Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Ո՛չ օրը գիտեք, ո՛չ ժամը»

«Ո՛չ օրը գիտեք, ո՛չ ժամը»

«Արթո՛ւն եղեք, որովհետև ո՛չ օրը գիտեք, ո՛չ ժամը» (ՄԱՏԹ. 25։13

1-3. ա) Ի՞նչ նմանություն կա բերված օրինակների և կույսերի ու տաղանդների առակների միջև։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու։

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ մի բարձրաստիճան պաշտոնյա քեզ խնդրում է այսինչ ժամին մեքենայով իրեն տանել մի կարևոր հանդիպման։ Դու համաձայնվում ես։ Գալիս է նրան տանելու ժամանակը, և հանկարծ հայտնաբերում ես, որ բավականաչափ վառելիք չունես։ Մեքենան արագ քշում ես լցակայան։ Այդ ընթացքում պաշտոնյան գալիս է, նայում է շուրջը, բայց քեզ չի գտնում։ Նա ժամանակ չունի, շտապում է, ուստի մեկ ուրիշին է խնդրում, որ իրեն տանի։ Դու գալիս ես պայմանավորված վայրը և... հասկանում ես, որ նա արդեն գնացել է։ Ի՞նչ կզգայիր։

2 Հիմա մեկ ուրիշ օրինակ։ Դու բարձրաստիճան պաշտոնյա ես և երեք հմուտ աշխատողների մի կարևոր հանձնարարություն ես տալիս։ Նրանց բացատրում ես անելիքը, և երեքն էլ հավաստիացնում են, որ կանեն։ Որոշ ժամանակ անց տեղեկանում ես, որ նրանցից միայն երկուսն են կատարել հանձնարարությունը։ Իսկ երրորդը, քիչ է, որ գործ չի արել, դեռ մի բան էլ արդարանում է։ Նա նույնիսկ չի էլ փորձել մատը մատին տալ։ Ի՞նչ կզգայիր։

3 Հիսուսը իր առակներից երկուսում՝ կույսերի և տաղանդների առակներում, նման օրինակներ օգտագործեց ցույց տալու համար, թե ինչու է վախճանի ժամանակներում օծյալ քրիստոնյաների մի մասը հավատարիմ և իմաստուն լինելու, մյուս մասը՝ ոչ * (Մատթ. 25։1–30)։ Իր միտքը նա ամփոփեց՝ ասելով. «Արթո՛ւն եղեք, որովհետև ո՛չ օրը գիտեք, ո՛չ ժամը», այսինքն՝ այն օրն ու ժամը, երբ Հիսուսը Սատանայի աշխարհի նկատմամբ իրականացնելու է Եհովայի դատավճիռը (Մատթ. 25։13)։ Քրիստոսը այս խոսքերն ասաց իր աշակերտներին, ուստի մենք էլ, լինելով նրա աշակերտները, պետք է արթուն մնանք։ Ի՞նչ օգուտներ ենք ստանում՝ արթուն մնալով։ Ովքե՞ր են իրենց գործերով  ցույց տվել, որ արթուն են։ Ի՞նչ պետք է անենք, որ արթուն մնանք։

ԱՐԹՈՒՆ ՄՆԱԼՈՒ ՕԳՈՒՏՆԵՐԸ

4. Ինչո՞ւ արթուն մնալու համար կարիք չկա նայելու ժամացույցին։

4 Կան դեպքեր, երբ ժամացույցին նայելը կարևոր է։ Օրինակ՝ պետք է այսինչ ժամին լինենք աշխատավայրում, հանդիպենք բժշկին կամ լինենք երկաթուղային կայարանում։ Սակայն լինում են այնպիսի դեպքեր, երբ ժամացույցին նայելը կարևոր չէ։ Եթե, օրինակ, հանգցնում ենք հրդեհը կամ աղետից հետո մասնակցում ենք փրկարարական աշխատանքների, ժամացույցին նայելու պատճառով մեր ուշադրությունը կարող է շեղվել, ավելին, գուցե վտանգավոր իրավիճակ ստեղծվի։ Նման իրավիճակներում շատ ավելի կարևոր է կենտրոնանալ աշխատանքի վրա և ոչ թե իմանալ, թե ժամը քանիսն է։ Որքան այս համակարգի վախճանը մոտենում է, այնքան ավելի կարևոր է դառնում մարդկանց պատմելը, թե ինչ է Եհովան արել իրենց փրկելու համար։ Արթուն մնալու համար քրիստոնյան կարիք չունի նայելու ժամացույցին, այսինքն՝ իմանալու, թե վերջը երբ է գալու։ Կա առնվազն հինգ պատճառ, թե ինչու է մեզ համար օգտակար այն, որ չգիտենք, թե երբ է գալու վերջը։

5. Օրն ու ժամը չիմանալը ինչպե՞ս է բացահայտում մեր սրտի վիճակը։

5 Առաջին՝ օրն ու ժամը չիմանալը բացահայտում է մեր սրտի վիճակը։ Քանի որ չգիտենք, թե վերջը երբ է գալու, և քանի որ Եհովան մեզ ստեղծել է ազատ կամքով, մենք հնարավորություն ունենք նրան ցույց տալու, որ իսկապես նվիրված ենք իրեն։ Մենք Եհովային ծառայում ենք սիրուց մղված և ոչ թե զուտ այն պատճառով, որ ուզում ենք վերապրել այս աշխարհի կործանումից (կարդա՛ Սաղմոս 37։4)։ Մեզ հաճելի է նրա կամքը կատարելը, և մենք հասկանում ենք, որ Աստծու սովորեցրած բաները օգտակար են (Ես. 48։17)։ Մենք չենք կարծում, որ նրա պատվիրանները ծանր են (1 Հովհ. 5։3

6. Ի՞նչ է զգում Եհովան, երբ մենք սիրուց մղված ենք ծառայում իրեն, և ինչո՞ւ։

6 Երկրորդ՝ օրն ու ժամը չիմանալը հնարավորություն է տալիս ուրախացնելու Եհովայի սիրտը։ Երբ Եհովային ծառայում ենք սիրուց մղված և ոչ թե ինչ-որ ամսաթվի պատճառով կամ զուտ պարգև ստանալու ակնկալիքով, մենք Եհովային հիմք ենք տալիս պատասխանելու իր հակառակորդի՝ Սատանայի անհիմն մեղադրանքներին (Հոբ 2։4, 5; կարդա՛ Առակներ 27։11)։ Մենք գիտենք, թե ինչքան ցավ ու տառապանք է Բանսարկուն պատճառել, ուստի լիովին թիկունք ենք կանգնում Եհովայի գերիշխանությանը և, ինչ խոսք, մերժում ենք Սատանայի ամբարիշտ կառավարումը։

7. Ինչո՞ւ ես կարծում, որ անձնազոհ կյանքով ապրելը ճիշտ է։

7 Երրորդ՝ օրն ու ժամը չիմանալը օգնում է ապրելու անձնազոհ կյանքով։ Աստծուն չճանաչող մարդկանցից ոմանք հավատում են, որ աշխարհն այսպես չի կարող երկար մնալ։ Նրանք վախենում են, որ ցանկացած պահի մոլորակը կարող է կործանվել ինչ-որ աղետի պատճառով, ուստի մտածում են այսպես. «Եկեք ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք» (1 Կորնթ. 15։32)։ Սակայն, ի տարբերություն նրանց, մենք չենք վախենում և չենք կենտրոնանում եսասիրական ցանկությունները կատարելու վրա (Առակ. 18։1)։ Փոխարենը՝ մեր անձը ուրանալով՝ մեր ժամանակը, ուժը և այլ միջոցներ տրամադրում ենք Թագավորության բարի լուրի քարոզչությանը (կարդա՛ Մատթեոս 16։24)։ Մենք ուրախություն ենք ստանում Աստծուն ծառայելուց, հատկապես երբ ուրիշներին օգնում ենք ճանաչելու նրան։

8. Աստվածաշնչյան ո՞ր օրինակն է ցույց տալիս, որ պետք է Եհովային ավելի շատ վստահենք և սուրբգրային խորհուրդները կիրառենք։

8 Չորրորդ՝ օրն ու ժամը չիմանալը օգնում է ավելի շատ վստահելու Եհովային ու ավելի շատ կիրառելու աստվածաշնչյան խորհուրդները։ Անկատար մարդու առավել նկատելի հակումներից մեկը ինքն իրեն ապավինելն է։ Պողոսը բոլոր քրիստոնյաներին  զգուշացրեց. «Ով կարծում է, թե կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի»։ Երբ իսրայելացիները Հեսուի գլխավորությամբ պատրաստվում էին մտնելու Ավետյաց երկիր, նրանցից քսաներեք հազար հոգի կորցրեց Եհովայի բարեհաճությունը։ Պողոսը գրեց. «Այս բաները.... գրվեցին մեզ զգուշացում լինելու համար, որ ապրում ենք այս ժամանակների վերջում» (1 Կորնթ. 10։8, 11, 12

9. Փորձություններն ինչպե՞ս կարող են ամրացնել հավատը և մեզ ավելի մտերմացնել Եհովայի հետ։

9 Հինգերորդ՝ օրն ու ժամը չիմանալը հնարավորություն է տալիս սովորելու փորձություններից և ամրացնելու հավատը (կարդա՛ Սաղմոս 119։71)։ Այս համակարգի վերջին օրերը իսկապես «չափազանց դժվար ժամանակներ են» (2 Տիմոթ. 3։1–5)։ Սատանայի աշխարհում շատերը ատում են մեզ և գուցե հալածեն հավատի համար (Հովհ. 15։19; 16։2)։ Եթե փորձությունների ժամանակ մեր անձը խոնարհեցնենք և փնտրենք Եհովայի առաջնորդությունը, մեր հավատը կզտվի, կմաքրվի, ինչպես որ մետաղն է զտվում կրակի միջոցով։ Ուստի փորձությունները մեզ հետ չեն պահի Եհովային ծառայելուց։ Հակառակը՝ նույնիսկ ավելի կմտերմացնեն նրա հետ, այնքան շատ, որ չենք էլ կարող պատկերացնել (Հակ. 1։2–4; 4։8

10. Ե՞րբ է ժամանակը արագ անցնում։

10 Ժամանակը կարող է արագ կամ դանդաղ անցնել։ Երբ զբաղված ենք լինում և ժամացույցին չենք նայում, մեզ թվում է՝ ժամանակը թռչում է։ Եհովան մեզ հրաշալի գործ է տվել, և եթե կլանված լինենք դրանով, ապա չենք նկատի, թե ժամանակն ինչպես է անցնում, և վերջը մեզ համար շուտ կգա։ Օծյալների մեծ մասը ժամացույցին չի նայել։ Եկեք համառոտ քննենք, թե ինչ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Հիսուսը 1914թ.-ին գահ բարձրացավ։ Կտեսնենք նաև, թե ինչպես օծյալների մի մասը պատրաստ եղավ, մյուս մասը՝ ոչ։

ՕԾՅԱԼՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ

11. Երբ 1914թ. անցավ, ինչո՞ւ որոշ օծյալներ մտածեցին, թե Տերը ուշանում է։

11 Վերադառնանք կույսերի և տաղանդների առակներին։ Եթե այս առակների կույսերը կամ ծառաները իմանային, թե երբ է փեսան կամ տերը գալու, նրանք կարիք չէին ունենա արթուն մնալու։ Բայց նրանք չգիտեին, ուստի ամեն րոպե պետք է պատրաստ լինեին։ Ճիշտ է, օծյալները տասնամյակներ շարունակ 1914 թ. համարել են հատուկ տարի, սակայն հստակ չեն հասկացել, թե ինչ է տեղի ունենալու այդ տարի։ Երբ 1914թ. եկավ և նրանց ակնկալիքները չիրականացան, նրանց թվաց, թե Փեսան ուշանում է։ Հետագայում մի եղբայր ասաց. «Մեզնից ոմանք լրջորեն կարծում էին, որ [1914թ.] հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում երկինք ենք գնալու»։

12. Օծյալների մեծամասնությունը ինչպե՞ս ցույց տվեց, որ հավատարիմ է և իմաստուն։

12 Միայն պատկերացրու, թե ինչպիսի հիասթափություն կարող էին զգալ եղբայրները. նրանք սպասում էին վերջին, բայց այն չեկավ։ Ավելին, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում նրանք հակառակության բախվեցին։ Քարոզչական գործը գրեթե կանգնեց։ Սկսվեց մի ժամանակաշրջան, որը կարելի է համեմատել քնի հետ։ Բայց 1919թ.-ին ինչ-որ «ձայն» արթնացրեց նրանց։ Հիսուսը մտել էր Աստծու հոգևոր տաճար և սկսել էր ստուգում անցկացնել։ Ոմանք չանցան ստուգումը և կորցրին Տիրոջ «գործն» անելու առանձնաշնորհումը (Մատթ. 25։16)։ Փաստորեն, հիմար կույսերի պես՝ նրանք բավականաչափ ջանասեր չէին եղել և իրենց հոգևոր յուղի պաշարները չէին լրացրել։ Ծույլ ծառայի պես՝ այդ մարդիկ չէին ցանկացել զոհողություններ անել հանուն Թագավորության։ Օծյալների մեծամասնությունը, սակայն, դրսևորել էր անշեղ նվիրվածություն և Տիրոջը ծառայելու մեծ ցանկություն նույնիսկ պատերազմի ծանր տարիներին։

13. Ի՞նչ տրամադրվածություն ուներ ծառա դասակարգը 1914թ.-ից հետո և ինչպիսի՞ տրամադրվածություն ունի այսօր։

 13 1914թ.-ից հետո «Դիտարանում» հետևյալ ուշագրավ միտքը գրվեց. «Եղբայրնե՛ր, մեզանից նրանք, ում սիրտը ուղիղ է Տիրոջ հետ, չեն հիասթափվում նրա մտադրություններից։ Մենք չենք ցանկանում, որ մեր կամքը լինի, ուստի երբ հասկացանք, որ 1914-ի հոկտեմբերի վերաբերյալ մեր ակնկալիքները սխալ են եղել, ուրախացանք, որ Տերը չի փոխել իր ծրագիրը, որ մեզ հարմար լինի։ Մեր նպատակը դա չէր։ Մենք ընդամենը ցանկանում ենք հասկանալ նրա ծրագրերը և նպատակները»։ Տիրոջ օծյալները շարունակում են այսպիսի խոնարհություն ու նվիրվածություն դրսևորել։ Նրանք չեն կարծում, որ իրենք ներշնչված են Աստծու կողմից, այդուհանդերձ վճռական են երկրի վրա զբաղված լինելու Տիրոջ «գործով»։ Այսօր «ուրիշ ոչխարների» «մեծ բազմությունը»՝ երկրային հույս ունեցող քրիստոնյաները, նրանց պես արթուն է ու եռանդուն (Հայտն. 7։9; Հովհ. 10։16

ԻՍԿ ՄԵՆՔ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆՔ

Նույնիսկ ծանր հանգամանքներում ձգտիր հոգևորապես սնվել

14. Ինչո՞ւ է կարևոր մի՛շտ սնվել ծառայի տված հոգևոր կերակուրով։

14 Աստված հավատարիմ և իմաստուն ծառային հանձնարարել է իր ժողովրդին հոգևոր կերակուր տալ։ Մեծ բազմության այն անդամները, ովքեր աչալուրջ են, օծյալ քրիստոնյաների պես սերտորեն հետևում են ծառայի տված առաջնորդությանը։ Այդպես նրանք Աստծու Խոսքի և նրա ոգու միջոցով լրացնում են իրենց հոգևոր յուղի պաշարը (կարդա՛ Սաղմոս 119։130; Հովհաննես 16։13)։ Դրա շնորհիվ նրանք ակտիվ են մնում նույնիսկ ծանր փորձությունների ներքո և այդպիսով պատրաստ են դիմավորելու Քրիստոսին։ Նացիստական համակենտրոնացման ճամբարներից մեկում եղբայրները ունեին միայն մեկ Աստվածաշունչ։ Նրանք աղոթեցին Եհովային, որ ավելի շատ հոգևոր կերակուր ունենան։ Շուտով իմացան, որ վերջերս բանտարկված մի եղբայր ճամբար է անցկացրել մի քանի նոր «Դիտարան»՝ թաքցնելով դրանք իր փայտե ոտքի մեջ։ Օծյալ եղբայր Էռնստ Վաուերը, որը համակենտրոնացման ճամբարի բանտարկյալներից է եղել, հիշում է. «Պարզապես ապշեցուցիչ էր, թե Եհովան ինչպես էր օգնում մեզ անգիր անելու հոդվածների այն մտքերը, որոնք կարող էին զորացնել մեզ»։ Հետո եղբայրն ավելացնում է. «Այսօր հոգևոր կերակուր գտնելը շատ հեշտ է, բայց արդյոք մի՞շտ ենք գնահատում այն։ Համոզված եմ, որ Եհովան առատորեն կօրհնի բոլոր նրանց, ովքեր վստահում են իրեն, նվիրված են և սնվում են իր սեղանից»։

15, 16. ա) Ինչպե՞ս Եհովան օրհնեց մի ամուսնական զույգի եռանդը։ բ) Ի՞նչ կարող ես սովորել նրանց և ուրիշների այսպիսի օրինակներից։

 15 Ուրիշ ոչխարները նույնպես զբաղված են Տիրոջ «գործով». նրանք լիովին աջակցում են Քրիստոսի եղբայրներին (Մատթ. 25։40)։ Ի տարբերություն Հիսուսի առակի ծույլ ծառայի՝ նրանք պատրաստ են զոհողություններ անելու հանուն Թագավորության շահերի։ Օրինակ՝ երբ Ջոնին ու Մասակոյին առաջարկեցին ծառայել Քենիայի չինախոս դաշտում, նրանք սկզբում տատանվեցին։ Բայց աղոթքով խորհրդածելուց հետո որոշեցին տեղափոխվել։

16 Ջոնն ու Մասակոն առատապես օրհնվեցին այդ զոհողության համար։ «Այստեղ ծառայությունը հոյակապ է»,— ասում են նրանք։ Ամուսինները յոթ ուսուցում սկսեցին։ Անչափ հետաքրքիր դեպքեր տեղի ունեցան։ Նրանք ասում են. «Մենք ամեն օր շնորհակալություն ենք հայտնում Եհովային, որ թույլ տվեց մեզ այստեղ ծառայելու»։ Անշուշտ, կան ուրիշ շատ եղբայրներ և քույրեր, ովքեր, անկախ այն բանից, թե վերջը երբ կգա, լիովին զբաղված են Թագավորության շահերը առաջ տանելով։ Նրանցից են «Գաղաադ» դպրոցի հազարավոր շրջանավարտները։ «Դիտարանի» «Ամեն բան անում ենք մեր կարողության սահմաններում» հոդվածում պատմվում է, թե ինչպես է անցնում միսիոներական ծառայությունը (2001թ., հոկտեմբերի 15)։ Կարդա այս հոդվածը և փորձիր տեսնել, թե ինչպես կարող ես ավելացնել ծառայությունդ, ինչը, անկասկած, կավելացնի ուրախությունդ։

ԴՈՒ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՐԹՈՒՆ ՄՆԱ

Ժամանակն արագ է անցնում, երբ զբաղված ենք լինում հոգևոր գործերով

17. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ օրն ու ժամը չիմանալը օրհնություն է մեզ համար։

17 Ինչպես տեսնում ենք, այն, որ չգիտենք, թե երբ է գալու վերջը, իրականում օրհնություն է մեզ համար։ Օրն ու ժամը չիմանալը չպիտի մեզ վհատեցնի։ Ընդհակառակը՝ դա մեզ հնարավորություն է տալիս ավելի մտերմանալու Եհովայի՝ մեր սիրառատ Հոր հետ, եթե, իհարկե, լիովին զբաղված ենք նրա կամքը կատարելով։ Եթե մեր ձեռքը «արորի վրա դնենք» և խուսափենք շեղումներից, ապա մեծ ուրախություն կստանանք Տիրոջը ծառայելուց (Ղուկ. 9։62

18. Ինչո՞ւ ենք ուզում հավատարիմ մնալ։

18 Դատաստանի օրը արագորեն մոտենում է։ Մեզնից ոչ ոք չի ուզում վշտացնել Եհովային կամ Հիսուսին։ Այս վերջին օրերում նրանք մեզ վստահել են մի անչափ կարևոր գործ, և մենք երախտապարտ ենք նրանց այդ վստահության համար (կարդա՛ 1 Տիմոթեոս 1։12

19. Ինչպե՞ս կարող ենք պատրաստ լինել։

19 Անկախ այն բանից՝ մեր հույսը երկնային է թե երկրային, եկեք վճռենք հավատարմորեն կատարել քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործը։ Այո՛, մենք չգիտենք, թե երբ է գալու Եհովայի օրը։ Բայց մի՞թե կարիք ունենք դա իմանալու։ Եկեք շարունակենք պատրաստ լինել այդ օրվան (Մատթ. 24։36, 44)։ Կարող ենք համոզված լինել, որ ոչ մի դեպքում չենք հիասթափվի, եթե լիովին վստահենք Եհովային և Թագավորության շահերը առաջին տեղում դնենք (Հռոմ. 10։11

^ պարբ. 3 Տե՛ս «Դիտարան», 2004, մարտի 1, էջ 14–18։