Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում»

«Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում»

«Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (ՄԱՏԹ. 28։20

1. ա) Համառոտակի պատմիր ցորենի և որոմների առակը։ բ) Հիսուսն ինչպե՞ս է բացատրում առակը։

ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ վերաբերյալ Հիսուսի առակներից մեկում հողագործը ցորենի լավ սերմ է ցանում իր արտում։ Հետո գալիս է թշնամին և այդ արտում որոմ ցանում։ Որոմը սկսում է ցորենի հետ աճել։ Հողագործը իր ծառաներին կարգադրում է. «Թողեք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հնձի ժամանակը»։ Հնձի ժամանակ որոմներին ոչնչացնում են և ցորենը հավաքում։ Հիսուսն ինքն էլ բացատրում է առակը (կարդա՛ Մատթեոս 13։24–30, 37–43)։ Ի՞նչ է նշանակում այս առակը (տե՛ս «Ցորենը և որոմները» աղյուսակը)։

2. ա) Ի՞նչ կարող ենք իմանալ ցորենի և որոմների առակի միջոցով։ բ) Առակի ո՞ր հատվածն ենք քննելու։

2 Ցորենի և որոմների առակի միջոցով կարող ենք իմանալ, թե Տերը՝ Հիսուսը, երբ և ինչպես է մարդկանց միջից հավաքում ողջ ցորեն դասակարգին՝ օծյալ քրիստոնյաներին, ովքեր իր հետ իշխելու են իր Թագավորությունում։ Ցանքը սկսվեց 33թ. Պենտեկոստեին։ Ցորենի հավաքումը ավարտվելու է այն ժամանակ, երբ այս համակարգի վերջում ապրող օծյալները ստանան իրենց վերջնական կնիքը և հետո վերցվեն երկինք (Մատթ. 24։31; Հայտն. 7։1–4)։ Ինչպես որ լեռան վրա գտնվող դիտարանից է լայն տեսահորիզոն բացվում, այնպես էլ այս առակը հնարավորություն է տալիս տեսնելու այն իրադարձությունների զարգացումը, որոնք տեղի են ունենում մոտ 2000 տարի ընդգրկող ժամանակահատվածում։ Ի՞նչ զարգացումներ ենք տեսնում Թագավորության հետ կապված։ Առակում խոսվում է ցանքի, աճի և հնձի ժամանակների մասին։ Այս հոդվածում կկենտրոնանանք հնձի ժամանակի վրա *։

ՀԻՍՈՒՍԻ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ

3. ա) Ի՞նչ տեղի ունեցավ առաջին դարից հետո։ բ) Ի՞նչ հարց տրվեց Մատթեոս 13։28-ում և ո՞ւմ կողմից (տե՛ս նաև ծանոթագրությունը)։

3 Երկրորդ դարի սկզբում արտում՝ աշխարհում, «երևացին.... որոմները»՝ կեղծ քրիստոնյաները (Մատթ.  13։26)։ Արդեն չորրորդ դարում որոմանման քրիստոնյաները թվով մեծապես գերազանցում էին օծյալ քրիստոնյաներին։ Հիշենք, որ առակում ծառաները տիրոջից որոմները քաղհանելու թույլտվություն խնդրեցին * (Մատթ. 13։28)։ Ի՞նչ պատասխանեց տերը։

4. ա) Ի՞նչ է երևում Տիրոջ՝ Հիսուսի կարգադրությունից։ բ) Ե՞րբ ցորեն դասակարգը սկսեց նշմարվել։

4 Տերը, այսինքն՝ Հիսուսը, ասաց. «Թողեք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հնձի ժամանակը»։ Այս կարգադրությունից երևում է, որ առաջին դարից մինչև մեր օրերը երկրի վրա միշտ եղել են ցորենանման քրիստոնյաներ։ Այս եզրակացությունը հաստատվում է այն խոսքերով, որոնք հետագայում Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28։20)։ Հետևաբար Հիսուսը պաշտպանելու էր օծյալ քրիստոնյաներին բոլոր օրերում ընդհուպ մինչև վերջի ժամանակը։ Քանի որ որոմանման քրիստոնյաները նրանց հետ էին աճելու, մենք միանշանակ չենք կարող ասել, թե այդ երկար ժամանակահատվածում ովքեր են մտել ցորեն դասակարգի մեջ։ Այնուամենայնիվ, հնձի ժամանակից մի քանի տասնամյակ առաջ ցորեն դասակարգը սկսեց նշմարվել։ Ինչպե՞ս դա տեղի ունեցավ։

ՊԱՏԳԱՄԱԲԵՐԸ «ՀԱՐԹՈՒՄ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ»

5. Առաջին դարում ինչպե՞ս կատարվեց Մաղաքիայի մարգարեությունը։

 5 Այն բանից դարեր առաջ, երբ Հիսուսը պատմեց ցորենի ու որոմների առակը, Եհովան Մաղաքիա մարգարեի միջոցով կանխագուշակեց իրադարձություններ, որոնք արտացոլված են այս առակում (կարդա՛ Մաղաքիա 3։1–4)։ Հովհաննես Մկրտիչը այն «պատգամաբերն էր, որը հարթեց ճանապարհը» (Մատթ. 11։10, 11)։ Երբ նա  սկսեց գործել 29թ.-ին, Իսրայել ազգի դատաստանի ժամը մոտեցել էր։ Մյուս պատգամաբերը Հիսուսն էր։ Նա երկու անգամ մաքրեց Երուսաղեմի տաճարը՝ առաջին անգամ՝ իր ծառայության սկզբում, երկրորդ անգամ՝ ծառայության վերջում (Մատթ. 21։12, 13; Հովհ. 2։14–17)։ Ուստի Հիսուսի կողմից մաքրման աշխատանքները տևել են մի որոշ ժամանակ։

6. ա) Ո՞րն է Մաղաքիայի մարգարեության ավելի մեծ կատարումը։ բ) Ե՞րբ է Հիսուսը ստուգել հոգևոր տաճարը (տե՛ս նաև ծանոթագրությունը)։

 6 Ո՞րն է Մաղաքիայի մարգարեության ավելի մեծ կատարումը։ 1914թ.-ից տասնամյակներ առաջ Չարլզ Ռասելը և նրա մտերիմ ընկերները անում էին այնպիսի գործ, որն անում էր Հովհաննես Մկրտիչը։ Այդ կարևոր գործը ներառում էր աստվածաշնչյան ճշմարտությունները վերականգնելը։ Աստվածաշունչ ուսումնասիրողները սովորեցնում էին, թե որն է Քրիստոսի քավիչ զոհի իրական իմաստը, մերկացնում էին կրակե դժոխքի մասին սուտը և հռչակում, որ շուտով հեթանոսների ժամանակները ավարտվելու են։ Բայց այդ ժամանակ բազմաթիվ կրոնական խմբեր պնդում էին, որ Քրիստոսի հետևորդներ են։ Ուստի կարևոր հարց առաջացավ. «Այդ խմբերից ո՞րն է ցորենը»։ Հարցի պատասխանը տրվեց, երբ Հիսուսը 1914թ.-ին սկսեց ստուգել հոգևոր տաճարը։ Ստուգումն ու մաքրումը ընդգրկեցին մի ժամանակամիջոց՝ 1914-ից մինչև 1919-ի առաջին կեսը *։

ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՄԱՔՐՄԱՆ ՏԱՐԻՆԵՐ

7. Ի՞նչ հայտնաբերեց Հիսուսը, երբ 1914թ.-ին սկսեց ստուգումը։

7 Ի՞նչ հայտնաբերեց Հիսուսը, երբ սկսեց ստուգել։ Նա հայտնաբերեց Աստվածաշունչ ուսումնասիրողների մի փոքր խումբ, որը ավելի քան երեսուն տարի իր ուժերն ու միջոցները չէր խնայել քարոզչության համար *։ Որքա՜ն էին հավանաբար ուրախացել Հիսուսն ու հրեշտակները՝ տեսնելով,  որ ցորենի ամուր ցողունները, որոնք համեմատաբար սակավաթիվ էին, չեն խեղդվել Սատանայի ցանած որոմների ճնշման տակ։ Բայց «Ղևիի որդիներին»՝ օծյալներին, «մաքրելու» կարիք եղավ (Մաղ. 3։2, 3; 1 Պետ. 4։17)։ Ինչո՞ւ։

8. Ի՞նչ եղավ 1914թ.-ից հետո։

8 1914թ. վերջերին Աստվածաշունչ ուսումնասիրողներից ոմանք վհատվեցին, որովհետև այդ տարի երկինք չգնացին։ 1915–1916թթ.-ին դրսից եկող հակառակությունը դանդաղեցրեց քարոզչական գործը։ Ավելին, հակառակություն եղավ նաև կազմակերպության ներսից այն բանից հետո, երբ 1916թ. հոկտեմբերին եղբայր Ռասելը մահացավ։ «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերության» յոթ տնօրեններից չորսը ընդդիմացան այն որոշմանը, որ եղբայր Ռադերֆորդը առաջնորդություն վերցնի։ Նրանք փորձեցին բաժանում մտցնել եղբայրների միջև, բայց 1917թ. օգոստոսին թողեցին Բեթելը, ինչը, իրոք, մաքրում էր։ Բացի այդ, Աստվածաշունչ ուսումնասիրողներից ոմանք վախեցան մարդկանցից։ Բայց որպես խումբ՝ Աստվածաշունչ ուսումնասիրողները պատրաստակամորեն արձագանքեցին Հիսուսի կողմից կատարվող մաքրման աշխատանքներին և արեցին անհրաժեշտ փոփոխությունները։ Հիսուսը նրանց համարեց ցորենանման՝ ճշմարիտ քրիստոնյաներ, իսկ կեղծ քրիստոնյաներին մերժեց։ Նա մերժեց նաև քրիստոնեական աշխարհի եկեղեցիների անդամներին (Մաղ. 3։5; 2 Տիմոթ. 2։19)։ Ի՞նչ եղավ հետո։ Այս հարցին պատասխանելու համար վերադառնանք ցորենի և որոմների առակին։

Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ «ՀՆՁԻ ԺԱՄԱՆԱԿ»

9, 10. ա) Ի՞նչ ենք քննելու հնձի ժամանակի առնչությամբ։ բ) Ո՞րն է առաջին բանը, որ տեղի է ունենում հնձի ժամանակ։

9 Հիսուսն ասաց. «Հունձը աշխարհի վախճանն է» (Մատթ. 13։39)։ «Հնձի ժամանակը» սկսվեց 1914թ.-ին։ Մենք կքննենք հնձի ժամանակի հետ կապված հինգ բան, որոնց մասին մարգարեացել է Հիսուսը։

10 Առաջին՝ որոմների հավաքումը։ Հիսուսն ասում է. «Հնձի ժամանակ ես հնձվորներին կասեմ. «Նախ որոմները հավաքեք և խուրձ-խուրձ կապեք»»։ 1914թ.-ից հետո հրեշտակները սկսեցին «հավաքել» որոմանման քրիստոնյաներին՝ նրանց առանձնացնելով «թագավորության [օծյալ] որդիներից» (Մատթ. 13։30, 38, 41

11. Մինչև այսօր ի՞նչն է ճշմարիտ քրիստոնյաներին տարբերակում կեղծ քրիստոնյաներից։

11 Հավաքման գործին զուգընթաց ավելի ակնհայտ էր դառնում երկու խմբերի տարբերությունը (Հայտն. 18։1, 4)։ 1919թ.-ին պարզ դարձավ, որ Մեծ Բաբելոնը ընկել է։ Հատկապես ինչո՞վ էին ճշմարիտ քրիստոնյաները տարբերվում կեղծ քրիստոնյաներից։ Քարոզչական գործով։ Աստվածաշունչ ուսումնասիրողների մեջ առաջնորդություն վերցնողները սկսեցին շեշտել Թագավորության քարոզչության գործին անհատապես մասնակցելու կարևորությունը։ Օրինակ՝ 1919թ.-ին լույս տեսավ «Նրանց, ում գործը վստահված է» գրքույկը (To Whom the Work Is Entrusted)։ Գրքույկը բոլոր օծյալ քրիստոնյաներին հորդորում էր քարոզել տնից տուն։ Այնտեղ գրված էր. «Գործը շատ-շատ է, բայց դա Տիրոջ գործն է, և նրա ուժով մենք կանե՛նք այն։ Դու պատիվ ունես մասնակցելու դրան»։ Ինչպիսի՞ն էր արձագանքը։ 1922թ. «Դիտարանում» ասվում է, որ դրանից հետո Աստվածաշունչ ուսումնասիրողները ընդլայնեցին իրենց քարոզչական գործունեությունը։ Շատ չանցած՝ տնից տուն քարոզչությունը դարձավ այս հավատարիմ քրիստոնյաների տարբերակիչ նշանը։ Մինչև այսօր դա այդպես է։

12. Երբվանի՞ց է հավաքվում ցորեն դասակարգը։

12 Երկրորդ՝ ցորենի հավաքումը։ Հիսուսն իր հրեշտակներին պատվիրեց. «Գնացեք և ցորենը հավաքեք իմ ամբարի մեջ» (Մատթ. 13։30)։ 1919թ.-ից սկսած՝ օծյալները հավաքվում են վերականգնված քրիստոնեական ժողովում։ Օծյալների հավաքումը կավարտվի այն ժամանակ, երբ այս համակարգի վերջում ապրող օծյալ  քրիստոնյաները ստանան իրենց երկնային պարգևը (Դան. 7։18, 22, 27

13. Ի՞նչ է ասում Հայտնություն 18։7-ը պոռնկի՝ Մեծ Բաբելոնի (որի մեջ մտնում է նաև քրիստոնեական աշխարհը) ներկայիս տրամադրվածության մասին։

13 Երրորդ՝ լաց լինելը և ատամները կրճտացնելը։ Ի՞նչ է լինում այն բանից հետո, երբ հրեշտակները խուրձ-խուրձ կապում են որոմները։ Որոմ դասակարգի մասին Հիսուսն ասում է. «Այնտեղ նրանք լաց կլինեն ու կկրճտացնեն իրենց ատամները» (Մատթ. 13։42)։ Կատարվո՞ւմ են այս խոսքերն այսօր։ Ո՛չ։ Քրիստոնեական աշխարհը, որը պոռնկի մի մասն է կազմում, շարունակում է ինքն իր մասին ասել. «Ես նստած եմ որպես թագուհի, ես այրի չեմ ու երբեք սուգ չեմ տեսնի» (Հայտն. 18։7)։ Այո՛, քրիստոնեական աշխարհը իրեն ղեկավար է զգում և նույնիսկ մտածում է, որ «նստած է որպես թագուհի» քաղաքական առաջնորդների վրա՝ որպես խմբի։ Ներկայումս նրանք, ովքեր «որոմներ» են, պարծենո՛ւմ են և ոչ թե լաց լինում։ Բայց շուտով ամեն ինչ փոխվելու է։

Շուտով վերջ կդրվի քրիստոնեական աշխարհի և քաղաքական առաջնորդների մտերմությանը

(տե՛ս պարբերություն 13)

14. ա) Ե՞րբ և ինչո՞ւ են կեղծ քրիստոնյաները «կրճտացնելու իրենց ատամները»։ բ) Մատթեոս 13։42-ի վերաբերյալ մեր վերաճշտված հասկացողությունը ինչպե՞ս է համապատասխանում Սաղմոս 112։10-ին (տե՛ս ծանոթագրությունը)։

14 Մեծ նեղության ընթացքում կեղծ կրոնների ոչնչացվելուց հետո դրանց նախկին հետևորդները թաքնվելու տեղ են փնտրելու, բայց ոչ մի ապահով տեղ չեն գտնելու (Ղուկ. 23։30; Հայտն. 6։15–17)։ Տեսնելով, որ կործանումից խույս տալ հնարավոր չէ՝ նրանք հուսահատությունից լաց են լինելու և բարկությունից կրճտացնելու են ատամները։ Այդ մռայլ պահին նրանք «կողբան ու կուրծք կծեծեն», ինչպես որ մարգարեացել է Հիսուսը * (Մատթ. 24։30; Հայտն. 1։7

15. Ի՞նչ է լինելու որոմներին և ե՞րբ։

15 Չորրորդ՝ կրակե հնոցը գցվելը։ Ի՞նչ է լինելու որոմների խրձերին։ Հրեշտակները «կգցեն նրանց կրակե հնոցը» (Մատթ. 13։42)։ Սա վերջնական կործանում է նշանակում։ Կեղծ կրոնական կազմակերպությունների նախկին անդամները ոչնչացվելու են մեծ նեղության վերջին փուլում՝ Արմագեդոնին (Մաղ. 4։1

16, 17. ա) Ո՞րն է այն վերջին իրադարձությունը, որի մասին նշեց Հիսուսը։ բ) Ինչո՞ւ ենք եզրակացնում, որ «շողալը» տեղի է ունենալու ապագայում։

16 Հինգերորդ՝ արևի նման շողալը։ Հիսուսը իր մարգարեությունը ավարտում է հետևյալ խոսքերով. «Այդ ժամանակ արդարները արևի նման կշողան իրենց Հոր թագավորության մեջ» (Մատթ. 13։43)։ Ե՞րբ և որտե՞ղ է դա լինելու։ Այս խոսքերը դեռևս չեն կատարվել։ Հիսուսը կանխագուշակեց ոչ թե երկրի վրա ներկայումս տեղի ունեցող մի գործունեություն, այլ մի իրադարձություն, որը տեղի է ունենալու ապագայում երկնքում *։ Նման եզրակացություն անելու համար կա երկու պատճառ։

17 Առաջին՝ քննենք, թե երբ է «շողալը» տեղի ունենալու։ Հիսուսն ասաց. «Այդ ժամանակ արդարները արևի նման կշողան»։  «Այդ ժամանակ» արտահայտությունը ակներևաբար վերաբերում է այն իրադարձությանը, որ Հիսուսը նշեց դրանից քիչ առաջ, այն է՝ «որոմները կգցվեն կրակե հնոցը»։ Դա տեղի է ունենալու ապագայում՝ մեծ նեղության վերջին փուլում։ Ուստի օծյալների «շողալը» ևս տեղի է ունենալու այդ ժամանակ։ Երկրորդ՝ որտե՞ղ է «շողալը» տեղի ունենալու։ Հիսուսն ասաց, որ արդարները «կշողան.... թագավորության մեջ»։ Ի՞նչ է սա նշանակում։ Բոլոր հավատարիմ օծյալները, որոնք դեռևս երկրի վրա կլինեն մեծ նեղության առաջին փուլի ավարտից հետո, արդեն ստացած կլինեն իրենց վերջնական կնիքը։ Դրանից հետո, ինչպես նշում է Հիսուսը մեծ նեղության մասին մարգարեությունում, նրանք կհավաքվեն երկնքում (Մատթ. 24։31Այնտեղ՝ «իրենց Հոր թագավորության մեջ», նրանք կշողան, իսկ Արմագեդոն պատերազմից կարճ ժամանակ անց տեղի կունենա նրանց՝ «հարսի», և «Գառան հարսանիքը» (Հայտն. 19։6–9

Ի՞ՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՆՔ ՔԱՂՈՒՄ

18, 19. Ցորենի և որոմների առակը հասկանալն ի՞նչ օգուտներ է բերում մեզ։

18 Ի՞նչ օգուտներ ենք քաղում ցորենի և որոմների առակի բացատրությունից։ Առաջին՝ խորանում է մեր հասկացողությունը։ Առակից տեսնում ենք մի կարևոր պատճառ, թե ինչու է Եհովան թույլատրում չարության գոյությունը։ Նա «հանդուրժեց բարկության անոթներին», որպեսզի պատրաստի «ողորմության անոթներին»՝ ցորեն դասակարգին * (Հռոմ. 9։22–24)։ Երկրորդ՝ այն ամրացնում է մեր վստահությունը։ Որքան վերջը մոտենում է, այնքան մեր թշնամիները սաստկացնում են պայքարը մեր դեմ, բայց նրանք «չեն հաղթի» (կարդա՛ Երեմիա 1։19)։ Դարերի ընթացքում Եհովան միշտ պաշտպանել է ցորեն դասակարգին։ Նմանապես այսօր մեր երկնային Հայրը Հիսուսի և հրեշտակների միջոցով մեզ հետ կլինի «բոլոր օրերում» (Մատթ. 28։20

19 Երրորդ՝ առակը օգնում է մեզ հասկանալու, թե որն է ցորեն դասակարգը։ Սա շատ կարևոր է։ Ինչո՞ւ։ Որովհետև դրա շնորհիվ մենք կկարողանանք պատասխանել այն հարցին, որը Հիսուսը տվեց վերջին օրերի մասին մարգարեանալիս. «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն ծառան» (Մատթ. 24։45)։ Հաջորդ երկու հոդվածները պատասխանում են այս հարցին։

 

^ պարբ. 2 Պարբերություն 2։ [1] Առակի այլ մասերի իմաստները վերհիշելու համար հորդորում ենք կարդալ «Արդարները արևի նման պայծառ կշողան» հոդվածը «Դիտարանի» 2010թ. մարտի 15-ի համարում։

^ պարբ. 3 Պարբերություն 3։ [2] Քանի որ Հիսուսի առաքյալները մահացել էին, իսկ երկրի վրա մնացած օծյալները նկարագրվում են որպես ցորեն և ոչ թե որպես ծառաներ, կարելի է եզրակացնել, որ առակի ծառաները հրեշտակներ են։ Որոմ հավաքողները նույնպես հրեշտակներ են, ինչը երևում է առակի վերջին մասից (Մատթ. 13։39

^ պարբ. 6 Պարբերություն 6։ [3] Սա հասկացողության վերաճշտում է։ Նախկինում կարծում էինք, որ Հիսուսը ստուգումն անցկացրել է 1918թ.-ին։

^ պարբ. 7 Պարբերություն 7։ [4] 1910–1914թթ.-ին Աստվածաշունչ ուսումնասիրողները տարածել են մոտ 4000000 գիրք և ավելի քան 200000000 թերթիկ ու գրքույկ։

^ պարբ. 14 Պարբերություն 14։ [5] Սա Մատթեոս 13։42-ի բացատրության վերաճշտում է։ Նախկինում մեր հրատարակություններում ասվում էր, որ կեղծ քրիստոնյաները տասնամյակներ շարունակ «լաց կլինեն ու կկրճտացնեն իրենց ատամները» այն բանի համար, որ «թագավորության որդիները» մերկացնում են նրանց իսկական էությունը, այն, որ նրանք «Չարի որդիներն են» (Մատթ. 13։38)։ Սակայն պետք է նկատել, որ ատամները կրճտացնելը կապված է կործանման հետ (Սաղ. 112։10

^ պարբ. 16 Պարբերություն 16։ [6] Դանիել 12։3-ում ասվում է, որ «հասկացողություն ունեցողները [օծյալ քրիստոնյաները] կշողան երկնակամարի պես»։ Սա վերաբերում է երկրի վրա շողալուն, այսինքն՝ բարի լուրը քարոզելուն, մինչդեռ Մատթեոս 13։43-ում գրված «շողալը» վերաբերում է ապագա ժամանակի, երբ նրանք պայծառ կշողան երկնային Թագավորությունում։ Նախկինում կարծում էինք, որ երկու համարներն էլ վերաբերում են միևնույն գործունեությանը՝ քարոզչական գործին։