Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Իսրայելացիները ցցից կախելո՞վ էին հանցագործներին մահապատժի ենթարկում։

Հնում շատ ժողովուրդներ որոշ հանցագործների մահապատժի էին ենթարկում՝ նրանց կախելով ցցից։ Հռոմեացիները մարդուն կապում էին ցցից կամ մեխում ցցին, և նա այդ վիճակում կարող էր մնալ մի քանի օր՝ եղանակային զանազան պայմաններում, ցավից տանջվելով, առանց հաց ու ջրի։ Ցցի վրա մահապատիժ էին կրում ամենաստոր հանցագործները, և հռոմեացիները դա համարում էին խայտառակություն պատժվողի համար։

Իսկ հին իսրայելացիները ցցից կախելո՞վ էին պատժում հանցագործներին։ Մովսիսական օրենքում գրված էր. «Եթե մի մարդ մահվան արժանի մեղք գործի ու մահվան մատնվի [կամ «մեռցնուի», Արարատ թարգմանություն], և նրան ցցից կախես, ապա նրա դիակը ամբողջ գիշեր չպետք է մնա ցցի վրա։ Անպայման նույն օրը թաղիր նրան» (2 Օրենք 21։22, 23)։ Այստեղից երևում է, որ այն ժամանակներում, երբ գրվել են Եբրայերեն Գրությունները, մահվան արժանի մարդուն սկզբում սպանում էին, հետո նրա մարմինը կախում ցցից կամ ծառից։

Ղևտական 20։2-ում ասվում է. «Եթե Իսրայելի որդիներից կամ Իսրայելում բնակվող պանդուխտներից ինչ-որ մեկը իր սերնդից որևէ մեկին տա Մողոքին, ապա նա անպատճառ մահվան պետք է մատնվի։ Երկրի ժողովուրդը քարկոծելով պետք է սպանի նրան»։ «Ոգեհարցության կամ գուշակության ոգի» ունեցողները նույնպես մահվան էին մատնվում։ Ինչպե՞ս։ Նույն ձևով՝ «քարկոծվելով» (Ղևտ. 20։27

2 Օրենք 22։23, 24-ում կարդում ենք. «Եթե քաղաքում մի տղամարդ հանդիպի մի կույս աղջկա, որը նշանված է մեկ ուրիշի հետ, և պառկի նրա հետ, ապա երկուսին էլ բերեք այդ քաղաքի դարպասների մոտ ու քարկոծեք։ Նրանք պետք է մեռնեն. աղջկան սպանեք այն բանի համար, որ չի բղավել քաղաքում, իսկ տղամարդուն՝ այն բանի համար, որ ստորացրել է իր մերձավորի կնոջը։ Այդպես հեռացրու չարիքը քո միջից»։ Այսպիսով՝ հին իսրայելացիները հիմնականում քարկոծելով էին մահապատժի ենթարկում ահավոր հանցանք գործած մարդուն *։

Այն ժամանակներում, երբ գրվել են Եբրայերեն Գրությունները, մահվան արժանի մարդուն սկզբում սպանում էին, հետո նրա մարմինը կախում ցցից կամ ծառից

2 Օրենք 21։23-ում գրված է, որ «կախվածը անիծված է Աստծու կողմից»։ «Աստծու կողմից անիծված» չար մարդու դիակը հանրությանը ի ցույց դնելը, անկասկած, նախազգուշացում էր իսրայելացիների համար։

^ պարբ. 6 Բազմաթիվ գիտնականներ կարծում են, որ, ըստ Օրենքի, հանցագործին նախ սպանում էին, հետո կախում ցցից։ Ինչևէ, փաստերը վկայում են, որ առաջին դարում հրեաները որոշ հանցագործների կենդանի էին կախում ցցից և թողնում մեռնելու։