Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Առատորեն օրհնվել եմ՝ հնազանդվելով Եհովային

Առատորեն օրհնվել եմ՝ հնազանդվելով Եհովային

«Ի՜նչ կարևոր բան ենք սովորում Նոյից,— ոգևորված ասաց հայրս։— Նոյը հնազանդվում էր Եհովային և սիրում էր իր ընտանիքը։ Նրանք բոլորն էլ փրկվեցին Ջրհեղեղից, որովհետև ողջ ընտանիքով մտան տապանը»։

ՍԱ ՀՈՐՍ հետ կապված իմ ամենավաղ հիշողություններից մեկն է։ Նա համեստ, աշխատասեր մարդ էր։ Հայրս արդարության ուժեղ զգացում ուներ, ուստի երբ լսեց աստվածաշնչյան բարի լուրը, անմիջապես ընդունեց այն (1953թ.)։ Այդ ժամանակվանից սկսած՝ նա ամեն բան անում էր, որ իր երեխաների մեջ սերմանի իր սովորածը։ Մայրս սկզբում չէր ուզում թողնել կաթոլիկ եկեղեցու ավանդույթները, բայց ժամանակի ընթացքում նա ընդունեց ճշմարտությունը։

Ծնողներիս համար դժվար էր ուսուցանել մեզ. մայրս գրեթե կարդալ չգիտեր, իսկ հայրս երկար ու ծանր աշխատում էր դաշտերում։ Երբեմն այնքան հոգնած էր լինում, որ ննջում էր ուսումնասիրության ընթացքում։ Բայց նրա ջանքերն իզուր չանցան։ Ես տան մեծ երեխան էի, ուստի քրոջս ու երկու եղբայրներիս ուսուցանելու հարցում օգնում էի ծնողներիս։ Հաճախ էի քրոջս ու եղբայրներիս պատմում Նոյի մասին, ինչպես որ հայրս էր մեզ պատմում, որ Նոյը սիրում էր իր ընտանիքը և հնազանդ էր Աստծուն։ Ես շա՜տ էի սիրում այս պատմությունը։ Հետագայում մենք բոլորս սկսեցինք հաճախել ժողովի հանդիպումներին Ադրիատիկ ծովի ափին գտնվող Ռոզետո Դելյի Աբրուցցի քաղաքի Թագավորության սրահում (Իտալիա)։

1955թ.-ին, երբ ընդամենը 11 տարեկան էի, ես ու մայրս լեռներով ճանապարհ ընկանք դեպի արևմուտք՝ Հռոմ, որ ներկա լինենք մեր առաջին համաժողովին։ Դրանից հետո այս մեծ հավաքույթները ինձ համար շատ սիրելի դարձան։

Հաջորդ տարի մկրտվեցի և շատ չանցած՝ լիաժամ ծառայություն սկսեցի։ Երբ 17 տարեկան էի, նշանակվեցի հատուկ ռահվիրա Լատինայում, որը Հռոմից 56 կիլոմետր հարավ է, իսկ տնից՝ 300 կիլոմետր։ Սա նորաստեղծ քաղաք էր, դրա համար էլ բնակիչները չափից շատ չէին անհանգստանում, թե հարևաններն ինչ կմտածեն իրենց մասին։ Ես ու ծառայակիցս մեծ քանակությամբ գրականություն էինք տարածում, ինչը մեծ բավականություն էր պատճառում մեզ։ Այդուհանդերձ, լինելով բավական երիտասարդ՝ կարոտում էի տունը։ Բայց ես գիտեի, որ Եհովայի կամքով եմ այստեղ, և ուզում էի հնազանդվել նրան։

Մեր հարսանիքի օրը

Հետագայում նշանակվեցի Միլան, որպեսզի մասնակցեմ 1963-ին անցկացվելիք «Հավիտենական ավետիս» միջազգային համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։  Համաժողովի ընթացքում ծառայում էի բազմաթիվ կամավորների հետ, որոնց մեջ էր Ֆլորենցիայից եկած մի երիտասարդ եղբայր՝ Պաոլո Պիչոլին։ Համաժողովի երկրորդ օրը նա ամուրիության մասին մի ոգևորիչ ելույթ ներկայացրեց։ Հիշում եմ՝ մտածեցի. «Վստահ եմ՝ այս եղբայրը երբեք չի ամուսնանա»։ Այդուհանդերձ, մենք սկսեցինք նամակներ գրել իրար, և շուտով պարզ դարձավ, որ ընդհանուր շատ բան ունենք՝ մեր նպատակները, Աստծու հանդեպ սերը և նրան հնազանդվելու մեծ ցանկությունը։ Մենք ամուսնացանք 1965-ին։

ԲԱՆԱՎԵՃԵՐ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Ես տասը տարի Ֆլորենցիայում ծառայեցի ընդհանուր ռահվիրա։ Շատ էի քաջալերվում՝ տեսնելով ժողովների աճը, հատկապես երիտասարդների առաջադիմությունը։ Ես ու Պաոլոն սիրում էինք երիտասարդների հետ ժամանակ անցկացնել։ Մենք զրուցում էինք հոգևոր թեմաների շուրջ, ինչպես նաև զվարճանում էինք. Պաոլոյի համար դա սովորաբար նշանակում էր ֆուտբոլ խաղալ։ Ճիշտ է, կուզեի ամուսնուս հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, բայց հասկանում էի, որ ժողովի երիտասարդներն ու ընտանիքները նույնպես նրա կարիքն ունեն։

Մինչև հիմա ուրախությամբ եմ հիշում այն բազմաթիվ մարդկանց, ում հետ Աստվածաշունչ ենք ուսումնասիրել։ Նրանցից մեկը Ադրիանա անունով մի կին էր, ով երկու ընտանիքների պատմել էր իր սովորած բաների մասին։ Վերջիններս ցանկացան, որ մենք հանդիպենք քահանայի հետ և քննարկենք եկեղեցու այնպիսի ուսմունքներ, ինչպիսիք են Երրորդությունը և հոգու անմահությունը։ Հանդիպմանը եկան եկեղեցու երեք առաջնորդներ։ Նրանք տալիս էին անհասկանալի ու հակասական բացատրություններ, ինչը մեր ուսումնասիրողները հեշտությամբ նկատեցին, երբ նրանց ասածները համեմատեցին աստվածաշնչյան հստակ ուսմունքների հետ։ Այս հանդիպումը վճռորոշ եղավ նրանց համար։ Դրանից հետո այդ ընտանիքների 15 անդամներ հոգևորապես աճեցին ու դարձան Եհովայի վկա։

Պաոլոն բավական հմտացել էր քահանաների հետ բանավիճելու մեջ (ինչ խոսք, այսօր մեր քարոզչական մեթոդները այլ են)։ Հիշում եմ՝ մի անգամ բանավեճ եղավ ոչ Վկա լսարանի առաջ։ Բանավեճի ընթացքում մենք հասկացանք, որ հակառակորդները ունկնդիրներից ոմանց հետ պայմանավորվել էին, որ նրանք շփոթեցնող հարցեր տան Պաոլոյին։ Սակայն բանավեճը այլ ընթացք ստացավ։ Ունկնդիրներից մեկը հարցրեց, թե արդյոք եկեղեցին ճիշտ է անում, որ խառնվում է քաղաքականությանը, ինչպես որ արել է դարեր շարունակ։ Քահանաները չգիտեին՝ ինչ պատասխանեն, և անհարմար դրության մեջ հայտնվեցին։ Լույսերը հանկարծ տարան, ու հանդիպումն ավարտվեց։ Տարիներ անց իմացանք, որ հոգևորականները դա էլ էին պլանավորել. եթե զրույցը չընթանար իրենց ուզած ձևով, լույսերը պետք է հանգցվեին։

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

Ես ու Պաոլոն արդեն տասը տարի էր, ինչ ամուսնացել էինք, երբ մեզ հրավիրեցին շրջանային ծառայության։ Պաոլոն լավ աշխատանք ուներ, ուստի մեզ համար հեշտ չէր որոշել՝ ինչպես վարվել։ Բայց աղոթելուց և խորհրդածելուց հետո համաձայնվեցինք ստանձնել այդ նշանակումը։ Հաճույքով էինք ժամանակ անցկացնում մեզ հյուրընկալող ընտանիքների հետ։ Երեկոները հաճախ խմբովի ուսումնասիրություն էինք անում, հետո Պաոլոն օգնում էր երեխաներին կատարելու տնային աշխատանքները, հատկապես եթե դրանք մաթեմատիկայից էին։ Պաոլոն շատ էր սիրում կարդալ և մեծ խանդավառությամբ մեզ պատմում էր, թե ինչ է կարդացել։ Երկուշաբթի օրերին հաճախ քարոզում էինք այն քաղաքներում, որտեղ Վկաներ չկային, և մարդկանց հրավիրում էինք երեկոյան ելույթին։

Մենք սիրում էինք երիտասարդների հետ ժամանակ անցկացնել. Պաոլոյի համար դա սովորաբար նշանակում էր ֆուտբոլ խաղալ

Շրջանային ծառայության մեջ ընդամենը երկու տարի էինք անցկացրել, երբ մեզ հրավիրեցին Բեթել։ Պաոլոյին նշանակեցին իրավաբանական բաժին, իսկ ինձ՝ պարբերագրերի բաժին։ Այս փոփոխությունը հեշտ չէր մեզ համար, բայց մենք վճռել էինք հնազանդվել։ Անչափ հուզիչ էր տեսնել, թե ինչպես է ընդլայնվում Իտալիայի մասնաճյուղի գործունեությունը և ավելանում եղբայրների ու քույրերի թիվը։ Այդ տարիներին Եհովայի վկաները պաշտոնապես գրանցվեցին Իտալիայում։ Մենք շատ երջանիկ էինք մեր նոր նշանակման մեջ։

Պաոլոն սիրում էր այն աշխատանքը, որ անում էր Բեթելում

Մեր՝ Բեթելում ծառայելու տարիներին արյան վերաբերյալ Վկաների տեսակետը հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում։ 1980-ականների սկզբին արյան փոխներարկման հետ կապված մի դատական գործի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ։ Եհովայի վկա մի ամուսնական զույգի անհիմն կերպով մեղադրում էին իրենց դստեր մահվան պատճառը լինելու մեջ, թեև աղջիկը իրականում մահացել էր արյան մի լուրջ հիվանդությունից, որը հաճախ հանդիպող ժառանգական հիվանդություն է Միջերկրական ծովի ավազանի երկրներում։ Բեթելցիները աջակցեցին այդ զույգի փաստաբաններին։ Մի թերթիկի և «Արթնացե՛ք»-ի հատուկ թողարկման միջոցով մարդիկ տեղեկացան փաստերին և հասկացան, թե ինչ է Աստվածաշունչն ասում արյան վերաբերյալ։ Այդ ամիսներին Պաոլոն հաճախ էր մինչև 16 ժամ աշխատում։ Ամեն ինչ անում էի, որ այդ օրերին աջակցեմ իմ անձնազոհ ամուսնուն։

ՄԵԿ ԱՅԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Արդեն 20 տարվա ամուսիններ էինք, երբ անսպասելի փոփոխություն տեղի ունեցավ մեր կյանքում։ Այդ ժամանակ 41 տարեկան էի, իսկ Պաոլոն՝ 49։ Նրան ասացի, որ ինձ թվում է՝ հղի եմ։ Հետագայում նրա օրագրում կարդացի հետևյալ տողերը. «Աղոթք։ Եթե դա ճիշտ է, օգնիր մեզ մնալու լիաժամ ծառայության մեջ, հոգևորապես շարունակելու ամուր մնալ և լինելու լավ ծնող։ Բայց ամենից շատ խնդրում եմ, որ օգնես ինձ կիրառելու գոնե մեկ տոկոսն այն խոսքերի, որ բեմից ասել եմ անցած  30 տարիներին»։ Կյանքը ցույց տվեց, որ Եհովան պատասխանել է նրա աղոթքներին, իմ աղոթքներին էլ։

Մեր աղջկա՝ Իլարիայի լույս աշխարհ գալը լիովին փոխեց մեր կյանքը։ Անկեղծ ասած՝ երբեմն վհատվում էինք, ճիշտ ինչպես որ գրված է Առակներ 24։10-ում. «Եթե նեղության օրը վհատվես, քո ուժը խղճուկ կլինի»։ Բայց մենք իրար օգնում էինք և ոգևորում։

Իլարիան հաճախ է ասում, որ շատ երջանիկ է, որ ծնվել է լիաժամ ծառայող Վկաների ընտանիքում։ Նա իրեն միշտ սիրված ու ապահով է զգացել։ Ամբողջ օրը նրա հետ էի անցկացնում։ Պաոլոն, երեկոյան գալով տուն, միշտ ժամանակ էր հատկացնում Իլարիային. խաղում էր նրա հետ և օգնում էր անելու տնային աշխատանքները։ Հաճախ էր լինում, որ նա աշխատանքը շարունակում էր տանը, բայց, միևնույն է, նա ժամանակ էր հատկացնում իր դստրիկին, անգամ եթե դա նշանակեր, որ աշխատելու է մինչև գիշերվա երկուսը-երեքը։ Իլարիան միշտ ասում էր. «Պապան ամենալավ ընկերս է»։

Հասկանալի է, որ Իլարիային աստվածահաճո դաստիարակություն տալու համար անհրաժեշտ է եղել, որ լինենք հետևողական ու հաստատակամ։ Հիշում եմ մի դեպք. նա խաղում էր ընկերուհու հետ և իրեն վատ պահեց։ Մենք Աստվածաշնչով բացատրեցինք, թե ինչու այդպես չպիտի աներ։ Ասացինք, որ մեր ներկայությամբ ներողություն խնդրի, և նա այդպես էլ արեց։

Հիմա Իլարիան արդեն մեծ է և ամուսնացել է։ Նա միշտ ասում է, որ շնորհակալ է ծնողներին այն բանի համար, որ նրանք սիրել են ծառայությունը։ Այսօր նա ավելի լավ է հասկանում Եհովային հնազանդ լինելու և նրա առաջնորդությանը հետևելու կարևորությունը։

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ՀՆԱԶԱՆԴ ԼԻՆԵԼ

2008-ին իմացանք, որ Պաոլոն քաղցկեղ ունի։ Սկզբում թվում էր՝ կլավանա։ Նա ինձ շատ էր քաջալերում։ Մենք ջանում էինք, որ Պաոլոն լավագույն բժշկական օգնությունը ստանա։ Ես ու Իլարիան երկար աղոթում էինք Եհովային՝ խնդրելով, որ օգնի մեզ ընդունելու ապագան։ Ինձ համար շատ ծանր էր տեսնել, թե առույգ ու եռանդուն ամուսինս ինչպես է աստիճանաբար մարում։ Նա մահացավ 2010-ին։ Դա շատ մեծ հարված էր ինձ համար։ Ինձ մխիթարում է այն միտքը, որ 45 տարի միասին շատ բան ենք արել։ Մենք Եհովային տվել ենք մեր լավագույնը։ Ես գիտեմ, որ Եհովան երբեք չի մոռանա մեր կատարած աշխատանքը։ Սրտի թրթիռով սպասում եմ այն օրվան, երբ Պաոլոն հարություն կառնի (Հովհ. 5։28, 29

«Հոգուս խորքում ես դեռ այն փոքրիկ աղջիկն եմ, որը շատ էր սիրում Նոյի պատմությունը։ Ես առաջվա պես վճռական եմ»

Հոգուս խորքում ես դեռ այն փոքրիկ աղջիկն եմ, որը շատ էր սիրում Նոյի պատմությունը։ Ես առաջվա պես վճռական եմ. ուզում եմ հնազանդվել Եհովային՝ անկախ այն բանից, թե նա ինչ կհանձնարարի ինձ։ Վստահ եմ, որ ցանկացած խոչընդոտ, զոհողություն կամ կորուստ փոքր է այն օրհնությունների հետ համեմատած, որոնք տալիս է մեր սիրառատ Աստվածը։ Ես անձամբ եմ համոզվել դրանում և վստահեցնում եմ, որ արժե միշտ հնազանդ լինել Եհովային։