Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Պատերազմ, որը փոխեց աշխարհը

Պատերազմ, որը փոխեց աշխարհը

Մեկ դար առաջ միլիոնավոր երիտասարդներ թողեցին իրենց ապահով տները ու գնացին պատերազմի դաշտ։ Հայրենասիրական ոգով տոգորված՝ նրանք խանդավառությամբ էին առաջ գնում։ «Ես երջանիկ եմ և հուզված. ի՜նչ հրաշալի օրեր են մեզ սպասում»,— գրեց ամերիկացի մի կամավոր 1914թ.-ին։

Շուտով, սակայն, նրանց ոգևորությունը վերածվեց դառնության։ Ոչ ոք չէր կանխատեսում, որ այդ մեծաթիվ զորքերը տարիներով կմխրճվեն Բելգիայի ու Ֆրանսիայի կեղտոտ ճահճի մեջ։ Այդ ժամանակ շատերը պատերազմը կոչեցին «Մեծ պատերազմ»։ Այսօր այն հայտնի է որպես Առաջին համաշխարհային պատերազմ։

Առաջին համաշխարհային պատերազմը զոհերի տեսանկյունից իսկապես մեծ էր։ Ըստ որոշ հաշվարկների՝ այդ ժամանակ զոհվեց մոտ 10 միլիոն մարդ, և 20 միլիոնը հաշմանդամ դարձավ։ Այն նաև մեծ սխալների հետևանք էր։ Եվրոպացի քաղաքական գործիչները անկարող էին կասեցնել միջազգային լարվածությունը, որ այն չվերածվի համաշխարհային կոնֆլիկտի։ Սակայն ամենակարևորը թերևս այն փաստն է, որ այդ «Մեծ պատերազմը» խոր սպիներ թողեց։ Այն փոխեց աշխարհը այնպես, որ առայսօր զգում ենք դրա հետևանքները։

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ ՍԽԱԼՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Առաջին համաշխարհային պատերազմը բռնկվեց սխալ հաշվարկների պատճառով։ Ինչպես նշվում է մի աշխատության մեջ, եվրոպացի առաջնորդները վարվեցին ասես «լուսնոտների մի սերունդ, որը 1914թ. անխռով ամռանը հանկարծակի սայթաքեց դեպի կործանում» (The Fall of the Dynasties—The Collapse of the Old Order 1905-1922)։

Ավստրիացի գահաժառանգի սպանությունից մի քանի շաբաթ անց Եվրոպայի բոլոր խոշոր տերությունները ներգրավվեցին իրենց համար անցանկալի պատերազմի մեջ։ «Ինչպե՞ս դա տեղի ունեցավ»,— հարցրին Գերմանիայի կանցլերին պատերազմական գործողությունները սկսվելուց մի քանի օր անց։ «Ոչ ոք այդպես էլ չհասկացավ»,— տխուր պատասխանեց նա։

Առաջնորդները պատկերացում անգամ չունեին իրենց կայացրած ճակատագրական որոշումների հետևանքների մասին, որոշումներ, որոնք հանգեցրին պատերազմի։ Սակայն խրամատներում գտնվող զինվորները շուտով հասկացան, թե ինչ է կատարվում։ Նրանք գիտակցեցին, որ քաղաքական գործիչները հուսախաբ էին արել իրենց, հոգևորականությունը խաբել էր, իսկ հրամանատարները՝ դավաճանել։ Ինչպե՞ս։

Քաղաքական գործիչները հուսախաբ էին արել նրանց, հոգևորականությունը խաբել էր, իսկ հրամանատարները՝ դավաճանել

Քաղաքական գործիչները խոստացան, որ այդ պատերազմը ճանապարհ կհարթի նոր ու ավելի լավ աշխարհի համար։ Գերմանիայի կանցլերը հայտարարեց. «Մենք պատերազմում ենք խաղաղ պայմաններում արդյունաբերություն ունենալու, մեծ անցյալ ժառանգելու և մեր ապագայի համար»։ Ամերիկայի նախագահ Վուդրո Ուիլսոնի խոսքերի հիման վրա առաջ եկավ այն հայտնի լոզունգը, թե պատերազմը «աշխարհում դեմոկրատիա կհաստատի»։ Բրիտանիայում մարդիկ կարծում էին, որ դա լինելու է «պատերազմ, որը վերջ կդնի բոլոր պատերազմներին»։ Սակայն բոլորն էլ սխալվեցին։

Հոգևորականությունը խանդավառությամբ թիկունք էր կանգնում պատերազմին։ «Աստծու խոսքի պաշտպանները առաջնորդում էին «ռազմական երգչախումբը»։ Համընդհանուր պատերազմը համընդհանուր ատելության հանգեցրեց»,— նշվում է մի աշխատության մեջ (The Columbia History of the World)։ Փոխանակ հանգցնելու ատելության կրակը՝ հոգևորականները բորբոքում էին այն։ «Հոգևորականությունը չէր կարող, մեծ մասամբ չէր էլ ցանկանում քրիստոնեական հավատը ազգայնամոլությունից վեր դասել,— նշվում է «Քրիստոնեության պատմություն» գրքում։— Շատերը ընտրեցին հեշտ ճանապարհը և քրիստոնեությունը հավասարեցրին հայրենասիրությանը։ Զինվորներին, որոնք ներկայացնում էին քրիստոնեական բոլոր կրոնները, հորդորում էին Փրկչի անունով սպանել իրար» (A History of Christianity)։

Հրամանատարները արագ ու հեշտ հաղթանակ խոստացան, սակայն նման բան տեղի չունեցավ։ Երկար ժամանակ չէր անցել պատերազմից, երբ հակամարտող կողմերը փակուղու առաջ կանգնեցին։ Միլիոնավոր զինվորներ բախվեցին այն բանին, ինչը մի պատմաբան նկարագրեց որպես «ֆիզիկապես ու էմոցիոնալ առումով ամենադաժան ու մեծամասշտաբ փորձություն»։ Չնայած սարսափելի կորուստներին՝ հրամանատարները շարունակում էին իրենց մարդկանց ուղարկել դեպի փշալարե ցանկապատները և անընդմեջ տեղացող կրակոցները։ Զարմանալի չէ, որ համատարած ապստամբություն բարձրացավ։

Իսկ ի՞նչ ազդեցություն թողեց Առաջին համաշխարհային պատերազմը հասարակության վրա։ Պատմական մի աշխատություն մեջբերում է մի վետերանի խոսքերը, որն ասել է. «Պատերազմը.... խոր հետք թողեց մի ամբողջ սերնդի մտածելակերպի ու վարքագծի վրա»։ Այդ պատերազմի պատճառով կայսրություններ վերացան։ Ողբերգական հակամարտությունը դարձավ մարդկությանը հայտնի ամենից արյունալի դարաշրջանի սկիզբը։ Հեղափոխություններն ու բողոքի ցույցերը սովորական դարձան։

Ինչո՞ւ այդ պատերազմը տակնուվրա արեց աշխարհը։ Մի՞թե այն ընդամենը համաշխարհային ողբերգություն էր։ Արդյոք այս հարցերի պատասխանները որոշ բաներ բացահայտո՞ւմ են ապագայի վերաբերյալ։