Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Բոլո՞ր «քրիստոնյաներն» են քրիստոնյա

Բոլո՞ր «քրիստոնյաներն» են քրիստոնյա

Բոլո՞ր «քրիստոնյաներն» են քրիստոնյա

ՔԱՆԻ՞ քրիստոնյա կա աշխարհում։ Համաձայն «Գլոբալ քրիստոնեության ատլասի»՝ 2010​թ.-ին ամբողջ աշխարհում կար մոտ 2,3 միլիարդ քրիստոնյա։ Սակայն այդ նույն հրատարակության մեջ նաև ասվում էր, որ քրիստոնյաները պատկանում են ավելի քան 41000 առանձին ուղղությունների, որոնցից յուրաքանչյուրը իր ուսմունքներն ու կանոնակարգված բարքերն ունի։ Զարմանալի չէ, որ շատերը շփոթվում և նույնիսկ տարակուսանքի մեջ են ընկնում՝ տեսնելով «քրիստոնեական» կոչվող կրոնների բազմազանությունը։ Նրանք գուցե մտածում են. «Արդյոք բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե քրիստոնյա են, իսկապե՞ս քրիստոնյա են»։

Եկեք հարցին մեկ այլ տեսանկյունից նայենք։ Օրինակ՝ որպես կանոն՝ ճանապարհորդը որևէ երկիր մտնելուց առաջ սահմանի մոտ պետք է ոչ միայն ասի, թե որ երկրի քաղաքացի է, այլև ներկայացնի անձը հաստատող համապատասխան փաստաթուղթ՝ անձնագիր։ Նմանապես, ճշմարիտ քրիստոնյան ոչ միայն պետք է ասի, որ հավատում է Քրիստոսին, այլև փաստի իր ինքնությունը։ Ինչպե՞ս։

«Քրիստոնյա» բառն առաջին անգամ գործածվեց մ.թ. 44-ից հետո։ Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Ղուկասը, պատմում է. «Առաջին անգամ Անտիոքում էր, որ աշակերտները աստվածային առաջնորդությամբ քրիստոնյաներ անվանվեցին» (Գործեր 11։26)։ Ուշադրություն դարձրու, որ նրանք, ովքեր քրիստոնյաներ անվանվեցին, Քրիստոսի աշակերտներ էին։ Իսկ ինչի՞ հիման վրա է մարդը համարվում Հիսուս Քրիստոսի աշակերտ։ «Նոր Կտակարանի աստվածաբանության նոր միջազգային բառարանը» բացատրում է. «Հետևել Հիսուսին որպես նրա աշակերտ, նշանակում է անվերապահորեն անձնազոհ կյանքով ապրել» (The New International Dictionary of New Testament Theology)։ Հետևաբար ճշմարիտ քրիստոնյան նա է, ով անվերապահորեն և լիովին հետևում է Հիսուսի՝ քրիստոնեության Հիմնադրի ուսմունքներին և կատարում է այն ամենը, ինչ պատվիրել է նա։

Իսկ հնարավո՞ր է այսօր գտնել ճշմարիտ քրիստոնյաներին այն բազմաթիվ մարդկանց մեջ, ովքեր պնդում են, թե քրիստոնյա են։ Հիսուսի խոսքերի համաձայն՝ ինչպե՞ս էին բնորոշվելու իր հետևորդները։ Առաջարկում ենք միասին քննել, թե ինչպես է Աստվածաշունչը պատասխանում այս երկու հարցերին։ Հաջորդ հոդվածներում կքննենք Հիսուսի այն խոսքերը, որոնք կօգնեն բնորոշելու ճշմարիտ քրիստոնյաներին հինգ նշանների միջոցով։ Կտեսնենք նաև, թե ինչպես առաջին դարի քրիստոնյաները դրսևորեցին այդ նշանները։ Նաև կփորձենք պարզել, թե այսօր քրիստոնեություն դավանողներից ովքեր են «փաստում իրենց ինքնությունը»։