինելու հանցագործություն և անարդարություն։ Իմացա, որ երկրի վրա ապրելու են միայն բարի մարդիկ, ապրելու են հավիտյան և կատարյալ պայմաններում (Սաղմոս 37։29

Ինձ դուր էր գալիս այն, ինչ սովորում էի Վկաներից, բայց իմ էությունը շատ հեռու էր աստվածահաճո լինելուց։ Քաղաքականապես չեզոք լինելը կամ, Հիսուսի ասած, մյուս այտը դարձնելը պարզապես անհնար էր ինձ համար։ Ուստի որոշեցի Աստվածաշունչը ինքնուրույն կարդալ։ Ընթերցանությունից եզրակացրի, որ միայն Եհովայի վկաներն են վարվում վաղ քրիստոնյաների նման։

Աստվածաշնչի ուսումնասիրությունից հասկացա, որ կարիք ունեմ կտրուկ փոփոխություններ անելու իմ կյանքում։ Օրինակ՝ սովորություն ունեի կեղտոտ խոսքեր օգտագործելու։ Նաև պետք է թողնեի ծխելը և չեզոք լինեի քաղաքական հարցերում։ Հեշտ չէր այս փոփոխություններն անելը, բայց Եհովայի օգնությամբ հասա նպատակներիս։

Սակայն ամենադժվար բաներից մեկը բռնկուն բնավորությունս կառավարելն էր։ Մինչև հիմա աղոթում եմ Աստծուն, որ օգնի ինքնատիրապետում դրսևորել։ Ինձ շատ է զորացրել Առակներ 16։32 համարը, որում ասվում է. «Նա, ով չի շտապում բարկանալ, հզոր մարդուց լավ է, և իր ոգին զսպողը քաղաքը գրավողից է լավ»։

1991​թ.-ին մկրտվեցի և դարձա Եհովայի վկա։ Ինձ մկրտեցին տակառի մեջ։ Հաջորդ տարի կալանավորներիցս մի քանիսին ազատեցին և ուղարկեցին Իսպանիա, քանի որ այնտեղ բարեկամներ ունեինք։ Իսպանիա հասնելուն պես սկսեցի հաճախել Եհովայի վկաների հանդիպումներին։ Վկաները ինձ այնպես դիմավորեցին, ասես տարիներ շարունակ մենք միասին ենք եղել, և օգնեցին նոր կյանք սկսելու։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Ես երջանիկ եմ։ Այժմ ամուսնացած եմ և կնոջս ու երկու դուստրերիս հետ ծառայում եմ Աստծուն։ Ինձ համար մեծ պատիվ է մարդկանց սովորեցնել Աստվածաշունչը. այդ գործին տրամադրում եմ ժամանակիս մեծ մասը։ Երբեմն մտովի հետ եմ նայում ու տեսնում այն երիտասարդին, որին մահ էր սպառնում։ Այդ պահերին ավելի շատ եմ գնահատում այն, ինչ ունեմ այսօր։ Ես ոչ միայն կենդանի եմ մնացել, այլև ունեմ հավիտյան ապրելու հույս։ Անհամբեր սպասում եմ խոստացված դրախտին, երբ արդարություն կտիրի և «մահ այլևս չի լինի» (Հայտնություն 21։3, 4

[մեջբերում 19–րդ էջի վրա]

«Շատ հուզվեցի՝ իմանալով, որ Աստված անուն ունի»

[նկար 20-րդ էջի վրա]

Ամուսնուս հետ քարոզում եմ ժեստերի լեզվով