Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մոտեցեք Աստծուն

«Նախկին բաները չեն հիշվի»

«Նախկին բաները չեն հիշվի»

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ կարող են օրհնություն լինել։ Սիրելի մարդկանց հետ անցկացրած հաճելի պահերը հիշելը կարող է ջերմացնել մեր սիրտը։ Սակայն կան հիշողություններ, որոնք ասես անեծք լինեն։ Ունե՞ս դառը հուշեր անցյալից, որոնք հանգիստ չեն տալիս քեզ։ Եթե այո, գուցե հարցնես. «Դրանք երբևէ կջնջվե՞ն իմ մտքից»։ Եսայիա մարգարեի խոսքերը պատասխանում են այս հարցին (կարդա՛ Եսայիա 65։17

Եհովան նպատակ է դրել վերացնելու տանջալից հիշողությունների «արմատը»։ Իսկ ինչպե՞ս։ Նա վերջ կդնի այս չար աշխարհին ու դրանում եղած տառապանքին և փոխարենը կհաստատի անհամեմատ լավ աշխարհ։ Եսայիայի միջոցով Եհովան խոստանում է. «Ահա ես նոր երկինք ու նոր երկիր եմ ստեղծում»։ Երբ հասկանում ենք, թե ինչ են նշանակում այս խոսքերը, մեր սիրտը հույսով է լցվում։

Ի՞նչ է նոր երկինքը։ Աստվածաշունչը երկու «հուշում» է տալիս, որոնք կարող են օգնել մեզ գտնելու պատասխանը։ Առաջին՝ նոր երկնքի գաղափարը հիշատակվում է ևս երկու Աստվածաշունչ գրողների կողմից։ Երկու դեպքում էլ այն կապված է երկրի վրա արմատական փոփոխություններ անելու հետ (2 Պետրոս 3։13; Հայտնություն 21։1–4)։ Երկրորդ՝ Սուրբ Գրքում «երկինքներ» բառը կարող է խորհրդանշել իշխանություն կամ կառավարություն (Եսայիա 14։4, 12; Դանիել 4։25, 26)։ Փաստորեն, նոր երկինքը նոր կառավարություն է, որը ի զորու է արդարություն հաստատելու երկրի վրա։ Սակայն միայն մի կառավարություն կա, որն ի վիճակի է դա անելու՝ Աստծու Թագավորությունը՝ այն երկնային կառավարությունը, որի մասին սովորեցրեց աղոթել Հիսուսը։ Այդ Թագավորությունը Աստծու արդար կամքը կհաստատի ողջ երկրի վրա (Մատթեոս 6։9, 10

Իսկ ի՞նչ է նոր երկիրը։ Ուշադրություն դարձնենք սուրբգրային երկու փաստի, որոնք կօգնեն մեզ ճիշտ եզրահանգման գալու։ Առաջին՝ Աստվածաշնչում «երկիր» բառը երբեմն առնչվում է մարդկանց, ոչ թե երկրագնդին (Սաղմոս 96։1)։ Երկրորդ՝ Սուրբ Գիրքը կանխագուշակել է, որ Աստծու իշխանության ներքո հավատարիմ մարդիկ կսովորեն արդարություն, որը կլցնի ողջ երկիրը (Եսայիա 26։9)։ Փաստորեն, նոր երկիրը մարդկային հասարակությունն է, որը կհնազանդվի Աստծու իշխանությանը և կապրի նրա արդար չափանիշներով։

Հիմա պատկերացնո՞ւմ ես, թե ինչպես է Եհովան վերացնելու ցավալի հիշողությունների «արմատը»։ Շուտով նա կիրականացնի նոր երկնքի ու նոր երկրի հետ կապված իր նպատակը՝ հաստատելով մի արդար նոր աշխարհ *։ Այդ նոր աշխարհում չի լինի տանջալի հիշողություններ ծնող ֆիզիկական, մտային և էմոցիոնալ տառապանք։ Հավատարիմ մարդիկ կատարելապես կվայելեն կյանքը, և ամեն անցնող օր միայն հաճելի հուշեր կթողնի։

Իսկ ի՞նչ կլինեն այն դառնությունները, որոնք ծանր քարի պես ճնշում են մեր սիրտը։ Եսայիան շարունակում է. «Նախկին բաները չեն հիշվի և ոչ էլ սրտում կմնան»։ Ցանկացած ցավ, որ տանջում է մեզ այս հին աշխարհում, աստիճանաբար կմոռացվի։ Մի՞թե քեզ չի մխիթարում այս հեռանկարը։ Մի՞թե չես ուզում մտերմանալ այն Աստծու հետ, որը խոստացել է այդ հրաշալի ապագան։

[ծանոթագրություն]

^ պարբ. 5 Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար Աստծու Թագավորության և այն մասին, թե ինչ է այն շուտով իրագործելու, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 3-րդ, 8-րդ և 9-րդ գլուխները։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր մարտ ամսվա համար

Եսայիա 63–66Երեմիա 1–16

[մեջբերում 19-րդ էջի վրա]

Եհովան խոստացել է վերացնել ցավալի հիշողությունների «արմատը»