Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս քրիստոնյաները պետք է վերաբերվեն քաղաքականությանը

Ինչպե՞ս քրիստոնյաները պետք է վերաբերվեն քաղաքականությանը

Ինչպե՞ս քրիստոնյաները պետք է վերաբերվեն քաղաքականությանը

ՃՇՄԱՐԻՏ քրիստոնյաները չեն մասնակցում քաղաքականությանը։ Ինչո՞ւ։ Որովհետև հետևում են Հիսուսի օրինակին։ Իր մասին նա ասաց՝ «ես.... աշխարհի մի մասը չեմ», և աշակերտների մասին էլ ասաց, որ «նրանք աշխարհի մի մասը չեն» (Հովհաննես 15։19; 17։14)։ Քննենք ևս մի քանի պատճառ, թե ինչու քրիստոնյաները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ։

1. Մարդու հնարավորությունները սահմանափակ են։ Աստվածաշունչն ասում է, որ մարդիկ ո՛չ կարողություն, ո՛չ էլ իրավունք ունեն իրենք իրենց ղեկավարելու։ Երեմիա մարգարեն գրեց. «Քայլող մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին» (Երեմիա 10։23

Մարդը կարող է ղեկավարել ուրիշներին, բայց չի կարող դա անել հաջողությամբ, ինչպես որ կարող է ձեռքերը թափահարել, բայց չի կարող թռչել։ Խոսելով մարդկային կառավարության հնարավորությունների սահմանափակ լինելու մասին՝ պատմաբան Դեյվիդ Ֆրոմկինն ասում է. «Կառավարությունները բաղկացած են մարդկանցից, իսկ այդ մարդիկ հակված են սխալներ գործելու, և, բացի այդ, նրանց ապագան պարզ չէ։ Նրանք ունե՛ն իշխանություն, բայց դա անսահմանափակ չէ» (The Question of Government)։ Զարմանալի չէ, որ Աստվածաշունչը հորդորում է չապավինել մարդուն (Սաղմոս 146։3

2. Չար ոգեղեն էակները ներկայումս ազդեցություն են բանեցնում մարդկանց վրա։ Երբ Սատանան Հիսուսին առաջարկեց համաշխարհային իշխանություն, վերջինս չհերքեց, որ Բանսարկուն կարո՛ղ է իրեն առաջարկել աշխարհի բոլոր թագավորությունները։ Ավելին, մի ուրիշ անգամ Հիսուսը Սատանային անվանեց «այս աշխարհի իշխան»։ Գրեթե նույն խոսքերն է տարիներ անց ասել Պողոս առաքյալը. նա Սատանային անվանեց «այս աշխարհի աստված» (Հովհաննես 14։30; 2 Կորնթացիներ 4։4)։ Առաքյալն իր հավատակիցներին գրեց. «Մեր պայքարը.... այս աշխարհի խավարի տիրակալների դեմ է, երկնային ոլորտում եղող ոգեղեն չար ուժերի դեմ» (Եփեսացիներ 6։12)։ Իրականում չար ոգեղեն էակներն են ղեկավարում աշխարհը. պարզապես նրանք դա անում են կուլիսների հետևից։ Ելնելով այս փաստից՝ ի՞նչ տեսակետ պետք է ունենանք քաղաքականության վերաբերյալ։

Նախ դիտարկենք մի համեմատություն։ Ինչպես որ նավակներն են քշվում հզոր ծովային հոսանքներից, այդպես էլ աշխարհի քաղաքական համակարգերն են անտեսանելի թելերով ղեկավարվում հզոր չար ոգեղեն էակների կողմից։ Ինչպես որ այդ նավակների նավաստիները քիչ բան կարող են անել այդ հոսանքների վրա ազդելու համար, այդպես էլ քաղաքական գործիչները քիչ բան կարող են անել այդ հզոր ոգեղեն ուժերի վրա ազդելու համար։ Չար ոգիները վճռական են մարդկանց անդառնալի կերպով փչացնելու և «երկրին վայ» բերելու (Հայտնություն 12։12)։ Ուստի իրական փոփոխություն կարող է բերել միայն նա, ով Սատանայից և նրա դևերից ուժեղ է։ Այդ անձնավորությունը Եհովա Աստվածն է (Սաղմոս 83։18; Երեմիա 10։7, 10

3. Ճշմարիտ քրիստոնյաները հավատարիմ են միայն Աստծու Թագավորությանը։ Հիսուսը և նրա աշակերտները գիտեին, որ Աստված իր որոշած ժամին երկնքում հաստատելու է մի կառավարություն, որը իշխելու է ամբողջ երկրի վրա։ Աստվածաշունչը այդ կառավարությունն անվանում է Աստծու Թագավորություն և հայտնում է, որ թագավորը Հիսուս Քրիստոսն է (Հայտնություն 11։15)։ Քանի որ Թագավորությունը առնչվում է բոլոր մարդկանց, Հիսուսը «Աստծու թագավորության բարի լուրը» դարձրեց իր ուսմունքների անկյունաքարը (Ղուկաս 4։43)։ Քրիստոսը իր աշակերտներին նաև սովորեցրեց աղոթել այսպես. «Թող գա քո թագավորությունը»։ Ինչո՞ւ։ Որովհետև միայն այդ Թագավորության ներքո Աստծու կամքը կկատարվի թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա (Մատթեոս 6։9, 10

Իսկ ի՞նչ է լինելու մարդկային կառավարություններին։ Աստվածաշունչն ասում է, որ «ողջ բնակեցված երկրի» կառավարությունները ոչնչացվելու են (Հայտնություն 16։14; 19։19–21)։ Եթե մարդն իսկապես հավատում է, որ Աստծու Թագավորությունը շուտով վերացնելու է բոլոր քաղաքական համակարգերը, ապա, տրամաբանական է, նա որևէ ձևով չի աջակցի դրանց։ Եթե փորձի աջակցել, ապա, փաստորեն, Աստծու դեմ դուրս կգա։

Եվ այսպես, ինչպես տեսանք, ճշմարիտ քրիստոնյաները չեն մասնակցում քաղաքականությանը։ Բայց արդյո՞ք սա նշանակում է, որ նրանք հետաքրքրված չեն հասարակության բարօրությամբ։ Հաջորդ հոդվածում կխոսենք այս մասին։

[մեջբերում 7-րդ էջի վրա]

Եհովայի վկաները թիկունք են կանգնում Աստծու Թագավորությանը և ոչ թե քաղաքական բարեփոխումներին