Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն ծառան»

«Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն ծառան»

«Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն ծառան, որին իր տերը իր տան անդամների վրա նշանակեց» (ՄԱՏԹ. 24։45

1, 2. Ո՞ւմ միջոցով է Հիսուսն այսօր կերակրում իր հետևորդներին, և ինչո՞ւ է կարևոր, որ մենք ճանաչենք այդ միջոցը։

«ԵՂԲԱՅՐՆԵ՛Ր, պարզապես անհնար է հաշվել այն դեպքերը, երբ դուք իմ ձեռքն եք տվել հենց այն հոդվածները, որոնց կարիքը այդ պահին ամենից շատն եմ զգացել»։ Մի քույր այսպես արտահայտեց իր երախտագիտությունը գլխավոր վարչությունում աշխատող եղբայրներին գրած նամակում։ Նույն խոսքերը կարող են ասել մեզնից շատերը։ Պե՞տք է դա զարմացնի մեզ։ Իրականում, ոչ։

2 Այն, որ մենք հոգևոր կերակուր ենք ստանում ճիշտ ժամանակին, ցույց է տալիս, որ Հիսուսը՝ ժողովի Գլուխը, պահում է հոգևորապես մեզ կերակրելու մասին իր խոստումը։ Իսկ ո՞ւմ միջոցով է նա տալիս այդ կերակուրը։ Հիսուսը, երբ տալիս էր իր ներկայության նշանը, ասաց, որ «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով «ճիշտ ժամանակին» կերակուր է տալու իր տան անդամներին * (կարդա՛ Մատթեոս 24։45–47)։ Այդ հավատարիմ ծառան այն միջոցն է, որով Հիսուսը սնում է իր ճշմարիտ հետևորդներին վերջին օրերում։ Շատ կարևոր է ճանաչել հավատարիմ ծառային։ Մեր հոգևոր առողջությունը և Աստծու հետ փոխհարաբերությունները կախված են այս միջոցից (Մատթ. 4։4; Հովհ. 17։3

3. Նախկինում մեր հրատարակություններում ի՞նչ բացատրություն է տրվել հավատարիմ ծառայի մասին։

3 Ինչպե՞ս հասկանալ Հիսուսի՝ հավատարիմ ծառայի մասին խոսքերը։ Նախկինում մեր գրականությունում հետևյալ բացատրությունն է տրվել։ 33թ. Պենտեկոստեին Հիսուսը հավատարիմ ծառային նշանակեց իր տան անդամների վրա։ Ծառան ներկայացնում է երկրի վրա մի առանձին ժամանակահատվածում ապրող բոլոր օծյալ քրիստոնյաների ամբողջությունը։ Իսկ տան անդամները նույն օծյալներն են՝ առանձին վերցրած։ 1919թ.-ին Հիսուսը հավատարիմ ծառային նշանակեց «իր ողջ ունեցվածքի», այսինքն՝ երկրի վրա եղած այն բոլոր բաների վրա, ինչը կապված է Թագավորության շահերն առաջ տանելու հետ։ Սակայն հետագա մանրամասն ուսումնասիրությունը, բազմաթիվ աղոթքներն ու խորհրդածությունը օգնեցին  հասկանալու, որ Հիսուսի՝ հավատարիմ և իմաստուն ծառայի մասին խոսքերի ըմբռնումը վերաճշտման կարիք ունի (Առակ. 4։18)։ Քննենք այդ խոսքերը և տեսնենք, թե դրանք ինչպես են վերաբերում մեզ՝ անկախ նրանից՝ երկնային հույս ունենք, թե երկրային։

Ե՞ՐԲ ԵՆ ԾԱՌԱՅԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ

4–6. Ինչո՞ւ կարող ենք եզրակացնել, որ հավատարիմ ծառայի մասին խոսքերը սկսեցին կատարվել միայն 1914թ.-ից հետո։

4 Հավատարիմ և իմաստուն ծառայի մասին խոսքերի համատեքստը օգնում է մեզ հասկանալու, որ այդ խոսքերը սկսել են կատարվել ոչ թե 33թ. Պենտեկոստեին, այլ վերջին օրերում։ Տեսնենք, թե Աստվածաշնչի հիման վրա ինչպես ենք եկել այս եզրակացության։

5 Հավատարիմ ծառայի մասին խոսքերը Հիսուսի «ներկայության և աշխարհի վախճանի նշանի» մասին մարգարեության մի մասն են (Մատթ. 24։3)։ Մարգարեության այն մասը, որ գրված է Մատթեոս 24։4–22 համարներում, ունի երկու կատարում։ Առաջին կատարումը եղել է 33–70թթ. ընկած ժամանակահատվածում, իսկ երկրորդը, որը ավելի մեծ կատարում է, տեղի է ունենում մեր օրերում։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ հավատարիմ ծառայի մասին խոսքերը նույնպես երկու կատարում էին ունենալու։ Ո՛չ։

6 Մատթեոս 24։29-ից սկսած՝ Հիսուսը կենտրոնանում է այն դեպքերի վրա, որոնք տեղի էին ունենալու մեր ժամանակներում (կարդա՛ Մատթեոս 24։30, 42, 44)։ Խոսելով մեծ նեղության ընթացքում տեղի ունենալիք դեպքերի մասին՝ նա ասաց, որ մարդիկ «մարդու Որդուն կտեսնեն երկնքի ամպերի վրա.... գալիս»։ Հետո նրանց, ովքեր ապրելու էին վերջին օրերում, հորդորեց զգոն լինել. «Չգիտեք, թե որ օրն է ձեր Տերը գալու.... Այն ժամին, որ չեք կարծում, մարդու Որդին կգա» *։ Վերջին օրերում տեղի ունենալիք իրադարձությունների մասին խոսելուց անմիջապես հետո Հիսուսն ասաց հավատարիմ ծառայի մասին խոսքերը։ Ուստի կարող ենք եզրակացնել, որ այդ խոսքերը սկսեցին կատարվել միայն 1914թ.-ից հետո, երբ սկսվեցին վերջին օրերը։ Նման եզրակացությունը տրամաբանական է։ Տեսնենք, թե ինչու։

7. Երբ սկսվեց հնձի ժամանակը, ի՞նչ կարևոր հարց առաջացավ և ինչո՞ւ։

7 Մի պահ մտածիր այս հարցի մասին. «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն ծառան»։ Առաջին դարում դժվար թե գտնվեր նման հարց տալու որևէ պատճառ։ Ինչպես տեսանք նախորդ հոդվածից, առաքյալները կարողանում էին հրաշքներ անել և նույնիսկ ոգու պարգևներ էին փոխանցում, ինչը վկայում էր Աստծու աջակցության մասին (Գործ. 5։12)։ Դրա համար էլ ոչ ոք կարիք չէր տեսնում հարցնելու, թե ում միջոցով է Քրիստոսն առաջնորդում։ 1914թ.-ին, սակայն, իրավիճակը բոլորովին այլ էր։ Այդ տարի սկսվեց հնձի ժամանակը։ Վերջապես եկավ որոմներին ցորենից առանձնացնելու ժամանակը (Մատթ. 13։36–43)։ Երբ հնձի ժամանակը սկսվեց, շատ կարևոր հարց առաջացավ. ինչպե՞ս կարելի էր բազմաթիվ կեղծ քրիստոնյաների մեջ, որոնք պնդում էին, թե Հիսուսի ճշմարիտ հետևորդ են, ճանաչել ցորենին՝ օծյալ քրիստոնյաներին։ Հիսուսի՝ հավատարիմ ծառայի մասին խոսքերը պատասխանում են այս հարցին։ Քրիստոսի օծյալ հետևորդները լինելու էին նրանք, ովքեր հոգևոր սննդարար կերակուր էին ստանալու։

Ո՞Վ Է ՀԱՎԱՏԱՐԻՄ ԵՎ ԻՄԱՍՏՈՒՆ ԾԱՌԱՆ

8. Ինչո՞ւ է տեղին, որ հավատարիմ ծառան բաղկացած լինի օծյալ քրիստոնյաներից։

8 Հավատարիմ ծառան պետք է բաղկացած լինի երկրի վրա ապրող օծյալ քրիստոնյաներից։ Նրանք կոչվում են «թագավորական քահանայություն» և նրանց հանձնարարված է «հռչակել գերազանց հատկությունները նրա, ով խավարից կանչեց իրենց իր սքանչելի լույսի մեջ» (1 Պետ. 2։9)։ Անկասկած, տեղին է, որ այդ «թագավորական քահանայության» անդամները անմիջականորեն մասնակցեն իրենց հավատակիցներին ճշմարտությունն ուսուցանելու գործին (Մաղ. 2։7; Հայտն. 12։17

9. Հավատարիմ ծառան երկրի վրա ապրող բոլո՞ր օծյալներից է բաղկացած։ Բացատրիր։

 9 Արդյո՞ք հավատարիմ ծառան բաղկացած է երկրի վրա ապրող բոլոր օծյալ քրիստոնյաներից։ Ո՛չ։ Իրականում ոչ բոլոր օծյալներն են հոգևոր սնունդ տալիս ամբողջ աշխարհի իրենց հավատակիցներին։ Օծյալ քրիստոնյաների մեջ կան եղբայրներ, ովքեր ծառայող օգնական կամ երեց են։ Նրանք ուսուցանում են տնետուն ծառայելիս և իրենց ժողովում, ինչպես նաև հավատարմորեն թիկունք են կանգնում գլխավոր վարչությունից տրվող առաջնորդությանը։ Սակայն նրանք չեն մասնակցում համաշխարհային եղբայրությանը հոգևոր սնունդ մատակարարելու գործին։ Օծյալների մեջ կան նաև քույրեր։ Նրանք խոնարհ են և չեն էլ մտածում ժողովում ուսուցանելու մասին (1 Կորնթ. 11։3; 14։34

10. Ո՞վ է հավատարիմ և իմաստուն ծառան։

10 Այդ դեպքում ո՞վ է հավատարիմ և իմաստուն ծառան։ Հավատարիմ և իմաստուն ծառան օծյալ եղբայրների մի փոքր խումբ է, որը անմիջականորեն մասնակցում է հոգևոր կերակուր պատրաստելու և մատակարարելու գործին Քրիստոսի ներկայության ժամանակ։ Հիսուսը ինչպես առաջին դարում քչերի միջոցով կերակրեց շատերին, այդպես էլ այսօր օծյալ եղբայրների այս փոքր խմբի միջոցով կերակրում է շատերին։ Վերջին օրերի ողջ ընթացքում հավատարիմ ծառան կազմող օծյալ եղբայրները միասին ծառայել են գլխավոր վարչությունում։ Տասնամյակներ շարունակ, ինչ գոյություն ունի Կառավարիչ մարմինը, այդ ծառան եղել է հենց Կառավարիչ մարմինը։ Ուշադրություն դարձնենք, որ «ծառան», թեև բաղկացած է մեկից ավելի մարդկանցից, Հիսուսի առակում ներկայացվում է որպես մեկ ծառա։ Կառավարիչ մարմինը իր որոշումները կայացնում է կոլեկտիվ ձևով։

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՏԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ

11, 12. ա) Ի՞նչ երկու նշանակում է ստանում հավատարիմ և իմաստուն ծառան։ բ) Հիսուսը ե՞րբ հավատարիմ ծառային նշանակեց իր տան անդամների վրա։ Ո՞ւմ ընտրեց նա։

11 Հետաքրքիր է, որ հավատարիմ և իմաստուն ծառան երկու նշանակում է ստանում։ Առաջին՝ նա նշանակվում է տան անդամների վրա և երկրորդ՝ տիրոջ ողջ ունեցվածքի վրա։ Քանի որ ծառայի մասին Հիսուսի խոսքերը կատարվում են միայն վերջին օրերում, երկու նշանակումներն էլ տրվելու էին այն բանից հետո, երբ 1914-ին Հիսուսը ներկա լիներ որպես Թագավոր։

12 Հիսուսը ե՞րբ նշանակեց հավատարիմ ծառային իր տան անդամների վրա։ Այս հարցին պատասխանելու համար պետք է վերադառնանք 1914թ.՝ հնձի ժամանակի սկիզբ։ Ինչպես արդեն նշվել է, այդ ժամանակ շատ խմբեր պնդում էին, որ Քրիստոսի  հետևորդ են։ Ո՞ր խմբից էր Հիսուսը ընտրելու և նշանակելու հավատարիմ ծառային։ Այս հարցի պատասխանը պարզ դարձավ այն բանից հետո, երբ նա և իր Հայրը եկան ու ստուգեցին հոգևոր տաճարը 1914թ.-ից մինչև 1919թ. առաջին կեսը * (Մաղ. 3։1)։ Նրանց համար հաճելի էր տեսնել մի խումբ հավատարիմ Աստվածաշունչ ուսումնասիրողների, որոնց սիրտը Եհովայի և նրա Խոսքի հետ էր։ Նրանք, ինչ խոսք, մաքրման կարիք ունեին և խոնարհաբար ուղղվեցին ստուգման և մաքրման կարճատև ժամանակահատվածում (Մաղ. 3։2–4)։ Այս հավատարիմ Աստվածաշունչ ուսումնասիրողները ճշմարիտ քրիստոնյաներ էին՝ Հիսուսի առակի ցորենը։ 1919թ.-ին՝ հոգևոր զարթոնքի ժամանակներում, Հիսուսը նրանց միջից ընտրեց հասուն օծյալ եղբայրների, որպեսզի նրանք ծառայեն որպես հավատարիմ և իմաստուն ծառա, և նրանց նշանակեց իր տան անդամների վրա։

13. Ովքե՞ր են տան անդամները և ինչո՞ւ։

13 Իսկ ովքե՞ր են տան անդամները։ Եթե պարզ ասենք, տան անդամները նրանք են, ովքեր ստանում են կերակուրը։ Վերջին օրերի սկզբնական շրջանում տան բոլոր անդամները օծյալներ էին։ Հետագայում տան անդամներ դարձան նաև նրանք, ովքեր մտնում են ուրիշ ոչխարների մեծ բազմության մեջ։ Ուրիշ ոչխարները ներկայումս Քրիստոսի առաջնորդության ներքո եղող «մեկ հոտի» ճնշող մեծամասնությունն են կազմում (Հովհ. 10։16)։ Երկու խումբն էլ օգտվում է հավատարիմ ծառայի կողմից ճիշտ ժամանակին տրվող հոգևոր կերակրից։ Արդյո՞ք Կառավարիչ մարմնի անդամները, որոնք այսօր միասին կազմում են հավատարիմ և իմաստուն ծառան, նույնպես տան անդամներ են։ Այս եղբայրներն էլ հոգևոր սննդի կարիք ունեն։ Ուստի նրանք խոնարհաբար ընդունում են, որ իրենք՝ որպես առանձին անհատներ, Հիսուսի մյուս ճշմարիտ հետևորդների պես, տան անդամներ են։

Անկախ այն բանից՝ մեր հույսը երկնային է, թե երկրային, մենք բոլորս տան անդամներ ենք և օգտվում ենք ժամանակին տրվող նույն հոգևոր կերակրից

14. ա) Ի՞նչ պատասխանատվություն է տրվել հավատարիմ ծառային, և ի՞նչ է այն ներառում։ բ) Ի՞նչ նախազգուշացում տվեց Հիսուսը հավատարիմ և իմաստուն ծառային (տե՛ս «Բայց եթե հանկարծ այդ չար ծառան» շրջանակը)։

14 Հիսուսը շատ կարևոր պատասխանատվություն է տվել հավատարիմ և իմաստուն ծառային։ Աստվածաշնչյան ժամանակներում վստահելի ծառան, կամ՝ տնտեսը վարում էր տան գործերը (Ղուկ. 12։42)։ Նմանապես հավատարիմ և իմաստուն ծառայի պատասխանատվությունն է ղեկավարել այն ամենը, ինչ պատկանում է Քրիստոսին։ Այդ ամենի մեջ մտնում են նյութական միջոցները, քարոզչական գործը, համաժողովները, ինչպես նաև աստվածաշնչյան գրականության հրատարակումը քարոզչական ծառայության, անձնական ուսումնասիրության ու ժողովի հանդիպումների ժամանակ  ուսումնասիրելու համար։ Տան անդամները թանկ են գնահատում ծառայի տված հոգևոր բոլոր բարիքները։

ԾԱՌԱՆ Ե՞ՐԲ Է ՆՇԱՆԱԿՎՈՒՄ ՏԻՐՈՋ ՈՂՋ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՎՐԱ

15, 16. Ե՞րբ է Հիսուսը հավատարիմ ծառային նշանակում իր ողջ ունեցվածքի վրա։

15 Ե՞րբ է Հիսուսը ծառային նշանակում «իր ողջ ունեցվածքի վրա», այսինքն՝ կատարում երկրորդ նշանակումը։ Հիսուսն ասաց. «Երջանիկ է այն ծառան, որին, երբ նրա տերը գա, այդպես անելիս կգտնի։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. նա իր ողջ ունեցվածքի վրա կնշանակի նրան» (Մատթ. 24։46, 47)։ Ուշադրություն դարձնենք, որ Հիսուսը երկրորդ նշանակումն անում է իր գալստից հետո, երբ ծառային գտնում է «այդպես անելիս», այսինքն՝ հավատարմորեն հոգևոր կերակուր տալիս։ Ուստի երկու նշանակումների միջև ժամանակամիջոց պետք է լիներ։ Որպեսզի հասկանանք, թե Հիսուսը ինչպես և երբ է հավատարիմ ծառային նշանակում իր ողջ ունեցվածքի վրա, մենք պետք է իմանանք երկու բան. ե՞րբ է նա գալու, և ի՞նչ է մտնում նրա ունեցվածքի մեջ։

16 Ե՞րբ է Հիսուսը գալիս։ Պատասխանը գտնում ենք համատեքստում։ Հիշենք, որ նախորդ համարներում, որտեղ խոսվում է Հիսուսի «գալու» մասին, «գալ» բառը վերաբերում է այն ժամանակին, երբ նա գալիս է, որպեսզի հայտնի դատավճիռը և այն իրականացնի այս համակարգի վերջում * (Մատթ. 24։30, 42, 44)։ Ուստի Հիսուսի «գալը», որ գրված է Մատթեոս 24։45–47-ում, տեղի է ունենում մեծ նեղության ժամանակ։

17. Ի՞նչ է մտնում Հիսուսի ունեցվածքի մեջ։

17 Ի՞նչ է մտնում Հիսուսի «ողջ ունեցվածքի» մեջ։ Նա չհստակեցրեց «ողջ» բառի իմաստը։ Նրա ունեցվածքի մեջ մտնում են ոչ միայն երկրային, այլև երկնային բաներ։ Նա ասաց. «Երկնքում և երկրի վրա ամբողջ իշխանությունը ինձ է տրվել» (Մատթ. 28։18; Եփես. 1։20–23)։ Այժմ նրա ունեցվածքի մեջ մտնում է Մեսիական Թագավորությունը,  որը հաստատվեց 1914թ.-ին, և որտեղ իր հետ թագավորելու են իր օծյալ հետևորդները (Հայտն. 11։15

18. Ինչո՞ւ Հիսուսը հավատարիմ ծառային հաճույքով կնշանակի իր ողջ ունեցվածքի վրա։

18 Ելնելով վերոհիշյալից՝ ի՞նչ եզրակացության կարող ենք գալ։ Երբ Հիսուսը մեծ նեղության ժամանակ գա դատաստան անելու, նա կտեսնի, որ ծառան ճիշտ ժամանակին հավատարմորեն հոգևոր կերակուր է տալիս տան անդամներին։ Այդ ժամանակ Հիսուսը հաճույքով կանի երկրորդ նշանակումը՝ ծառային կնշանակի իր ողջ ունեցվածքի վրա։ Նրանք, ովքեր հավատարիմ ծառայի անդամներ են, այդ նշանակումը կստանան այն ժամանակ, երբ ստանան իրենց երկնային պարգևը, այսինքն՝ դառնան Քրիստոսի իշխանակիցներ։

19. Արդյո՞ք հավատարիմ ծառան ավելի մեծ պարգև է ստանում երկնքում, քան մնացած օծյալները։ Բացատրիր։

19 Արդյո՞ք հավատարիմ ծառան ավելի մեծ պարգև է ստանում երկնքում, քան մնացած օծյալները։ Ո՛չ։ Փոքր խմբին խոստացված պարգևը հետագայում կարող են ստանալ նաև ուրիշները։ Օրինակ՝ հիշենք, թե ինչ ասաց Հիսուսը իր 11 հավատարիմ առաքյալներին իր մահվանը նախորդող գիշերը (կարդա՛ Ղուկաս 22։28–30)։ Նա այդ տղամարդկանց փոքր խմբին խոստացավ, որ նրանք մի չքնաղ պարգև են ստանալու իրենց հավատարմության համար. առաքյալները իր թագավորակիցներն են լինելու։ Բայց տարիներ անց նա ցույց տվեց, որ 144 000-ի բոլոր անդամները նստելու են գահերին և իր հետ իշխելու են (Հայտն. 1։1; 3։21)։ Նույն ձևով էլ նա Մատթեոս 24։47-ում խոստացավ, որ տղամարդկանց մի փոքր խմբի, այսինքն՝ իր օծյալ եղբայրներին, որոնք միասին կազմում են հավատարիմ ծառան, նշանակելու է իր ողջ ունեցվածքի վրա։ Իրականում 144 000-ի բոլոր անդամները երկնքում Հիսուսի հետ բաժին են ունենալու նրա մեծ իշխանության մեջ (Հայտն. 20։4, 6

144 000-ի բոլոր անդամները երկնքում Հիսուսի հետ բաժին են ունենալու նրա մեծ իշխանության մեջ

(տե՛ս պարբերություն 19)

20. Ինչո՞ւ Հիսուսը նշանակեց հավատարիմ և իմաստուն ծառային, և ի՞նչ ես վճռել անել։

20 Հավատարիմ և իմաստուն ծառայի միջոցով Հիսուսն անում է այն, ինչ արեց առաջին դարում. շատերին կերակրում է քչերի միջոցով։ Հիսուսը հավատարիմ ծառային նշանակեց, որպեսզի իր ճշմարիտ հետևորդները, անկախ նրանից՝ օծյալ են, թե ուրիշ ոչխար, վերջին օրերի ողջ ընթացքում ճիշտ ժամանակին ունենան հոգևոր կերակուր։ Եկեք միշտ երախտագետ լինենք՝ հավատարմորեն աջակցելով այն օծյալ եղբայրներին, որոնք միասին կազմում են հավատարիմ և իմաստուն ծառան (Եբր. 13։7, 17

 

^ պարբ. 2 Պարբերություն 2։ [1] Ավելի վաղ Հիսուսը նման օրինակ էր բերել, որում «ծառայի» փոխարեն ասել էր «տնտես», իսկ «տան անդամների» փոխարեն՝ «սպասավորներ» (Ղուկ. 12։42–44

^ պարբ. 6 Պարբերություն 6։ [2] Քրիստոսի «գալը» (հունարեն՝ էրքոմայ) տարբերվում է նրա ներկայությունից (պարուսիա)։ Նրա անտեսանելի ներկայությունը սկսվում է նրա՝ դատաստան անելու նպատակով գալստից առաջ։

^ պարբ. 12 Պարբերություն 12։ [3] Տե՛ս այս «Դիտարանի» «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում» հոդվածը, էջ 10–12, պարբերություն 5–8։

^ պարբ. 16 Պարբերություն 16։ [4] Տե՛ս այս «Դիտարանի» «Ասա՛ մեզ, ե՞րբ են լինելու այս բաները» հոդվածը, էջ 7, 8, պարբերություն 14–18։