Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 Մեր ընթերցողները հարցնում են

Երջանկությունը ամուսնությունի՞ց է կախված

Երջանկությունը ամուսնությունի՞ց է կախված

Արդյո՞ք Աստվածաշունչը սովորեցնում է, որ երջանիկ ու բավարարված զգալու համար անհատը պետք է ամուսնացած լինի։ Առաջին հայացքից գուցե թվա, թե Աստված թիկունք է կանգնում այդ մտքին։ Ինչպե՞ս։

Ըստ «Ծննդոց» գրքի արձանագրության՝ Աստված տեսավ, որ «լավ չէ» առաջին մարդու՝ Ադամի համար մենակ լինել։ Ուստի նա Եվային որպես «լրացում» ստեղծեց նրա համար (Ծննդոց 2։18)։ «Լրացում» բառը ցույց է տալիս, որ այն ինչ-որ բան ամբողջական է դարձնում։ Այս համարից գուցե եզրակացնենք, որ անհատը չի կարող իրեն լիարժեք զգալ, եթե ամուսնացած չէ։ Բացի այդ, բազմաթիվ աստվածաշնչյան արձանագրություններ ամուսնությունը ներկայացնում են որպես օրհնության և ուրախության աղբյուր։ Այդպիսի օրինակ է Հռութի մասին պատմությունը։

Սակայն մի՞թե այդ պատմությունները ցույց են տալիս, որ քրիստոնյաները չեն կարող այսօր իրենց լիարժեք, երջանիկ ու բավարարված զգալ, եթե ամուսնացած չեն և երեխաներ չունեն։ Իհա՛րկե ոչ։ Օրինակ՝ Հիսուս Քրիստոսը իրեն լիովին բավարարված ու լիարժեք էր զգում, թեև մինչև մահ ամուրի մնաց։ Նա, լինելով երկրի վրա ապրած ամենաիմաստուն մարդը, «երջանիկ Աստծու»՝ Եհովայի կատարյալ արտացոլումն էր (1 Տիմոթեոս 1։11; Հովհաննես 14։9)։ Նա հստակ ցույց է տվել, թե այս աշխարհում ինչն է մարդուն երջանկություն և օրհնություն բերում, սակայն երբևէ չի ասել, որ երջանկությունը ամուսնությունից է կախված (Մատթեոս 5։1–12

Ուստի կարո՞ղ ենք ասել, թե Աստվածաշունչը հակասում է ինքն իրեն։ Ամենևի՛ն։ Թեև Եհովան ամուսնությունը տվել է, որ մարդիկ ուրախ, մտերիմ և երջանիկ լինեն, սակայն այն երբեմն նաև կարևոր դեր է ունեցել նրա նպատակի իրականացման մեջ։ Օրինակ՝ Ադամի ու Եվայի առնչությամբ Աստծու նպատակն էր, որ նրանք «բազմանան, շատանան, լցնեն երկիրը» (Ծննդոց 1։28)։ Ո՛չ Ադամը և ո՛չ էլ Եվան չէին կարող մենակ իրականացնել այս նպատակը։ Նրանք պետք է երկուսով լինեին և լրացնեին իրար։

Ընտանիք կազմելը կարևոր դեր է ունեցել նաև Իսրայել ազգի հետ կապված Եհովայի նպատակների մեջ։ Նա ցանկանում էր, որ իր ժողովուրդը բազմաքանակ դառնա, որպեսզի թշնամին չկարողանա հաղթել նրան։ Աստծու նպատակն էր նաև, որ Հուդայի ցեղից սերեր Մեսիան, որպեսզի հավատարիմ մարդկանց ազատեր մեղքի ու մահվան կապանքներից (Ծննդոց 49։10)։ Հետևաբար, իսրայելացի կանայք առանձնաշնորհում էին համարում ամուսնությունը և որդեծնությունը, իսկ ամուլ լինելը՝ ամոթ և դժբախտություն։

Ի՞նչ կարող ենք ասել մեր օրերի մասին։ Մի՞թե վաղեմի ժամանակներում Աստծու տված պատվերը՝ «լցնել երկիրը», պարտավորեցնում է ներկայիս քրիստոնյաներին արդեն իսկ մարդկանցով բնակեցված երկրի վրա ամուսնանալ և երեխաներ ունենալ։ Իհա՛րկե ոչ (Մատթեոս 19։10–12)։ Աստված այլևս նպատակ չունի պահպանելու Մեսիայի շառավիղը կամ այն ազգը, որում պետք է ծնվեր Փրկիչը։ Այդ դեպքում ինչպե՞ս պետք է քրիստոնյաները վերաբերվեն ամուսնությանն ու ամուրիությանը։

Ինչ խոսք, երկուսն էլ Աստծուց տրված պարգևներ են։ Օրինակ՝ մեկի համար որևէ նվեր կարող է անհրաժեշտություն լինել, մյուսի համար՝ ոչ։ Ամուսնությունը սուրբ կառույց է, որը սիրո, ընկերության և ամուր ընտանիքի հիմք է դնում։ Բայց միևնույն ժամանակ Աստվածաշունչը իրատեսորեն նշում է, որ այս անկատար աշխարհում ամուսնացողները «դժվարություններ կունենան»։ Իսկ ինչ վերաբերում է ամուրիությանը, Աստված այն ամոթ կամ դժբախտություն չի համարում։ Ընդհակառակը՝ նրա Խոսքում նշվում է, որ ամուրիությունը առավելություններ ունի (1 Կորնթացիներ 7։28, 32–35

Ուստի Աստվածաշունչը հավասարակշռված տեսակետ ունի ամուսնության և ամուրիության վերաբերյալ։ Եհովան՝ ամուսնության և ընտանիքի Հիմնադիրը, ցանկանում է, որ իր բոլոր ծառաները լինեն երջանիկ ու բավարարված, անկախ նրանից՝ ամուրի են, թե ամուսնացած։