Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԼԱՎ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԱՏ ԲԱՆԵՐ ՊԱՏԱՀՈՒՄ

Վատ բաներ. ինչ կանի Աստված

Վատ բաներ. ինչ կանի Աստված

Աստվածաշունչը պարզ ասում է, թե Եհովան ու իր Որդին՝ Հիսուս Քրիստոսը, ինչ քայլեր են ձեռնարկելու Սատանայի պատճառած տառապանքի հետ կապված։ «Աստծու Որդին [Հիսուսը] հենց այս նպատակով հայտնվեց, որպեսզի Բանսարկուի գործերը քանդի» (1 Հովհաննես 3։8)։ Ագահության, ատելության ու չար արարքների վրա հիմնված այս համակարգը կքանդվի։ Ինչ վերաբերում է «այս աշխարհի իշխանին»՝ Սատանային, Հիսուսը խոստացավ, որ նա «դուրս կնետվի» (Հովհաննես 12։31)։ Առանց Սատանայի ազդեցության՝ արդար նոր աշխարհ կհաստատվի, և այս երկիրը խաղաղ բնակավայր կդառնա (2 Պետրոս 3։13

Իսկ ի՞նչ կարելի է ասել այն մարդկանց մասին, ովքեր համառորեն հրաժարվում են իրենց ընթացքը փոխելուց և շարունակում են վատ բաներ անել։ Խորհիր այս հստակ խոստման շուրջ. «Ուղղամիտները կբնակվեն երկրի վրա, և անարատները կմնան նրա վրա։ Իսկ ամբարիշտները կվերանան երկրից, և անհավատարիմները բնաջինջ կլինեն նրանից» (Առակներ 2։21, 22)։ Ամբարիշտ մարդկանց ազդեցությունն այլևս չի լինի։ Այս խաղաղ պայմանների ներքո հնազանդ մարդիկ աստիճանաբար կազատվեն ժառանգած անկատարությունից (Հռոմեացիներ 6։17, 18; 8։21

Ինչպե՞ս Աստված կվերացնի չարությունը նոր աշխարհում։ Նա դա չի անի՝ մարդկանց զրկելով ազատ կամքի պարգևից և նրանց ռոբոտներ դարձնելով։ Եհովան հնազանդ մարդկանց կսովորեցնի իր ճանապարհները և կօգնի, որ թողնեն իրենց վնասակար մտքերն ու գործերը։

Աստված վերացնելու է տառապանքի բոլոր պատճառները

Իսկ ի՞նչ կանի Աստված հիվանդությունների ու անկանխատեսելի աղետների առնչությամբ։ Նա խոստացել է, որ իր Թագավորությունը շուտով կիշխի երկրին։ Այդ Թագավորության Թագավորը Հիսուս Քրիստոսն է, որը Աստծու կողմից է նշանակված և զորություն ունի բուժելու հիվանդներին (Մատթեոս 14։14)։ Հիսուսը նաև իր հսկողության տակ կառնի բնության ուժերը (Մարկոս 4։35–41)։ Ուստի «ժամանակի և պատահարի» պատճառած տառապանքը անցյալի գիրկը կանցնի (Ժողովող 9։11)։ Քրիստոսի ղեկավարման ներքո մարդկությանը ոչ մի աղետ չի սպառնա (Առակներ 1։33

Ի՞նչ կլինի միլիոնավոր անմեղ մարդկանց, որոնք ողբերգական մահով են մահացել։ Իր ընկեր Ղազարոսին կյանքի վերադարձնելուց կարճ ժամանակ առաջ Հիսուսն ասել էր. «Ես եմ հարությունը և կյանքը» (Հովհաննես 11։25)։ Այո՛, Հիսուսը մահացածներին հարություն տալու, կամ՝ կյանքի վերադարձնելու զորություն ունի։

Եթե քեզ գրավում է այնպիսի աշխարհում ապրելու հեռանկարը, որտեղ լավ մարդկանց վատ բաներ չեն պատահի, կարող ես նպատակ դնել ավելի շատ բան իմանալու ճշմարիտ Աստծու և նրա նպատակի մասին՝ ուսումնասիրելով Աստվածաշունչը։ Քո բնակավայրում ապրող Եհովայի վկաները ուրախ կլինեն օգնելու քեզ ձեռք բերել այդ գիտելիքները։ Հրավիրում ենք քեզ կապ հաստատել նրանց հետ կամ գրել այս ամսագրի հրատարակիչներին։