Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Իմաստուն որոշումներ՝ երիտասարդ տարիներին

Իմաստուն որոշումներ՝ երիտասարդ տարիներին

«Երիտասարդնե՛ր ու աղջիկնե՛ր.... Գովաբանե[ք] Եհովայի անունը» (ՍԱՂ. 148։12, 13

1. Բազմաթիվ երիտասարդ քրիստոնյաներ ի՞նչ հիանալի հնարավորություններ ունեն։

ՄԵՆՔ ապրում ենք աննախադեպ ժամանակներում։ Պատմության մեջ դեռ երբեք չի եղել, որ միլիոնավոր մարդիկ՝ բոլոր ազգերից, սովորեն Աստվածաշնչի ճշմարտությունը (Հայտն. 7։9, 10)։ Բազմաթիվ երիտասարդ քարոզիչներ մեծ հաճույքով օգնում են մարդկանց հասկանալու սուրբգրային փրկարար ճշմարտությունները (Հայտն. 22։17)։ Նրանց մի մասը անցկացնում է Աստվածաշնչի ուսումնասիրություններ՝ օգնելով մարդկանց բարելավելու իրենց կյանքը։ Ուրիշներն էլ եռանդորեն քարոզում են օտարախոս տարածքներում (Սաղ. 110։3; Ես. 52։7)։ Ի՞նչ կարող ես անել, որ ավելի շատ մասնակցես բավականություն պատճառող այս գործին և ուրախություն ստանաս։

2. Ինչպե՞ս է Տիմոթեոսի օրինակը ցույց տալիս, որ Եհովան պատրաստ է աստվածապետական հանձնարարություններ տալու երիտասարդներին (տե՛ս այս էջի նկարը)։

2 Երիտասարդները հնարավորություն ունեն այնպիսի որոշումներ կայացնելու, որոնք կարող են հետագայում Աստծուն ծառայելու լավ հեռանկարներ բացել իրենց առաջ։ Օրինակ՝ Տիմոթեոսը ակներևաբար իմաստուն որոշումներ էր կայացրել, ինչի շնորհիվ, երբ հավանաբար դեռ քսան տարեկան էլ չկար (կամ քսանն անց էր), միսիոներ նշանակվեց (Գործ. 16։1–3)։ Հավանաբար ընդամենը մի քանի ամիս անց Պողոս առաքյալը, երբ սաստիկ հակառակության պատճառով ստիպված եղավ հեռանալու  Թեսաղոնիկեից, երիտասարդ Տիմոթեոսին մի գործ վստահեց. նա հանձնարարեց նրան վերադառնալ Թեսաղոնիկե և զորացնել նորաստեղծ ժողովի անդամներին (Գործ. 17։5–15; 1 Թեսաղ. 3։1, 2, 6)։ Պատկերացրու, թե որքան հուզված էր Տիմոթեոսը, երբ ստացավ այս հանձնարարությունը։

ՔՈ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՈՐՈՇՈՒՄԸ

3. Որ՞ն է ամենակարևոր որոշումը, որ կարող ես կայացնել, և ե՞րբ կարող ես դա անել։

3 Երիտասարդությունը կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ է։ Կա մի որոշում, որը մյուսներից ավելի կարևոր է։ Դա Եհովային ծառայելու որոշումն է։ Ե՞րբ է այս որոշումը կայացնելու լավագույն ժամանակը։ Եհովան ասում է. «Հիշիր քո Մեծ Արարչին երիտասարդությանդ օրերում» (Ժող. 12։1)։ Եհովային «հիշելու» միակ ընդունելի ձևը նրան ամբողջ սրտով ծառայելն է (2 Օրենք 10։12)։ Աստծուն լիարժեքորեն ծառայելու որոշումը ամենակարևոր որոշումն է, որ դու երբևէ կկայացնես։ Այն կազդի քո հետագա ողջ կյանքի վրա (Սաղ. 71։5

4. Ի՞նչ կարևոր որոշումներ կան, որոնք կանդրադառնան այն բանի վրա, թե ինչպես կծառայես Եհովային։

4 Եհովային ծառայելու որոշումը, անշուշտ, միակ որոշումը չէ, որ կանդրադառնա քո ապագայի վրա։ Ուրիշ կարևոր բաներ էլ կան, որոնց վերաբերյալ հարկ կլինի որոշում կայացնել։ Օրինակ՝ գուցե մտածես՝ ամուսնանալ, թե ոչ, ում հետ ամուսնանալ և ինչպես ապրուստ հայթայթել։ Ճիշտ է, սրանք շատ կարևոր հարցեր են, բայց իմաստուն վարված կլինես, եթե նախևառաջ որոշես լիարժեքորեն ծառայել Եհովային (2 Օրենք 30։19, 20)։ Ինչո՞ւ։ Որովհետև այս բոլոր որոշումները փոխկապակցված են։ Ամուսնության և աշխատանքի վերաբերյալ քո որոշումները կանդրադառնան այն բանի վրա, թե ինչպես կծառայես Աստծուն (համեմատի՛ր Ղուկաս 14։16–20)։ Եվ հակառակը՝ Աստծուն ծառայելու ցանկությունդ կազդի ամուսնության և աշխատանքի վերաբերյալ քո որոշումների վրա։ Ուստի նախ որոշիր, թե ինչն է ամենակարևորը քո կյանքում (Փիլիպ. 1։10

ԻՆՉՊԵ՞Ս ԵՍ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏԱՐԻՆԵՐԴ

5, 6. Ինչպե՞ս են ճիշտ որոշումները ծառայության հրաշալի հեռանկարներ բացում (տե՛ս նաև «Թե ինչ որոշում կայացրի երեխա ժամանակ» հոդվածը)։

5 Աստծուն ծառայելու որոշումը կայացնելուց հետո մտածիր, թե ինչ է նա ուզում, որ անես, և որոշիր, թե ինչպես ես ծառայելու նրան։ Յուիչիրո անունով մի ճապոնացի եղբայր գրում է. «14 տարեկան էի։ Մի օր երեցներից մեկի հետ գնացի ծառայության։ Նա նկատեց, որ ուրախություն չեմ ստանում ծառայությունից, և նրբանկատորեն ասաց. «Յուիչի՛րո, գնա տուն, նստիր սեղանի մոտ և մի լավ մտածիր այն ամենի մասին, ինչ Եհովան արել է քեզ համար»։ Ես այդպես էլ արեցի։ Մի քանի օր խորհրդածում և աղոթում էի։ Շուտով ծառայության հանդեպ վերաբերմունքս փոխվեց, և հասկացա, որ սիրում եմ ծառայել Եհովային։ Հաճույքով կարդում էի միսիոներների մասին և սկսեցի մտածել Աստծուն լիարժեքորեն ծառայելու մասին»։

6 Յուիչիրոն շարունակում է. «Ես որոշեցի այնպիսի քայլեր անել, որոնք հնարավորություն կտային ինձ մի օր ծառայելու Եհովային արտասահմանում։ Օրինակ՝ որոշեցի անգլերեն սովորել։ Դպրոցն ավարտելուց հետո կես դրույքով աշխատանք ընտրեցի՝ անգլերեն էի դասավանդում, որպեսզի կարողանամ ռահվիրա ծառայել։ Երբ 20 տարեկան էի, սկսեցի մոնղոլերեն սովորել և հնարավորություն ունեցա այցելելու մոնղոլախոս քարոզիչների խմբին։ Երկու տարի անց՝ 2007թ.-ին այցելեցի Մոնղոլիա։ Երբ մի քանի ռահվիրայի հետ գնացի ծառայության և տեսա, որ շատերը փնտրում են ճշմարտությունը, ցանկացա տեղափոխվել այստեղ և օգնել նրանց։ Վերադարձա Ճապոնիա, որպեսզի նախապատրաստվեմ տեղափոխությանը։ 2008թ. ապրիլից ռահվիրա եմ ծառայում Մոնղոլիայում։ Կյանքն այստեղ հեշտ չէ։ Բայց մարդիկ դրականորեն են արձագանքում բարի լուրին, և ես հնարավորություն ունեմ օգնելու նրանց մոտենալու Եհովային։ Համոզված եմ, որ կյանքի լավագույն ճանապարհն եմ ընտրել»։

7. Ի՞նչ որոշումներ կայացնելու առաջ ենք կանգնում, և ի՞նչ օրինակ է Մովսեսը այս հարցում։

 7 Եհովայի յուրաքանչյուր ծառա ինքն է որոշում, թե ինչպես դասավորի իր կյանքը (Հեսու 24։15)։ Մենք չենք կարող ասել քեզ՝ ամուսնանաս, թե ոչ, ում հետ ամուսնանաս կամ ինչ աշխատանք ընտրես։ Հնարավոր է՝ ցանկանաս այնպիսի աշխատանք անել, որի համար կարիք չկա շատ սովորելու։ Ձեզանից ոմանք, երիտասա՛րդ քրիստոնյաներ, ապրում են աղքատ գյուղերում, մյուսները՝ զարգացած քաղաքներում։ Դուք տարբերվում եք բնավորության գծերով, ունակություններով, կյանքի փորձառությամբ, հետաքրքրություններով ու հոգևոր նպատակներով։ Հին Եգիպտոսում երիտասարդ Մովսեսի կյանքը շատ էր տարբերվում իր ազգակից երիտասարդների կյանքից. Մովսեսը արքունիքում մեծ հնարավորություններ ուներ, մինչդեռ նրանք ստրուկներ էին (Ելք 1։13, 14; Գործ. 7։21, 22)։ Քեզ պես՝ նրանք կանգնած էին կարևոր որոշումներ կայացնելու առաջ (Ելք 19։4–6)։ Նրանցից յուրաքանչյուրը պետք է որոշեր՝ ամբողջ սրտով ծառայե՞լ Եհովային, թե՞ ոչ։ Մովսեսը ճիշտ որոշում կայացրեց (կարդա՛  Եբրայեցիներ 11։24–27

8. Ի՞նչ օգնություն ունեն երիտասարդները իմաստուն որոշումներ կայացնելու համար։

8 Եհովան օգնում է երիտասարդներին իմաստուն որոշումներ կայացնելու։ Նա սովորեցնում է սկզբունքներ, որոնք կարող ես կիրառել քո հանգամանքներում (Սաղ. 32։8)։ Վկա ծնողներդ և երեցները կարող են օգնել քեզ այդ սկզբունքների շուրջ խորհրդածելու և դրանք կիրառելու (Առակ. 1։8, 9)։ Քննենք աստվածաշնչյան երեք հիմնական սկզբունք, որոնց միջոցով կարող ես իմաստուն որոշումներ կայացնել, ինչն էլ դրական ազդեցություն կունենա քո ապագայի վրա։

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԵՐԵՔ ՍԿԶԲՈՒՆՔ, ՈՐ ԿՕԳՆԵՆ ՔԵԶ

9. ա) Ինչպե՞ս է Եհովան պատվում մեզ՝ տալով ընտրելու ազատություն։ բ) Նախ թագավորությունը փնտրելը ինչի՞ հնարավորություն է տալիս մեզ։

9 Փնտրիր նախ Աստծու Թագավորությունը և նրա արդարությունը (կարդա՛  Մատթեոս 6։19–21, 24–26, 31–34)։ Եհովան պատվում է մեզ՝ տալով ընտրելու ազատություն։ Նա չի ասում, որ քո ողջ ժամանակը տրամադրես Թագավորության լուրի քարոզչությանը։ Այդուհանդերձ, Հիսուսը նշեց, որ հարկավոր է փնտրել նախ Թագավորությունը։ Եթե կիրառես այս սկզբունքը, հնարավորություններ կունենաս արտահայտելու քո սերը Աստծու և մերձավորի հանդեպ և քո երախտագիտությունը՝ հավիտենական կյանքի հույսի համար։ Իսկ եթե ուզում ես ամուսնանալ կամ որևէ աշխատանք ընտրել, մտածիր. «Իմ որոշումը ինձ մտահոգություննե՞ր կբերի նյութականի հետ կապված, թե՞ ցույց կտա իմ եռանդը Աստծու Թագավորության և Նրա արդարության համար»։

10. Ի՞նչն էր Հիսուսին երջանիկ դարձնում, և ինչպիսի՞ որոշումները քեզ ուրախություն կբերեն։

10 Ուրախություն ստացիր ուրիշներին ծառայելուց (կարդա՛ Գործեր 20։20, 21, 24, 35Հիսուսն իր հետևորդներին սովորեցրեց կյանքի այս կարևոր սկզբունքը։ Նա երջանիկ մարդ էր, որովհետև առաջին հերթին անում էր ոչ թե իր, այլ Հոր կամքը։ Հիսուսն ուրախանում էր՝ տեսնելով, թե ինչպես են հեզ մարդիկ արձագանքում բարի լուրին (Ղուկ. 10։21; Հովհ. 4։34)։ Ակներևաբար արդեն զգացել ես, որ մարդ ուրախություն է ստանում ուրիշներին օգնելուց։ Եթե կարևոր որոշումները կայացնես Հիսուսի սովորեցրած սկզբունքների համաձայն, անկասկած, ուրախություն կստանաս և կուրախացնես Եհովային (Առակ. 27։ 11

11. Բարուքն ինչո՞ւ կորցրեց իր ուրախությունը, և ի՞նչ խորհուրդ տվեց նրան Եհովան։

11 Մեծագույն ուրախությունը բխում է Եհովային ծառայելուց (Առակ. 16։20)։ Երեմիայի գրագիր Բարուքը, ըստ երևույթին, մոռացել էր դա։ Եղավ մի պահ, որ նա այլևս ուրախություն չէր ստանում Եհովային ծառայելուց։ Աստված նրան ասաց. «Դու քեզ համար մեծամեծ բաներ ես փնտրում.... Ահա ես ամեն մարմնի վրա աղետ պիտի բերեմ.... իսկ քո հոգին քեզ իբրև ավար պիտի տամ ամենուրեք, ուր էլ որ գնալու լինես» (Երեմ. 45։3, 5)։ Ըստ քեզ՝ ի՞նչը Բարուքին ավելի շատ ուրախություն կպատճառեր՝ մեծամեծ բաներ փնտրե՞լը, թե՞ Աստծուն  հավատարմորեն ծառայելը և Երուսաղեմի կործանումից վերապրելը (Հակ. 1։12

12. Ո՞ր որոշումը Ռամիրոյի կյանքը երջանիկ դարձրեց։

12 Ռամիրո անունով մի եղբայր, որը ուրախություն է ստանում ծառայությունից, պատմում է. «Ես մեծացել եմ աղքատ ընտանիքում։ Մենք ապրում էինք Անդյան լեռներում ծվարած մի գյուղում։ Մեծ եղբայրս ասաց, որ կվճարի իմ ուսման վարձը, եթե ընդունվեմ համալսարան։ Սա, ինչ խոսք, շատ լավ հնարավորություն էր։ Բայց ես նոր էի մկրտվել և ուրիշ առաջարկ էլ էի ստացել. մի ռահվիրա հրավիրել էր ինձ միասին ծառայելու մի փոքրիկ քաղաքում։ Գնացի այդ քաղաք, վարսավիրություն սովորեցի և կարիքներս հոգալու համար վարսավիրանոց բացեցի։ Շատերը հաճույքով էին ընդունում Աստվածաշունչ ուսումնասիրելու մեր առաջարկը։ Ավելի ուշ ես համագործակցեցի մի նորաստեղծ ժողովի հետ, որը քարոզում էր բնիկների լեզվով։ Արդեն տասը տարի է, ինչ ռահվիրա եմ ծառայում։ Ոչ մի մասնագիտություն չէր կարող ինձ տալ այն ուրախությունը, որ ստանում եմ՝ մարդկանց օգնելով ուսումնասիրելու Աստվածաշունչը իրենց մայրենի լեզվով»։

Ռամիրոն երիտասարդ տարիներից ուրախությամբ ծառայում է Եհովային (տե՛ս պարբերություն 12)

13. Ինչո՞ւ է երիտասարդությունը լավ ժամանակ Եհովային լիարժեքորեն ծառայելու համար։

13 Ուրախություն ստացիր երիտասարդ տարիքում Եհովային ծառայելուց (կարդա՛ Ժողովող 12։1Պետք չէ մտածել, որ առաջին հերթին հարկավոր է լավ աշխատանք գտնել և հետո նոր ռահվիրայություն սկսել։ Երիտասարդությունը շատ լավ ժամանակ է Եհովային լիարժեքորեն ծառայելու համար։ Բազմաթիվ երիտասարդներ համեմատաբար քիչ պարտականություններ ունեն ընտանիքում, առողջ են և ուժեղ, և կարող են դժվար նշանակումներ ստանձնել։ Ի՞նչ կուզեիր անել Եհովայի համար, քանի դեռ երիտասարդ ես։ Գուցե նպատակ ունես ռահվիրա ծառայելու, գուցե ուզում ես ծառայել օտարախոս դաշտում կամ էլ ծառայությունդ ընդլայնել քո ժողովում։ Ծառայության հետ կապված ինչ նպատակ էլ որ ունենաս, անհրաժեշտ կլինի ապրուստի միջոցներ վաստակել։ Իսկ ի՞նչ աշխատանք կընտրես և այդ աշխատանքն  ունենալու համար որքա՞ն ժամանակ հարկ կլինի սովորել։

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՎ՝ ԿԱՅԱՑՐՈՒ ԻՄԱՍՏՈՒՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14. Ինչի՞ց պետք է զգուշանաս ապագայի ծրագրեր կազմելիս։

14 Վերոհիշյալ երեք աստվածաշնչյան սկզբունքները կարող են օգնել քեզ ճիշտ ընտրություն կատարելու աշխատանքի հարցում։ Անկասկած, ուսուցիչներդ կամ ինչ-որ պետական հիմնարկ կարող են քեզ ասել, թե աշխատանքի ինչ առաջարկներ կան ձեր բնակավայրում կամ այնտեղ, որտեղ ուզում ես ծառայել։ Այդ տեղեկությունները կարող են օգտակար լինել, սակայն զգույշ եղիր. Եհովային չսիրող մարդիկ գուցե քո սրտում աշխարհի հանդեպ սեր սերմանեն (1 Հովհ. 2։15–17)։ Առաջարկների մասին մտածելիս մի՛ մոռացիր, որ սիրտդ հեշտությամբ կարող է խաբել քեզ (կարդա՛  Առակներ 14։15; Երեմ. 17։9

15, 16. Ո՞վ կարող է լավագույնս օգնել քեզ աշխատանքի ընտրության հարցում։

15 Առկա աշխատանքների մասին տեղեկանալուց հետո խորհուրդ հարցրու (Առակ. 1։5)։ Իսկ ո՞վ կարող է քեզ օգնել աշխատանքի առաջարկներին նայելու աստվածաշնչյան սկզբունքների լույսի ներքո։ Լսիր այն մարդկանց, ովքեր սիրում են Եհովային, սիրում են քեզ, լավ են ճանաչում քեզ ու լավատեղյակ են քո հանգամանքներին։ Նրանց օգնությամբ կարող ես վերլուծել ունակություններդ ու մղումներդ։ Նրանց հետ զրուցելուց հետո գուցե վերանայես նպատակներդ։ Եթե ունես Եհովային սիրող ծնողներ, ապա նրանք կարող են մեծապես օգնել քեզ։ Արժեքավոր խորհուրդներ կարող են տալ նաև քո ժողովի երեցները։ Զրուցիր նաև ռահվիրաների ու շրջագայող վերակացուների հետ։ Ինչո՞ւ են նրանք որոշել լիաժամ ծառայել։ Ինչպե՞ս են ռահվիրայություն սկսել։ Ինչպե՞ս են հոգում իրենց կարիքները և ի՞նչ օրհնություններ են ստացել (Առակ. 15։22

16 Քեզ լավ ճանաչողները կարող են խելացի խորհուրդ տալ։ Ենթադրենք՝ ուզում ես դպրոցից դուրս գալ և ռահվիրա ծառայել։ Բայց իրականում դպրոցը թողնելու գլխավոր պատճառդ այն է, որ դժվարանում ես սովորել։ Քեզ սիրող մարդը գուցե նկատի մղումներդ և օգնի հասկանալու, որ դպրոցը կարող է սովորեցնել քեզ հաստատակամություն և տոկունություն, կարևոր հատկություններ, որոնք անհրաժեշտ են Եհովային լիարժեքորեն ծառայելու համար (Սաղ. 141։5; Առակ. 6։6–10

17. Ի՞նչ որոշումներ չպետք է կայացնենք։

17 Բոլոր նրանք, ովքեր ծառայում են Եհովային, բախվում են այնպիսի հոգևոր վտանգների, որոնք կարող են իրենց հեռացնել Եհովայից (1 Կորնթ. 15։33; Կող. 2։8)։ Կան աշխատանքներ, որ մյուս աշխատանքներից հոգևոր առումով վտանգավոր են։ Ճանաչո՞ւմ ես այնպիսի մարդկանց, ում «հավատը նավաբեկության է ենթարկվել» աշխատանքի պատճառով (1 Տիմոթ. 1։19)։ Անշուշտ, իմաստուն վարված կլինես, եթե չկայացնես այնպիսի որոշումներ, որոնք կվտանգեն Եհովայի հետ քո մտերմությունը (Առակ. 22։3

ՎԱՅԵԼԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔԴ

18, 19. Ի՞նչ կարող ես անել, եթե Եհովային ավելի շատ ծառայելու ցանկություն չունես։

18 Եթե ունես անկեղծ ցանկություն ծառայելու Եհովային, ապա օգտագործիր այն բոլոր հնարավորությունները, որ նա առաջարկում է երիտասարդ քրիստոնյաներին։ Կայացրու այնպիսի որոշումներ, որոնք քեզ թույլ կտան վայելելու Աստծուն ծառայելու ուրախությունը այս աննախադեպ ժամանակներում (Սաղ. 148։12, 13

19 Ի՞նչ կարող ես անել, եթե Եհովային ավելի շատ ծառայելու ցանկություն չունես։ Շարունակիր ջանք թափել հավատդ ամրացնելու համար։ Պողոս առաքյալը, որը մեծ ջանքեր թափեց Աստծու օրհնությունն ունենալու համար, գրեց. «Եթե որևէ հարցում դուք այլ կերպ եք մտածում, Աստված կբացահայտի ձեզ համար ճիշտ մտածելակերպը։ Ամեն դեպքում, որ չափով որ առաջադիմեցինք, եկեք շարունակենք նույն այդ սահմանված կարգի համաձայն վարվել» (Փիլիպ. 3։15, 16)։ Շարունակիր խորհրդածել Աստծու սիրո և իմաստուն խորհուրդների շուրջ։ Ամենից լավ Եհովան կարող է օգնել քեզ կայացնելու իմաստուն որոշումներ։