Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հնարավո՞ր է լինել ազնիվ այս անազնիվ աշխարհում

Հնարավո՞ր է լինել ազնիվ այս անազնիվ աշխարհում

«Ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐ 13։18

ՉՆԱՅԱԾ մեր մեղավոր էությանը և չար աշխարհի ու Սատանայի գործադրած մեծ ճնշմանը՝ մենք կարող ենք լինել ազնիվ։ Ինչպե՞ս։ Մտերմանալով Աստծու հետ և կիրառելով Աստվածաշնչի սկզբունքները, որոնք անցել են ժամանակի փորձությունը։ Քննենք երկու սկզբունք։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Մի՛ ընդունեք այս աշխարհի կերպարանքը» (Հռոմեացիներ 12։2

«Աստվածաշունչը օգնում է ինձ տեսնելու ազնիվ լինելու օգուտները» (ԳԻԼՅԵՐՄԵ)

Իրական կյանքից։ Գիլյերմեն բրազիլացի հաջողակ բիզնեսմեն է։ Նա խոստովանում է, որ հեշտ չէ ազնիվ լինել։ «Ձեռնարկության առջև դրված նպատակներին հասնելու և մրցակցող աշխարհում հաջողություն գտնելու ձգտումը բիզնեսմենին կարող է հեշտությամբ անազնիվ գործարքների մեջ ներքաշել,— ասում է նա։— Շատերի համար կաշառք տալն ու վերցնելը սովորական երևույթ է։ Հատկապես եթե նոր ձեռնարկատեր ես և ունես ֆինանսական լուրջ  պատասխանատվություններ, դժվար է ազնիվ մնալ»։

Չնայած դրան՝ Գիլյերմեին հաջողվում է մնալ ազնիվ։ Նա ասում է. «Նույնիսկ բիզնեսի ապականված աշխարհում մարդը կարող է լինել ազնիվ։ Դրա համար անհրաժեշտ է բարոյական բարձր արժեքներ ունենալ։ Աստվածաշունչը օգնում է ինձ տեսնելու ազնիվ լինելու օգուտները։ Ազնիվ մարդը ունի մաքուր խիղճ, ներքին խաղաղություն և ինքնահարգանք։ Նա կարող է մյուսների վրա դրական ազդեցություն թողնել»։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Ովքեր որոշում են հարստանալ, ընկնում են փորձության և որոգայթի, բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք մարդկանց ընկղմում են կործանման և կորստի մեջ, որովհետև բոլոր վնասակար բաների արմատը փողասիրությունն է» (1 Տիմոթեոս 6։9, 10

«Ուրախ եմ, որ աստվածաշնչյան բարձր բարոյական չափանիշները կիրառելով՝ լավ համբավ ձեռք բերեցի» (ԱՆԴՐԵ)

Իրական կյանքից։ Անդրեն ղեկավարում է մի ընկերություն, որը անվտանգության համակարգեր է տեղադրում։ Ֆուտբոլային մի մեծ ակումբ նրա պատվիրատուներից մեկն է։ Մի անգամ մեծ խաղից հետո Անդրեն գնաց այդ ակումբի գլխավոր գրասենյակ և ներկայացրեց իրենց ծառայությունների հաշիվ-ապրանքագիրը։ Հաշվապահությունը զբաղված էր տոմսերի վաճառքից ստացված գումարը հաշվելով։ Քանի որ արդեն ուշ էր, տնօրենը շտապելով վճարեց սպասարկող ընկերությունների ներկայացուցիչներին, այդ թվում նաև Անդրեին։

«Ճանապարհին նկատեցի, որ տնօրենը ավել փող է տվել,— պատմում է Անդրեն։— Թեև նա չէր իմանա, թե ում է սխալմամբ շատ փող տվել, բայց խեղճը ստիպված կլիներ այդ պակասորդը իր գրպանից դնել։ Որոշեցի հետ դառնալ։ Երկրպագուների ամբոխը ճեղքելով՝ մտա հաշվապահություն և վերադարձրի գումարը։ Տնօրենը շատ զարմացավ։ Նա երբեք նման բան չէր տեսել»։

Անդրեն ասում է. «Իմ ազնվությամբ շահեցի նրա հարգանքը։ Մի քանի տարի է անցել, և այդ ակումբը այն ժամանակ իրեն սպասարկող ընկերություններից միայն իմ ընկերության հետ է, որ մինչ օրս պայմանագիր ունի։ Ուրախ եմ, որ աստվածաշնչյան բարձր բարոյական չափանիշները կիրառելով՝ լավ համբավ ձեռք բերեցի»։

Քաջալերական է իմանալ, որ Աստծու օգնությամբ կարող ենք դիմադրել սխալ բան անելու ճնշմանը։ Սակայն մարդկային ջանքերով անհնար է ամբողջովին արմատախիլ անել կոռուպցիան, քանի որ դրա արմատները շատ ավելի խորն են, որ անկատար մարդը կարողանա վերացնել այն։ Արդյո՞ք սա նշանակում է, որ կոռուպցիան երբեք վերջ չի ունենա։ Հաջորդ հոդվածը կպատասխանի այս հարցին։