Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Չթուլանանք»

«Չթուլանանք»

«Չհոգնենք բարին անելուց» (ԳԱՂ. 6։9

1, 2. Խորհրդածությունն ինչպե՞ս է մեծացնում մեր վստահությունը Եհովայի կազմակերպության հանդեպ։

ՄԵԾ ակնածանքով ենք լցվում, երբ խորհրդածում ենք այն մասին, որ մենք Եհովայի հսկայական կազմակերպության մի մասնիկն ենք։ «Եզեկիել» գրքի 1-ին գլխում և «Դանիել» գրքի 7-րդ գլխում գրված տեսիլքները վառ կերպով նկարագրում են, թե ինչպես է Եհովան իրագործում իր նպատակը։ Հիսուսն առաջնորդում է Եհովայի կազմակերպության երկրային մասը, որի գլխավոր նպատակն է քարոզել բարի լուրը, ապահովել այդ գործն անողների հոգևոր բարօրությունը և նպաստել ճշմարիտ երկրպագության բարգավաճմանը։ Սա վստահությամբ է լցնում մեզ Եհովայի կազմակերպության հանդեպ (Մատթ. 24։45

2 Իսկ դու համաքա՞յլ ես ընթանում Աստծու կազմակերպությանը։ Ճշմարտության հանդեպ քո խանդավառությունն աճո՞ւմ է, թե՞ նվազում։ Ինքներս մեզ այսպիսի հարցեր տալով՝ գուցե նկատենք, որ սկսել ենք հոգնել կամ որոշ չափով մեր եռանդը պակասել է։ Ինչ խոսք, նման բան կարող է լինել։ Առաջին դարում Պողոս առաքյալը հորդորեց իր հավատակիցներին «մտածել» այն մասին, թե ինչ լավ օրինակ է Հիսուսը թողել եռանդուն լինելու հարցում։ Պողոսն ասաց, որ դա կօգնի նրանց «չհոգնելու և ուժասպառ չլինելու իրենց հոգով» (Եբր. 12։3)։ Ինչպես որ Հիսուսի օրինակի շուրջ խորհրդածելը կքաջալերեր առաջին դարի քրիստոնյաներին, այնպես էլ այսօր Եհովայի կազմակերպության արած գործերի շուրջ խորհրդածելը կարող է օգնել մեզ, որ եռանդուն ու տոկուն լինենք։

3. Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի ուժասպառ չլինենք, և ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

3 Պողոսը, սակայն, նշեց, որ ավելին է պետք ուժասպառ չլինելու համար։ Առաքյալը նշեց, որ հարկավոր է «բարին անել» (Գաղ. 6։9)։ Ուստի քննենք հինգ բաներ, որոնք անելով՝ կարող ենք մնալ անսասան և համաքայլ ընթանալ Եհովայի կազմակերպությանը։ Հետո կարող ենք որոշել, թե մենք կամ մեր ընտանիքի անդամները որ հարցին կամ հարցերին պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք։

 ՀԱՎԱՔՎԵՆՔ ԵՐԿՐՊԱԳԵԼՈՒ ԵՎ ՔԱՋԱԼԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

4. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ միասին հավաքվելը ճշմարիտ երկրպագության անբաժանելի մասերից է։

4 Եհովայի ծառաների համար միշտ կարևոր է եղել միասին հավաքվելը։ Ոգեղեն էակները նշանակված ժամանակ ներկայանում են Եհովայի առաջ (1 Թագ. 22։19; Հոբ 1։6; 2։1; Դան. 7։10)։ Հին Իսրայելը հավաքվում էր, որպեսզի «լսեր ու սովորեր» (2 Օրենք 31։10–12)։ Առաջին դարում հրեաները սովորություն ունեին գնալու ժողովարան, որտեղ ընթերցում էին Սուրբ Գրքերը (Ղուկ. 4։16; Գործ. 15։21)։ Վաղ քրիստոնյաները նույնպես կարևորում էին միասին հավաքվելը։ Այսօր էլ Աստծու ծառաների համար միասին հավաքվելը երկրպագության կարևոր մասերից է։ Ճշմարիտ քրիստոնյաները «ուշադիր են միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղեն իրար»։ Մենք պետք է շարունակ «քաջալերենք միմյանց, առավել ևս որ տեսնում ենք՝ [Եհովայի] օրը մոտենում է» (Եբր. 10։24, 25

5. Ինչպե՞ս կարող ենք միմյանց քաջալերել հանդիպումներին։

5 Միմյանց քաջալերելու կերպերից մեկը հանդիպումներին մեկնաբանություններ տալն է։ Օրինակ՝ կարող ենք պատասխանել պարբերության հարցին, ցույց տալ սուրբգրային համարի կիրառությունը, պատմել կարճ դեպք, որը ցույց է տալիս աստվածաշնչյան սկզբունքները կիրառելու կարևորությունը (Սաղ. 22։22; 40։9)։ Անկասկած, համաձայն կլինես, որ անկախ այն բանից, թե քանի տարի ենք հաճախում հանդիպումներին, մեծ քաջալերանք ենք ստանում՝ լսելով թե՛ մեծերի և թե՛ փոքրերի սրտաբուխ մեկնաբանությունները։

6. Մեր հանդիպումներն ինչպե՞ս են օգնում հոգևորապես ակտիվ մնալու։

6 Ուրիշ ի՞նչ պատճառով է մեր Աստված ուզում, որ մենք կանոնավորաբար հավաքվենք։ Ժողովի հանդիպումների ու համաժողովների շնորհիվ մենք կարողանում ենք համարձակորեն հայտնել բարի լուրը, դիմանալ հալածանքին և հաղթահարել անտարբերությունը (Գործ. 4։23, 31)։ Սուրբգրային քննարկումները զորացնում են մեր հավատը (Գործ. 15։32; Հռոմ. 1։11, 12)։ Մենք կրթվում ենք Եհովայից, ոգևորում միմյանց և այս ամենից մեծ ուրախություն ենք ստանում։ Հավաքույթները մեզ «հանգստություն են տալիս դժբախտության օրերին» (Սաղ. 94։12, 13)։ Կառավարիչ մարմնի ուսումնական կոմիտեն պատրաստում է հոգևոր բոլոր ծրագրերը, որոնց շնորհիվ Եհովայի ժողովուրդը հիանալի կրթություն է ստանում։ Անչափ շնորհակալ ենք Եհովային, որ կարող ենք ամեն շաբաթ գերազանց կրթություն ստանալ մեր հանդիպումներին։

7, 8. ա) Ո՞րն է հանդիպումների գլխավոր նպատակը։ բ) Հանդիպումներն ինչպե՞ս են օգնում անձամբ քեզ։

7 Սակայն ավելի կարևոր պատճառ ունենք միասին հավաքվելու։ Դա Եհովային երկրպագելն է (կարդա՛ Սաղմոս 95։6)։ Մեր հրաշալի Աստծուն գովաբանելը, անխոս, մեծ պատիվ է (Կող. 3։16)։ Եհովան արժանի է, որ երկրպագենք իրեն՝ կանոնավորաբար ներկա լինելով աստվածապետական հավաքույթներին և մասնակցելով դրանց (Հայտն. 4։11)։ Ուստի զարմանալի չէ, որ Աստվածաշունչը մեզ հորդորում է «բաց չթողնել մեր հավաքույթները, ինչպես սովոր են անել ոմանք» (Եբր. 10։25

8 Համարո՞ւմ ես, որ քրիստոնեական հանդիպումները կարող են օգնել քեզ տոկալու, մինչև որ Եհովան գործի այս ամբարիշտ աշխարհի դեմ։ Եթե այո, ուրեմն հանդիպումները քեզ համար այն «ավելի կարևոր» բաներից են, որոնց դու տեղ ես տալիս քո բազմազբաղ կյանքում (Փիլիպ. 1։10)։ Խիստ կարևոր, ծայրահեղ պատճառ պետք է լինի, որ բաց թողնենք մեր եղբայրների և քույրերի հետ Եհովային երկրպագելու հնարավորությունը։

ՓՆՏՐԵՆՔ ԱԶՆՎԱՍԻՐՏ ՄԱՐԴԿԱՆՑ

9. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ քարոզչական գործը կարևոր է։

9 Քարոզչական գործին լիարժեքորեն մասնակցելը նույնպես նպաստում է Եհովայի կազմակերպությանը համաքայլ ընթանալուն։ Այս գործը սկսել է Հիսուսը (Մատթ. 28։19, 20)։ Այդ ժամանակվանից՝  Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործը եղել է Եհովայի ողջ կազմակերպության ուշադրության կենտրոնում։ Ժամանակակից բազմաթիվ դեպքեր փաստում են, որ հրեշտակները աջակցում են մեզ այս գործում և առաջնորդում են դեպի այն մարդիկ, ովքեր «ճիշտ են տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ» (Գործ. 13։48; Հայտն. 14։6, 7)։ Եհովայի կազմակերպության երկրային մասը այսօր կատարում է իր դերը և կազմակերպված ձևով աջակցում է այս անչափ կարևոր գործին։ Իսկ քո կյանքում ծառայությունն առաջին տեղո՞ւմ է։

10. ա) Օրինակով բացատրիր, թե ինչպես կարող ենք պահպանել մեր խանդավառությունը ճշմարտության հանդեպ։ բ) Ինչպե՞ս է ծառայությունն օգնել անձամբ քեզ, որ չթուլանաս։

10 Ծառայության մեջ եռանդուն լինելու շնորհիվ մենք պահպանում ենք մեր խանդավառությունը ճշմարտության հանդեպ։ Ուշադրություն դարձրու, թե ինչ է ասում Միչել անունով մի երկարամյա երեց և ընդհանուր ռահվիրա. «Ես շատ եմ սիրում ճշմարտության մասին խոսել մարդկանց հետ։ Խորհրդածում եմ «Դիտարանում» կամ «Արթնացե՛ք»-ում լույս տեսած որևէ նոր հոդվածի շուրջ և պարզապես հիանում եմ։ Ինչպիսի՜ իմաստություն, հասկացողություն և ողջամտություն։ Ուզում եմ գնալ ծառայության, որպեսզի տեսնեմ, թե ինչպես կարձագանքեն մարդիկ կամ թե ինչպես կարող եմ շարժել նրանց հետաքրքրությունը։ Ծառայությունը ինձ պահում է հոգևոր կայուն վիճակում։ Ես ամեն ինչ անում եմ, որ ոչինչ չխանգարի ինձ կատարելու իմ պլանավորած ծառայությունը»։ Եթե մենք էլ այս եղբոր պես զբաղված մնանք սուրբ  ծառայությամբ, ապա կշարունակենք հաստատուն մնալ այս վերջին ժամանակներում (կարդա՛ 1 Կորնթացիներ 15։58

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԼԻՈՎԻՆ ՕԳՏՎԻՐ

11. Ինչո՞ւ պետք է լիովին օգտվենք Եհովայի տված հոգևոր սննդից։

11 Եհովան առատորեն տալիս է հրատարակություններ, որպեսզի մենք հոգևորապես սնվենք և ուժ ստանանք։ Անկասկած, եղել են պահեր, երբ որևէ հրատարակություն կարդալուց հետո մտածել ես. «Սա հենց այն է, ինչ ինձ պետք էր։ Կարծես Եհովան սա գրել է հենց ինձ համար»։ Նման արձագանքը պատահական չէ։ Աստված մեր հրատարակությունների միջոցով սովորեցնում և առաջնորդում է մեզ։ Նա ասել է. «Քեզ հասկացողություն կտամ և կսովորեցնեմ այն ճանապարհը, որով դու պիտի գնաս» (Սաղ. 32։8)։ Ձգտո՞ւմ ես կարդալ բոլոր հրատարակությունները և խորհրդածել ընթերցածի շուրջ։ Այդպես անելով՝ կշարունակես պտուղ բերել և հոգևորապես չես թառամի այս դժվար վերջին օրերում (կարդա՛ Սաղմոս 1։1–3; 35։28; 119։97

12. Ի՞նչը կարող է օգնել մեզ, որ հոգևոր սնունդը սովորական բան չհամարենք։

12 Մեր հրատարակությունները ավելի շատ կարժևորենք, եթե խորհրդածենք այն մասին, թե ինչ աշխատանքներ են արվում առողջ հոգևոր սնունդ պատրաստելու համար։ Կառավարիչ մարմնի գրական կոմիտեի վերահսկողության ներքո կատարվում են ուսումնասիրություններ, գրվում են հոդվածներ, ընտրվում են համապատասխան նկարներ, կատարվում են թարգմանություններ, ինչպես նաև ընտրվում է, թե ինչ նյութեր տեղադրվեն մեր կայքում։ Տպագրող մասնաճյուղերը գրականությունը առաքում են մոտիկ ու հեռավոր ժողովներ։ Ի՞նչ նպատակով է այս ամենն արվում։ Եհովան ուզում է, որ իր ժողովուրդը հոգևորապես լավ սնված լինի (Ես. 65։13)։ Ուստի եկեք ջանասեր լինենք Եհովայի կազմակերպության տված հոգևոր սնունդն ընդունելու հարցում (Սաղ. 119։27

ԱՋԱԿՑԻՐ ԵՀՈՎԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ

13, 14. Երկնքում ովքե՞ր են աջակցում Եհովայի կազմակերպությանը, և ինչպե՞ս կարող ենք մենք նման աջակցություն ցույց տալ երկրի վրա։

13 Հովհաննես առաքյալը տեսիլքում տեսավ Հիսուսին, որը, սպիտակ ձիու վրա նստած, գնում էր կռվելու նրանց դեմ, ովքեր ապստամբել էին Եհովայի դեմ (Հայտն. 19։11–15)։ Առաքյալը նաև տեսավ հավատարիմ հրեշտակներին ու հարություն առած օծյալներին, որոնք գնում էին Հիսուսի՝ իրենց առաջնորդի հետևից (Հայտն. 2։26, 27)։ Նրանք գերազանց օրինակ են մեզ համար Եհովայի կազմակերպությանը թիկունք կանգնելու հարցում։

14 Նույն ձևով մեծ բազմությունը լիովին աջակցում է այն գործին, որ անում են Քրիստոսի՝ երկրի վրա գտնվող օծյալ եղբայրները, որոնք առաջնորդություն են վերցրել կազմակերպության մեջ (կարդա՛ Զաքարիա 8։23)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք մե՛նք աջակցել Եհովայի կազմակերպությանը։ Կերպերից մեկը ժողովում առաջնորդություն վերցնողներին հնազանդվելն է (Եբր. 13։7, 17)։ Այն, ինչ խոսում ենք երեցների մասին, դիմացինի մեջ առաջացնո՞ւմ է հարգանք նրանց ու նրանց գործի նկատմամբ։ Մեր երեխաներին խրախուսո՞ւմ ենք հարգելու այս հավատարիմ տղամարդկանց և խորհրդի համար դիմելու նրանց։ Իսկ ընտանիքով քննարկո՞ւմ ենք, թե ինչպես կարող ենք մեր ֆինանսական միջոցներով թիկունք կանգնել համաշխարհային գործին (Առակ. 3։9; 1 Կորնթ. 16։2; 2 Կորնթ. 8։12)։ Կարևո՞ր ենք համարում Թագավորության սրահը բարվոք վիճակում պահելու համար կատարվող աշխատանքներին մասնակցելը։ Եհովայի ոգին անկաշկանդ գործում է այնտեղ, որտեղ կա հարգանք և միասնություն։ Սուրբ ոգին շարունակաբար օգնում է, որ չթուլանանք այս վերջին օրերում (Ես. 40։29–31

 ՄԵՐ ՀԱՅՏՆԱԾ ԼՈՒՐԻՆ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԱՊՐԵՆՔ

15. Ինչո՞ւ պետք է մշտապես պայքարենք Աստծու կամքին ներդաշնակ ապրելու համար։

15 Որպեսզի կարողանանք տոկալ և Եհովայի կազմակերպությանը համաքայլ ընթանալ, պետք է «շարունակենք հավաստիանալ, թե ինչն է ընդունելի Տիրոջը», և ապրենք դրան համապատասխան (Եփես. 5։10, 11)։ Անկատար մարմնի, Սատանայի և չար աշխարհի պատճառով մենք ստիպված ենք մշտապես պայքարել բացասական ազդեցությունների դեմ։ Ձեզնից ոմանք, սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ամեն օր ծանր պայքար են մղում, որ Եհովայի հետ իրենց փոխհարաբերությունները ամուր մնան։ Ձեր գործադրած ջանքերի շնորհիվ դուք շատ սիրելի եք Եհովայի համար։ Մի՛ վհատվեք։ Եհովայի կամքին ներդաշնակ ապրելով՝ մենք մեծ բավականություն կստանանք և ավելի կհամոզվենք, որ Աստծուն մատուցած մեր երկրպագությունը զուր չէ (1 Կորնթ. 9։24–27

Ջանասիրաբար օգնիր մարդուն հասկանալու, որ նա ևս կարող է լինել Եհովայի վիթխարի կազմակերպության մի մասնիկը

16, 17. ա) Ի՞նչ պետք է անենք, եթե լուրջ մեղք ենք գործել։ բ) Ի՞նչ ենք սովորում Էնի հետ տեղի ունեցածից։

16 Իսկ ի՞նչ պետք է անենք, եթե լուրջ մեղք ենք գործել։ Հնարավորին չափ շուտ դիմիր օգնության։ Կատարվածի մասին լռելը միայն կվատթարացնի վիճակը։ Հիշենք, որ Դավիթն ասաց, որ, երբ ինքը լուռ մնաց և չհայտնեց իր մեղքերը, նրա «ոսկորները մաշվեցին ամբողջ օրը հառաչելուց» (Սաղ. 32։3)։ Այո՛, մեղքը թաքցնելը ավելի է թուլացնում էմոցիոնալ և հոգևոր առումներով, մինչդեռ նա, «ով խոստովանում ու թողնում է [մեղքը], նրա հանդեպ ողորմություն կցուցաբերվի» (Առակ. 28։13

17 Քննենք Էնի * դեպքը։ Պատանեկան տարիներին նա ընդհանուր ռահվիրա էր։ Բայց հետո սկսեց երկակի կյանք վարել, ինչը վատ հետևանքներ ունեցավ։ Էնն ասում է. «Խիղճս տանջում էր։ Ես դժբախտ էի։ Ամբողջ ժամանակ ընկճված էի»։ Ի՞նչ արեց աղջիկը։ Նա պատմում է, որ մի անգամ ժողովի հանդիպման ժամանակ քննարկվեց Հակոբոս 5։14, 15 համարները, ու ինքը հասկացավ, որ պետք է օգնություն խնդրի երեցներից։ Քույրն ասում է. «Այդ սուրբգրային համարները Եհովայի կողմից տրված «դեղատոմս» էին։ Հաբը հաճելի չէ կուլ տալ, բայց այն բուժում է։ Ես հետևեցի այդ համարներում գրված խորհըրդին և օգուտներ ստացա»։ Արդեն անցել է մի քանի տարի։ Էնը դարձյալ մաքուր խիղճ ունի և նոր ուժերով լիցքավորված՝ եռանդորեն ծառայում է Եհովային։

18. Ի՞նչ պետք է վճռենք։

18 Մեզ համար մեծ առանձնաշնորհում է այս վերջին օրերում լինել Եհովայի չքնաղ կազմակերպության մի մասնիկը։ Եկեք վճռենք մեր ունեցածը չհամարել սովորական բան։ Փոխարենը՝ եկեք ընտանիքով կանոնավորաբար ներկա լինենք մեր ժողովի հանդիպումներին, ջանասիրաբար փնտրենք ազնվասիրտ մարդկանց, բարձր գնահատենք այն հոգևոր սնունդը, որ կանոնավորաբար ստանում ենք, թիկունք կանգնենք առաջնորդություն վերցնողներին և ապրենք մեր հայտնած լուրին ներդաշնակ։ Անելով այդպես՝ ոչ միայն համաքայլ կընթանանք Եհովայի կազմակերպությանը, այլև երբեք չենք հոգնի բարին անելուց։

^ պարբ. 17 Անունը փոխված է։