Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մոտեցեք Աստծուն

«Խնդրում եմ, թույլ տուր վերադառնալ քեզ մոտ»

«Խնդրում եմ, թույլ տուր վերադառնալ քեզ մոտ»

Մի ժամանակ ծառայե՞լ ես Եհովային։ Գուցե մտածում ես նորից ծառայելու մասին, բայց չգիտես՝ Աստված կընդունի՞ քեզ։ Խնդրում ենք, ուշադիր կարդա այս և հաջորդ հոդվածները։ Դրանք գրվել են հատկապես քեզ համար։

«ԵՍ ԱՂՈԹԵՑԻ Եհովային ու խնդրեցի, որ ների ինձ իրեն վիրավորելու համար և թույլ տա վերադառնալ իր մոտ»։ Այսպես արտահայտվեց մի կին, որը շատ էր հեռացել մանկուց սովորած քրիստոնեական չափանիշներից։ Իսկ ի՞նչ ես մտածում դու։ Ի՞նչ է Աստված զգում նրանց հանդեպ, ովքեր մի ժամանակ ծառայել են իրեն։ Նա հիշո՞ւմ է նրանց, ուզո՞ւմ է, որ վերադառնան։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար քննենք Երեմիա 31։18–20 համարները (կարդա՛)։ Հուսով ենք՝ այս հոդվածը ջերմ զգացումներով կլցնի քեզ։

Ի՞նչ հանգամանքներում է Երեմիան գրել այս խոսքերը։ Մ.թ.ա. 740-ին՝ Երեմիայի օրերից տասնյակ տարիներ առաջ, Եհովան թույլ տվեց, որ Ասորեստանը Իսրայելի տասցեղ թագավորության բնակիչներին գերի տանի *։ Այդ աղետը խրատ էր Աստծու կողմից, որովհետև իր ժողովուրդը սկսել էր ծանր մեղքեր գործել՝ արհամարհելով իր մարգարեների բազմաթիվ զգուշացումները (2 Թագավորներ 17։5–18)։ Արդյո՞ք իսրայելացիները, իրենց Աստծուց կտրված լինելով և հայրենիքից հեռու գտնվելով, զղջացին։ Եհովան իսպառ մոռացա՞վ նրանց։ Նա երբևէ հետ կընդունե՞ր զղջացողներին։

«Ես զղջացի»

Գերության մեջ ժողովուրդը խելքի եկավ և զղջաց իր արածների համար։ Նրա անկեղծ զղջումը չվրիպեց Եհովայի աչքից։ Ինչպիսի՞ն էր Եփրեմի՝ աքսորյալ իսրայելացիների տրամադրվածությունը։ Ի՞նչ զգացմունքներ նրանք ունեին։ Տեսնենք, թե ինչ է Եհովան ասում։

«Լսեցի, թե ինչպես էր Եփրեմը ողբում»,— ասում է Աստված (համար 18)։ Եհովան լսեց իսրայելացիներին, որոնք մեծ ցավ էին ապրում մեղավոր ընթացքի բերած հետևանքների համար։ «Ողբալ» թարգմանված բառը, ինչպես ասում է մի գիտնական, կարող է նշանակել «թափահարել»։ Նրանք նման էին մի զավակի, որը խոր ափսոսանքով թափահարում է գլուխը այն մեծ դժվարությունների պատճառով, որ ստեղծել էր իր համար. նա ցանկանում է վերադառնալ այն կյանքին, որ մի ժամանակ վայելում էր հայրական տանը (Ղուկաս 15։11–17

Ի՞նչ է ասում ժողովուրդը. «Դու ինձ ուղղեցիր, ինչպես անվարժ հորթի» (համար 18)։ Մարդիկ ընդունում էին, որ իրենց պատիժն արդարացի էր. նրանք իրենց անվարժ հորթի պես էին պահել։ Այս համեմատությունը կարող է ունենալ այն իմաստը, որ նրանք նման էին մի ցուլի, որն «իր վրա երբեք բոթոց չէր զգացել և ուզում էր լուծը գցել իր վրայից»,— ասվում է մի աշխատությունում։

«Ինձ հետ դարձրու, և ես անմիջապես հետ կդառնամ, որովհետև դու Եհովան ես՝ իմ Աստվածը» (համար 18)։ Իսրայելացիները խոնարհեցրին իրենց սրտերը և կանչեցին Աստծուն։ Նրանք, որ մի ժամանակ թաթախված էին մեղավոր ընթացքի մեջ, այժմ աղաչում էին Աստծուն հնարավորություն տալ իրենց վերստին արժանանալու իր բարեհաճությանը։ Մի Աստվածաշնչում այս համարի վերջին մասը թարգմանված է այսպես. «Դու մեր Աստվածն ես. խնդրում ենք, թույլ տուր վերադառնալ տուն» (Contemporary English Version)։

«Ես զղջացի.... ամաչեցի ու ինձ նվաստացած զգացի» (համար 19)։ Եփրեմը զղջալու կարիք չէր ունենա, եթե մեղք գործած չլիներ։ Նա չհակառակվեց հանդիմանությանը, ընդունեց իր մեղավորությունը։ Նա նվաստացած էր ու ընկճված (Ղուկաս 15։18, 19, 21

Իսրայելացիները զղջացին։ Նրանք խոր ցավ էին ապրում, իրենց մեղքերը խոստովանեցին Աստծուն և թողեցին չար ճանապարհները։ Ինչպե՞ս արձագանքեց Աստված։ Թույլ տվե՞ց նրանց տուն վերադառնալ։

«Անպատճառ պիտի խղճամ նրան»

Եհովան մի յուրօրինակ ձևով էր կապված իսրայելացիներին։ Նա ասաց. «Ես դարձա Իսրայելի Հայրը, և Եփրեմը իմ անդրանիկն է» (Երեմիա 31։9)։ Ինչպե՞ս կարող էր սիրառատ հայրը չընդունել իր որդուն, եթե նրա սիրտը լի էր անկեղծ զղջումով։

Եհովան իր հայրական զգացումներն իր ժողովրդի հանդեպ արտահայտում է այսպես. «Մի՞թե Եփրեմը թանկագին որդի չէ ինձ համար կամ սիրված զավակ։ Ինչ չափով որ ես խոսում եմ նրա դեմ, նույն չափով էլ պիտի հիշեմ նրան» (համար 20)։ Որքա՜ն գորովանք կա այս խոսքերում։ Ինչպես մի հաստատակամ, բայցև սիրող հայր, Աստված պարտավորված էր զգում խոսելու իր երեխաների «դեմ»՝ բազմիցս նախազգուշացնելով նրանց, որ մեղավոր ընթացքի մեջ են։ Երբ նրանք համառորեն չուզեցին լսել, նա թույլ տվեց, որ նրանց գերեվարեն, այլ խոսքով՝ տնից հանեն։ Բայց եթե նույնիսկ նա պատժելու էր, միևնույն է, չէր մոռանալու նրանց։ Եվ ինչպե՜ս կարող էր մոռանալ։ Սիրող հայրը չի մոռանում իր զավակներին։ Ի՞նչ զգաց Եհովան՝ տեսնելով նրանց անկեղծ զղջումը։

«Աղիքներս գալարվում են նրա համար *։ Անպատճառ պիտի խղճամ նրան» (համար 20)։ Եհովան շատ էր կարոտում իր երեխաներին։ Նրան հուզել էր նրանց անկեղծ զղջումը. Աստված փափագում էր, որ իր զավակները վերադառնան իր մոտ։ Հիսուսի պատմած առակի անառակ որդու հոր պես՝ Եհովան «խղճահարվեց» և ցանկացավ նորից տեսնել նրանց իր տանը (Ղուկաս 15։20

«Եհովան թույլ տվեց ինձ վերադառնալ իր մոտ»

Երեմիա 31։18–20 համարները մեզ օգնում են հասկանալու, թե որքան մեծ է Եհովայի կարեկցանքն ու ողորմածությունը։ Աստված չի մոռանում նրանց, ովքեր մի ժամանակ ծառայել են իրեն։ Ինչպե՞ս է նա արձագանքում, եթե նրանք ուզում են վերադառնալ իր մոտ։ Աստված պատրաստ է ներելու (Սաղմոս 86։5)։ Նա երբեք չի մերժի սրտանց զղջացողներին (Սաղմոս 51։17)։ Նա անհամբերությամբ սպասում է նրանց (Ղուկաս 15։22–24

Հոդվածի սկզբում նշված կինը քայլեր ձեռնարկեց վերադառնալու Եհովայի մոտ. նա եկավ Եհովայի վկաների տեղի ժողովի հանդիպման վայր։ Սկզբում նրա համար հեշտ չէր։ Նա հիշում է. «Ես ինձ շատ անարժեք էի զգում»։ Ժողովի երեցները ոգևորեցին նրան և օգնեցին վերականգնելու հոգևոր ուժերը։ Երախտագիտությամբ լի սրտով՝ կինն ասաց. «Ես երջանիկ եմ, որ Եհովան թույլ տվեց ինձ վերադառնալ իր մոտ»։

Եթե մի ժամանակ ծառայել ես Եհովային և հիմա ուզում ես դարձյալ ծառայել, մենք հրավիրում ենք քեզ Եհովայի վկաների տեղի ժողովի հանդիպմանը։ Հիշիր, որ Եհովան կարեկից ու ողորմած է նրանց հանդեպ, ովքեր զղջում են ու իրեն ասում. «Խնդրում եմ, թույլ տուր վերադառնալ քեզ մոտ»։

Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր ապրիլ ամսվա համար

Երեմիա 17–31

[ծանոթագրություններ]

^ պարբ. 2 Դարեր առաջ՝ մ.թ.ա. 997-ին, Իսրայելի թագավորությունը բաժանվեց երկու մասի. մեկը Հուդայի հարավային երկցեղ թագավորությունն էր, մյուսը՝ Իսրայելի հյուսիսային տասցեղ թագավորությունը, որը կոչվում էր նաև Եփրեմ, քանի որ Եփրեմը Իսրայելի ամենաազդեցիկ ցեղն էր։

^ պարբ. 5 Աստվածաշնչի թարգմանիչների համար նախատեսված մի ուղեցույցում այս փոխաբերական խոսքի վերաբերյալ գրված է. «Հրեաների համար մարմնի ներսը զգացմունքների կենտրոնն էր»։