Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գույների ազդեցությունը մեզ վրա

Գույների ազդեցությունը մեզ վրա

Մեր աչքերը և ուղեղը համագործակցում են ինֆորմացիա ընկալելու գործում։ Օրինակ՝ մրգին նայելով՝ դու որոշում ես՝ արժե այն ուտել, թե ոչ։ Երբ նայում ես երկնքին, իմանում ես՝ այդ օրը անձրև կգա, թե ոչ։ Եվ այժմ, կարդալով այս հոդվածը, դու տեսնում ես բառեր և ընկալում դրանց իմաստը։ Իրականում քեզ վրա ազդեցություն են գործում գույները։ Ինչպե՞ս։

Մրգի գույնը օգնում է քեզ կողմնորոշվելու՝ այն հասել է, թե ոչ։ Երկնքի և ամպերի գույներից իմանում ես, թե ինչ եղանակ է լինելու։ Դու հեշտությամբ ես կարողանում կարդալ այս հոդվածը, քանի որ սևի ու սպիտակի գունային հակադրությունը օգնում է հստակ տեսնելու տեքստը։ Հաճախ մենք նույնիսկ չենք գիտակցում, թե ինչպես են գույները օգնում ընկալելու մեզ շրջապատող աշխարհը։ Սակայն դա դեռ բոլորը չէ, գույները նաև էմոցիաներ են առաջացնում։

ԳՈՒՅՆԵՐԸ ԷՄՈՑԻԱՆԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

Խանութներում ապրանքները այնպիսի ձևավորմամբ տուփերի ու տարաների մեջ են վաճառվում, որ անմիջապես գրավում են գնորդի ուշադրությունը։ Գովազդատուները իրենց գովազդների համար մանրակրկիտ կերպով ընտրում են գույները և գունային համադրությունները՝ կոնկրետ տարիքի, սեռի ու ճաշակի մարդկանց ուշադրությունը գրավելու համար։ Տների ձևավորմամբ զբաղվող մարդիկ, հագուստի դիզայներները և նկարիչները նույնպես գիտեն, որ գույները կարող են էմոցիաներ արթնացնել։

Կախված մշակույթից և սովորություններից՝ մարդիկ տարբեր գույներին տարբեր նշանակություն են տալիս։ Օրինակ՝ Ասիայում ապրող որոշ ժողովուրդներ կարմիրը կապում են հաջողության և տոների հետ, բայց Աֆրիկայի որոշ վայրերում այն սգո նշան է։ Սակայն կան գույներ, որոնք, անկախ մարդկանց ծագումից, նույն էմոցիաներն են արթնացնում։ Տեսնենք, թե ինչ ազդեցություն են թողնում մեզ վրա կարմիր, կանաչ և սպիտակ գույները։

ԿԱՐՄԻՐԸ աչք զարնող գույն է, որը հաճախ ասոցացվում է ուժի, պատերազմի և վտանգի հետ։ Այն բուռն էմոցիաների գույն է և կարող է ակտիվացնել մարդու նյութափոխանակությունը, արագացնել շնչառությունը և բարձրացնել արյան ճնշումը։

Աստվածաշնչում եբրայերեն «կարմիր» բառը ծագում է մի բառից, որը նշանակում է արյուն։ Այնտեղ նկարագրվում է ալ կարմիր հագուստ հագած մի պոռնիկ կին, որը Աստծու ծառաներից շատերի արյունն էր թափել և նստած էր «ալ կարմիր մի գազանի վրա, որը լիքն էր հայհոյալից անուններով» (Հայտնություն 17։1–6

ԿԱՆԱՉԸ, ի տարբերություն կարմիրի, դանդաղեցնում է նյութափոխանակությունը։ Այն հանգստացնող գույն է։ Մենք հանգստանում ենք, երբ նայում ենք կանաչ դաշտերին ու սարալանջերին։ Աստվածաշնչի «Ծննդոց» գրքում ասվում է, որ արարչագործության ժամանակ Աստված խոտ ու բուսականություն ստեղծեց (Ծննդոց 1։11, 12, 30

ՍՊԻՏԱԿԸ հաճախ ասոցացվում է լույսի, ապահովության, մաքրության, ինչպես նաև բարության, անմեղության և անարատության հետ։ Սպիտակը Աստվածաշնչում ամենահաճախ նշվող գույնն է։ Տեսիլքներում մարդիկ և հրեշտակները նկարագրվում են սպիտակ զգեստներ հագած, ինչը ցույց է տալիս նրանց արդարությունը և հոգևոր մաքրությունը (Հովհաննես 20։12; Հայտնություն 3։4; 7։9, 13, 14)։ Իսկ սպիտակ ձիերը և ձիավորների սպիտակ հանդերձները՝ մաքուր ու բարձրորակ կտավից  պատրաստված, խորհրդանշում են արդար պատերազմ (Հայտնություն 19։14)։ Սպիտակ գույնը նշվում է նաև մեղքերի ներման մասին խոսքերում։ Աստված ասում է. «Նույնիսկ եթե ձեր մեղքերը ալ կարմիր լինեն, ձյան պես սպիտակ կդառնան» (Եսայիա 1։18

ԳՈՒՅՆԵՐԸ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՀԻՇԵԼՈՒ

Այն, որ աստվածաշնչյան որոշ նկարագրություններում նշվում են գույներ, ցույց է տալիս, որ Աստված գիտի, թե դրանք ինչպես են ազդում մարդկանց վրա։ Օրինակ՝ Աստվածաշնչի «Հայտնություն» գրքում նկարագրվում է մի տեսիլք, որը կանխագուշակում է, թե ինչ է լինելու մեր օրերում՝ պատերազմներ, սովեր, համաճարակներ։ Տեսիլքում հայտնվում են չորս ձիավորներ, որոնք տարբեր գույների ձիեր են հեծել։ Այդ գույների շնորհիվ հեշտ է դառնում հիշել այս մարգարեությունը։

Առաջինը սպիտակ ձին է, որը խորհրդանշում է Հիսուսի Քրիստոսի արդար պատերազմը։ Երկրորդ ձին հրագույն է և խորհրդանշում է ազգամիջյան պատերազմները։ Նրան հաջորդում է սարսափ ներշնչող սև ձին, որը սով է խորհրդանշում։ Հետո հայտնվում է դժգույն ձին, որի վրա «նստողի անունը Մահ է» (Հայտնություն 6։1–8)։ Յուրաքանչյուր ձիու գույնը կարող է համապատասխան էմոցիաներ արթնացնել։ Գույները օգնում են հեշտությամբ հիշելու, թե ինչ են խորհրդանշում այդ ձիերը։

Աստվածաշնչում շատ օրինակներ կան, որոնցում օգտագործվում են գույներ՝ պատկերավոր կերպով որևէ բան նկարագրելու համար։ Այո՛, լույսը, գույները և աչքը Ստեղծողը հմտորեն օգտագործում է գույները որպես ուսուցանելու միջոց՝ ստեղծելով մեր մտքում կենդանի պատկերներ, որպեսզի հեշտությամբ հասկանանք իր խոսքը և կարողանանք հիշել։ Գույները օգնում են ինֆորմացիա ընկալելու և ազդում են մեր էմոցիաների վրա։ Դրանք կարող են օգնել նաև կարևոր բաներ հիշելու։ Գույները պարգև են՝ տրված մեր սիրառատ Արարչի կողմից, և մեր կյանքը հաճելի են դարձնում։