Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպես դրական մտայնություն ունենալ

Ինչպես դրական մտայնություն ունենալ

«Եթե մարդ երկար տարիներ էլ ապրի, թող ուրախանա ամեն օրով» (ԺՈՂ. 11։8

1. Եհովայի տված ո՞ր օրհնությունները կարող են մեզ երջանիկ դարձնել։

ԵՀՈՎԱՆ ուզում է, որ երջանիկ լինենք։ Նա բազմաթիվ օրհնություններ է տալիս, որոնք կարող են մեզ երջանիկ դարձնել։ Հենց այն, որ ապրում ենք, օրհնություն է։ Աստված մեզ ձգել է դեպի իրեն, և դա հնարավորություն է տալիս ապրելու այնպես, որ փառք բերենք իրեն (Սաղ. 144։15; Հովհ. 6։44)։ Եհովան հավաստիացնում է մեզ իր սիրո մեջ և օգնում է, որ ծառայենք իրեն՝ չնայած դժվարություններին (Երեմ. 31։3; 2 Կորնթ. 4։16)։ Մենք հոգևոր դրախտում ենք. ունենք առատ հոգևոր սնունդ և սիրառատ եղբայրություն։ Այս ամենին գումարվում է նաև ապագայի չքնաղ հույսը։

2. Ի՞նչ զգացումներ են ունենում Աստծու հավատարիմ ծառաներից ոմանք։

2 Այս ամենը, ինչ խոսք, ուրախ լինելու պատճառ է։ Բայց, ցավոք, Աստծու հավատարիմ ծառաներից ոմանք անընդհատ բացասական զգացումներ են ունենում։ Նրանք մտածում են, թե իրենք ու իրենց ծառայությունը արժեք չունեն Եհովայի աչքում։ Նրանց համար «երկար տարիներ» «ամեն օրով ուրախանալու» գաղափարը անհավանական է։ Նրանց կարող է թվալ, որ իրենց կյանքի ամեն մի օրը խավար է (Ժող. 11։8

3. Ինչի՞ պատճառով կարող են բացասական զգացումներ առաջանալ։

3 Նման զգացումներ կարող են առաջանալ հիասթափության, հիվանդության կամ էլ տարիքի պատճառով (Սաղ. 71։9; Առակ.  13։12; Ժող. 7։7)։ Բացի այդ, մեր սիրտը նենգավոր է և կարող է դատապարտել մեզ նույնիսկ այն դեպքում, երբ Աստված հավանում է մեզ (Երեմ. 17։9; 1 Հովհ. 3։20)։ Սատանան անհիմն կերպով մեղադրում է Աստծու ծառաներին։ Եղիփազը, որը չէր ծառայում Եհովային, Հոբին փորձեց ներշնչել, թե նա արժեք չունի Աստծու աչքում։ Այսօր էլ Սատանայի մտածելակերպն ունեցող մարդիկ փորձում են նույն միտքը մեզ ներշնչել։ Բայց այդ միտքը բացարձակ սուտ է (Հոբ 4։18, 19

4. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

4 Եհովան իր Խոսքում հավաստիացնում է, որ ինքը նրանց հետ է, ովքեր «թանձր խավարի հովտում» են քայլում (Սաղ. 23։4)։ Նա այդ մարդկանց հետ է, օրինակ, իր Խոսքի միջոցով։ Աստվածաշունչը «զորավոր [է] ցանկացած ամրություն քանդելու համար», այդ թվում նաև բացասական մտքերը և սեփական անձի մասին վատ կարծիքը (2 Կորնթ. 10։4, 5)։ Ուստի եկեք տեսնենք, թե ինչպես է հնարավոր Աստվածաշնչի միջոցով ձեռք բերել դրական մտայնություն և պահպանել այն։ Դու կարող ես ինչպես ինքդ օգուտներ քաղել, այնպես էլ օգնել ու քաջալերել ուրիշներին։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԻՋՈՑՈՎ ԶԱՐԳԱՑՐՈՒ ԴՐԱԿԱՆ ՄՏԱՅՆՈՒԹՅՈՒՆ

5. Ո՞ր ստուգումը կօգնի դրական մտայնություն ունենալու։

5 Պողոս առաքյալը կորնթացի քրիստոնյաներին հորդորեց. «Շարունակ ստուգեք, թե արդյոք հավատի մե՞ջ եք» (2 Կորնթ. 13։5)։ Առաքյալի այս հորդորին հետևելը կարող է օգնել մեզ զարգացնելու դրական մտայնություն։ Հավատը Աստվածաշնչում գրված քրիստոնեական հավատալիքների ամբողջությունն է։ Եթե մեր խոսքերն ու գործերը համապատասխանում են այդ հավատալիքներին, ուրեմն «հավատի մեջ ենք»։ Ինչ խոսք, մենք չենք կարող ընտրել, թե որ ուսմունքին հետևենք և որին՝ ոչ։ Մենք պետք է մեր ապրելակերպը քննենք քրիստոնեական ուսմունքների ամբողջական լույսի ներքո (Հակ. 2։10, 11

6. Ինչո՞ւ պետք է ստուգենք՝ «արդյոք հավատի մեջ ենք» (տե՛ս 12-րդ էջի նկարը)։

6 Գուցե չցանկանաս այս ստուգումն անցկացնել, մանավանդ եթե բացասական կարծիք ունես քո մասին։ Բայց հիշիր, որ ավելի կարևոր է այն, թե Եհովան ինչ կարծիք ունի քո մասին, և որ նրա մտածելակերպը շատ ավելի բարձր է մեր մտածելակերպից (Ես. 55։8, 9)։ Նա իր երկրպագուների սրտերը ստուգում է ոչ թե նրանց քննադատելու, այլ լավ հատկություններ գտնելու և նրանց օգնելու համար։ Երբ Աստվածաշնչի միջոցով ստուգես, «թե արդյոք հավատի մեջ ես», կսկսես քեզ ավելի շատ նայել Եհովայի աչքերով։ Դու այլևս չես մտածի, թե արժեք չունես Աստծու աչքում։ Ավելին, կընդունես Եհովայի տեսակետը քո մասին, այսինքն՝ որ թանկ ես նրա համար։ Դա նման է այն բանին, որ բացես մութ սենյակի վարագույրները, և արևի լույսը ներս թափանցի։

7. Ինչպե՞ս կարող ես օգուտներ քաղել Աստծու հավատարիմ ծառաների օրինակից։

7 Ինքնաստուգում անելու արդյունավետ միջոց է խորհրդածելը այն հավատարիմ մարդկանց օրինակի շուրջ, որոնց մասին գրված է Աստվածաշնչում։ Նրանց հանգամանքները կամ զգացումները համեմատիր քո հանգամանքների կամ զգացումների հետ և մտածիր, թե ինչպես կվարվեիր նրանց իրավիճակում։ Քննենք երեք օրինակ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարող ես Աստվածաշնչի միջոցով ստուգել՝ «արդյոք հավատի մեջ ես»։ Սա կօգնի քեզ դրական մտայնություն զարգացնելու։

ԿԱՐԻՔԱՎՈՐ ԱՅՐԻՆ

8, 9. ա) Ի՞նչ հանգամանքներում էր կարիքավոր այրին։ բ) Ի՞նչ բացասական զգացումներ նա գուցե ունենար։

8 Երուսաղեմի տաճարում Հիսուսը տեսավ մի կարիքավոր այրու, որը նվիրաբերություն էր անում։ Նրա օրինակը կարող է օգնել մեզ դրական մտայնություն պահպանելու՝ անկախ մեր հնարավորությունների չափից (կարդա՛  Ղուկաս 21։1–4)։ Ի՞նչ հանգամանքներ ուներ այրին։ Ամուսնու մահը, անշուշտ, վշտացրել էր նրան։  Կրոնական առաջնորդները, նրա պես անպաշտպան մարդկանց օգնելու փոխարեն, «կուլ էին տալիս այրիների տները» (Ղուկ. 20։47)։ Սա ծանրացնում էր նրա վիճակը։ Այրին շատ աղքատ էր ու նվիրաբերեց չնչին գումար. այդքան փող սովորական աշխատողը կարող էր վաստակել մի քանի րոպեում։

9 Փորձիր պատկերացնել այրու զգացումները, երբ նա մտավ տաճարի գավիթ՝ երկու փոքր մետաղադրամ ձեռքին։ Մտածո՞ւմ էր արդյոք այն մասին, որ եթե իր ամուսինը ողջ լիներ, ապա ինքը շատ փող կկարողանար նվիրաբերել։ Շփոթվա՞ծ էր՝ տեսնելով, թե ուրիշները որքան են նվիրաբերում։ Մտածո՞ւմ էր, որ իր նվիրաբերությունը արժեք չունի։ Նույնիսկ եթե այրին այսպիսի զգացումներ է ունեցել, նա ճշմարիտ երկրպագության համար արեց լավագույնը։

10. Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ այրին թանկ էր Աստծու համար։

10 Հիսուսը ցույց տվեց, որ թե՛ այրին և թե՛ նրա նվիրաբերությունը թանկ էին Եհովայի համար։ Նա ասաց, որ այրին «ավելի շատ գցեց, քան մյուս բոլորը [հարուստները]»։ Ուրիշներն էլ էին նվիրաբերություն անում, բայց Հիսուսը գովեց հենց այս կնոջը։ Գանձանակը բացող ծառայողները, երբ այդ երկու փոքր մետաղադրամը վերցնեին մյուս դրամների հետ, դժվար թե իմանային, թե որքան թանկ էին դրանք և դրանք նվիրաբերողը Եհովայի աչքում։ Բայց ամենից կարևորն այն էր, թե այրու մասին ինչ տեսակետ ուներ Աստված և ոչ թե ուրիշները կամ հենց ինքը այրին։ Կարո՞ղ ես այս պատմության միջոցով ստուգել, թե «արդյոք հավատի մեջ ես»։

Ի՞նչ ես սովորում կարիքավոր այրու օրինակից (տե՛ս պարբերություն 8–10)

11. Ի՞նչ կարող ես սովորել այրու մասին պատմությունից։

11 Ինչ խոսք, այն, թե ինչ կտաս Եհովային, մեծապես կախված է քո հանգամանքներից։ Տարիքի կամ տկարության պատճառով ոմանք ի վիճակի են միայն շատ քիչ ժամանակ հատկացնելու բարի լուրի քարոզչությանը, ուստի հնարավոր է՝ ունենան այսպիսի բացասական միտք. «Իմաստ չունի քարոզչական ծառայության հաշվետվություն հանձնել»։ Նույնիսկ նրանք, որոնց հնարավորություններն այդ աստիճանի սահմանափակ չեն, բացասական մտայնության պատճառով գուցե մտածեն,  որ էական ներդրում չունեն համաշխարհային քարոզչության գործում, քանի որ ծառայության մեջ անցկացրած իրենց ժամանակը շատ քիչ է՝ տարեկան համաշխարհային հաշվետվության հետ համեմատած։ Բայց կարիքավոր այրու պատմությունից սովորում ենք, որ Եհովան նկատում է իր համար արված ցանկացած բան և դա շատ թանկ է գնահատում, հատկապես երբ անում ենք դժվար հանգամանքներում։ Հիշիր անցած տարվա ծառայությունդ։ Անշուշտ, եղել է այնպես, որ ծառայել ես շատ քիչ, բայց հատուկ զոհողություն ես արել դրա համար։ Վստահ եղիր, որ Եհովան թանկ է գնահատում այն, ինչ արել ես իր համար այդ կարճ ժամանակում։ Եթե ծառայության մեջ աղքատ այրու պես անում ես այն, ինչ կարող ես, համոզված եղիր, որ «հավատի մեջ ես»։

«ԱՌ ԻՄ ՀՈԳԻՆ»

12–14. ա) Բացասական զգացումներն ինչպե՞ս ազդեցին Եղիայի վրա։ բ) Ինչպե՞ս եղավ, որ Եղիան մեռնել ուզեց։

12 Եղիա մարգարեն նվիրված էր Եհովային և ամուր հավատ ուներ։ Բայց եղավ այնպես, որ նա այն աստիճան ընկճվեց, որ Եհովայից մահ խնդրեց՝ ասելով. «Բավակա՛ն է։ Ո՛վ Եհովա, ա՛ռ իմ հոգին» (1 Թագ. 19։4)։ Ովքեր նման ապրումներ չեն ունեցել, գուցե Եղիայի այս խնդրանքը «խենթ-խելառ» խոսքեր համարեն (Հոբ 6։3, Էջմիածնի թարգմանություն)։ Բայց Եղիան իրոք ուզում էր մեռնել։ Նկատենք, որ Եհովան չկշտամբեց նրան դրա համար, այլ օգնեց։

13 Ինչպե՞ս եղավ, որ Եղիայի մեջ նման բացասական միտք առաջացավ։ Դրանից կարճ ժամանակ առաջ Իսրայելում նրա գլխավորությամբ տեղի էր ունեցել մի վճռորոշ ստուգում, որը փաստել էր, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը, իսկ հետո Բահաղի 450 մարգարեները սպանվել էին (1 Թագ. 18։37–40)։ Եղիան, հավանաբար, հույս ուներ, որ իսրայելացիները նորից Եհովային կերկրպագեն, բայց այդպես չեղավ։ Չար Հեզաբել թագուհին լուր ուղարկեց Եղիային, որ մտադիր է սպանել նրան։ Եղիան վախեցավ և փախավ հարավ. անցավ հարևան Հուդայով ու գնաց անապատ՝ մի անմարդաբնակ վայր (1 Թագ. 19։2–4

14 Մեն-մենակ այդ ամայի վայրում՝ Եղիան մտածում էր, թե ինքը՝ որպես մարգարե, ձախողվել է։ Նա Եհովային ասաց. «Ես իմ հայրերից ավելի լավը չեմ»։ Նա ուզում էր ասել, որ, ինչպես հող ու փոշի դարձած իր մահացած նախնիների աճյուններն էին անպետք, այնպես էլ ինքն է անպետք։ Եղիան, կարելի է ասել, իրեն ստուգեց իր չափանիշներով ու որոշեց, որ անհաջողակ է և ոչ մի արժեք չունի Եհովայի և ընդհանրապես որևէ մեկի աչքում։

15. Աստված ինչպե՞ս հավաստիացրեց Եղիային, որ առաջվա պես թանկ է գնահատում նրան։

15 Բայց Ամենակարողը այլ կարծիք ուներ Եղիայի մասին։ Աստված առաջվա պես թանկ էր գնահատում իր մարգարեին և հավաստիացրեց նրան դրանում։ Նա հրեշտակ ուղարկեց, որ զորացնի նրան։ Նաև ուտելիք և ջուր տվեց, որպեսզի Եղիան ուժ ունենա 40 օր ճանապարհ գնալու մինչև Քորեբ լեռը։ Բացի այդ, Եհովան վստահեցրեց Եղիային, որ նա մենակ չէ, ինչպես որ կարծում էր, և ինքը ուրիշ հավատարիմ ծառաներ էլ ունի Իսրայելում։ Հետաքրքիր է, որ Աստված Եղիային նոր հանձնարարություններ տվեց, և նա համաձայնվեց։ Եղիան ընդունեց Եհովայի օգնությունը և նոր ուժերով լցված՝ շարունակեց մարգարեի ծառայությունը (1 Թագ. 19։5–8, 15–19

16. Ինչպե՞ս է Աստված աջակցել քեզ։

16 Եղիայի օրինակը կարող է օգնել քեզ ստուգելու, թե արդյոք հավատի մեջ ես, և նպաստել, որ դրական մտայնություն զարգացնես։ Մտածիր այն մասին, թե ինչպես է Եհովան աջակցել քեզ։ Ստացե՞լ ես ճիշտ ժամանակին օգնություն նրա ծառաներից մեկի, օրինակ՝ երեցի կամ մեկ այլ հասուն քրիստոնյայի կողմից (Գաղ. 6։2)։ Հոգևոր սնունդ ստացել ե՞ս Աստվածաշնչի, մեր հրատարակությունների և ժողովի հանդիպումների միջոցով։ Հաջորդ անգամ, երբ նման կերպերով աջակցություն ստանաս, մտածիր, թե իրականում ով է քո օգնության Աղբյուրը, և աղոթքով շնորհակալություն հայտնիր նրան (Սաղ. 121։1, 2

17. Ի՞նչն է Եհովան գնահատում իր ծառաների մեջ։

 17 Հիշիր, որ բացասական մտքերը կարող են սխալ եզրակացությունների տանել։ Ամենակարևորն այն է, թե ինչ է Աստվա՛ծ մտածում քո մասին (կարդա՛  Հռոմեացիներ 14։4)։ Եհովան գնահատում է քո նվիրվածությունն ու հավատարմությունը։ Նա չի չափում քեզ քո արած գործերով։ Բացի այդ, հնարավոր է՝ Եղիայի պես՝ դու իրականում շատ ավելին ես անում Եհովայի համար։ Օրինակ՝ ժողովում հավանաբար կան ոմանք, ում օգնել ես՝ առանց իմանալու այդ մասին, իսկ քո տքնաջան ծառայության շնորհիվ քո քարոզչական տարածքի բնակիչները լսել են ճշմարտությունը։

18. Եհովայից ստացած քո հանձնարարությունը ինչի՞ ապացույց է։

18 Եհովայից ստացած յուրաքանչյուր հանձնարարություն համարիր ապացույց, որ նա քեզ հետ է (Երեմ. 20։11)։ Եղիայի պես՝ գուցե վհատվես՝ մտածելով, թե ծառայությունդ անպտուղ է կամ որևէ հոգևոր նպատակ անհասանելի է։ Բայց հիշիր, որ դու ունես մեծագույն առանձնաշնորհումը, որ մարդ կարող է ունենալ մեր ժամանակներում. դու քարոզում ես բարի լուրը և կրում ես Աստծու անունը։ Շարունակիր հավատարիմ մնալ Եհովային։ Այդ դեպքում, ինչպես Հիսուսի առակներից մեկում է ասվում, կկարողանաս «մասնակից լինել քո տիրոջ ուրախությանը» (Մատթ. 25։23

«ՎՇՏԱՑԱԾԻ ԱՂՈԹՔԸ»

19. Ի՞նչ վիճակում էր սաղմոսերգուն։

19 102-րդ սաղմոսը գրողը հուսահատված էր։ Նա վշտացած էր՝ ֆիզիկական կամ էմոցիոնալ մեծ ցավ էր զգում, և ուժ չուներ պայքարելու իր խնդիրների դեմ (Սաղ. 102, ենթախորագիր)։ Նրա խոսքերից երևում է, որ նա իր ցավից, միայնությունից և զգացումներից բացի, ուրիշ բանի մասին չէր կարողանում մտածել (Սաղ. 102։3, 4, 6, 11)։ Սաղմոսերգուին թվում էր, թե Եհովան ուզում է իրեն «դեն նետել» (Սաղ. 102։10

20. Աղոթքն ինչպե՞ս կարող է օգնել բացասական մտքերի դեմ պայքարում։

20 Այդուհանդերձ, սաղմոսերգուն կարող էր նույնիսկ այդ վիճակում գովաբանել Եհովային (կարդա՛  Սաղմոս 102։19–21)։ 102-րդ սաղմոսից տեսնում ենք, որ նույնիսկ հավատի մեջ եղողները կարող են ցավ զգալ և ի վիճակի չլինել կենտրոնանալու այլ բանի վրա։ Սաղմոսերգուն իրեն զգում էր ինչպես «տանիքի վրա մենակ մնացած թռչուն» (Սաղ. 102։7)։ Եթե երբևէ նման զգացումներ ունենաս, սաղմոսերգուի պես՝ սիրտդ թափիր Եհովայի առաջ։ Քո աղոթքները կարող են օգնել քեզ՝ «վշտացածիդ», բացասական մտքերի դեմ պայքարում։ Եհովան խոստանում է, որ «ուշ կդարձնի ընչազուրկ մարդկանց աղոթքին և նրանց աղոթքը չի արհամարհի» (Սաղ. 102։17)։ Հավատա, որ նա իր խոստումը անպայման կկատարի։

21. Բացասական մտքերի դեմ պայքարող քրիստոնյան ինչպե՞ս կարող է դրականորեն մտածել։

21 102-րդ սաղմոսը նաև ցույց է տալիս, թե ինչպես կարող ես ավելի շատ դրականորեն մտածել։ Սաղմոսերգուն սկսեց դըրականորեն մտածել, երբ կենտրոնացավ իր ու Եհովայի փոխհարաբերության վրա (Սաղ. 102։12, 27)։ Նա մխիթարվեց այն մտքից, որ Եհովան միշտ պատրաստ է օգնելու իր ծառաներին դժվարությունների ժամանակ։ Ուստի երբ բացասական մտքերը խանգարում են քեզ Եհովայի համար անելու այնքան, որքան կցանկանայիր, աղոթիր այդ մասին։ Խնդրիր Աստծուն, որ ոչ միայն օգնի քեզ դժվար իրավիճակում, այլ նաև որ իր «անունը հռչակվի» (Սաղ. 102։20, 21

22. Ինչպե՞ս կարող է մեզնից յուրաքանչյուրը հաճելի լինել Եհովային։

22 Այո՛, Աստվածաշունչը կարող է օգնել մեզ համոզվելու, որ հավատի մեջ ենք և թանկ ենք Եհովայի համար։ Ինչ խոսք, ներկայումս չենք կարող լիովին ազատվել բացասական մտքերից կամ վհատությունից։ Այդուհանդերձ, յուրաքանչյուրս կարող է հաճելի լինել Աստծուն և ստանալ փրկություն՝ հավատարմորեն ծառայելով նրան՝ չնայած դժվարություններին (Մատթ. 24։13