Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստծու խոսքի զորությունը հնդուական ընտանիքում

Աստծու խոսքի զորությունը հնդուական ընտանիքում

ԵՐԲԵՔ չեմ մոռանա 2005 թ. օգոստոսի 22-ի առավոտը, երբ ընտանիքով հավաքվել էինք նախաճաշելու։ Կյանքս մազից էր կախված։ Ուղեղիս վրա մեծ ուռուցք էին հայտնաբերել։

Երբ ամուսինս՝ Կրիշնան, աղոթեց, դիմեցի իմ ընտանիքի անդամներին. «Ես պետք է հիվանդանոց գնամ, ինձ լուրջ վիրահատություն է սպասվում։ Ամեն ինչի պատրաստ եղեք։ Թաղմանս հետ կապված բոլոր անհրաժեշտ բաների մասին հոգացել եմ։ Նրանց, ովքեր երկրպագում են Եհովային, ուզում եմ խնդրել, որ երբեք չթողնեն նրան։ Իսկ մյուսներին աղաչում եմ, սկսեք Աստվածաշունչ ուսումնասիրել և հաճախել մեր ժողովի հանդիպումներին։ Այդպիսով մենք նույն համոզմունքները կունենանք և կհանդիպենք նոր աշխարհում՝ դրախտ երկրի վրա, որտեղ Աստծու ճշմարիտ երկրպագուները կատարյալ առողջ են լինելու և ապրելու են հավիտյան»։

Նախքան կպատմեմ, թե ինչ եղավ վիրահատությունից հետո, ուզում եմ մի փոքր խոսել իմ մանկության մասին և թե ինչպես ճանաչեցի ճշմարիտ Աստծուն։

Իմ մանկությունը

Մորս գրկում

Մենք ապրում էինք փայտից ու երկաթից պատրաստված մի մեծ տան մեջ։ Այն գտնվում էր բլրի վրա՝ ափամերձ Դուրբան քաղաքում (Հարավային Աֆրիկա)։ Մեր տան շքամուտք հասնելու համար պետք է սանդուղքով 125 աստիճան բարձրանայինք։ Այդ աստիճանները տանում էին դեպի թփերով լի մի կարճ արահետ, որի վերջում երկաթե դարպաս կար։ Դարպասի մի կողմում տատիկիս տաճարն էր, որը լի էր հնդուական աստվածների նկարներով ու արձանիկներով։ Տատիկս ասում էր, որ ես «տաճարի երեխա» եմ, քանի որ ծնվել եմ աստվածների կամքով։ Տաճարի դիմաց կարմիր փայլուն աստիճաններ կային, որոնցով բարձրանում էինք դեպի շքամուտք։ Մեր տունը մեծ էր. այն ուներ երկար միջանցք, ընդարձակ խոհանոց՝ ածխի մեծ վառարանով, և յոթ ննջասենյակ։ Տանը կից կար ևս մեկ ննջասենյակ։ Այդ տանը ապրում էր 27 հոգի՝ տատիկս ու պապիկս, հայրս, նրա երեք կրտսեր եղբայրները և քույրը՝ իրենց ընտանիքներով։

Մեր հայրական տունը

Հեշտ չէր հոգալ այսպիսի մեծ ընտանիքի կարիքները։ Սակայն քանի որ բոլորս մի տան մեջ էինք ապրում, մեր ընտանիքը միասնական էր, և մինչ օրս բազում ուրախ հիշողություններ ունենք։ Տան գործերը անում էին չորս հարսները, այդ թվում նաև մայրս՝ Գարգի Դեվին։ Նրանք հերթով մաքրություն էին անում ու ճաշ պատրաստում։ Տան գլուխը պապիկս էր, նա էր ամբողջ ընտանիքի համար ուտելիք առնում։ Ամեն չորեքշաբթի պապս ու տատս գնում էին խանութ՝ ամբողջ շաբաթվա համար միս, միրգ ու բանջարեղեն առնելու։ Մենք՝ երեխաներս, նստում էինք սոճու տակ՝ մի թմբի վրա, և սպասում, թե երբ պետք է նրանք վերադառնան։ Հենց որ տեսնում էինք նրանց ավտոբուսից մեծ զամբյուղներով իջնելիս, վազում էինք 125 աստիճաններով ցած, որ օգնենք։

Մեր տան աստիճանների մոտ

Մեր այգում մի մեծ արմավենի կար, որի վրա հնդկական սարյակները բույն էին հյուսել։ Մենք ամեն օր զմայլվում էինք նրանց ծլվլոցով և հիացմունքով նայում, թե ինչպես են այս ու այն կողմ թռչում։ Տատիկս նստում էր շքամուտքի աստիճաններին և մեզ պատմություններ էր պատմում, ասում էր, թե ինչ են խոսում այդ թռչունները, ասես հասկանում էր նրանց լեզուն։ Այդ տան հետ կապված այնքա՜ն քաղցր հուշեր ունեմ։ Միասին ծիծաղում էինք, լաց լինում, խաղում, իսկ երբ մեզնից մեկը որևէ բան էր  ունենում, բաժին էր հանում մյուսներին։ Հաճելի էր որպես մեկ մեծ ընտանիք ապրել իրար հետ։ Սակայն ամենակարևորն այն է, որ հենց այդ տանը մենք իմացանք մեր Արարչի՝ Եհովայի և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին։

Մեր հնդուական հավատի մասն էին կազմում ամենօրյա ծիսակատարությունները։ Մենք նաև կանոնավորաբար մեծ տոնակատարություններ էինք անում և հյուրեր հրավիրում աստվածներին ու աստվածուհիներին երկրպագելու համար։ Որոշ ծիսակատարությունների ժամանակ իմ տատիկը տրանսի մեջ էր ընկնում ու հաղորդակցվում էր ոգիների հետ, իսկ կեսգիշերին մենք կենդանիներ էինք զոհաբերում աստվածներին հաճեցնելու նպատակով։ Համայնքում պապիկիս ճանաչում էին որպես բարերարի։ Նա դպրոցների և հնդուական տաճարների համար նվիրաբերություններ էր անում։

Իմանում ենք Եհովայի մասին ճշմարտությունը

1972թ.-ին պապիկս հիվանդացավ ու մահացավ։ Մի քանի ամիս անց մեզ Եհովայի վկաներ այցելեցին։ Հորեղբորս կինը՝ Ինդերվատին (նրան նաև Ջեյն էինք անվանում), երկու Եհովայի վկաներից «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրեր վերցրեց։ Նա իրեն շատ մեղավոր էր զգում, որ նրանց ներս չէր հրավիրել։ Մենք միշտ Վկաներին մերժում էինք։ Սակայն հաջորդ անգամ, երբ նրանք եկան մեր տուն, Ջեյնը ներս հրավիրեց և պատմեց իր ամուսնական խնդիրների մասին։ Նրա ամուսինը չարաշահում էր ալկոհոլը։ Հարևաններն ու բարեկամները խորհուրդ էին տալիս բաժանվել։ Եհովայի վկաները բացատրեցին, թե ինչ տեսակետ ունի Աստված ամուսնության վերաբերյալ (Մատթեոս 19։6)։ Ջեյնին անչափ տպավորեց հավիտյան ապրելու հրաշալի խոստումը և այն ամենը, ինչ սովորեցնում է Աստվածաշունչը *։ Նա փոխեց ամուսնալուծվելու իր մտադրությունը և սկսեց կանոնավորաբար Աստվածաշունչ ուսումնասիրել Վկաների հետ։ Երբ նա հյուրասենյակում ուսումնասիրում էր, մյուս հարսները իրենց սենյակներից ականջ էին դնում։

Ի վերջո բոլոր հարսները սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ջեյնը ուրիշներին պատմում էր իր սովորածի մասին և մեզ համար հաճախ կարդում ու բացատրում էր «Լսեցեք Մեծ Ուսուցչին» * գրքի պատմությունները։ Երբ հորեղբայրներս իմացան, որ Աստվածաշունչ ենք ուսումնասիրում, սկսեցին հակառակվել մեզ։ Նրանցից մեկը նույնիսկ վերցրեց ամբողջ գրականությունը, այդ թվում նաև Աստվածաշունչը և այրեց։ Ժողով գնալու համար նրանք վիրավորում էին մեզ և բռնություն գործադրում։ Հայրս միակն էր, ով իրեն այդպես չէր պահում։ Նա երբեք չէր խանգարում մեզ Եհովայի մասին գիտելիքներ ձեռք բերել։ Բոլոր չորս հարսները շարունակում էին ժողով գնալ և ավելացնել իրենց սերը Եհովա Աստծու հանդեպ։

1974թ.-ին Ջեյնը մկրտվեց և դարձավ Եհովայի վկա, իսկ շատ չանցած՝ մայրս ու մյուս հորեղբայրներիս կանայք հետևեցին նրա օրինակին։ Ժամանակի ընթացքում տատիկս թողեց իր հնդուական սովորությունները։ Երկար տարիներ ես կանոնավորաբար նրանց հետ հաճախում էի քրիստոնեական բոլոր հանդիպումներին։ Եվ մի օր՝ համաժողովի ժամանակ, Շեմիլա Ռամպերսադ անունով մի Վկա հարցրեց  ինձ, թե երբ եմ մկրտվելու։ Ես պատասխանեցի նրան, որ չեմ կարող, քանի որ ոչ ոք ինձ հետ Աստվածաշունչ չի ուսումնասիրում։ Նա առաջարկեց ինձ իր օգնությունը։ Հաջորդ համաժողովին՝ 1977թ. դեկտեմբերի 16-ին, ես մկրտվեցի՝ դառնալով 27 հոգուց բաղկացած իմ ընտանիքի 18 մկրտված անդամներից մեկը։ Սակայն իմ վիրահատության ժամանակ հայրս՝ Սոնի Դեվան, դեռ հնդուական էր։

«Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք»

Փիլիպպեցիներ 4։6, 7 համարները ինձ շատ օգնեցին, հատկապես այն բանից հետո, երբ իմ ուղեղի վրա ուռուցք հայտնաբերեցին։ Այդ համարներում ասվում է. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսի միջոցով»։ Շատ դժվար է ոչ մի բանի մասին չմտահոգվել, հատկապես, երբ քեզ ասում են, որ ցանկացած պահի կարող ես մահանալ։ Սկզբում ես միայն լաց էի լինում, հետո սկսեցի աղոթել Եհովային և այդ ժամանակ զգացի «Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք»։

Եհովա Աստված ասես բռնել էր իմ աջ ձեռքը։ Այդ ողջ ընթացքում զգում էի, որ նա առաջնորդում է ինձ (Եսայիա 41։13)։ Նա զորացրեց ինձ, որ կարողանամ բժշկական անձնակազմին խիզախորեն բացատրել, թե ինչու եմ հաստատակամորեն հնազանդվում արյունից հեռու մնալու աստվածաշնչյան պատվերին (Գործեր 15։28, 29)։ Արդյունքում վիրաբույժը և անեսթեզիոլոգը համաձայնվեցին վիրահատությունն անել առանց արյան փոխներարկման։ Վիրահատությունից հետո վիրաբույժն ասաց, որ ամեն ինչ հաջող է անցել և ուռուցքը ամբողջովին հեռացվել է։ Բժիշկը նաև ասաց, որ իր պրակտիկայում չի տեսել հիվանդի, որը նման բարդ վիրահատությունից հետո այդքան շուտ ապաքինվի։

Երեք շաբաթ անց ես անկողնում արդեն կարողանում էի Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել։ Իսկ յոթ շաբաթ հետո մեքենա էի վարում, քարոզում էի և գնում ժողովի հանդիպումներին։ Շատ թանկ եմ գնահատում իմ քրիստոնյա եղբայրների ու քույրերի աջակցությունը, որոնք այդ ընթացքում ինձ հետ ուս ուսի մասնակցում էին քարոզչական գործին։ Նրանք ինձ վստահեցնում էին, որ ես մենակ չեմ և որ բարեհաջող տուն կվերադառնամ վիրահատությունից հետո։ Իմ արագ ապաքինվելուն նպաստեց այն, որ ես լսում էի աստվածաշնչյան ձայնագրությունները և կենտրոնանում էի հոգևոր գործերի վրա։

Անչափ ուրախացա, երբ իմացա, որ իմ վիրահատությունից հետո հայրս համաձայնվել է Վկաների հետ Աստվածաշունչ ուսումնասիրել։ 73 տարեկանում նա մկրտվեց և այժմ եռանդորեն ծառայում է Եհովային։ Այսօր մեր մեծ ընտանիքի ավելի քան 40 անհատներ միասնաբար երկրպագում են Եհովային։ Թեև մի աչքս լավ չի տեսնում, իսկ գանգոսկրերս մետաղով են ամրացված իրար, ես հույսով սպասում եմ այն ժամանակին, երբ Եհովան գալիք դրախտ երկրում «ամեն բան նոր» կանի (Հայտնություն 21։3–5

Ամուսնուս, աղջկաս և ծնողներիս հետ

Եհովան օրհնել է ինձ՝ տալով հրաշալի ամուսին, որը ժողովում վերակացու է ծառայում։ Ունեմ նաև գեղեցիկ աղջիկ, որի անունը Քլերիստա է. նա շատ է օգնում ինձ կատարելու իմ լիաժամ ծառայությունը։ Եհովան առատապես օրհնում է իմ ծառայությունը։ Մարդկանց հետ Աստվածաշունչ ուսումնասիրելով՝ կարողանում եմ օգնել նրանց կյանքում զգալու Աստծու Խոսքի զորությունը։ Նրանցից ավելի քան 30-ը այսօր Աստծու մկրտված ծառաներ են։

Անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, երբ Եհովա Աստված կազատի մեզ ցավից ու տառապանքից և կբնակեցնի հրաշալի դրախտ երկրում։

^ պարբ. 12 Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար այն մասին, թե Աստված ինչ նպատակ ունի երկրի առնչությամբ, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 3-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

^ պարբ. 13 Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Այժմ չի տպագրվում։