Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հովիվնե՛ր, ընդօրինակեք մեծագույն Հովիվներին

Հովիվնե՛ր, ընդօրինակեք մեծագույն Հովիվներին

«Քրիստոսն էլ չարչարվեց ձեզ համար՝ օրինակ թողնելով ձեզ, որ սերտորեն նրա հետքերին հետևեք» (1 ՊԵՏ. 2։21

1, 2. ա) Ինչպիսի՞ն է լինում ոչխարների վիճակը, երբ նրանց մասին լավ են հոգ տանում։ բ) Հիսուսի օրերում շատերն ինչո՞ւ էին հովիվ չունեցող ոչխարների նման։

ՈՉԽԱՐՆԵՐՆ առողջ են լինում և իրենց լավ են զգում, երբ հովիվը անկեղծորեն հետաքրքրվում է նրանցով։ Ոչխարաբուծության մասին մի գրքում ասվում է, որ «այն մարդը, ով հոտը տանում է արոտավայր ու այլևս չի մտածում ոչխարների մյուս կարիքների մասին, մի քանի տարի անց, ամենայն հավանականությամբ, կունենա բազմաթիվ հիվանդ և անեկամտաբեր ոչխարներ»։ Այո՛, հովվից շատ բան է կախված, թե ինչ վիճակում կլինեն ոչխարները։

2 Ամբողջ ժողովի հոգևոր առողջությունը կախված է այն բանից, թե երեցներն ինչպես են հոգ տանում իրենց վստահված հոտի յուրաքանչյուր անդամի մասին։ Հիսուսը, տեսնելով մարդկանց բազմությունը, խղճաց նրանց, որովհետև նրանք «կեղեքված էին և ցիրուցան եղած, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն» (Մատթ. 9։36)։ Ինչո՞ւ էին այդ մարդիկ այդքան վատ վիճակում։ Որովհետև Իսրայելի հոգևոր առաջնորդները, որոնք Աստծու Օրենքն ուսուցանելու պատասխանատվություն ունեին, կոպիտ էին, պահանջկոտ ու կեղծավոր։ Հոտի անդամներին օգնելու և կերակրելու փոխարեն՝ նրանք մարդկանց ուսերին «ծանր բեռներ» էին դնում (Մատթ. 23։4

3. Ի՞նչ պետք է միշտ հիշեն ժողովի հովիվները։

3 Պարզ է, որ այսօր երեցները՝ ժողովի հովիվները, լուրջ պատասխանատվություն ունեն։ Հոտի անդամները, ում մասին նրանք հոգ են տանում, պատկանում են Եհովային ու «բարի հովվին»՝ Հիսուսին (Հովհ. 10։11)։ Ոչխարները «մեծ գնով են գնվել». այդ գինը Հիսուսը վճարել է իր «թանկագին արյունով» (1 Կորնթ. 6։20; 1 Պետ. 1։18, 19)։ Նա այնքան շատ է սիրում իր գառներին, որ հոժարակամորեն իր կյանքը տվեց նրանց համար։ Երեցները պետք է միշտ հիշեն, որ իրենք ենթակա են Աստծու սիրառատ Որդուն՝  Հիսուս Քրիստոսին՝ «մեծ հովվին» (Եբր. 13։20

4. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

4 Ինչպե՞ս պետք է երեցները հովվեն հոտը։ Ճիշտ է, ժողովի անդամներին հորդոր է տրվում «հնազանդվել և հպատակվել նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում», բայց դա չի նշանակում, որ երեցները կարող են իշխել «Աստծու ժառանգության» վրա (Եբր. 13։17; կարդա՛ 1 Պետրոս 5։2, 3)։ Իսկ ինչպե՞ս կարող են երեցներն առաջնորդել ու հոգ տանել հոտի մասին՝ առանց իշխելու, այսինքն՝ առանց չարաշահելու Աստծու կողմից իրենց տրված իշխանությունը։

«ԻՐ ԳՐԿՈՒՄ Է ՏԱՆԵԼՈՒ ՆՐԱՆՑ»

5. Եսայիա 40։11-ի նկարագրությունն ի՞նչ է մեզ ասում Եհովայի մասին։

5 Եսայիա մարգարեն Եհովայի մասին ասաց. «Հովվի պես նա հովվելու է իր հոտը։ Իր բազկով է հավաքելու գառնուկներին և իր գրկում է տանելու նրանց։ Նա հոգատարությամբ է տանելու ծիծ տվողներին» (Ես. 40։11)։ Այս վառ նկարագրությունից տեսնում ենք, որ Եհովան հոգ է տանում թույլերի և անպաշտպանների մասին։ Լավ հովվի պես՝ Եհովան տեղյակ է ժողովի յուրաքանչյուր անդամի կարիքներին և ուրախությամբ բավարարում է դրանք։ Ինչպես հովիվն է անհրաժեշտության դեպքում նորածին գառանը կրում իր ծոցում, այնպես էլ Եհովան՝ «գթության Հայրը», դժվար ժամանակներում տանում է մեզ իր գրկում։ Նա կմխիթարի մեզ, երբ մենք ծանր փորձության կամ խիստ կարիքի մեջ լինենք (2 Կորնթ. 1։3, 4

6. Որպես հովիվ՝ երեցը ինչպե՞ս կարող է ընդօրինակել Եհովային։

6 Մեր երկնային Հայրը հրաշալի օրինակ է երեցների համար։ Եհովայի պես՝ նրանք պետք է ուշադիր լինեն և տեսնեն, թե հոտի անդամներն ինչ կարիքներ ունեն։ Իմանալով նրանց դժվարություններն ու հատուկ կարիքները՝ երեցը կկարողանա ճիշտ ժամանակին քաջալերել և օգնել (Առակ. 27։23)։ Պարզ է, որ նա պետք է լավ հաղորդակցվի հավատակիցների հետ։ Հիշելով, որ չպետք է խառնվի նրանց անձնական կյանքին՝ երեցը հետաքրքրվում է այն ամենով, ինչ տեսնում ու լսում է ժողովում, և պատրաստ է «օգնելու թույլերին» (Գործ. 20։35; 1 Թեսաղ. 4։11

7. ա) Ինչպե՞ս էին Եզեկիելի և Երեմիայի օրերում հովիվները վերաբերվում Աստծու հոտին։ բ) Ի՞նչ ենք սովորում այն բանից, որ Եհովան հանդիմանեց անհավատարիմ հովիվներին։

7 Եզեկիելի և Երեմիայի օրերում Եհովան հանդիմանեց այն մարդկանց, ովքեր իր ոչխարների մասին հոգալու իրենց պարտականությունը չէին անում։ Քանի որ նրանք հոտին ուշադրություն չէին դարձնում, գիշատիչները հարձակվում էին հոտի վրա և ցրում այն։ Ոչխարներին արածեցնելու փոխարեն՝ այդ մարդիկ շահագործում էին նրանց և «իրենք իրենց էին արածեցնում» (Եզեկ. 34։7–10; Երեմ. 23։1)։ Այս հանդիմանական խոսքերը միանգամայն տեղին կերպով վերաբերում են քրիստոնեական աշխարհի առաջնորդներին։ Բայց դրանք նաև շեշտում են, որ երեցները պետք է պատշաճ ու սիրալիր ուշադրություն դարձնեն Եհովայի հոտին։

«ԵՍ ՁԵԶ ՕՐԻՆԱԿ ԹՈՂԵՑԻ»

8. Սխալ մտածելակերպը ուղղելու ի՞նչ հիանալի օրինակ թողեց Հիսուսը։

8 Անկատարության պատճառով հոտի անդամներից ոմանք գուցե անմիջապես չհասկանան, թե ինչ է Եհովան սպասում իրենցից։ Նրանք գուցե չվարվեն Աստվածաշնչին ներդաշնակ կամ գուցե անեն մի այնպիսի բան, ինչը ցույց կտա, որ հոգևորապես հասուն չեն։ Ինչպե՞ս պետք է երեցները նման դեպքերում վարվեն։ Նրանք պետք է ընդօրինակեն Հիսուսին։ Երբ նրա աշակերտները իրար հետ վիճում էին, թե Աստծու Թագավորությունում իրենցից ով է լինելու մեծ, Հիսուսը չկորցրեց համբերությունը և շարունակեց  սովորեցնել՝ սիրալիր խորհուրդ տալով խոնարհ լինելու մասին (Ղուկ. 9։46–48; 22։24–27)։ Լվանալով նրանց ոտքերը՝ Քրիստոսը օրինակով ցույց տվեց, թե ինչ է նշանակում լինել խոնարհ, մի հատկություն, որը պահանջվում է վերակացուներից (կարդա՛ Հովհաննես 13։12–15; 1 Պետ. 2։21

9. Ի՞նչ խորհուրդ տվեց Հիսուսն իր աշակերտներին։

9 Հովիվ լինելու վերաբերյալ Հակոբոսի ու Հովհաննեսի տեսակետը տարբերվում էր Հիսուսի տեսակետից։ Այս երկու առաքյալները ցանկանում էին իրենց համար բարձր դիրք ապահովել Թագավորությունում։ Բայց Հիսուսը ուղղեց նրանց՝ ասելով. «Դուք գիտեք, որ ազգերի իշխանները տիրում են ժողովրդի վրա, և մեծամեծները իշխանություն են բանեցնում նրանց վրա։ Ձեր մեջ չպետք է այդպես լինի. այլ ով ուզում է մեծ լինել ձեր մեջ, պիտի ձեր սպասավորը լինի» (Մատթ. 20։25, 26)։ Առաքյալները պետք է ճնշեին ընկերների վրա «տիրելու» և «իշխանություն բանեցնելու» իրենց հակումը։

10. Ի՞նչ է Հիսուսն ակնկալում երեցներից, և ի՞նչ օրինակ է թողել Պողոսը երեցներին։

10 Հիսուսը հովիվներից ակնկալում է հոտի հետ վարվել այնպես, ինչպես ինքն է վարվել։ Երեցները պետք է ցանկանան ծառայել իրենց եղբայրներին և քույրերին և ոչ թե տիրեն նրանց վրա։ Պողոս առաքյալը խոնարհ հովիվ էր, ինչը երևում է Եփեսոսի երեցներին ասած իր խոսքերից. «Դուք լավ գիտեք, թե ինչպես առաջին օրվանից, երբ ոտք դրեցի Ասիա՝ ամբողջ ժամանակ ձեզ հետ էի և ծառայում էի Տիրոջը մեծ խոնարհամտությամբ»։ Առաքյալն ուզում էր, որ նրանք բարեխղճորեն ու խոնարհությամբ օգնեն ուրիշներին։ Նա ասաց. «Ամեն ինչում ձեզ ցույց տվեցի, որ այսպես աշխատելով՝ դուք պետք է օգնեք թույլերին» (Գործ. 20։18, 19, 35)։ Պողոսը կորնթացիներին գրեց, որ ինքը չի տիրապետում նրանց հավատի վրա։ Նա նրանց ուրախությանը նպաստող խոնարհ համագործակից էր (2 Կորնթ. 1։24)։ Պողոսը խոնարհության ու ջանասիրության հիանալի օրինակ է այսօրվա երեցների համար։

«ԱՄՈՒՐ ԲՌՆԱԾ ԼԻՆԻ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԽՈՍՔԸ»

11, 12. Ինչպե՞ս կարող է երեցը հավատակցին օգնել որոշում կայացնելու։

11 Ժողովի երեցը պետք է «ամուր բռնած լինի հավատարիմ խոսքը, որպեսզի կարողանա.... հորդորել առողջ ուսմունքով» (Տիտոս 1։9)։ Բայց նա պետք է դա անի «մեղմության ոգով» (Գաղ. 6։1)։ Լավ երեցը չի փորձում ստիպել ժողովի անդամներին վարվելու այս կամ այն կերպ։ Փոխարենը՝ մտածում է, թե ինչպես հասնի նրանց սրտին։ Երբ եղբայրը կամ քույրը կանգնած է կարևոր որոշում կայացնելու առաջ, երեցը կարող է ցույց տալ սուրբգրային սկզբունքներ, որոնց շուրջ նա կարող է մտածել։ Բացի այդ, մեր հրատարակություններից կարող է քննարկել հարցին առնչվող որևէ նյութ։ Երեցը կարող է նրա ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, թե տարբեր որոշումներ ինչպես կարող են անդրադառնալ նրա ու Եհովայի փոխհարաբերությունների վրա։ Կարող է շեշտել այն միտքը, որ կարևոր է որոշում կայացնելուց առաջ աղոթել Եհովային առաջնորդության համար (Առակ. 3։5, 6)։ Այսպիսով՝ երեցը պետք է հավատակցին օգնի, որ նա ինքնուրույն որոշում կայացնի իրեն հուզող հարցի վերաբերյալ (Հռոմ. 14։1–4

12 Երեցները հոտի անդամներին պետք է առաջնորդություն տան բացառապես Աստվածաշնչի հիման վրա։ Ուստի շատ կարևոր է, որ նրանք լավ իմանան Աստվածաշունչը և կառչած մնան նրան։ Այդպես վարվելով՝ երեցները կխուսափեն իրենց իշխանությունը չարաշահելուց։ Ի վերջո, հոտը չի պատկանում նրանց, և ժողովի յուրաքանչյուր անդամ իր այս կամ այն որոշման համար Եհովային  ու Հիսուսին է պատասխան տալու (Գաղ. 6։5, 7, 8

«ՀՈՏԻՆ ՕՐԻՆԱԿ ԼԻՆԵԼՈՎ»

Երեցները աջակցում են իրենց ընտանիքի անդամներին պատրաստվելու ծառայությանը (տե՛ս պարբերություն 13)

13, 14. Ինչպե՞ս պետք է երեցը հոտին օրինակ լինի։

13 Պետրոս առաքյալը, այն բանից հետո, երբ ժողովի երեցներին հորդորեց «չիշխել Աստծու ժառանգության վրա», նրանց կոչ արեց «հոտին օրինակ լինել» (1 Պետ. 5։3)։ Ինչպե՞ս կարող է երեցը հոտին օրինակ լինել։ Ուշադրություն դարձնենք այն պահանջներից երկուսին, որոնց պետք է համապատասխանի «վերակացուի պարտականության» ձգտող եղբայրը։ Նա պետք է լինի «ողջամիտ» և «իր ընտանիքը լավ ղեկավարող»։ Եթե երեցը ընտանիք ունի, այն ղեկավարելու հարցում նա պետք է օրինակելի լինի, «քանի որ եթե որևէ մեկը չգիտի, թե ինչպես ղեկավարի իր սեփական ընտանիքը, էլ ինչպե՞ս հոգ կտանի Աստծու ժողովին» (1 Տիմոթ. 3։1, 2, 4, 5)։ Վերակացուի պարտականության ձգտող եղբայրը ողջամիտ է, եթե հստակորեն հասկանում է սուրբգրային սկզբունքները և գիտի ինչպես կիրառել դրանք իր անձնական կյանքում։ Նա հավասարակշռված է և հապճեպ դատողություններ չի անում։ Երբ ժողովի անդամները այս հատկություները տեսնում են երեցների մեջ, վստահությամբ են լցվում նրանց հանդեպ։

14 Վերակացուները հոտին օրինակ են թողնում նաև, երբ մասնակցում են քարոզչական գործին՝ առաջնորդություն վերցնելով այդ հարցում։ Այս առումով Հիսուսը լավ օրինակ է երեցների համար։ Թագավորության բարի լուրը քարոզելը նրա երկրային գործունեության կարևոր մասերից էր։ Նա ցույց տվեց իր աշակերտներին, թե ինչպես անեն քարոզչական գործը (Մարկ. 1։38; Ղուկ. 8։1)։ Այսօր քարոզիչները անչափ քաջալերվում են՝ ուս-ուսի ծառայելով երեցների հետ, տեսնելով նրանց եռանդը այս փրկարար գործում և նրանցից սովորելով ուսուցողական մեթոդներ։ Վերակացուները, չնայած իրենց հագեցած գրաֆիկին, եռանդորեն ու վճռականորեն իրենց ժամանակն ու ջանքերը տրամադրում են բարի լուրի քարոզչությանը, ինչը ողջ ժողովին մղում է նման եռանդ դրսևորելու։ Երեցները կարող են նաև լավ օրինակ լինել՝ պատրաստվելով ժողովի հանդիպումներին և մասնակցելով դրանց, ինչպես նաև մասնակցելով հոգևոր այլ գործերի, օրինակ՝ Թագավորության սրահի մաքրության և այն բարվոք վիճակում պահելու աշխատանքներին (Եփես. 5։15, 16; կարդա՛ Եբրայեցիներ 13։7

Վերակացուները օրինակ են թողնում քարոզչական ծառայության մեջ (տե՛ս պարբերություն 14)

«ԹԻԿՈՒՆՔ ԿԱՆԳՆԵՔ ԹՈՒՅԼԵՐԻՆ»

15. Ինչո՞ւ են երեցները հովվական այցեր անում։

15 Լավ հովիվը արագորեն օգնության է հասնում, երբ ոչխարը վնասվում կամ հիվանդանում է։ Նմանապես երեցները պետք է արագորեն օգնության ձեռք մեկնեն ժողովի այն անդամին, ով տառապում է կամ հոգևոր աջակցության կարիք ունի։ Ճիշտ է, տարեց կամ վատառողջ հավատակիցները իրենց ֆիզիկական կարիքները բավարարելու հարցում օգնության  կարիք ունեն, բայց նրանք հատկապես հոգևոր օգնության ու քաջալերանքի կարիք ունեն (1 Թեսաղ. 5։14)։ Ժողովի երիտասարդները կարող են բախվել այնպիսի դժվարությունների, որոնք կապված են «երիտասարդական ցանկությունների» դեմ պայքարելու հետ (2 Տիմոթ. 2։22)։ Այսպիսով՝ հովվական գործը ներառում է ժողովի անդամներին պարբերաբար այցելելը՝ նպատակ ունենալով ծանոթանալ եղբայրների և քույրերի հանգամանքներին ու քաջալերել նրանց համապատասխան սուրբգրային խորհրդով։ Երբ երեցները ժամանակին են օգնության հասնում, շատ խնդիրներ չեն բարդանում, և դրանք հնարավոր է լինում լուծել։

16. Երբ ժողովի անդամը հոգևոր օգնության կարիք ունի, ինչպե՞ս կարող են երեցներն օգնել նրան։

16 Բայց հնարավոր է՝ խնդիրն այնքան բարդանա, որ ժողովի անդամի հոգևոր առողջությանը վտանգ սպառնա։ Հակոբոսը գրեց. «Ձեզանից որևէ մեկը հիվա՞նդ է։ Թող իր մոտ կանչի ժողովի երեցներին, և թող նրանք աղոթեն նրա համար ու Եհովայի անունով յուղով օծեն նրան։ Հավատով արված աղոթքը կբուժի հիվանդին, ու Եհովան ոտքի կկանգնեցնի նրան։ Նաև եթե նա մեղքեր է գործել, կներվեն» (Հակ. 5։14, 15)։ Նույնիսկ եթե հոգևորապես հիվանդ եղբայրը կամ քույրը չի «կանչում ժողովի երեցներին», երեցները պետք է օգնության հասնեն, հենց որ տեղեկանան նրա վիճակի մասին։ Երբ երեցները աղոթում են իրենց հավատակիցների համար և նրանց հետ, երբ դժվար պահերին աջակցում են, այդպիսով հոգևորապես թարմացնում և ոգևորում են իրենց հոգածության տակ եղողներին (կարդա՛ Եսայիա 32։1, 2

17. Ի՞նչ օգուտներ է ստանում ժողովը, երբ երեցները ընդօրինակում են «մեծ հովվին»։

17 Ժողովի հովիվները, ինչ էլ որ անեն Եհովայի կազմակերպությունում, միշտ ձգտում են ընդօրինակել «մեծ հովվին»՝ Հիսուս Քրիստոսին։ Այսպիսի եղբայրների հոգևոր աջակցության շնորհիվ հոտի անդամները հոգևորապես բարգավաճում են։ Ինչ խոսք, այս ամենի համար մենք երախտապարտ ենք մեր աննման Հովվին՝ Եհովային։ Մենք սրտանց ցանկանում ենք գովաբանել նրան։