Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հիսուս Քրիստոս. ձեր հարցերի պատասխանները

Հիսուս Քրիստոս. ձեր հարցերի պատասխանները

Հիսուս Քրիստոս. ձեր հարցերի պատասխանները

«Ժողովուրդն ի՞նչ է ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես» (ՂՈՒԿԱՍ 9։18

ՀԻՍՈՒՍՆ այս հարցը տվեց իր աշակերտներին, քանի որ գիտեր, որ մարդիկ տարբեր կարծիքներ ունեն իր մասին։ Իրականում, սակայն, ոչ մի տարակարծություն չպիտի լիներ։ Ինչո՞ւ։ Որովհետև Հիսուսը ճգնավոր չէր՝ ծածկված գաղտնիության քողով։ Նա ազատորեն շփվում էր ժողովրդի հետ գյուղերում և քաղաքներում, ուսուցանում էր հրապարակավ. Քրիստոսն ուզում էր, որ նրանք իմանան ճշմարտությունն իր մասին (Ղուկաս 8։1

Հիսուսի մասին ճշմարտությունը կարող ենք իմանալ նրա խոսքերից ու գործերից, որոնք արձանագրված են Աստվածաշնչի չորս Ավետարաններում՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի գրքերում։ Աստծու կողմից ներշնչված այս Ավետարանները կարո՛ղ են պատասխանել Հիսուսի վերաբերյալ ձեր հարցերին * (Հովհաննես 17։17

ՀԱՐՑ. Իսկապե՞ս Հիսուսը պատմական անձնավորություն էր։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո։ Պատմիչները, այդ թվում նաև առաջին դարում ապրած Հովսեպոսն ու Տակիտոսը Հիսուսին հիշատակում են իրենց աշխատություններում։ Բայց ավելի կարևոր է Ավետարանների վկայությունը։ Դրանք համոզիչ կերպով ցույց են տալիս, որ Հիսուսը ոչ թե մտացածին կերպար է եղել, այլ իրական անձնավորություն։ Ավետարանների արձանագրությունը ժամանակի ու վայրի առումով կոնկրետ է և մանրամասն։ Օրինակ՝ ավետարանագիր Ղուկասը, որպեսզի ցույց տա, թե որ տարում է Հիսուսը սկսել իր ծառայությունը, հիշատակում է յոթ կառավարիչների, որոնց անունները հաստատվում են պատմիչների կողմից (Ղուկաս 3։1, 2, 23

Հիսուսի պատմական անձնավորություն լինելը փաստող ապացույցներն անհերքելի են։ Ինչպես ասվում է մի գրքում, «գիտնականների մեծ մասն ընդունում է, որ առաջին դարում ապրել է մի մարդ, որ հայտնի էր նազովրեցի Հիսուս անունով» (Evidence for the Historical Jesus)։

ՀԱՐՑ. Հիսուսը Աստվա՞ծն էր։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Ոչ։ Հիսուսը երբեք իրեն հավասար չի համարել Աստծուն։ Ընդհակառակը՝ նա բազմիցս ցույց տվեց, որ ինքը Եհովայից ցածր է *։ Օրինակ՝ Հիսուսը, նկատի ունենալով Եհովային, ասաց՝ «իմ Աստված» և «միակ ճշմարիտ Աստված» (Մատթեոս 27։46; Հովհաննես 17։3)։ Միայն ենթակա անձնավորությունը նման արտահայտություններ կօգտագործեր։ Եթե աշխատողը իր տնօրենի մասին խոսելիս ասում է՝ «իմ տնօրենը», ուրեմն նա նրանից դիրքով ցածր է։

Հիսուսը նաև ցույց տվեց, որ ինքը և Աստված նույն անձնավորությունը չեն։ Մի անգամ նա հետևյալ պատասխանը տվեց իր հեղինակությունը կասկածի ենթարկողներին. «Ձեր Օրենքում էլ գրված է. «Երկու մարդու վկայությունը ճշմարիտ է»։ Ես եմ վկայում իմ մասին, և իմ մասին վկայում է Հայրը, որն ուղարկեց ինձ» (Հովհաննես 8։17, 18)։ Եթե Հիսուսն ու Եհովան նույն անձնավորությունը լինեին, ապա նրանք չէին կարող լինել երկու վկաներ *։

ՀԱՐՑ. Հիսուսը սովորակա՞ն մարդ էր։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Ոչ, նա սովորական մարդ չէր և առանցքային դեր խաղաց Աստծու կամքի կատարման մեջ։ Նա կոչվում է՝

«Աստծու միածին Որդի» (Հովհաննես 3։18)։ Հիսուսը գիտեր իր ծագումը։ Իրականում նրա կյանքը չի սկսվել երկրի վրա. այն սկսվել էր վաղուց՝ երկնքում։ Նա ինքն ասաց, որ «իջել է երկնքից» (Հովհաննես 6։38)։ Հիսուսը Աստծու առաջին ստեղծագործությունն է և մասնակցել է մյուս բոլոր բաների արարմանը։ Քանի որ միայն ինքն է անմիջապես ստեղծվել Աստծու կողմից, նա իրավամբ կարող էր կոչվել «Աստծու միածին Որդի» (Հովհաննես 1։3, 14; Կողոսացիներ 1։15, 16

«Մարդու Որդի» (Մատթեոս 8։20)։ Հիսուսը բազմիցս իրեն անվանել է «մարդու Որդի». Ավետարաններում այս արտահայտությունը հանդիպում է մոտ 80 անգամ։ Այն ցույց է տալիս, որ նա լիարժեք մարդ էր՝ միս ու արյունից, և ոչ թե մարմնավորված Աստված։ Ինչպե՞ս Աստծու միածին Որդին ծնվեց որպես մարդ։ Եհովան սուրբ ոգու միջոցով իր Որդու կյանքը տեղափոխեց Մարիամ անունով մի հրեա կույսի արգանդը, և վերջինս հղիացավ։ Դրա շնորհիվ Հիսուսը ծնվեց կատարյալ՝ առանց մեղքի (Մատթեոս 1։18; Ղուկաս 1։35; Հովհաննես 8։46

«Ուսուցիչ» (Հովհաննես 13։13)։ Հիսուսը հստակ ցույց տվեց, որ Աստված իրեն հանձնարարել է «սովորեցնել.... և քարոզել բարի լուրը» Աստծու Թագավորության մասին (Մատթեոս 4։23; Ղուկաս 4։43)։ Նա շատ հասկանալի բացատրեց, թե ինչ է Աստծու Թագավորությունը և ինչ է այն անելու, որպեսզի կատարվի Եհովայի կամքը (Մատթեոս 6։9, 10

«Խոսք» (Հովհաննես 1։1)։ Հիսուսը Աստծու Խոսնակն էր, այսինքն՝ Աստված նրա միջոցով էր տեղեկություններ հայտնում և հրահանգներ տալիս։ Հիսուսի միջոցով Եհովան իր խոսքը փոխանցեց մարդկանց (Հովհաննես 7։16, 17

ՀԱՐՑ. Հիսուսը խոստացյալ Մեսիա՞ն էր։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո։ Աստվածաշունչը մարգարեացել էր Մեսիայի, կամ՝ Քրիստոսի (նշանակում է «օծյալ») գալստյան մասին։ Նա կարևոր դեր էր խաղալու Եհովայի նպատակի իրականացման մեջ։ Մի անգամ մի սամարացի կին Հիսուսին ասաց. «Ես գիտեմ, որ Մեսիան, որը Քրիստոս է կոչվում, գալու է»։ Հիսուսը նրան շատ պարզ պատասխանեց. «Ես, որ խոսում եմ քեզ հետ, ես հենց նա եմ» (Հովհաննես 4։25, 26

Կա՞ որևէ ապացույց, որ նա, իրոք, Մեսիան էր։ Այո, կա, և դա մեկը չէ։ Այդ ապացույցները կարելի է բաժանել երեք խմբի, որոնք միասին կազմում են մատնահետքի նմանվող մի ուրույն ապացույց։ Ինչպես որ մատնահետքն է պատկանում միայն մեկ մարդու, այնպես էլ այդ ապացույցը մատնանշում է միայն մեկ հոգու՝ Հիսուսին։ Ուշադրություն դարձրեք հետևյալին։

Նրա տոհմաբանությունը։ Աստվածաշունչը կանխագուշակել էր, որ Մեսիան սերելու է Աբրահամի տոհմից, որի օղակներից էր Դավիթը (Ծննդոց 22։18; Սաղմոս 132։11, 12)։ Այդպես էլ եղավ. Հիսուսը սերեց Դավթի, հետևաբար՝ Աբրահամի տոհմից (Մատթեոս 1։1–16; Ղուկաս 3։23–38

Կատարված մարգարեություններ։ Եբրայերեն Գրություններում տասնյակ մարգարեություններ կան Մեսիայի երկրային կյանքի, այդ թվում նաև նրա ծննդյան ու մահվան մասին։ Այդ բոլոր մարգարեությունները կատարվեցին Հիսուսի վրա։ Օրինակ՝ մարգարեացվել էր, որ նա ծնվելու է Բեթլեհեմում (Միքիա 5։2; Ղուկաս 2։4–11), կանչվելու է Եգիպտոսից (Օսեե 11։1; Մատթեոս 2։15), մահապատժի է ենթարկվելու, սակայն ոսկորները չեն կոտրելու (Սաղմոս 34։20; Հովհաննես 19։33, 36)։ Հիսուսը ոչ մի կերպ չէր կարող իր կյանքն այնպես դասավորել, որ Մեսիային վերաբերող բոլոր մարգարեությունները իր վրա կատարվեն *։

Աստծու վկայությունը։ Երբ Հիսուսը ծնվեց, Աստված հրեշտակներ ուղարկեց հովիվների մոտ՝ նրանց ավետելու Մեսիայի ծնունդը (Ղուկաս 2։10–14)։ Հիսուսի ծառայության ընթացքում ինքը Աստված մի քանի անգամ խոսեց երկնքից՝ հայտնելով իր հավանությունը նրան (Մատթեոս 3։16, 17; 17։1–5)։ Եհովա՛ն Հիսուսին հնարավորություն տվեց ապշեցուցիչ հրաշքներ գործելու, ինչը նույնպես փաստում էր, որ Հիսուսը Մեսիան է (Գործեր 10։38

ՀԱՐՑ. Ինչո՞ւ Հիսուսը պիտի տառապեր ու մահանար։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Հիսուսը ոչ մի մեղք չգործեց, հետևաբար արժանի չէր տառապելու, ցցին գամվելու ինչպես հանցագործ և խայտառակ մահով մեռնելու։ Այդուհանդերձ, նա գիտեր, որ իր հետ այդպես են վարվելու, և պատրաստակամորեն ընդունեց դա (Մատթեոս 20։17–19; 1 Պետրոս 2։21–23

Համաձայն Մեսիային վերաբերող մարգարեությունների՝ նա իր մահով քավելու էր ուրիշների մեղքերը (Եսայիա 53։5; Դանիել 9։24, 26)։ Հիսուսն ինքն ասաց, որ եկել է «իր կյանքը փրկանք տալու շատերի փոխարեն» (Մատթեոս 20։28)։ Ովքեր հավատ են ընծայում նրա մահվան քավիչ զորությանը, ունեն մեղքից ու մահից ազատվելու և երկրի վրա հավիտյան ապրելու հեռանկար * (Հովհաննես 3։16; 1 Հովհաննես 4։9, 10

ՀԱՐՑ. Հիսուսն իրո՞ք հարություն է առել։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո։ Հիսուսը հաստատ գիտեր, որ հարություն է առնելու (Մատթեոս 16։21)։ Հարկ է նշել, սակայն, որ ո՛չ Հիսուսը, ո՛չ էլ Աստվածաշնչի գրողները երբեք այնպիսի միտք չեն արտահայտել, որ ինքը հարություն է առնելու ինչ-որ բնական պրոցեսի միջոցով։ Այսպիսի բան անհավանական կլիներ։ Իսկ Աստվածաշունչն ասում է, որ «Աստված հարություն տվեց նրան՝ արձակելով մահվան կապանքներից» (Գործեր 2։24)։ Եթե ընդունում ենք, որ Աստված կա և որ նա է ամեն ինչի Արարիչը, ուրեմն բոլոր հիմքերն ունենք հավատալու, որ նա կարող էր հարություն տալ իր Որդուն (Եբրայեցիներ 3։4

Կա՞ն արժանահավատ ապացույցներ, որ Հիսուսը իրոք հարություն է առել։ Ուշադրություն դարձրեք հետևյալին։

Ականատեսների վկայությունը։ Հիսուսի մահից 22 տարի անց Պողոս առաքյալը գրեց, որ 500-ից ավելի մարդ տեսել է հարություն առած Հիսուսին, ընդ որում նրանց մեծ մասը դեռևս կենդանի էր, երբ Պողոսը գրեց այս խոսքերը (1 Կորնթացիներ 15։6)։ Մեկ-երկու հոգու վկայությունը գուցեև կարելի է անտեսել, բայց մի՞թե հնարավոր է մերժել 500 ականատեսի վկայությունը։

Արժանահավատ ականատեսներ։ Հիսուսի առաջին աշակերտները, որոնք եզակի հնարավորություն ունեին իմանալու, թե ինչ է տեղի ունեցել իրականում, համարձակորեն հայտարարում էին, որ Հիսուսը հարություն է առել (Գործեր 2։29–32; 3։13–15)։ Նրանք Քրիստոսի հարությունը համարում էին քրիստոնեական ուսմունքի բաղկացուցիչ մաս (1 Կորնթացիներ 15։12–19)։ Այդ աշակերտները ավելի շուտ պատրաստ էին մեռնելու, քան հրաժարվելու Հիսուսին հավատալուց (Գործեր 7։51–60; 12։1, 2)։ Ի՞նչ կմտածեիք այն մարդու մասին, ով պատրաստ է մահանալու մի բանի համար, ինչը սուտ է։

Մենք ձեր ուշադրությանը ներկայացրինք Հիսուսի մասին վեց կարևոր հարցերի աստվածաշնչյան պատասխանները։ Դրանք հստակ ցույց են տալիս, թե ով է նա։ Բայց մի՞թե կարևոր է իմանալ այդ հարցերի պատասխանները։ Ի՞նչ կապ կարող է դա ունենալ ձեզ հետ։

[ծանոթագրություններ]

^ պարբ. 4 Այն մասին, թե ինչով են Աստվածաշնչի Ավետարանները տարբերվում Հիսուսի մասին կեղծ գրվածքներից, տե՛ս «Պարականոն ավետարաններ. Հիսուսի մասին նոր ճշմարտություննե՞ր» հոդվածը (էջ 18, 19)։

^ պարբ. 9 Աստվածաշունչը հայտնում է, որ «Եհովան» Աստծու անունն է։

^ պարբ. 10 Ավելի մանրամասն՝ տե՛ս «Զրույց հետաքրքիր թեմայի շուրջ. Հիսուսն Աստվա՞ծ է» հոդվածը (էջ 20–22)։

^ պարբ. 21 Տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը (էջ 200), որում բերվում են Հիսուսի վրա կատարված մի շարք մարգարեություններ։

^ պարբ. 25 Հիսուսի մահվան քավիչ զորության մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 5-րդ գլուխը։