Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընդօրինակիր Մովսեսի հավատը

Ընդօրինակիր Մովսեսի հավատը

«Հավատով Մովսեսը, երբ մեծացավ, հրաժարվեց փարավոնի աղջկա որդին կոչվելուց» (ԵԲՐ. 11։24

1, 2. ա) 40 տարեկանում ի՞նչ որոշում կայացրեց Մովսեսը (տե՛ս 3-րդ էջի նկարը)։ բ) Ինչո՞ւ Մովսեսը որոշեց դաժան վերաբերմունքի արժանանալ Աստծու ժողովրդի հետ։

ՄՈՎՍԵՍԸ թագավորական ընտանիքից էր։ Նա լավ գիտեր, թե որքան հարուստ է Եգիպտոսը, և հասկանում էր, թե ինչ մեծ հնարավորություններ կան այդ երկրում։ Նա «կրթվել էր եգիպտացիների ամբողջ իմաստությամբ», հավանաբար սովորել էր հումանիտար գիտություններ, աստղագիտություն, մաթեմատիկա և այլն (Գործ. 7։22)։ Նա ուներ այնպիսի հարստություն, իշխանություն և արտոնություններ, որոնց մասին սովորական եգիպտացին կարող էր միայն երազել։

2 Բայց Մովսեսը, երբ 40 տարեկան էր, կայացրեց մի որոշում, որը, հավանաբար, տարակուսանքի մեջ գցեց թագավորական ընտանիքին. նա հրաժարվեց իր «փայլուն» ապագայից։ Մի՞թե Մովսեսը ցանկացավ ապրել հասարակ եգիպտացու կյանքով։ Ո՛չ, նա ավելի «վատ» կյանք ընտրեց. որոշեց ապրել ստրուկների հետ։ Բայց ինչո՞ւ։ Որովհետև հավատ ուներ (կարդա՛  Եբրայեցիներ 11։24–26)։ Հավատի աչքերով՝ Մովսեսը նյութեղեն աշխարհից ավելին էր տեսնում։ Լինելով հոգևոր մարդ՝ նա հավատում էր «Նրան, ով անտեսանելի է»՝ Եհովային, և նրա խոստումներին (Եբր. 11։27

3. Ո՞ր հարցերը կքննենք։

3 Մենք նույնպես պետք է նյութեղեն աշխարհից ավելին տեսնենք, և դրա համար մեզ հավատ է պետք (Եբր. 10։38, 39)։ Եկեք տեսնենք, թե Եբրայեցիներ 11։24–26 համարները ինչպես կարող են օգնել մեզ ամրացնելու մեր հավատը։ Կքննենք  երեք հարց։ Ինչպե՞ս հավատը մղեց Մովսեսին մերժելու սխալ ցանկությունները։ Երբ Մովսեսը նախատինք կրեց, հավատն ինչպե՞ս օգնեց նրան գնահատելու իր առանձնաշնորհումները։ Ինչո՞ւ էր նա «աչքերը հառել վարձատրությանը»։

ՆԱ ՄԵՐԺԵՑ ՍԽԱԼ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4. Ի՞նչ գիտեր Մովսեսը «մեղքի հաճույքի» մասին։

4 Հավատի աչքերով՝ Մովսեսը տեսավ, որ «մեղքի.... հաճույքը» ժամանակավոր է։ Նրա ժամանակակիցներից ոմանք գուցե մտածեին. «Եգիպտոսը, չնայած որ թաղված է կռապաշտության ու ոգեհարցության մեջ, աշխարհակալ ուժ է դարձել, իսկ Եհովայի ժողովուրդը ստրուկ է»։ Բայց Մովսեսը գիտեր, որ Աստված կարող է փոխել իրերի դրությունը։ Առաջին հայացքից կարող էր թվալ, թե չար մարդիկ, որոնք կենտրոնացած էին իրենց ցանկությունները բավարարելու վրա, ծաղկում են։ Բայց Մովսեսը հավատում էր, որ նրանք «չորանալու» են։ Դրա շնորհիվ նա չտրվեց «մեղքի ժամանակավոր հաճույքը վայելելու» գայթակղությանը։

5. Ի՞նչը կօգնի մեզ դիմադրելու «մեղքի ժամանակավոր հաճույքը վայելելու» գայթակղությանը։

5 Ինչպե՞ս կարող ես դիմադրել «մեղքի ժամանակավոր հաճույքը վայելելու» գայթակղությանը։ Երբեք մի՛ մոռացիր, որ «մեղքի հաճույքն» անցողիկ է։ Հավատի աչքերով տես, որ «աշխարհն անցնում է և նրա ցանկությունն էլ» (1 Հովհ. 2։15–17)։ Մտածիր, թե ինչ ապագա է սպասում չզղջացող մեղավորներին։ Նրանք «սայթաքուն տեղ են կանգնած», և նրանց «հանկարծահաս աղետ» է սպասում (Սաղ. 73։18, 19)։ Երբ մեղք գործելու գայթակղություն է առաջանում, ինքդ քեզ հարցրու. «Ի՞նչ ապագա եմ ուզում ինձ համար»։

6. ա) Ինչո՞ւ Մովսեսը «հրաժարվեց փարավոնի աղջկա որդին կոչվելուց»։ բ) Ինչո՞ւ ես կարծում, որ Մովսեսը ճիշտ որոշում կայացրեց։

6 Հավատը Մովսեսին օգնեց նաև ճիշտ որոշում կայացնելու իր ապագայի վերաբերյալ։ «Հավատով Մովսեսը, երբ մեծացավ, հրաժարվեց փարավոնի աղջկա որդին կոչվելուց» (Եբր. 11։24)։ Նա չմտածեց, թե թագավորական ընտանիքի անդամ լինելով՝ կարող է ծառայել Աստծուն և իր հարստությունն ու հնարավորություններն օգտագործել իր ազգակիցներին օգնելու համար։ Մովսեսը որոշել էր սիրել Եհովային իր ամբողջ սրտով, հոգով և ուժով (2 Օրենք 6։5)։ Այս որոշումը շատ ցավերից ազատեց նրան։ Եգիպտոսի շատ գանձեր, որոնք նա թողեց, կողոպտվեցին հենց իսրայելացիների կողմից (Ելք 12։35, 36)։ Փարավոնը ստորացվեց և սպանվեց (Սաղ. 136։15), իսկ Մովսեսի միջոցով Աստված մի ամբողջ ազգի առաջնորդեց դեպի ապահով վայր։ Նրա կյանքն իսկապես իմաստ ուներ։

7. ա) Մատթեոս 6։19–21-ի համաձայն՝ ինչո՞ւ պետք է «գանձեր դիզենք» հավիտենական ապագայի համար։ բ) Պատմիր մի դեպք, որը ցույց է տալիս, թե ինչ տարբերություն կա նյութական և հոգևոր գանձերի միջև։

7 Ինչպե՞ս կարող է հավատն օգնել Եհովայի երիտասարդ ծառային կյանքի ուղի ընտրելու հարցում։ Ինչ խոսք, խելացի է մտածել ապագայի մասին։ Եթե հավատ ունես Աստծու խոստումների հանդեպ, ապա այն կմղի քեզ «գանձեր դիզելու» ոչ թե ժամանակավոր, այլ հավիտենական ապագայի համար (կարդա՛  Մատթեոս 6։19–21)։ Սոֆին բալետի տաղանդավոր պարուհի էր։ Միացյալ Նահանգների բալետային տարբեր խմբեր պատրաստ էին վճարելու Սոֆիի ուսման համար և նրան պատվաբեր դերեր առաջարկեցին։ «Անչափ հաճելի էր բազմաթիվ երկրպագուներ ունենալը։ Ես բարձր էի դասում ինձ իմ հասակակիցներից։ Բայց երջանիկ չէի»,— խոստովանում է Սոֆին։ Հետո նա դիտեց «Երիտասարդները հարցնում են. ի՞նչ ուղի ընտրեմ կյանքում» ֆիլմը։ «Ես հասկացա, որ աշխարհը ինձ տվել է հաջողություն և երկրպագուների սեր, իսկ դրա փոխարեն՝ ես աշխարհին տվել եմ Եհովային ողջ սրտով երկրպագելու իմ հնարավորությունը»,— ասում է նա։— Ես ջերմեռանդորեն աղոթեցի և թողեցի պարուհու կարիերան»։ Ի՞նչ է Սոֆին ասում իր կայացրած որոշման մասին. «Ես չեմ կարոտում իմ նախկին կյանքը։ Այսօր 100 տոկոսով երջանիկ եմ։ Ամուսնուս հետ ռահվիրա եմ ծառայում։ Մենք հայտնի մարդիկ չենք և առանձնապես միջոցներ չունենք։ Բայց ունենք Եհովայի պես Աստված, ուսուցումներ և հոգևոր  նպատակներ։ Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում»։

8. Աստվածաշնչյան ո՞ր խորհուրդը կարող է օգնել երիտասարդին ճիշտ ուղի ընտրելու կյանքում։

8 Եհովան գիտի, թե ինչն է լավագույնը քեզ համար։ Մովսեսն ասաց. «Ի՞նչ է քո Աստված Եհովան խնդրում քեզանից, բացի նրանից, որ վախենաս քո Աստված Եհովայից, քայլես նրա բոլոր ճանապարհներով, սիրես նրան և քո Աստված Եհովային ծառայես քո ամբողջ սրտով ու քո ամբողջ հոգով, պահես Եհովայի պատվիրաններն ու կանոնները, որոնք այսօր պատվիրում եմ քեզ պահել, որպեսզի քեզ լավ լինի» (2 Օրենք 10։12, 13)։ Քանի դեռ երիտասարդ ես, գնա այն ճանապարհով, որը հնարավորություն կտա քեզ սիրելու Եհովային և ծառայելու նրան «քո ամբողջ սրտով ու քո ամբողջ հոգով»։ Վստահ եղիր, որ այդ ճանապարհով գնալը քեզ համար լավ կլինի։

ՆԱ ԹԱՆԿ ԷՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՈՒՄՆԵՐԸ

9. Բացատրիր, թե ինչու Մովսեսի համար գուցե դժվար լիներ կատարել իր հանձնարարությունը։

9 Մովսեսը «նախատինքը, որը.... կրեց որպես օծյալ, ավելի մեծ հարստություն համարեց, քան Եգիպտոսի գանձերը» (Եբր. 11։26)։ Նա «օծյալ» էր այն իմաստով, որ Եհովան նրա միջոցով Իսրայելին դուրս էր հանելու Եգիպտոսից։ Մովսեսը գիտեր, որ դա իր համար դժվար գործ է լինելու, նույնիսկ՝ «նախատինք»։ Իսրայելացիներից մեկը ավելի վաղ արհամարհանքով նրան ասել էր. «Ո՞վ քեզ իշխան և դատավոր նշանակեց մեզ վրա» (Ելք 2։13, 14)։ Հետագայում Մովսեսն ինքը Եհովային ասաց. «Փարավոնն ինչպե՞ս կլսի ինձ» (Ելք 6։12)։ Մովսեսը, որպեսզի պատրաստ լինի կրելու սպասվող «նախատինքը», Եհովայի հետ խոսեց իր վախերի և անհանգստությունների մասին։ Ինչպե՞ս Աստված օգնեց նրան կատարելու այդ դժվարին հանձնարարությունը։

10. Եհովան ինչպե՞ս օգնեց Մովսեսին կատարելու իր հանձնարարությունը։

10 Առաջին՝ Եհովան Մովսեսին վստահեցրեց. «Ես քեզ հետ կլինեմ» (Ելք 3։12)։ Երկրորդ՝ Եհովան նրան բացատրեց իր անվան նշանակության մի երեսակը. «Ես կդառնամ այն, ինչ կկամենամ դառնալ» * (Ելք 3։14)։ Երրորդ՝ Աստված Մովսեսին օժտեց հրաշքներ անելու զորությամբ, ինչը փաստելու էր, որ նա իրոք Աստծու կողմից է ուղարկված (Ելք 4։2–5)։ Չորրորդ՝ Մովսեսին տվեց համագործակից և խոսնակ. դա Ահարոնն էր, որն օգնելու էր նրան կատարելու իր հանձնարարությունը (Ելք 4։14–16)։ Մովսեսն անձամբ համոզվեց, որ Աստված իր ծառաներին ապահովում է ամեն անհրաժեշտ բանով՝ իր տված ցանկացած նշանակում կատարելու համար։ Նա այնքան համոզված էր դրանում, որ կյանքի վերջում իրենից հետո հաջորդ առաջնորդին՝ Հեսուին, վստահությամբ ասաց. «Եհովան է գնալու քո առջևից։ Նա քեզ հետ կլինի։ Նա երբեք չի լքի ու չի թողնի քեզ։ Մի՛ վախեցիր ու մի՛ սարսափիր» (2 Օրենք 31։8

11. Ինչո՞ւ Մովսեսը արժևորեց իր հանձնարարությունը։

11 Եհովան օգնեց Մովսեսին արժևորելու իր դժվարին հանձնարարությունը, ինչի շնորհիվ Մովսեսն այն «ավելի մեծ հարստություն համարեց, քան Եգիպտոսի գանձերը»։ Մի՞թե փարավոնին ծառայելը հնարավոր էր համեմատել Ամենակարող Աստծուն ծառայելու հետ։ Մի՞թե Եգիպտոսի արքայազն լինելը հնարավոր էր համեմատել Եհովայի «օծյալը» լինելու հետ։ Մովսեսը պարգևատրվեց իր դրսևորած ոգու համար։ Նա առանձնահատուկ փոխհարաբերություններ ունեցավ Եհովայի հետ, ու Աստված օժտեց նրան զորությամբ, և նա «մեծ ու ահարկու գործեր» արեց, երբ իսրայելացիներին առաջնորդում էր դեպի Ավետյաց երկիր (2 Օրենք 34։10–12

12. Ի՞նչ առանձնաշնորհումներ է Եհովան տալիս, որոնք պետք է արժևորենք։

12 Մենք նույնպես հանձնարարություն ունենք։ Եհովան իր Որդու միջոցով մեզ «ծառայության է նշանակել», ինչպես որ Պողոս առաքյալին և ուրիշների էր նշանակել (կարդա՛  1 Տիմոթեոս 1։12–14)։ Բոլորս առանձնաշնորհում ունենք հռչակելու բարի լուրը  (Մատթ. 24։14; 28։19, 20)։ Մեզնից ոմանք ծառայում են լիաժամ։ Հոգևորապես հասուն եղբայրները ծառայող օգնական կամ երեց են ծառայում։ Սակայն ընտանիքիդ այն անդամները, որոնք չեն ընդունում հավատդ, գուցե քո առանձնաշնորհումները անիմաստ համարեն և նույնիսկ քեզ նախատեն անձնազոհ ոգի դրսևորելու համար (Մատթ. 10։34–37)։ Եթե վհատվես նրանց խոսքերից, գուցե սկսես կասկածել, որ քո արած զոհողությունները արժեք ունեն կամ որ ի վիճակի ես կատարելու հանձնարարությունդ։ Եթե նման բան տեղի ունենա, ապա հավատը կօգնի քեզ տոկալու։

13. Ինչպե՞ս է Եհովան օգնում մեզ կատարելու մեր աստվածապետական հանձնարարությունները։

13 Հավատով աղաչիր Եհովային, որ օգնի քեզ։ Պատմիր նրան վախերիդ և անհանգստություններիդ մասին. չէ՞ որ նա է քեզ հանձնարարություն տվել։ Նա, անշուշտ, կօգնի քեզ։ Ինչպե՞ս։ Այնպես, ինչպես որ օգնեց Մովսեսին։ Առաջին՝ Եհովան քեզ վստահեցնում է. «Ես կամրացնեմ ու կօգնեմ քեզ, արդար աջովս ամուր կբռնեմ քեզ» (Ես. 41։10)։ Երկրորդ՝ նա հիշեցնում է քեզ, որ իր խոստումները վստահարժան են. «Ես ասել եմ ու կկատարեմ, մտադրվել եմ ու կանեմ» (Ես. 46։11)։ Երրորդ՝ Եհովան տալիս է քեզ «սովորականին գերազանցող ուժը», որպեսզի կատարես քո ծառայությունը (2 Կորնթ. 4։7)։ Չորրորդ՝ որպեսզի կարողանաս տոկալ ծառայության մեջ, մեր սիրառատ Հայրը հոգ է տարել, որ ունենաս համաշխարհային եղբայրություն՝ ճշմարիտ երկրպագուներ, որոնք «շարունակ մխիթարում և կերտում են միմյանց» (1 Թեսաղ. 5։11)։ Տեսնելով, թե ինչպես է Եհովան տալիս քեզ այն ամենը, ինչի կարիքն ունես՝ հանձնարարություններդ կատարելու համար, ավելի մեծ հավատով կլցվես նրա հանդեպ և ծառայության մեջ ունեցած առանձնաշնորհումներդ ավելի մեծ հարստություն կհամարես, քան այս աշխարհի առաջարկած որևէ «գանձ»։

«ԱՉՔԵՐԸ ՀԱՌԵԼ ԷՐ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆԸ»

14. Ինչո՞ւ էր Մովսեսը համոզված, որ վարձատրություն է ստանալու։

14 Մովսեսն «աչքերը հառել էր վարձատրությանը» (Եբր. 11։26)։ Նա քիչ բան գիտեր այն մասին, թե ինչ է լինելու ապագայում, բայց դա չխանգարեց նրան ճիշտ որոշումներ կայացնելու։ Իր նախահայր Աբրահամի պես՝ Մովսեսը վստահ էր, որ Եհովան կարող է հարություն տալ մահացածներին (Ղուկ. 20։37, 38; Եբր. 11։17–19)։ Ապագա օրհնությունների մասին իմանալը օգնեց նրան անիմաստ չհամարելու այն 40 տարիները, որ ապրեց որպես փախստական և այն 40 տարիները, որ անցկացրեց անապատում։ Թեև Մովսեսը չգիտեր Աստծու խոստումների կատարման բոլոր մանրամասները, սակայն  հավատի աչքերով տեսնում էր անտեսանելի վարձատրությունը։

15, 16. ա) Ինչո՞ւ պետք է մեր աչքերը հառենք վարձատրությանը։ բ) Թագավորության ներքո ի՞նչ օրհնություններ ես ակնկալում ստանալ։

15 Իսկ դու աչքերդ հառե՞լ ես քո վարձատրությանը։ Մովսեսի պես՝ մենք չգիտենք Աստծու խոստումների կատարման բոլոր մանրամասները։ Օրինակ՝ չգիտենք մեծ նեղության համար «նշանակված ժամանակը» (Մարկ. 13։32, 33)։ Այդուհանդերձ, մենք Մովսեսից ավելի շատ բան գիտենք, օրինակ, ապագա դրախտի մասին։ Ճիշտ է, մենք ամենայն մանրամասնությամբ չգիտենք, թե ինչպիսին է լինելու կյանքը Թագավորության ներքո, բայց Աստված բավականաչափ խոստումներ է տվել մեզ, որպեսզի մեր աչքերը հառենք այդ կյանքին։ Հստակ պատկերացնելով նոր աշխարհը՝ մենք կկարողանանք Թագավորությունը դնել առաջին տեղում։ Օրինակ՝ կգնեի՞ր տուն, եթե շատ քիչ բան իմանայիր դրա մասին։ Անշուշտ, ոչ։ Նույն ձևով էլ մենք չենք փայփայի ապագայի մշուշոտ հույս։ Մինչդեռ Թագավորության հույսը հաստատ է։ Ուստի եկեք մեր հավատի աչքերը հառենք այն կյանքին, որը լինելու է Թագավորության ներքո։

Որքա՜ն կոգևորվես՝ զրուցելով Մովսեսի և մյուս հավատարիմների հետ (տե՛ս պարբերություն 16)

16 Աստծու Թագավորությունն ավելի հստակ պատկերացնելու համար «աչքերդ հառիր» քո ապագային՝ քո կյանքին Դրախտում։ Գործի դիր երևակայությունդ։ Օրինակ՝ երբ Աստվածաշնչում կարդում ես նախաքրիստոնեական շրջանի մարդկանց մասին, մտածիր, թե ինչ կհարցնես նրանց, երբ հարություն առնեն։ Մտածիր նաև, թե նրանք ինչ կարող են հարցնել քեզ այն մասին, թե ինչպես ես ապրել վերջին օրերում։ Պատկերացրու, թե որքան հուզված կլինես, երբ դիմավորես քո նախնիներին և նրանց պատմես, թե ինչ է Աստված արել իրենց համար։ Պատկերացրու, թե ինչ հրճվանք կապրես, երբ դրախտային խաղաղ պայմաններում ուսումնասիրես վայրի կենդանիներին և նորանոր բաներ սովորես նրանց մասին։ Մտածիր, թե կատարելության ճանապարհին որքան կմտերմանաս Եհովայի հետ։

17. Անտեսանելի վարձատրությունը հստակ պատկերացնելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ։

17 Անտեսանելի վարձատրությունը հստակ պատկերացնելն օգնում է մեզ առաջ ընթանալու, ուրախ լինելու և որոշումներ կայացնելիս հաշվի առնելու, որ մեզ հավիտենական կյանք է սպասում։ Պողոսը օծյալ քրիստոնյաներին գրեց. «Եթե մենք հույս ունենք մի բանի, որը չենք տեսնում, ապա տոկունությամբ շարունակում ենք սպասել դրան» (Հռոմ. 8։25)։ Այս խոսքերը սկզբունքորեն վերաբերում են նաև այն քրիստոնյաներին, որոնք երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունեն։ Թեև դեռ չենք ստացել մեր վարձատրությունը, մենք չենք հուսահատվում։ Ամուր հավատն օգնում է մեզ համբերատար կերպով սպասելու «վարձատրությանը»։ Մովսեսի պես՝ մենք չենք համարում, որ իզուր ժամանակ ենք վատնել՝ ծառայելով Եհովային։ Մենք համոզված ենք, որ «երևացող բաները ժամանակավոր են, իսկ չերևացողները՝ հավիտենական» (կարդա՛  2 Կորնթացիներ 4։16–18

18, 19. ա) Ինչո՞ւ պետք է պայքարենք մեր հավատի համար։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

18 Հավատն օգնում է մեզ տեսնելու «ակնհայտ ապացույցն.... այն իրողությունների, որոնք տեսանելի չեն» (Եբր. 11։1)։ Մարմնավոր մարդը չի հասկանում Եհովային ծառայելու արժեքը։ Այդպիսի մարդու համար հոգևոր գանձերը «հիմարություն են» (1 Կորնթ. 2։14)։ Մինչդեռ մենք հույս ունենք տեսնելու հավիտենական կյանքը և ականատես լինելու հարությանը, բաներ, որոնք այս աշխարհը չի տեսնում։ Պողոսի օրերի փիլիսոփաների պես, որոնք նրան անվանեցին տգետ «դատարկախոս», այսօր մարդկանց մեծամասնությունը կարծում է, թե մեր քարոզած հույսը կատարյալ անհեթեթություն է (Գործ. 17։18

19 Քանի որ ապրում ենք անհավատ աշխարհում, մենք պետք է պայքարենք մեր հավատի համար։ Աղաչիր Եհովային, որ «քո հավատը չթուլանա» (Ղուկ. 22։32)։ Հստակ պատկերացրու մեղքի հետևանքները։ Երբեք մի՛ մոռացիր, որ Եհովային ծառայելուց լավ բան չկա, և հավիտենական կյանքի հույսդ վառ պահիր։ Մենք Մովսեսից ուրիշ բաներ էլ կարող ենք սովորել։ Հաջորդ հոդվածում կքննենք, թե հավատն ինչպես օգնեց Մովսեսին տեսնելու «Նրան, ով անտեսանելի է» (Եբր. 11։27

^ պարբ. 10 Աստծու այն խոսքերի մասին, որ գրված են Ելք 3։14-ում, մի աստվածաշնչագետ ասել է. «Ոչինչ չի կարող հետ պահել նրան իր կամքն իրագործելուց.... Այս անունը [Եհովա] լինելու էր Իսրայելի ամրոցը, հույսի և մխիթարության անսպառ աղբյուրը»։