Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Ինչպե՞ս էին հնում նավաշինարարները անջրանցիկ դարձնում նավերը

Հին նավերի գիտակ Լիոնել Կասոնը բացատրում է, թե Հռոմի տիրապետության ժամանակաշրջանում ինչ էին անում նավաշինարարները իրենց նավերի փայտե երեսվածքի ճեղքերը խծուծելուց հետո։ Նրանց համար սովորական բան էր «խծուծաթելերը և նույնիսկ ամբողջ արտաքին կմախքը ձյութով [ասֆալտով] կամ ձյութով ու մոմով թրջելը և մի շերտ կուպրով ներսի մասը պատելը»։ Հռոմեացիներից դեռ երկար ժամանակ առաջ աքքադները և բաբելոնացիները նույնպես ասֆալտ էին գործածում իրենց նավերը անջրանցիկ դարձնելու համար։

Այսպիսի հեղուկ ասֆալտը շատ էր աստվածաշնչյան երկրներում

Եբրայերեն Գրություններում նման տեխնիկայի կիրառության մասին նշվում է Ծննդոց 6։14-ում։ Այստեղ «կուպր» թարգմանված եբրայերեն բառը ակներևաբար վերաբերում է ասֆալտին՝ բնական նավթային զանգվածին։

Բնական ասֆալտը լինում է երկու տեսակ՝ հեղուկ և պինդ։ Հնում նավաշինարարները գործածում էին հեղուկ տեսակը։ Նրանք դա անմիջականորեն քսում էին իրենց նավի վրա։ Դրանից հետո հեղուկ ասֆալտը չորանում էր և կարծրանում՝ վերածվելով անջրանցիկ շերտի։

Աստվածաշնչյան երկրներում ասֆալտը շատ էր։ Օրինակ՝ Սիդդիմի հովտում, որը գտնվում է Մեռյալ ծովի տարածքում, «ասֆալտի շատ հորեր կային» (Ծննդոց 14։10

Ինչպե՞ս էին հնում պահպանում ձուկը

Ձուկը երկար ժամանակ կարևոր սննդամթերք է համարվել։ Հիսուսի առաքյալներից մի քանիսը նախքան նրա հետ շրջելը ձկնորսությամբ էին զբաղվում Գալիլեայի ծովում (Մատթեոս 4։18–22)։ Նրանց բռնած ձկներից առնվազն մի մասը մշակվում էր մոտակայքում գտնվող «գործարաններում»։

Հին Եգիպտացի ձկնորսներ՝ փորագրված փայտի վրա

Հավանաբար հին Գալիլեայում ձուկը պահպանելու համար գործածված տեխնոլոգիան դեռևս գործածական է որոշ վայրերում։ Սկզբում հանում էին ձկան փորոտիքը և ձուկը ջրով լվանում։ Մի գրքում նկարագրվում է, թե այնուհետև ինչ քայլեր էին արվում. «Խոշոր աղ էին քսում խռիկներին, բերանին ու թեփուկներին։ Ձկները շերտերով շարում էին չոր խսիրի վրա, ամեն շերտի վրա աղ էին անում և ծածկում ուրիշ խսիրով։ 3–5 օր մնալուց հետո կույտը շուռ էին տալիս և թողնում նույնքան ժամանակ։ Չորացման ընթացքում ձուկը ջրքամվում էր, իսկ աղը ներծծվում էր նրա մեջ։ Դրանից հետո ձուկը դառնում էր պինդ ու կարծր» (Studies in Ancient Technology)։

Հայտնի չէ, թե որքան էր մնում այս կերպով պահպանված ձուկը։ Սակայն այն փաստը, որ հնում եգիպտացիները ապխտած ձուկը արտահանում էին Ասորիք, ցույց է տալիս, որ օգտագործված մեթոդները արդյունավետ էին։