Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հիսուսը խոնարհության օրինակ թողեց

Հիսուսը խոնարհության օրինակ թողեց

«Ես ձեզ օրինակ թողեցի, որ ինչ ես արեցի, դուք էլ նույնն անեք» (ՀՈՎՀ. 13։15

1, 2. Հիսուսն ի՞նչ կարևոր բան սովորեցրեց իր առաքյալներին։

ՀԻՍՈՒՍԻ երկրային կյանքի վերջին գիշերն է, և նա այն անց է կացնում իր առաքյալների հետ Երուսաղեմի տներից մեկի վերնասենյակում։ Մինչ նրանք ընթրում են, Հիսուսը վեր է կենում, հանում է վերնահագուստը, սրբիչը կապում է մեջքին, տաշտի մեջ ջուր լցնում և սկսում լվանալ ու սրբիչով չորացնել աշակերտների ոտքերը։ Ինչի՞ համար է այս խոնարհ արարքը (Հովհ. 13։3–5

2 Հիսուսն ինքը բացատրում է. «Եթե ես, որ թեև Տեր եմ և Ուսուցիչ, լվացի ձեր ոտքերը, դուք նույնպես պետք է միմյանց ոտքերը լվանաք։ Ես ձեզ օրինակ թողեցի, որ ինչ ես արեցի, դուք էլ նույնն անեք» (Հովհ. 13։12–15)։ Այս խոնարհ արարքով Հիսուսն իր առաքյալներին մի շատ կարևոր բան սովորեցրեց։ Նրանք հասկացան, որ պետք է միշտ խոնարհ լինեն։ Անկասկած, առաքյալներն այս դասը երբեք չէին մոռանա։

3. ա) Հիսուսն ինչպե՞ս շեշտեց խոնարհության կարևորությունը։ բ) Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

3 Առաքյալների ոտքերը լվանալով՝ Հիսուսն առաջին անգամ չէր շեշտում խոնարհության կարևորությունը։ Ավելի վաղ, երբ նրանցից ոմանք մրցակցության ոգի էին ցուցաբերել, նա, մի փոքր երեխայի կանգնեցնելով իր կողքին, ասել էր. «Ով որ այս երեխային ընդունի իմ անունով, ինձ էլ ընդունած կլինի, և ով որ ինձ ընդունի, ընդունած կլինի նաև ինձ ուղարկողին։ Ով փոքրի պես է վարվում ձեր մեջ, նա է մեծ» (Ղուկ. 9։46–48)։ Իսկ մի անգամ էլ, երբ խոսում էր փարիսեցիների հետ, որոնք իրենց ավելի բարձր էին դասում մյուսներից, ասաց. «Ամեն ոք, ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, իսկ ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրանա» (Ղուկ. 14։11)։ Հստակ է՝ Հիսուսն ուզում էր, որ իր հետևորդները լինեն խոնարհ, հպարտությունից և մեծամտությունից զերծ։ Քանի որ ուզում ենք ընդօրինակել նրան, եկեք մանրամասն  քննենք, թե նա ինչպես դրսևորեց խոնարհություն։ Մենք նաև կտեսնենք, թե խոնարհությունը ինչպես է օգուտներ բերում ոչ միայն այս հատկությունը դրսևորողներին, այլև մյուսներին։

«ԵՍ.... ՀԵՏ ՉԴԱՐՁԱ»

4. Աստծու միածին Որդին ինչպե՞ս խոնարհություն դրսևորեց իր մինչմարդկային կյանքի ընթացքում։

4 Աստծու միածին Որդին խոնարհություն դրսևորեց իր մինչմարդկային կյանքի ընթացքում։ Նա անթիվ-անհամար տարիներ է անցկացրել իր երկնային Հոր հետ։ «Եսայիա» գրքում գրված է, որ Որդին մտերիմ փոխհարաբերություններ է ունեցել Հոր հետ. «Գերիշխան Տեր Եհովան ինձ ուսուցանվողների լեզու է տվել, որ իմանամ՝ ինչպես խոսքով մխիթարել հոգնածին։ Ամեն առավոտ նա արթնացնում է ինձ, արթնացնում է իմ ականջը, որ լսեմ ուսուցանվողների պես։ Գերիշխան Տեր Եհովան բացեց իմ ականջը, ու ես չընդդիմացա, հետ չդարձա» (Ես. 50։4, 5)։ Հիսուսը խոնարհ էր, շատ էր ուզում սովորել իր Ուսուցչից և ուշադիր լսում էր նրան։ Նա, անկասկած, ականատես է եղել, թե Եհովան ինչպես է խոնարհություն դրսևորել՝ ողորմած լինելով մեղավոր մարդկանց հանդեպ։

5. Ինչպե՞ս Հիսուսը դրսևորեց խոնարհություն և համեստություն, երբ վիճում էր Բանսարկուի հետ Մովսեսի մարմնի համար։

5 Երկնքում ոչ բոլոր ոգեղեն էակներն էին Աստծու միածին Որդու պես խոնարհ ու համեստ։ Մի հրեշտակ, որը հետագայում դարձավ Բանսարկու Սատանա, փոխանակ ցանկանալու սովորել Եհովայի մասին, թույլ տվեց, որ իր մեջ զարգանան խոնարհությանը հակառակ հատկություններ։ Նա սկսեց իր մասին չափազանց մեծ կարծիք ունենալ, լցվեց հպարտությամբ և արդյունքում ըմբոստացավ Եհովայի դեմ։ Մինչդեռ Հիսուսը երկնքում ունեցած իր դիրքով բավարարված էր և մտադիր չէր իր իշխանությունը սխալ օգտագործելու։ Նա՝ որպես Միքայել հրեշտակապետ, չչարաշահեց իր իշխանությունը, երբ «վիճում էր Բանսարկուի հետ Մովսեսի մարմնի համար»։ Նա ուզում էր, որ տիեզերքի Գերագույն Դատավորը հարցերը լուծի իր ուզած ձևով և իր որոշած ժամանակին (կարդա՛ Հուդա 9

6. Այն, որ Հիսուսն ընդունեց որպես Մեսիա ծառայելու նշանակումը, ինչպե՞ս է ցույց տալիս, որ նա խոնարհ էր։

6 Երկնքում եղած ժամանակ Հիսուսը, անշուշտ, գիտեր, որ Մեսիայի վերաբերյալ բոլոր մարգարեությունները իր վրա են կատարվելու։ Սա նշանակում է, որ նա նախօրոք գիտեր, որ տառապելու է երկրի վրա։ Չնայած այս հեռանկարին՝ Հիսուսն ընդունեց իր նշանակումը՝ ապրել երկրի վրա և մահանալ՝ որպես խոստացված Մեսիա։ Ինչո՞ւ նա ընդունեց։ Որովհետև խոնարհ էր։ Պողոս առաքյալը գրեց. «[Հիսուսը] թեև Աստծու կերպարանքն ուներ, չմտածեց հափշտակություն անելու մասին, այսինքն՝ Աստծուն հավասար լինելու մասին, այլ զրկեց իրեն ամեն ինչից, ծառայի կերպարանք ընդունեց և դարձավ մարդկանց նման» (Փիլիպ. 2։6, 7

«ՆԱ ԽՈՆԱՐՀԵՑՐԵՑ ԻՐԵՆ»

Հիսուսի խոնարհությունը ի՞նչ օգուտներ կարող է տալ մեզ

7, 8. Հիսուսն ինչպե՞ս խոնարհություն դրսևորեց մանկության տարիներին և չափահաս տարիքում։

7 Պողոսը գրեց. «Լինելով մարդու կերպարանքում՝ [Հիսուսը] խոնարհեցրեց իրեն և հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ մահ տանջանքի ցցի վրա» (Փիլիպ. 2։8)։ Հիսուսը խոնարհ էր մանուկ հասակից։ Նրա ծնողները՝ Հովսեփն ու Մարիամը, անկատար մարդիկ էին, բայց նա, խոնարհություն դրսևորելով, շարունակեց ենթարկվել նրանց (Ղուկ. 2։51)։ Հիսուսը հրաշալի օրինակ է երեխաների համար։ Աստված օրհնում է այն երեխաներին, ովքեր հնազանդվում են իրենց ծնողներին։

 8 Չափահաս տարիքում էլ Հիսուսը խոնարհություն դրսևորեց։ Դա երևում էր այն բանից, որ նրա համար կարևոր էր ոչ թե իր, այլ Եհովայի կամքը կատարելը (Հովհ. 4։34)։ Իր ծառայության ընթացքում Քրիստոսն օգտագործեց Աստծու անունը և օգնեց մարդկանց ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելու Նրա անձնավորության և մարդկանց վերաբերյալ ունեցած Նրա նպատակի մասին։ Նա մարդկանց սովորեցնում էր, որ հարկավոր է ապրել Աստծուն հաճելի կյանքով, և հենց ինքը այդպես էր ապրում։ Օրինակ՝ տիպար աղոթքում առաջին միտքը, որ Հիսուսն ասաց, սա էր. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը» (Մատթ. 6։9)։ Այսպես Հիսուսն իր հետևորդներին սովորեցրեց, որ Եհովայի անվան սրբացումը իրենց կյանքում պետք է առաջին տեղում լինի։ Նա ինքը այդպես էր անում։ Պատահական չէ, որ երկրային ծառայության վերջում Հիսուսը Եհովային աղոթելիս ասաց. «Ես ճանաչեցրի նրանց [այսինքն՝ առաքյալներին] քո անունը ու պիտի ճանաչեցնեմ» (Հովհ. 17։26)։ Ավելին, իր ողջ ծառայության ընթացքում նա հստակ ցույց էր տալիս, որ Եհովան է կանգնած այն ամենի հետևում, ինչ ինքն անում է երկրի վրա (Հովհ. 5։19

9. Ի՞նչ էր մարգարեացել Զաքարիան Մեսիայի վերաբերյալ, և Հիսուսն ինչպե՞ս իրականացրեց այդ մարգարեությունը։

9 Մեսիայի վերաբերյալ Զաքարիան մարգարեացավ. «Մեծապես ուրախացի՛ր, ո՛վ Սիոնի դուստր։ Ցնծությամբ բացականչի՛ր, ո՛վ Երուսաղեմի դուստր։ Ահա քո թագավորը քեզ մոտ է գալիս։ Նա արդար է և հաղթանակած, խոնարհ է և գալիս է էշ հեծած, այսինքն՝ էշի քուռակ հեծած» (Զաք. 9։9)։ Այս մարգարեությունը կատարվեց այն ժամանակ, երբ Հիսուսը 33թ. Պասեքից առաջ մտավ Երուսաղեմ։ Ողջ քաղաքում իրարանցում սկսվեց։ Մարդիկ իրենց վերնահագուստները փռում էին ճանապարհին, ճյուղեր էին տարածում և գովաբանում նրան։ Չնայած այս ամենին՝ Հիսուսը շարունակեց խոնարհ մնալ (Մատթ. 21։4–11

10. Մինչև մահ հավատարիմ մնալով՝ ի՞նչ փաստեց Հիսուսը։

 10 Հիսուս Քրիստոսը մինչև մահ մնաց խոնարհ և հնազանդ։ Դրանով նա ապացուցեց, որ մարդը կարող է հավատարիմ մնալ Եհովային նույնիսկ չափազանց ծանր փորձության ներքո։ Քրիստոսը նաև ապացուցեց, որ սխալ է Սատանայի այն պնդումը, թե մարդը Եհովային ծառայում է եսասիրական մղումներով (Հոբ 1։9–11; 2։4)։ Լիովին հնազանդվելով իր Հորը՝ Հիսուսը պաշտպանեց Եհովայի իշխելու իրավունքը և ցույց տվեց, որ նրա իշխելու ձևը լավագույնն է։ Անշուշտ, Եհովան ուրախանում էր՝ տեսնելով իր խոնարհ Որդու անմնացորդ նվիրվածությունը (կարդա՛ Առակներ 27։11

11. Հիսուսի քավիչ զոհը ինչի՞ հնարավորություն տվեց իրեն հավատացողներին։

11 Տանջանքի ցցի վրա մահանալով՝ Հիսուսը փրկագնեց մարդկությանը (Մատթ. 20։28)։ Քավիչ զոհի հիման վրա մեղավոր մարդիկ հնարավորություն ստացան հավիտյան ապրելու։ Պողոսը գրեց. «Արդարացում բերող մեկ արարքի արդյունքում ամեն տեսակ մարդիկ արդար են հայտարարվում կյանքի համար» (Հռոմ. 5։18)։ Հիսուսի մահը երկնային անմահ կյանքի դուռ բացեց ոգով օծված քրիստոնյաների համար և հավիտենական կյանքի դուռ՝ երկրի վրա՝ «ուրիշ ոչխարների» համար (Հովհ. 10։16; Հռոմ. 8։16, 17

ԵՍ «ՍՐՏՈՎ ԽՈՆԱՐՀ ԵՄ»

12. Ինչպե՞ս էր Հիսուսը խոնարհություն ու հեզություն դրսևորում։

12 Հիսուսն իր մոտ կանչեց բոլոր նրանց, ովքեր «հոգնած ու բեռնավորված» էին։ Նա ասաց. «Իմ լուծը ձեզ վրա վերցրեք և սովորեք ինձանից, որ հեզ եմ ու սրտով խոնարհ, և դուք թարմություն կգտնեք ձեր հոգիների համար» (Մատթ. 11։28, 29)։ Հիսուսը էությամբ խոնարհ էր ու հեզ, ուստի մարդկանց հետ վարվում էր բարությամբ և անաչառությամբ։ Նա աշակերտներից չէր սպասում ավելին, քան նրանք կարող էին անել։ Քրիստոսը գովում և քաջալերում էր նրանց։ Նա այնպես չէր անում, որ աշակերտներն իրենց թերարժեք կամ անպիտան զգային։ Հիսուսը կոշտ ու կոպիտ չէր նրանց հանդեպ։ Հետո նա ասաց. «Իմ լուծը հարմար է և իմ բեռը թեթև»։ Սրանով Քրիստոսն ուզում էր ասել, որ իր աշակերտը լինելու պահանջները չափազանց ծանր չեն և եթե մարդիկ սովորեն իրենից ու հետևեն իր ուսմունքներին, ապա թարմություն կստանան։ Ահա թե ինչու կին թե տղամարդ, մեծ թե փոքր՝ բոլորն էլ իրենց լավ էին զգում նրա ներկայությամբ (Մատթ. 11։30

Հիսուսի պես՝ կարեկից եղիր

13. Հիսուսն ինչպե՞ս կարեկցանք դրսևորեց խեղճերի հանդեպ։

13 Քրիստոսը կարեկցում էր խեղճ ու հասարակ մարդկանց և ուշադիր էր նրանց կարիքների հանդեպ։ Երիքովի մոտ նա հանդիպեց երկու կույր մուրացկանի։ Նրանք աղաղակելով անդադար  օգնություն էին խնդրում Հիսուսից, բայց ժողովուրդը նրանց խստորեն պատվիրում էր լռել։ Հիսուսը կարող էր պարզապես ուշադրություն չդարձնել նրանց։ Բայց այդպես չվարվեց, այլ ասաց, որ կանչեն նրանց։ Նա կարեկցանք զգաց կույրերի հանդեպ և վերականգնեց նրանց տեսողությունը։ Այո՛, խոնարհություն և կարեկցանք դրսևորելով՝ Հիսուսը ընդօրինակեց իր Հորը (Մատթ. 20։29–34; Մարկ. 10։46–52

«ՈՎ ԽՈՆԱՐՀԵՑՆՈՒՄ Է ԻՐ ԱՆՁԸ, ԿԲԱՐՁՐԱՑՎԻ»

14. Հիսուսի խոնարհությունը ի՞նչ օգուտներ է բերել։

14 Հիսուս Քրիստոսի խոնարհությունը շատերին ուրախություն և օգուտներ բերեց։ Եհովան ուրախացավ, որ իր սիրելի Որդին հնազանդվեց իր կամքին։ Առաքյալներն ու աշակերտները թարմություն ստացան Հիսուսի մեղմությունից և խոնարհությունից։ Նրա օրինակը, ուսմունքները, ջերմ վերաբերմունքը և գովեստի խոսքերը մղեցին նրանց հոգևորապես առաջադիմելու։ Ուրիշները ևս օգուտներ ստացան Հիսուսի խոնարհությունից. նա օգնեց, ուսուցանեց և քաջալերեց նրանց։ Եվ, վերջապես, բոլոր նրանք, ովքեր հավատում են Հիսուսին, նրա քավիչ զոհից հարատև օգուտներ կստանան։

15. Խոնարհությունը ի՞նչ օգուտներ բերեց Հիսուսին։

15 Իսկ իրեն՝ Հիսուսին, խոնարհությունը օգուտներ բերե՞ց։ Այո՛։ Նա ասաց. «Ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Մատթ. 23։12)։ Այս խոսքերը հենց նրա վրա կատարվեցին։ Պողոսը բացատրում է. «Աստված առավել բարձր դիրքի արժանացրեց [Հիսուսին] և մի այնպիսի անուն շնորհեց, որը վեր է մյուս բոլոր անուններից, որպեսզի Հիսուսի անվան առաջ բոլորը ծնկի գան՝ թե՛ երկնքում լինողները, թե՛ երկրի վրա լինողները և թե՛ գետնի տակ լինողները, ամեն լեզու հայտնապես ընդունի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր՝ Աստծու փառքի համար»։ Քանի որ Հիսուսը երկրի վրա խոնարհ էր ու հավատարիմ, Աստված բարձրացրեց նրան՝ տալով իշխանություն երկրային ու երկնային էակների նկատմամբ (Փիլիպ. 2։9–11

ՀԻՍՈՒՍԸ «ՁԻ ԿՀԵԾԻ ՀԱՆՈՒՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՆ»

16. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հիսուսն ապագայում էլ է խոնարհություն դրսևորելու։

16 Աստծու Որդին խոնարհություն է դրսևորելու նաև ապագայում։ Սաղմոսներից մեկում ասվում է, թե Հիսուսը՝ որպես երկնային Թագավոր, ինչպես է դուրս գալու Աստծու թշնամիների դեմ. «Հաջողությա՛ն հասիր քո շքեղությամբ, ձի՛ հեծիր հանուն ճշմարտության, խոնարհության և արդարության» (Սաղ. 45։4)։ Արմագեդոնին Հիսուս Քրիստոսը պաշտպանելու է նրանց, ովքեր խոնարհ են, արդար և սիրում են ճշմարտությունը։ Իսկ Հազարամյակի վերջում, երբ Մեսիական Թագավորը «ոչնչացրած կլինի ամեն կառավարություն, ամեն իշխանություն և զորություն», նա խոնարհաբար «թագավորությունը կհանձնի իր Աստծուն և Հորը» (կարդա՛ 1 Կորնթացիներ 15։24–28

17, 18. ա) Ինչո՞ւ է կարևոր, որ Եհովայի ծառաները Հիսուսի պես խոնարհ լինեն։ բ) Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

17 Իսկ մե՞նք։ Կհետևե՞նք արդյոք Հիսուսի խոնարհության օրինակին։ Քանի որ Արմագեդոնին նա փրկելու է միայն խոնարհներին ու արդարներին, մենք, անշուշտ, պետք է խոնարհություն զարգացնենք մեր մեջ։ Եվ ինչպես Հիսուսի խոնարհությունը օգուտներ բերեց թե՛ իրեն, թե՛ ուրիշներին, այնպես էլ մեր խոնարհությունը կարող է օգուտներ բերել թե՛ մեզ, թե՛ ուրիշներին։

18 Այո՛, Հիսուսը խոնարհության հրաշալի օրինակ է թողել մեզ։ Ի՞նչը կօգնի մեզ նրա պես խոնարհ լինելու։ Ինչպե՞ս կարող ենք այդ հատկությունը դրսևորել։ Այս մասին կխոսենք հաջորդ հոդվածում։