Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց՝ «երկու մղոն գնա»

Իր հայտնի Լեռան քարոզում Հիսուսը խորհուրդ տվեց. «Եթե իշխանություն ունեցող որևէ մեկը ստիպում է քեզ իրեն ծառայելու համար գնալ մեկ մղոն, նրա հետ երկու մղոն գնա» (Մատթեոս 5։41)։ Հիսուսի ունկնդիրներն ակներևաբար հասկացան, որ այդ խոսքերը վերաբերում են այն հարկադիր աշխատանքին, որը իշխանությունը կարող էր պահանջել քաղաքացիներից։

Առաջին դարում Իսրայելը գտնվում էր հռոմեացիների տիրապետության տակ։ Պետական շահի համար նրանք առանց երկմտելու կարող էին ցանկացած մարդու կամ կենդանու աշխատեցնել կամ իրենց վերահսկողության տակ վերցնել։ Օրինակ՝ հռոմեացի զինվորները Սիմոն Կյուրենացուն պարտադրեցին Հիսուսի տանջանքի ցիցը տանել մահապատժի վայր (Մատթեոս 27։32)։ Այդպիսի աշխատանքները խիստ տհաճ էին հրեաների համար։

Հայտնի չէ, թե մարդը հարկադիր աշխատելիս բեռը որքան ճանապարհ պետք է տաներ։ Ինչևէ, քիչ հավանական է, որ քաղաքացիները ցանկանային ավելին անել, քան պահանջվում էր։ Ուստի երբ Հիսուսն իր ունկնդիրներին ասաց՝ «երկու մղոն գնա», նա ուզում էր ասել, որ հարկավոր է առանց դժգոհելու կատարել իշխանությունների օրինական պահանջները (Մարկոս 12։17

Ո՞վ էր Հաննան, որի մասին հիշատակվում է Ավետարաններում

Հիսուսի դատավարության ժամանակ Հաննան (Անանուս) «ավագ քահանա» էր (Ղուկաս 3։2; Հովհաննես 18։13; Գործեր 4։6)։ Նա Իսրայելի քահանայապետ Կայիափայի աներն էր, իսկ ինքն անձամբ քահանայապետ էր ծառայել մ.թ. 6 կամ 7 թվականներից մինչև 15 թվականը։ Նրան այդ պաշտոնից զրկեց հռոմեացի կուսակալ Վալերիոս Գրատոսը։ Սակայն նույնիսկ դրանից հետո Հաննան շարունակեց մեծ իշխանություն ունենալ Իսրայելում։ Նրա որդիներից հինգը և փեսան հետագայում քահանայապետ են եղել։

Քանի դեռ Իսրայելը անկախ երկիր էր, քահանայապետն իր պաշտոնում մնում էր մինչև կյանքի վերջը (Թվեր 35։25)։ Սակայն Հռոմի տիրապետության տակ նրա պաշտոնավարության ժամկետը որոշում էին Հռոմի կողմից նշանակված կառավարիչներն ու թագավորները, այսինքն՝ քահանայապետը ցանկացած ժամանակ կարող էր զրկվել իր պաշտոնից։ Պատմիչ Հովսեպոս Փլավիոսը հայտնում է, որ Ասորիքի հռոմեացի կառավարիչ Կյուրենիոսը մ.թ. 6 կամ 7 թվականին Հովազարին զրկեց քահանայապետի պաշտոնից և նրա փոխարեն նշանակեց Հաննային։ Ամեն դեպքում հռոմեացի կառավարիչները հետևում էին, որ քահանայապետը քահանաների միջից ընտրվի։

Հաննայի ընտանիքը, որ շատ հարուստ էր, հայտնի էր իր ագահությամբ։ Նրա ընտանիքի անդամները մենաշնորհ ունեին տաճարի տարածքում վաճառելու այն ամենը, ինչ անհրաժեշտ էր զոհաբերությունների համար՝ աղավնի, ոչխար, յուղ, գինի, և հավանաբար հենց այսպես էին իրենց հսկայական հարստությունը դիզել։ Հովսեպոսը նշում է, որ Անանուսը (Անանիան)՝ Հաննայի որդին, «ուներ ծառաներ, ովքեր կատարյալ սրիկաներ էին և ովքեր.... ուժ գործադրելով խլում էին [հասարակ] քահանաներին հասանելիք տասանորդը, իսկ մերժողներին նույնիսկ ծեծում էին»։