Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ինչո՞ւ Հիսուսի աչքերից արցունքներ հոսեցին, եթե նա հարություն էր տալու Ղազարոսին (Հովհ. 11։35

Երբ մահանում է մեր սիրելիներից մեկը, մենք, բնականաբար, արտասվում ենք, քանի որ նա այլևս չկա։ Երբ Հիսուսի սիրելի ընկեր Ղազարոսը մահացավ, նա արտասվեց, բայց նրա արտասվելու պատճառը Ղազարոսի մահը չէր։ Համատեքստից երևում է, որ նա լաց եղավ՝ սգացողների հանդեպ կարեկցանքից մղված (Հովհ. 11։36

Երբ Հիսուսը լսեց, որ Ղազարոսը հիվանդ է, նա չշտապեց գնալ նրա մոտ և բուժել նրան։ Կարդում ենք. «Երբ [Հիսուսը] լսեց, որ Ղազարոսը հիվանդ է, երկու օր ևս մնաց այնտեղ, որտեղ գտնվում էր» (Հովհ. 11։6)։ Ինչո՞ւ նա այդպես վարվեց։ Որոշակի նպատակով։ Նա ասաց. «Այս հիվանդությունը մահվան համար չէ, այլ Աստծու փառքի համար է, որպեսզի Աստծու Որդին փառավորվի դրանով» (Հովհ. 11։4)։ Ինչպես երևում է այս խոսքերից, Ղազարոսի հիվանդության արդյունքում Աստված փառավորվելու էր։ Ինչպե՞ս։ Հիսուսը մտադիր էր մի տպավորիչ հրաշք անել՝ իր սիրելի ընկերոջը վերադարձնել կյանքի։

Ղազարոսի մահվան կապակցությամբ իր աշակերտների հետ խոսելիս Հիսուսը մահը համեմատեց քնի հետ։ Նա ասաց. «Գնամ արթնացնեմ նրան [Ղազարոսին]» (Հովհ. 11։11)։ Հիսուսը Ղազարոսին հարություն էր տալու այնպես, ինչպես ծնողն է քնից արթնացնում իր երեխային։ Ուստի Ղազարոսի մահը ինքնին նրան ցավ չպիտի պատճառեր։

Այդ դեպքում ինչո՞ւ Հիսուսի աչքերից արցունքներ հոսեցին։ Կրկին մեզ օգնում է համատեքստը։ Ղազարոսի քրոջը՝ Մարիամին, և մյուսներին տեսնելով լաց լինելիս՝ Հիսուսը «հառաչեց, հուզվեց» (Հովհ. 11։33, 35)։ Տեսնելով նրանց ցավը՝ նա այնքան ազդվեց, որ «հառաչեց»։ Սա էր պատճառը, որ «Հիսուսի աչքերից արցունքներ հոսեցին»։ Նա շատ տխրեց՝ տեսնելով իր սիրելի ընկերների մեծ վիշտը (Հովհ. 11։33, 35

Այս արձանագրությունը ցույց է տալիս, որ Հիսուսը զորություն ունի գալիք նոր աշխարհում մեր սիրելիներին կյանքի վերադարձնելու և առողջացնելու։ Այն նաև ցույց է տալիս, որ Հիսուսը կարեկցում է նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին։ Մեկ ուրիշ բան էլ ենք սովորում. մենք պետք է կարեկցենք նրանց, ովքեր սգում են իրենց սիրելիների մահը։

Հիսուսը գիտեր, որ հարություն է տալու Ղազարոսին։ Այնուամենայնիվ, նա լաց եղավ, որովհետև շատ էր սիրում իր ընկերներին և կարեկցեց նրանց։ Նմանապես մենք, կարեկցանքից մղված, պետք է «լացողների հետ լաց լինենք» (Հռոմ. 12։15)։ Վշտի նման արտահայտումը չի նշանակում, որ մարդը հարությանը չի հավատում։ Այո՛, Հիսուսը լաց եղավ, չնայած որ հարություն էր տալու Ղազարոսին։ Հիսուսը լավ օրինակ է մեզ համար, թե ինչպես կարող ենք վշտակցել նրանց, ովքեր հարազատ են կորցրել։