Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գնահատիր Եհովայի առատաձեռնությունն ու խոհեմությունը

Գնահատիր Եհովայի առատաձեռնությունն ու խոհեմությունը

«Եհովան բարի է ամենքի հանդեպ, և նրա ողորմությունը իր բոլոր գործերի վրա է» (ՍԱՂ. 145։9

1, 2. Ինչի՞ հնարավորություն ունեն Եհովայի ընկերները։

«ԱՐԴԵՆ 35 տարի է, ինչ ամուսնացած ենք,— ասում է Մոնիկա անունով մի քույր։— Չնայած որ այսքան տարի միասին ենք և իրար շատ լավ ենք ճանաչում, ես ու ամուսինս մինչև հիմա միմյանց մասին նորանոր բաներ ենք իմանում»։ Անկասկած, նույնը կարելի է ասել բազմաթիվ ուրիշ ամուսնական զույգերի և ընկերների մասին։

2 Երբ սիրելի ընկերոջդ ավելի լավ ես ճանաչում, նրան սկսում ես ավելի շատ սիրել։ Ինչ խոսք, մեր լավագույն ընկերը Եհովան է։ Մենք ցանկանում ենք նրան ավելի լավ ճանաչել, բայց, մյուս կողմից, գիտենք, որ երբեք չենք կարող նրա մասին ամեն բան իմանալ (Հռոմ. 11։33)։ Ամբողջ հավիտենության ընթացքում մենք հնարավորություն կունենանք նորանոր բաներ սովորելու Եհովայի հատկությունների մասին և ավելի շատ գնահատելու դրանք (Ժող. 3։11

3. Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

3 Նախորդ հոդվածը օգնեց մեզ ավելի շատ գնահատելու Եհովայի մատչելիությունն ու անկողմնակալությունը։ Այժմ կխոսենք նրա ևս երկու հատկության մասին՝ առատաձեռնության և խոհեմության։ Մենք ավելի լավ կհասկանանք, որ «Եհովան բարի է ամենքի հանդեպ, և նրա ողորմությունը իր բոլոր գործերի վրա է» (Սաղ. 145։9

ԵՀՈՎԱՆ ԱՌԱՏԱՁԵՌՆ Է

4. Ի՞նչ է իսկական առատաձեռնությունը։

4 Ի՞նչ է նշանակում լինել առատաձեռն։ Պատասխանը գտնում ենք Հիսուսի հետևյալ խոսքերում. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործ. 20։35)։ Այս պարզ խոսքերով Հիսուսը ցույց տվեց, թե որն է իսկական առատաձեռնությունը։ Առատաձեռն մարդը ուրիշների բարօրության համար տալիս է իր ժամանակը, էներգիան ու միջոցները  և դա անում է ուրախությամբ։ Առատաձեռնությունը չափվում է ոչ թե տվածի մեծությամբ, այլ տվողի մղումով (կարդա՛ 2 Կորնթացիներ 9։7)։ Ոչ ոք ավելի առատաձեռն չէ, քան մեր «երջանիկ Աստվածը»՝ Եհովան (1 Տիմոթ. 1։11

5. Ինչպե՞ս է Եհովան առատաձեռնություն դրսևորում։

5 Ինչպե՞ս է Եհովան առատաձեռնություն դրսևորում։ Նա հոգում է բոլոր մարդկանց կարիքները, այդ թվում նաև նրանց, ովքեր չեն երկրպագում իրեն։ Այո՛, «Եհովան բարի է ամենքի հանդեպ»։ Նա «իր արևը ծագեցնում է թե՛ չարերի, թե՛ բարիների վրա և անձրև է բերում թե՛ արդարների, թե՛ անարդարների վրա» (Մատթ. 5։45)։ Դրա համար էլ Պողոս առաքյալը, երբ խոսում էր Աստծուն չճանաչող մարդկանց առաջ, կարող էր ասել. «[Եհովան] ինքն իր մասին անդադար վկայություն տվեց՝ բարիք անելով. անձրևներ տվեց ձեզ երկնքից և պտղաբեր ժամանակներ, լիացրեց ձեզ ուտելիքներով և ձեր սրտերը ուրախությամբ լցրեց» (Գործ. 14։17)։ Հստակ է, որ Եհովան առատաձեռն է բոլորի հանդեպ (Ղուկ. 6։35

6, 7. ա) Եհովան հատկապես ո՞ւմ կարիքներն է ուրախ բավարարելու։ բ) Բեր օրինակ, թե ինչպես է Աստված հոգ տանում իր հավատարիմ ծառաների մասին։

6 Եհովան հատկապես ուրախ է բավարարելու իր հավատարիմ ծառաների կարիքները։ Դավիթ թագավորը գրեց. «Ես երիտասարդ էի և հիմա ծերացել եմ, Բայց դեռ չեմ տեսել արդարին լքված, ոչ էլ նրա սերունդներին՝ հաց մուրալիս» (Սաղ. 37։25)։ Բազմաթիվ հավատարիմ քրիստոնյաներ անձամբ են զգացել Եհովայի հոգատարությունը։ Քննենք մի օրինակ։

7 Մի քանի տարի առաջ Նենսի անունով մի լիաժամ քարոզիչ դժվար իրավիճակում հայտնվեց։ Նա պատմում է. «Մեկ օրից պետք է վճարեի տան վարձը, և 66 դոլար չէր հերիքում։ Չգիտեի՝ որտեղից այդ գումարը գտնեմ։ Աղոթեցի այդ մասին և գնացի աշխատանքի։ Ես մատուցող էի։ Քանի որ շաբաթվա այդ օրերին հաճախորդներ քիչ էին լինում, շատ թեյավճարի հույս չունեի։ Բայց, ի զարմանս ինձ, այդ երեկո հաճախորդները սովորականից շատ էին։ Երբ գործի վերջում հաշվեցի ստացածս թեյավճարները, ուղիղ 66 դոլար կազմեց»։ Նենսին վստահ էր, որ հենց Եհովան է օգնել իրեն ունենալու այն, ինչի կարիքն ուներ (Մատթ. 6։33

8. Ո՞րն է Եհովայի ամենից թանկ նվերը։

8 Եհովայի առատաձեռնության մեծագույն դրսևորումը Հիսուսի քավիչ զոհն է։ Այն մի նվեր է, որը հասանելի է ցանկացած մարդու։ Քրիստոսն ասաց. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3։16)։ Այս համարում գրված «աշխարհ» բառը վերաբերում է բոլոր մարդկանց։ Այո՛, Եհովայի ամենից թանկ նվերը կարող են ստանալ բոլոր նրանք, ովքեր ուզում են այն վերցնել։ Ովքեր հավատան Հիսուսին, հավիտենական կյանք կստանան (Հովհ. 10։10)։ Ուրիշ ի՞նչ մեծ ապացույց կարող է լինել, որ Եհովան առատաձեռն է։

 ԸՆԴՕՐԻՆԱԿԻՐ ԵՀՈՎԱՅԻ ԱՌԱՏԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Եհովան ուզում էր, որ իսրայելացիները իր պես առատաձեռն լինեն (տե՛ս պարբերություն 9)

9. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովայի առատաձեռնությունը։

 9 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովայի առատաձեռնությունը։ Եհովան «առատապես ապահովում է մեզ ամեն ինչով, որ վայելենք», ուստի մենք պետք է լինենք «ուրիշներին բաժին հանելու պատրաստ». այդպիսով կնպաստենք նրանց ուրախությանը (1 Տիմոթ. 6։17–19)։ Մենք ուրախությամբ նվերներ ենք տալիս մեր հարազատներին ու ընկերներին և օգնում ենք կարիքավորներին (կարդա՛ 2 Օրենք 15։7)։ Ի՞նչը կօգնի մեզ չմոռանալու առատաձեռն լինելու մասին։ Որոշ քրիստոնյաներ այսպես են վարվում. ամեն անգամ, երբ նվեր են ստանում, նրանք հնարավորություն են փնտրում նվեր տալու մեկ ուրիշի։ Բազմաթիվ եղբայրներ և քույրեր, որոնք իրենց մեջ առատաձեռնություն են զարգացնում, օրհնություն են ժողովի համար։

10. Ո՞րն է առատաձեռն լինելու լավագույն կերպերից մեկը։

10 Առատաձեռն լինելու լավագույն կերպերից մեկը մեր ժամանակն ու էներգիան օգտագործելն է ուրիշներին օգնելու և քաջալերելու համար (Գաղ. 6։10)։ Որպեսզի իմանանք՝ առատաձեռն ենք, թե ոչ, ինքներս մեզ կարող ենք հարցնել. «Մարդիկ տեսնո՞ւմ են, որ ես պատրաստ եմ լսելու իրենց։ Երբ ինչ-որ մեկը գործ ունի անելու և օգնություն է խնդրում ինձնից, պատրա՞ստ եմ հնարավորության դեպքում օգնելու նրան։ Ե՞րբ եմ վերջին անգամ անկեղծորեն գովել ընտանիքիս անդամին կամ հավատակցիս»։ Երբ «տալը» մեզ համար սովորություն է դառնում, մենք, անկասկած, ավելի ենք մտերմանում Եհովայի ու մեր ընկերների հետ (Ղուկ. 6։38; Առակ. 19։17

11. Ինչպե՞ս կարող ենք առատաձեռն լինել Եհովայի հանդեպ։

 11 Մենք կարող ենք առատաձեռն լինել նաև Եհովայի հանդեպ։ «Պատվիր Եհովային քո արժեքավոր բաներով»,— հորդորում  է Աստվածաշունչը (Առակ. 3։9)։ Այդ «արժեքավոր բաների» մեջ են մտնում մեր ժամանակը, էներգիան և միջոցները, որոնք կարող ենք առատաձեռնորեն օգտագործել նրան ծառայելու համար։ Նույնիսկ փոքր երեխաները կարող են առատաձեռն լինել Եհովայի հանդեպ։ Նրանք դա կարող են սովորել։ Ջեյսոն անունով մի հայր ասում է. «Երբ ընտանիքով ուզում ենք նվիրաբերություն անել Թագավորության սրահում, մենք փողը տալիս ենք մեր փոքրիկներին, որպեսզի նրանք այն գցեն արկղը։ Դա դուր է գալիս երեխաներին, որովհետև, ինչպես իրենք են ասում, Եհովային ինչ-որ բան են տալիս»։ Այն երեխաները, ովքեր փոքր հասակում զգում են տալու ուրախությունը, հավանական է՝ առատաձեռն կլինեն նաև չափահաս տարիքում (Առակ. 22։6

ԵՀՈՎԱՆ ԽՈՀԵՄ Է

12. Ի՞նչ է նշանակում լինել խոհեմ։

12 Եհովայի մեկ այլ գրավիչ հատկություն է խոհեմությունը։ Ի՞նչ է նշանակում լինել խոհեմ։ «Նոր աշխարհ թարգմանությունում» սովորաբար «խոհեմ» թարգմանված բնագրային բառը բառացի նշանակում է «զիջող» (Տիտոս 3։1, 2, ծնթ.)։ Խոհեմ մարդը չի կառչում օրենքի տառից, անտեղի խիստ և անզիջում չէ, ինչպես նաև կոպիտ չէ։ Նա ձգտում է լինել մեղմ, հաշվի է առնում դիմացինի հանգամանքները, պատրաստ է լսելու նրան, ընդառաջում է նրա ցանկություններին, երբ տեղին է, և փոխում է իր պահանջները։

13, 14. ա) Ինչպե՞ս է Եհովան դրսևորում խոհեմություն։ բ) Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե Եհովան ինչպես վարվեց Ղովտի հետ։

13 Ինչպե՞ս է Եհովան դրսևորում խոհեմություն։ Նա հաշվի է առնում իր ծառաների զգացումները և հաճախ նրանց թույլ է տալիս վարվել այնպես, ինչպես իրենք են ցանկանում։ Ինչպե՞ս Աստված վարվեց արդար Ղովտի հետ, երբ որոշել էր կործանել Սոդոմ և Գոմոր քաղաքները։ Եհովան նրան հստակ ասել էր, որ փախչի լեռները։ Ղովտը, սակայն, Եհովային խնդրեց թույլ տալ իրեն գնալու մեկ ուրիշ տեղ։ Միայն պատկերացրու. Ղովտը Եհովային խնդրում է փոխել Իր հրահանգները (կարդա՛ Ծննդոց 19։17–20

14 Գուցե մտածենք, որ նա թույլ հավատ ուներ կամ անհնազանդ էր. չէ՞ որ Եհովան կարող էր նրա կյանքը փրկել, որտեղ էլ որ նա լիներ, ուստի Ղովտը իրականում վախենալու պատճառ չուներ։ Ինչևէ, փաստն այն է, որ նա վախենում էր, ու Եհովան, ընդառաջելով նրան, զիջեց։ Աստված թույլ տվեց Ղովտին փախչել այն քաղաքը, որ որոշել էր կործանել (կարդա՛ Ծննդոց 19։21, 22)։ Հստակ է՝ Եհովան անթեք չէ։ Նա խոհեմ Աստված է։

15, 16. Մովսիսական օրենքից ինչպե՞ս է երևում Եհովայի խոհեմությունը (տե՛ս 12-րդ էջի նկարը)։

15 Եհովայի խոհեմությունը երևում է նաև Մովսիսական օրենքից։ Եթե իսրայելացին շատ աղքատ էր ու չէր կարող գառ կամ այծ զոհաբերել, նա կարող էր երկու տատրակ կամ աղավնի զոհաբերել։ Իսկ եթե այնքան աղքատ էր, որ ի վիճակի չէր նույնիսկ երկու աղավնի զոհաբերելու, նրան թույլատրվում էր որպես ընծա բերել ալյուր։ Բայց նկատենք մի կարևոր մանրամասնություն. դա ոչ թե սովորական, այլ «բարձրորակ ալյուր» պետք է լիներ, որն օգտագործում էին պատվավոր հյուրերին հյուրասիրելու համար (Ծննդ. 18։6)։ Ինչո՞ւ է սա կարևոր (կարդա՛ Ղևտական 5։7, 11

16 Պատկերացրու՝ դու իսրայելացի ես և բավական աղքատ ես։ Ձեռքիդ մի քիչ ալյուր ունենալով՝ գալիս ես խորան։ Տեսնում ես հարուստ իսրայելացիների, որոնք իրենց հետ բերել են անասուններ։ Գուցե քեզ մի քիչ վատ զգաս՝ մտածելով, որ քո բերած ալյուրը որևէ արժեք չունի։ Բայց հետո հիշում ես, որ Եհովայի համար քո ընծան կարևոր է։ Ինչո՞ւ է կարևոր։ Որովհետև քո բերած ալյուրը ոչ թե հասարակ, այլ բարձրորակ ալյուր է։ Բարձրորակ ալյուր պահանջելով՝ Եհովան կարծես քեզ ասի. «Հասկանում եմ, որ չես կարող ուրիշների պես թանկ ընծա բերել։ Բայց նաև գիտեմ, որ դու տալիս ես քո լավագույնը»։  Այո՛, Եհովան հաշվի է առնում իր ծառաների սահմանափակ հնարավորությունները և հանգամանքները։ Նա խոհեմ Աստված է (Սաղ. 103։14

17. Ինչպիսի՞ երկրպագություն է Եհովան ընդունում։

 17 Մենք կարող ենք մխիթարվել՝ իմանալով, որ Եհովան, լինելով խոհեմ Աստված, ընդունում է մեր բոլորանվեր ծառայությունը (Կող. 3։23)։ Կոնստանս անունով մի տարեց քույր (Իտալիա) ասում է. «Ամենից շատ սիրում եմ մարդկանց հետ խոսել իմ Արարչի մասին։ Դրա համար էլ շարունակում եմ քարոզել և մարդկանց օգնել Աստվածաշունչ ուսումնասիրելու։ Երբեմն նեղվում եմ, որ վատ առողջության պատճառով չեմ կարողանում ավելին անել։ Բայց գիտակցում եմ, որ Եհովան գիտի իմ հնարավորությունները, սիրում է ինձ և բարձր է գնահատում այն, ինչ անում եմ»։

ԸՆԴՕՐԻՆԱԿԻՐ ԵՀՈՎԱՅԻ ԽՈՀԵՄՈՒԹՅՈՒՆԸ

18. Ինչպե՞ս կարող են ծնողները ընդօրինակել Եհովային։

18 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովայի խոհեմությունը։ Հիշենք, թե նա ինչպես վարվեց Ղովտի հետ։ Ունենալով իշխանություն՝ Աստված կարող էր ոչ մի առարկություն չընդունել Ղովտից։ Բայց Եհովան բարեհամբույր կերպով լսեց նրան, երբ վերջինս արտահայտեց իր զգացումները, և ընդառաջ գնաց նրա խնդրանքին։ Սիրելի՛ ծնողներ, կարո՞ղ եք ընդօրինակել Եհովային։ Կարո՞ղ եք լսել ձեր երեխաների խնդրանքները և, երբ տեղին է, ընդառաջել նրանց։ 2007թ. սեպտեմբերի 1-ի «Դիտարանում» խոսվում է այն մասին, որ որոշ ծնողներ, երբ ընտանիքում վարքի կանոններ են սահմանում, հարցնում են երեխաների կարծիքը։ Ենթադրենք՝ ծնողները որոշում են, թե երեխան երբ պետք է տանը լինի։ Անշուշտ, նրանք իրավունք ունեն դա անելու։ Սակայն քրիստոնյա ծնողները դրա հետ կապված կարող են հարցնել երեխայի կարծիքը։ Որոշ դեպքերում նրանք գուցե փոխեն իրենց սահմանած ժամը, եթե դրանով ինչ-որ խնդիր չի առաջանա։ Նրանք գուցե տեսնեն, որ երբ հաշվի են առնում երեխայի կարծիքը ընտանեկան կանոնների վերաբերյալ, վերջիններս ավելի լավ են հասկանում դրանք և ավելի հակված են լինում հնազանդվելու իրենց։

19. Ինչպե՞ս կարող են երեցները ընդօրինակել Եհովային խոհեմություն դրսևորելու հարցում։

19 Ժողովի երեցները ձգտում են ընդօրինակել Եհովային խոհեմություն դրսևորելու հարցում։ Նրանք հաշվի են առնում հավատակիցների հանգամանքները։ Հիշենք, որ Եհովան բարձր էր գնահատում աղքատ իսրայելացիների նվիրաբերությունները։ Որոշ եղբայրներ ու քույրեր առողջական խնդիրների կամ տարիքի պատճառով շատ քիչ բան են կարողանում անել ծառայության մեջ։ Ի՞նչ կարող են անել երեցները, երբ մեր այս սիրելի հավատակիցները այդ պատճառով վհատվում են։ Նրանք կարող են քաղցրությամբ հավաստիացնել նրանց, որ Եհովան սիրում է իրենց, որովհետև նրանք իրենց լավագույնն են տալիս (Մարկ. 12։41–44

20. Արդյո՞ք խոհեմ լինել նշանակում է թուլացնել տեմպը ծառայության մեջ։ Բացատրիր։

20 Սակայն ճիշտ չէ մտածել, թե խոհեմություն է, երբ թուլացնում ենք մեր տեմպը ծառայության մեջ՝ ցանկանալով «բարի լինել» մեր հանդեպ (Մատթ. 16։22)։ Մենք չենք ուզում անել քիչ, երբ կարող ենք անել շատ։ Բոլորս պետք է «ամեն ջանք գործադրենք» հանուն Թագավորության (Ղուկ. 13։24)։ Մենք պետք է հավասարակշռված լինենք. մի կողմից՝ ամեն ջանք գործադրենք, որ լավագույնն անենք ծառայության մեջ, մյուս կողմից՝ հիշենք, որ Եհովան երբեք չի պահանջում ավելին, քան կարող ենք անել։ Երբ Աստծուն տալիս ենք լավագույնը, կարող ենք վստահ լինել, որ դա ուրախացնում է նրան։ Ի՜նչ լավ է ծառայել այսպիսի երախտագետ և խոհեմ Աստծուն։ Հաջորդ հոդվածում կքննենք ևս երկու հրաշալի հատկություն, որ դրսևորում է մեր Աստված Եհովան (Սաղ. 73։28

«Պատվիր Եհովային քո արժեքավոր բաներով» (Առակ. 3։9) (տե՛ս պարբերություն 11)

«Ինչ որ անում եք, ամբողջ հոգով արեք» (Կող. 3։23) (տե՛ս պարբերություն 17)