Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ձգտո՞ւմ ես «վերակացուի պարտականության»

Ձգտո՞ւմ ես «վերակացուի պարտականության»

ՖԵՐՆԱՆԴՈՆ * անհանգիստ էր։ Երկու երեց ասել էին, որ ուզում են նրա հետ առանձին խոսել։ Վերջին մի քանի տարիներին շրջանային վերակացուի յուրաքանչյուր այցից հետո երեցները նրան ասում էին, թե ինչ փոփոխություններ անի, որպեսզի ավելի շատ առանձնաշնորհումներ ստանա ժողովում։ Ժամանակն անցնում էր, և Ֆերնանդոն անհանգստանում էր. «Երբևէ երեց կնշանակվե՞մ»։ Վերջերս շրջանային վերակացուն դարձյալ այցելել էր։ Ի՞նչ էին այս անգամ ասելու երեցները։

Նրանցից մեկը մեջբերեց 1 Տիմոթեոս 3։1-ը և ասաց, որ իրենք նամակ են ստացել, որում ասվում է, որ Ֆերնանդոն երեց է նշանակվել։ Ֆերնանդոն զարմացած բացականչեց՝ ի՞նչ։ Եղբայրը կրկնեց իր խոսքը, և Ֆերնանդոյի դեմքին ժպիտ հայտնվեց։ Երբ նրա նշանակման մասին հայտարարեցին ժողովում, բոլորը շատ ուրախացան։

Սխա՞լ է ցանկանալ ժողովում առանձնաշնորհումներ ունենալ։ Անշուշտ, ո՛չ։ 1 Տիմոթեոս 3։1-ում ասվում է. «Եթե որևէ մեկը ձգտում է վերակացուի պարտականության, լավ գործի է ձգտում»։ Շատ եղբայրներ այսպիսի ձգտում ունեն և հոգևորապես առաջադիմում են, որպեսզի համապատասխանեն ժողովում առանձնաշնորհում ունենալու պահանջներին։ Արդյունքում այսօր Աստծու ժողովրդի մեջ կան հարյուր հազարավոր երեցներ և ծառայող օգնականներ։ Բայց ավելի շատ երեցների ու ծառայող օգնականների կարիք կա, քանի որ ժողովների թիվը գնալով աճում է։ Ինչպե՞ս ճիշտ ձևով «ձգտել վերակացուի պարտականության»։ Կարիք կա՞ որ եղբայրը Ֆերնանդոյի պես անընդհատ մտածի, թե երբ է նշանակվելու երեց։

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ՁԳՏԵԼ»

«Ձգտել» թարգմանված հունարեն բայը ունի մի բան շատ ուզենալու, փափագելու, դեպի այդ բանը ձգվելու իմաստ։ Դա նման է այն բանին, երբ մարդը ամբողջ մարմնով ձգվում է, ձեռքը երկարացնում, որ ծառից պտուղ քաղի։ Բայց ձգտել «վերակացուի պարտականության» չի նշանակում փորձել  ագահաբար ճանկել այդ «պտուղը»։ Այն եղբայրը, ով ճիշտ մղումներով է ուզում երեց դառնալ, նպատակ ունի «լավ գործ» անելու և ոչ թե դիրք ձեռք բերելու։

Այս «լավ գործին» համապատասխանելու համար հարկավոր է բավարարել որոշակի պահանջներ։ Դրանցից շատերը գրված են 1 Տիմոթեոս 3։2–7 և Տիտոս 1։5–9 համարներում։ Սրանք բարձր չափանիշներ են, որոնց հետ կապված՝ Ռեյմոնդ անունով երկարամյա մի երեց ասում է. «Ամենակարևորն այն է, թե ինչ մարդ ես դու։ Խոսելն ու սովորեցնելը, ինչ խոսք, կարևոր են, բայց ավելի կարևոր է, որ երեցը լինի անպարսավելի, սովորությունների մեջ չափավոր, ողջամիտ, կարգապահ, հյուրասեր և խոհեմ»։

«Ձգտիր վերակացուի պարտականության»՝ մասնակցելով ժողովի գործունեությանը

Այն եղբայրը, ով անկեղծորեն «ձգտում է վերակացուի պարտականության», անպարսավելի է, եթե հեռու է մնում ամեն տեսակ անազնվությունից և անմաքրությունից։ Եթե նա սովորությունների մեջ չափավոր է, ողջամիտ է, կարգապահ և խոհեմ, ապա հավատակիցները, վստահելով նրան, կհետևեն նրա առաջնորդությանը և օգնության համար կդիմեն նրան։ Եթե հյուրասեր է, ուրեմն քաջալերանքի աղբյուր կլինի պատանիների, երիտասարդների և ճշմարտության մեջ նորեկների համար։ Եթե առաքինություն սիրող է, ապա կմխիթարի և կաջակցի հիվանդներին ու տարեցներին։ Եղբայրը այս հատկությունները զարգացնում է ուրիշներին բարիք անելու և ոչ թե նշանակում ստանալու համար *։

Թեև երեցների խորհուրդը ուրախությամբ խորհուրդ է տալիս և քաջալերում է առանձնաշնորհման ձգտող եղբորը, բայց սուրբգրային պահանջներին համապատասխանելը գլխավորապես կախված է այդ եղբորից։ Հենրին, որը փորձառու երեց է, ասում է. «Եթե ձգտում ես երեցության, քո գործերով փաստիր, որ արժանի ես այդ նշանակմանը»։ Մեջբերելով Ժողովող 9։10-ից՝ նա ասում է. ««Ինչ որ ձեռքդ գտնի անելու, ամբողջ ուժովդ արա»։ Ինչ հանձնարարություն որ երեցները տան, արա լավագույնդ, որ կատարես։ Ուրախությամբ արա բոլոր այն գործերը, որ հանձնարարվում են քեզ ժողովում, այդ թվում նաև հատակը մաքրելը։ Ժամանակի ընթացքում քո աշխատանքն ու ջանքերը կնկատվեն»։ Եթե ուզում ես մի օր երեց ծառայել, եղիր ջանասեր ու  վստահելի այն ամենում, ինչ կապ ունի սուրբ ծառայության հետ։ Քո կյանքում պետք է արտացոլվի խոնարհությունը և ոչ թե փառատենչությունը (Մատթ. 23։8–12

ԶԳՈՒՇԱՑԻՐ ՍԽԱԼ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻՑ ՈՒ ԱՐԱՐՔՆԵՐԻՑ

Որոշ եղբայրներ ակնարկներ են անում երեց դառնալու իրենց ցանկության մասին կամ փորձում են ազդել երեցների խորհրդի վրա։ Մյուսները տհաճությամբ են արձագանքում երեցների կողմից տրված խորհրդին։ Լավ կլինի՝ այս եղբայրները իրենք իրենց հարցնեն. «Ուզում եմ առաջ տանել իմ շահե՞րը, թե՞ ուզում եմ խոնարհաբար հոգ տանել Եհովայի գառների մասին»։

Վերակացության ձգտող եղբայրը պետք է նաև հիշի, որ երեցի պարտականությունն է «հոտին օրինակ լինել» (1 Պետ. 5։1–3)։ Նա, ով օրինակ է ժողովի անդամների համար, ծուռումուռ բաներ չի մտածում և չի անում։ Այդպիսի եղբայրը, անկախ նրանից՝ երեց է, թե ոչ, իր մեջ զարգացնում է համբերատարություն։ Երեց դառնալով՝ հրաշքով չես ազատվում թերություններից (Թվեր 12։3; Սաղ. 106։32, 33)։ Բացի այդ, հնարավոր է՝ եղբայրը զգա, որ իր «խիղճը մաքուր է», բայց մյուսները ինչ-որ պատճառով բացասական կարծիք ունենան նրա մասին (1 Կորնթ. 4։4)։ Ուստի երբ երեցները անկեղծորեն սուրբգրային խորհուրդ են տալիս քեզ, ձգտիր առանց բորբոքվելու լսել նրանց։ Հետո ջանք թափիր, որ կիրառես այն։

ԵԹԵ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ Է՝ ՍՊԱՍՈՒՄ ԵՍ

Որոշ եղբայրների կարծիքով՝ իրենք բավական երկար ժամանակ է, ինչ սպասում են իրենց նշանակմանը։ Եթե երկար տարիներ է՝ «ձգտում ես վերակացուի պարտականության», երբեմն սկսո՞ւմ ես անհանգստանալ։ Հետաքրքիր է, թե ինչ է ասվում Աստվածաշնչում. «Ձգձգվող ակնկալիքը հիվանդացնում է սիրտը, բայց իրականացած ցանկությունը կյանքի ծառ է» (Առակ. 13։12

Երբ բաղձալի նպատակը անհասանելի է թվում, անհատի սիրտը կարող է «հիվանդանալ»։ Քննենք Աբրահամի օրինակը։ Եհովան նրան որդի էր խոստացել, բայց տարիներն անցնում էին, իսկ նա որդի չէր ունենում (Ծննդ. 12։1–3, 7)։ Տարիքն առած Աբրահամն ասաց Աստծուն. «Գերիշխա՛ն Տեր Եհովա, ի՞նչ պիտի տաս ինձ, քանի որ ես անզավակ եմ մնում.... Դու ինձ սերունդ չես տվել»։ Եհովան հավաստիացրեց նրան, որ իր խոստումը անպայման կատարվելու է, բայց առնվազն 14 տարի անցավ, մինչև որ Աստված կատարեց իր խոստումը (Ծննդ. 15։2–4; 16։16; 21։5

Մինչ Աբրահամը սպասում էր, նա շարունակում էր ուրախությամբ ծառայել Եհովային։ Աբրահամը երբեք չկասկածեց, որ Աստված կկատարի իր խոստումը։ Նա հույսով շարունակում էր սպասել։ Պողոս առաքյալը գրեց. «Համբերությամբ սպասելուց հետո Աբրահամը ստացավ այս խոստումը» (Եբր. 6։15)։ Ի վերջո, Ամենակարող Աստվածը օրհնեց այս հավատարիմ մարդուն՝ տալով նրա սպասածից ավելին։ Ի՞նչ կարող ենք սովորել Աբրահամից։

Եթե տարիներն անցնում են և չես նշանակվում երեց, շարունակիր վստահել Եհովային։ Ուրախությունդ մի՛ կորցրու։ Ուորենը, որն օգնել է բազմաթիվ եղբայրների հոգևորապես աճելու, ասում է. «Ժամանակ է հարկավոր, որպեսզի պարզ դառնա, որ եղբայրը կարող է նշանակվել երեց։ Ժամանակի ընթացքում նրա վարքից ու այն բանից, թե ինչպես է  կատարում իր հանձնարարությունները, երևում է, թե ինչ ունակություններ ու տրամադրվածություն ունի նա։ Ոմանց համար հաջողությունը միայն առանձնաշնորհում ստանալն է։ Այդպես մտածելը սխալ է։ Դա կարող է պատճառ լինել, որ առանձնաշնորհում ստանալու միտքը դառնա սևեռուն։ Եթե հավատարմորեն ծառայում ես Եհովային, ուր էլ լինես և ինչ էլ անես, դու արդեն հաջողության ես հասել»։

Մի եղբայր 10 տարուց ավելի սպասեց, մինչև որ նշանակվեց երեց։ Նա ասում է, թե ինչ է սովորել «Եզեկիել» գրքի 1-ին գլխի հայտնի նկարագրությունից. «Եհովան իր կառքը՝ իր կազմակերպությունը, վարում է իր ընտրած արագությամբ։ Կարևորը ոչ թե մեր, այլ նրա ընտրած ժամանակն է։ Կարևորն այն չէ, թե ինչ եմ ուզում կամ ինչ կցանկանայի լինել։ Այն, ինչ ուզում եմ, հնարավոր է՝ այն չէ, ինչի կարիքը ես ունեմ՝ ըստ Եհովայի»։

Եթե ուզում ես մի օր երեց նշանակվել և «լավ գործ» անել, նպաստիր ժողովի ուրախությանը։ Գուցե թվա՝ ժամանակը դանդաղ է անցնում. այդ դեպքում պայքարիր անհանգստության և անհամբերության դեմ։ Ռեյմոնդն ասում է. «Փառատենչությունը բավարարվածության թշնամին է։ Նրանք, ովքեր անընդհատ անհանգստանում են, զրկվում են այն մեծ ուրախությունից, որը բերում է Եհովային ծառայելը։ Ավելի շատ մշակիր Աստծու ոգու պտուղը, հատկապես համբերատարությունը։ Շարունակիր հոգևորապես առաջադիմել՝ Աստվածաշունչը ուսումնասիրելով։ Ավելի շատ մասնակցիր բարի լուրի քարոզչությանը և աշակերտ պատրաստելու գործին։ Ընտանիքիդ առաջնորդիր հոգևոր գործունեության և ընտանեկան երկրպագության մեջ։ Ամեն անգամ, երբ եղբայրներիդ և քույրերիդ հետ ես լինում, հաճույքով շփվիր նրանց հետ։ Մինչ ընթանում ես դեպի քո նշանակումը, վայելիր «ճանապարհորդությունը»»։

Եհովան եղբայրներին հիանալի հնարավորություն է տալիս բարելավելու իրենց հատկությունները և օգնելու ժողովին։ Ո՛չ նա, ո՛չ նրա կազմակերպությունը չեն ուզում, որ հիասթափվես կամ դժբախտ զգաս Իրեն ծառայելիս։ Աստված աջակցում և օրհնում է նրանց, ովքեր մաքուր մղումներով ծառայում են իրեն։ Հիշիր, որ Եհովան «ցավ չի ավելացնում» իր օրհնությանը (Առակ. 10։22

Եթե նույնիսկ երկար ժամանակ է, ինչ ձգտում ես վերակացության, շարունակիր է՛լ ավելի առաջադիմել։ Շարունակիր անհրաժեշտ հատկություններ զարգացնել, ջանասիրությամբ կատարել ժողովի գործերը՝ միևնույն ժամանակ չմոռանալով ընտանիքիդ մասին։ Հիշիր, որ Եհովան երբեք չի մոռանա այն ամենը, ինչ անում ես իրեն ծառայելու համար։ Թող որ նրան ծառայելը միշտ ուրախություն բերի քեզ՝ անկախ քո նշանակումից։

^ պարբ. 2 Անունները փոխված են։

^ պարբ. 8 Այս հոդվածում նշված սկզբունքները վերաբերում են նաև նրանց, ովքեր ցանկանում են ծառայող օգնական դառնալ։ Ծառայող օգնական դառնալու պահանջները գրված են 1 Տիմոթեոս 3։8–10, 12, 13 համարներում։